ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 16.13-19
13 Եւ Յիսուս, Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով, հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին»: 14 Եւ նրանք ասացին. «Մէկը թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք թէ՝ Երեմիան կամ մարգարէներից մէկը»: 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»: 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող հայեր և մեր եթերաժամին հետևող սիրելի հավատացյալներ:
Ուրախ եմ կրկին ձեզ հետ հանդիպման հնարավորությոն համար: Գոհանանք Աստծուց Իր անսահման սիրո համար, և խնդրենք, որ Տէրը տա ամենքիս այն, ինչը պակասում է մեզ՝ Իրեն միանալու համար: Իսկ բոլորիս արթնություն է պետք՝ Տիրոջը դառնալու համար: Նրա մասին ճշգրիտ գիտելիք ու ամուր հավատք է պետք Նրան ճշմարտապես ճանաչելու համար:
Տէր Հիսուս շրջեց քաղաքներ ու գյուղեր, հանդիպեց անհավատների, անգետների և հավատացյալ մարդկանց: Տեսավ փարիսեցիների կեղծավորությունը, ճանաչեց ժամանակի քահանայապետերի իշխանատենչությունը, իմացավ սադուկեցիների կասկածը՝ հարության վերաբերյալ, օրենգգետների տառապաշտությունը տեսավ, Նրան հանդիպեցին նաև նշան հայցողները: Մեր Տէր Հիսուս Քրիստոս մի նախադասությամբ նկարագրեց այդ սերնդի մարդկանց՝ չար և շնացող սերունդ:
Նրանց հետ շփման ժամանակ Հիսուս նրանց ուղղած հարցերից հասկանում էր, որ Իրեն չեն ընդունում եկած՝ որպես Փրկիչ, որին սպասում էին: Իր հասցեին լսեց բազում անհարգալից արտահայտություններր, կասկածներ, վիրավորական մտքեր: Այնուամենայնիվ Հիսուս կամենում էր իմանալ Իր խոսքը հասնո՞ւմ է մարդկանց սրտին, հասկանո՞ւմ են լսածը, թե՞ ոչ:
Մատթևոս ավետարանիչը մեզ պատմում է, որ Հիսուս իր աշակերտներին հարցնում է,- «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին»: Ըստ աշակերտների պատասխանի, հասկանալի է դառնում, որ առանձին ժամանակ եղել է այդպիսի հարցադրում, որովհետև աշակերտները միանգամից սկսեցին տալ մարգարեների անունները, և Հովհաննես Մկրտչի անունը տվեցին, բայց ոչ երբեք՝ Քրիստոս եկած իբրև Մեսիա: Այդ սերունդը անորոշության մեջ էր ամբողջությամբ: Մի կողմից իրենք շանաչում էին հյուսնի որդուն, գիտեին նրա ծնողներին, մյուս կողմից Հիսուսի կատարած հրաշքներն ու բժշկություննները և բացարձակ աստվածային հեղինակությամբ խոսելը նրանց համար տարակուսանքի առիթ էր: Մյուս կողմից էլ իրենք էին այդ սերդի մեջ կրթվածներն ու կարդացածները, և իրենք գիտեին, որ Մեսիան պետք է գա: Այդ պատճառով Նրա նմանեցնում էին Եղիա ու Երեմիա մարգարեներին, ոմանք էլ Հովհաննես Մկրտչին:
Սիրելիներ, տեսնում եք, որ հավատը աստվածապարգև առաքինություն է, որ շատերն են կամենում ունենալ: Գուցե այդ սերունդն էլ կամենար ունենալ այնպիսի հավատ, որ միանգամից ընդունեին Հիսուսին՝ որպես Մեսիա: Բայց զարմանալին այն է, որ Հիսուս այդ նույն հարցը տալիս է Իրեն հետ շրջող, Իր խոսքը լսող աշակերտներին, որոնք թողել էին ամեն բան և հետևել էին Քրիստոսին: Չնայած, որ Հիսուս բազում անգամներ քաջալերական և հավատքի խոսքեր լսել էր իր աշակերտներից՝ Իր հասցեին, այնուամենայնիվ հարցրեց նրանց.- «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: Սա ստուգողական հարց է բոլոր ժամանակների համար՝ առանց բացառության: Պետրոսը իր սովորության համաձայն առաջինը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին», որին հաջորդեց Տիրոջ գովեստի խոսքը Պետրոսի հասցեին, թե - Երանի է քեզ Սիմոն, Հովնանի որդի..
Մենք իրավունք չունենք որևէ մեկի հավատքը քննության ենթարկելու, և չենք էլ կարող, սակայն դեպքերը բացահայտում են ամեն ինչ հերթով ու կարգով: Դեռ ծանր ու դժվարին ճանապարհ պիտի անցներ Պետրոսը իր այս համարձակ խոսքի համար: Այդ պահին հավատում էր անվերապահ, բայց հաջորդ պահին, երբ փորձությունը եկավ, զգաց, որ հավատքը զորեղ չէ, նորից ընկավ, նորից կանգնեց, մինչև Տէր Հիսուս նրան զորություն տվեց, իշխանություն տվեց: Երանի էր տվել Տէրը Պետրոսին՝ իր հաստատակամության համար: Մի այսպիսի երանի էլ տվել էր Թովմասի թերահավատության ժամանակ, որը մեզ է վերաբերում:
Իսկ եթե մեզ՝ 21 րդ դարի քաղաքակիրթ քրիստոնյաներիս այս հարցը տա մեր Տէր Հիսուս Քրիստոս այսօր, այս պահին: Ի՞նչ կպատասխանենք մենք, որ երկու հազար տարի լսում ենք, որ Հիսուս Քրիստոս մարմնացավ, մարդացավ, ծնավ կատարելապես Սուրբ Մարիամ Աստվածածնից, չարչարվեց, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը Հարություն առավ: Այո, այսքանը գիտենք, բայց հավատալ, որ Հիսւոս Քրիստոս Հարություն է առել, բավական չէ Նրան ընդունել՝ եկած, որպես Փրկիչ: Մենք նախ պետք է դավանենք մեր փրկվողի կարգավիճակը, որպեսզի զգանք, որ մեզ փրկիչ է պետք:
Օրվա ընթացքում քանի՞ անգամ ենք զգում, որ խորտակվում ենք, և մեզ Փրկիչ է պետք: Մի՞թե աշխարհի իրադարձություններին նայելով կարող ենք հավատալ, որ մարդը Փրկիչ է փնտրում: Մի՞թե մեկը ասում է, որ ինքը մեղավոր է, և մեղքի ճիրաններում է, որպեսզի իրեն փրկեն: Ոչ: Մենք լավագույն դեպքում ասում ենք, որ Քրիստոս Աստված է, և մենք հավատում ենք որ Աստված է: Իսկ թե ի՞նչ պարտավորություն ունենք Նրա նկատմամբ, դա առայժմ առաջնային հարց չէ մեզանում:
Գերեզմանը թափուր տեսնելուց հետո Մարիամ մագդաղենացին լուրը տարավ աշակերտներին: Նրանք սգի մեջ էին, իրենց Տիրոջը մեռած տեսնելուց հետո, որովհետև չկար այն հավատքը, կամ այն գիտությունը երեք տարվա, որ անվերջ լսել էին, թե Ինքը Հարություն է առնելու: Հավատում էին իրենց աչքերին, որ մեռած են տեսել իրենց Տիրոջը: Վեր կացան, վազեցին դեպի գերեզման:
Ըստ մեր տրամաբանության աշակերտները պետք է այդ երեք օրը ուրախությամբ սպասեին Քրիստոսի Հարությանը, բայց այդպես չեղավ… Այդպես չէ նաև հիմա: Մենք ավելի շատ ողբում ենք Քրիստոսի մահը, քան ուրախանում ենք Նրա Հարությամբ: Ոչ մի նեղության չենք դիմանում, փորձությունների մեջ անվարժ ենք, մեղքի մեջ տառապում ենք, անորոշությունից խուճապի ու տագնապի մեջ ենք և այլն: Նշանակում է մենք էլ Քրիստոսին չենք չանաչում որպես Փրկիչ: Մենք էլ վստահ չենք ասում իմ Տերն ու Փրկիչն է, իմ մեղքերի Քավիչն է, իմ հույսն ու իմ ապավենն է:
Եթե հնար լիներ մարդկանց աղոթքները լսել բարձրաձայն, ապա կլսեինք միայն տուր, տուր, տուր, լսիր լսիր, լսիր: Ո՞վ է ասում,- Տէր, տառապում եմ իմ նախանձից, օգնիր ինձ: Կամ իմ ագահությունից ազատիր ինձ, իմ իշխանատենչությունից ու հպարտությունից փրկիր ինձ: և այլն: Գիտե՞ք ինչու եմ ասում, որ այսպիսի բաներ չեն խնդրում Աստծուց, որովհետև այս մեղքերի պատճառով է աշխարհը գնում դեպի կործանում: Աշխարհի լուրերն է այդ մասին խոսում;
Բայց մենք՝ Քրիստոսին ապավինողներս այդպես չլինենք: Նա Փրկիչ է, որովհետև մենք մեղավորներ ենք: Հանձն առնենք այս իրականությունը, որպեսզի մեր Տերը մեզ Փրկի մեղքի ծովից: Մնացեք սիրով, հույսով և հավատարիմ մեր Փրկչին:
Աղօթենք միասին
Սաղմոս.27
Քեզ կանչեցի, Տէ՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստուա՛ծ իմ. եթէ երբեւէ լուռ մնաս, կը նմանուեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում։ Լսի՛ր, Տէ՛ր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ պարզեմ։ Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ եւ մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրէնութիւն են գործում, որ հաշտութեան մասին են խօսում իրենց ընկերների հետ, բայց սրտներում չարութիւն կայ։ Օրհնեալ է Տէրը, քանզի լսեց ձայնն իմ աղօթքի։ Տէրն իմ օգնականն է ու պաշտպանը. նրա վրայ դրեց իր յոյսը սիրտն իմ, եւ մարմինս գոհացաւ ու զուարճացաւ. ես յօժարակամ պիտի փառաբանեմ նրան։ Տէրը զօրութիւնն է իմ ժողվրդի, ապաւէնն իր օծեալի փրկութեան։ Փրկի՛ր քո ժողովրդին, եւ օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովուի՛ր ու յաւէտ բարձրացրո՛ւ նրանց։ Ամեն.