ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56
39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ, ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն»: 46 Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառաւորի Տիրոջը, 47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, 48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, 49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: 50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: 51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. 52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: 53 Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: 54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին՝ յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: 56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի տոնական կիրակի եմ մաղթում ամենքիդ՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ:
Մեր եկեղեցին այսօր տոնում է Մարիամ Աստվածածնին նվիրված՝ Վերափոխման տոնը:
Սուրբ Կույսին նվիրված յոթ տոն է հիշատակում մեր եկեղեցին տոնացուցում: Հղություն, Ծնունդ, Տաճարի ընծայում,Ավետում, Գոտու գյուտը, Տուփի գյուտը և Վերափոխում, որը մեղանում հայտնի է (խաղողօրհնեք անվամբ):
Շնորհավորում եմ Մարիամ անունը կրող հայուհիներին՝ իրենց անվանակոչության օրվա առթիվ:
Միայն Մարիամ անունը կրելը արդեն պարտավորոցնող է, Սուրբ Կույսի կյանքի պատմությունը կարդալը արդեն երանություն է: Նրա խոնարհությունն ու պատրաստակամությունը թող մնայուն ներկայություն լինի նախ՝ Մարիամների, հետո համայն մարդկության համար: Մարիամ Աստվածածնի զորավոր բարեխոսությունը թող իջնի այսօր Հայաստան աշխարհի վրա, սրբելով ամեն ատելություն, և Սուրբ Հոգով հիշեցնել տա բոլորիս՝ վերին բաների մասին:
Վերափոխում բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք:
Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը: Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:
Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով. Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և դևերը վռնդվում էին դիվահարներից: Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն: Բայց այդ պահին Տիրոջ հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես զղջաց, իսկ Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց: Աստվածամոր թաղումից 3 օր անց Երուսաղեմ վերադարձավ Բարդուղիմեոս առաքյալը և խորապես վշտացավ, որ իր բացակայության պատճառով չէր կարողացել հրաժեշտ տալ Տիրամորը: Առաքյալները նրա համար բացեցին գերեզմանը, սակայն սուրբ Մարիամի մարմինը այնտեղ չէր, քանզի Աստված հարություն էր տվել նրան և մարմնով հանդերձ Իր մոտ՝ երկինք փոխադրել՝ հաստատելով բոլոր հրեշտակներից վեր՝ հավիտենական փառքի լույսերի մեջ:
Աստվածածնի վերափոխմանը նվիրված համանուն տոնը Հայ Եկեղեցում նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը, ըստ վաղեմի ավանդության, պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Տոնը շարունակվում է ևս 8 օր՝ կազմելով իննօրյա տոնախմբական շրջան:
Որն է Աստվածամոր՝ Կույս Մարիամի դերը մարդկային փրկության գործում: Որն է նրա դերը սրբազան պատմության մեջ: Այս հարցը մեծ նշանակութուն ունի, քանզի շատ քրիստոնյաներ, հավատալով Հիսուս Քրիստոսին, և Նրան ճանաչելով որպես Աստծո Որդի, միաժամանակ ժխտում են Նրա Անարատ մոր դերն ու նշանակությունը մեր փրկության համար:
Տվյալ դիրքորոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Ավետարաններում շատ պատումներ չկան Կույս մարիամի մասին: Աստվածամոր պատմությունը եկեղեցին գիտե բանավոր ավանդությունից, որը գնում հասնում է մինչև առաքելական դարի վաղ քրիստոնեական համայնքները և մեզ հասել է շուրթից շուրթ, սերնդից սերունդ փոխանցվելով:
Սուրբ Աստվածածնի ավետման պահին արձագանքելով Աստծո՝ մարդկանց հղված ուղերձին՝ Կույս Մարիամը հեզ համարձակությամբ պատասխանեց ավետաբեր հրեշտակին: Գաբրիել Հրեշտակապետը Նազարեթում Կույս Մարիամին հայտնվեց և ավետիս տվեց, որ նրանից կծնվի Աստծո Որդին, և Մարիամը հնազանդվեց Աստծո կամքին:
Դա նրա անձնական պատասխանն էր Աստծո կոչին: Բայց չէ՞ որ նա մեզնից մեկն է: Եվ ինչպես մենք ենք համամարդկային ժառանգության միջոցով կապված Ադամի և նրա գործած մեղքի հետ, ճիշտ այդպես էլ մենք կապված ենք Աստվածամոր հետ, ում խոսքերը հնչեցին ողջ մարդկային ցեղի անունից: Հիսուս Քրիստոս առանց Իր անարատ մոր չէր կարող աշխարհի մեղքերը քավել հակառակ նրա կամքի: Ուղղափառ սրբերից մեկն այսպես է բնորոշում Աստվածածնի դերը մարմնավորման գործում. (Աստվածամարդու աստվածային մարմինը հղացվեց աստվածայնորեն և ծնվեց աստվածայնորեն: Այդ ծննդաբերությանը ցավեր չուղեկցեցին… Աստվածամայրն այն միակ անոթն էր, որի մեջ Աստված հեղվեց Իր ողջ էությամբ):
Մայրությունը մարդկային կյանքի մեծագույն արժեքներից մեկն է: Մայրը ոչ միայն կյանք է տալիս երեխային, որն ինքնին արդեն գոյության գաղտնիքն է, այլև սեր է տալիս մանկանը, որի հետ ոչ մի բան համեմատելի չէ: Մայրական սերը մի մարդու նկատմամբ մյուս մարդու սիրո բարձրագույն դրսևորումն է: Աստծուն հաճո էր, որ մայրության գաղտնիքը միավորվեր փրկության գաղտնիքի հետ: Եթե Կույս Մարիամը չլիներ, ապա չէր լինի նաև փրկությունը:
Սակայն Աստվածամայրն ինքն էլ շատ բան ստացավ իր Որդուց: Ինչպես վկայում է եկեղեցական ավանդությունը, Հոգին Կույս Մարիամին սրբել էր, դեռևս նաղքան նրա ծնունդը, այնպես որ նախնական մեղքի հետևանքները նրա վրա չէին տարածվում: Սուրբ Գրքից մենք գիտենք, Ավետման, Քրիստոսի ծննդյան, քառասնօրյա Աստվածամանկանը Երուսաղեմի տաճար տանելու մասին: Մանուկ Հիսուսին փրկելով Հերովդեսից՝ մարիամը իր նշանած Հովսեփի հետ փախչում է Եգիպտոս, այնուհետև վերադառնում հայրենիք: Ղուկաս ավետարանիչը պատմում է, թե ինչպես մանուկ Հիսուսին տարան Երուսաղեմ, որտեղ նա տաճարում զրուցում էր ծերերի և օրենսգետների հետ՝ զարմացնելով իր իմաստությամբ:
Այնուհետև Աստվածամորը հանդիպում ենք Գալիլիայի Կանա քաղաքում, հարսանեական խնջույքի ժամանակ, որտեղ Փրկիչը կատարեց առաջի հրաշքը՝ ջուրը գինու վերածելով:
Ավոտարանում մենք Աստվածամորը տեսնում ենք Փրկչի սիրելի աշակերտ Հովհաննեսի հետ Տիրոջ խաչի առջև կանգնած: Աշակերտը Հիսուսից հանձնարարություն ստացավ իր մոտ վերցնելու Աստվածամորը: Մարիամը դառնում է Հիսւոսի աշակերտների մայրը, հետևաբար ողջ եկեղեցու Մայրը: Աստվածամորը երկրպագում են ամբողջ աշխարհում: Մենք հավատում ենք, որ Աստվածամոր, Անարատ, և Սուրբ Կույս Մարիամի հովանին ու բարեխոսությունը առանձնահատուկ կերպով են տարածվում մեր երկրի վրա: Ահա մեր սիրելի Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունը, որ ուզեցի իր տոնի կապակցությամբ կիսվել ձեզ հետ սիրելի հավատացյալներ: մնացեք սիրով, Աստվածածնի խոնարհությամբ և նրա բարեխոսությամբ:
Աղօթենք միասին
Աղոթք Սուրբ Աստվածածնին
Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար: Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին: Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ների բազմամեղիս, և ջնջի իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Հովհաննես վարդապետ ԳԱՌՆԵՑԻ