ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Աւետարան ըստ Մարկոսի 3.31-4.8
31 Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: 32 Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ «Ահաւասիկ, քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում», 33 նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ իմ եղբայրները»: 34 Ապա նայեց իր շուրջը՝ իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահաւասի՛կ իմ մայրը եւ իմ եղբայրները. 35 որովհետեւ ով Աստծոյ կամքն է կատարում, նա է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
4 1 Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ՝ ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը: 2 Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ. 3 «Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ: 4 Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն: 5 Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խոր չէր. 6 բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ: 7 Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց: 8 Իսկ մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, մտքով արթուն սիրելի ունկնդիրներ: Թող Ողորմած Աստված մեր միտքն ու լսողությունը բաց պահի, Իր խոսքը լսելու և ընկալելու համար: Արթնանալիս ուրախացանք երևելի լույսով, հիմա էլ ուրախանանք իմանալի լույսով:
Բավական է, որ Աստծո խոսքի սերմը ընկնի մարդու սրտի մեջ և հեղաշրջում կատարի այնտեղ: Իսկ խոսքը սրտի մեջ կհայտնվի միայն լսելուց: Մարկոս Ավետարանիչը մեզ պատմում է Հիսուսի բազմամարդ հանդիպումները, կարևոր իրադարձությունններն ու Քրիստոսին լսող՝ հիացած ժողովրդի արձագանքները:
Նախորդ եթերներից մեկի ժամանակ ասացինք, որ մի կին Հիսուսի խոսքը լսելուց հետո բազմության միջից հիացած բղավեց,- երանի այն կնոջը, որ հղացավ և ծնեց քեզ: Իսկ Հիսուս անմիջապես ուղղեց նրան խոսքը, ասելով,- մանավանդ երանի նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կպահեն դրանք: Մեր Տէրը մի նախադասությամբ հասկացրեց ներկաներին, որ խոսքը լսելն ու կատարելն է կարևոր Իր համար:
Մատթևոս Ավետարանիչը իր տասներորդ գլխում գրում է այսօրվա դեպքից առաջ եղած հանդիպման մասին, որտեղ Հիսուս ասում է, - Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ։ Այս տողերը ևս փաստում են մի ճշմարտություն, որ Աստծու խոսքը լսելն ու կատարելը ամենակարևոր գործն է մարդու կյանքի մեջ եղած բոլոր գործերից:
Որպեսզի մեզ տարօրինակ չթվա, թե ինչո՞ւ Հիսուս լուր բերողներին ասաց, - ո՞վ է իմ մայրը, երբ եկան ասացին, որ Քո մայրն ու եղբայրները դրսում սպասում են, մենք պետք է չմոռանանք, որ մեր Տէր Հիսուս իր բոլոր քարոզների մեջ շեշտը դնում էր խոսքը լսելու և կատարելու վրա, և նույնը սովորեցնում է բոլորին, ասելով՝ Իմ խոսքը ավելի կարևոր է լինելու ձեր կյանքում, քան ձեր հայրն ու մայրը, կամ քույրն ու եղբայրը: Դրա համար է ասում իմ մայրը, քույրն ու եղբայրը նրանք , են որ կատարում են Իմ Հոր կամքը, որ երկնքում է: Իսկ Մարիամ Աստվածածինը առաջինն էր որ խոնարհությամբ կատարեց Հոր կամքը, հանձն առնելով հրեշտակի բերած բարի լուրը՝ Տիեզերքի Փրկչին աշխարհ բերելու վերաբերյալ: Համայն մարդկության անունից համաձայնություն տվեց Փրկչի աշխարհ գալու իրողությանը:
Բողոքական ուղղությունների քարոզիչները շատ են շահարկում այս հարցը, քանի որ նրանք Սուրբ Մարիամ Աստվածածնին չեն ընդունում որպես Աստվածամայր, դրա համար ասում են որ Հիսուսն էլ անտեսնում է իր մորը այստեղ: Սա նույնիսկ քննարկման թեմա չէ իր անհեթեթության պատճառով այն առումով, որ Հիսուսի կյանքի միայն մեկ դրվագը բավական է ապացուցելու համար Իր սերը՝ ծնողի նկատմամաբ: Խաչի վրա չարչարանքների մեջ Հիսուս Իր մոր հոգատարությունը հանձնեց Իր Հովհաննես աշակերտին, որպեսզի մայրը մենակ չմնա: Հիսուս Քրիստոսի խոսքի և գործի միջև բացարձակ ներդաշնակություն կա, համաձայնություն կա, և լրացնում են միմյանց Նրա ասած բոլոր մտքերը: Այդ պատճառով որևէ միտք արտահայտելու համար պետք է կարդալ բոլոր ավետարանների մեջ գրված այդ իրադարձության մասին, որպեսզի հասկանալի լինի ամբողջական իմաստով:
Թե ինչպես են մտածում բողոքականները, թող իրենք պատասխան տան իրենց մտածածի ու խոսքերի համար, ըստ Սուրբ Գրքի: Մենք վերադառնանք մեզ՝ քրիստոնյաներիս, և տեսնենք մենք ինչպես ենք հասկանում այս պատվիրանը, թե՝ Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։
Թող շատ կոպիտ չհչնի խոսքս այս առումով, բայց մենք բացի ծնողներից ու երեխաներից, նույնիսկ մեր կենցաղային գործերն ենք առավել դասում Աստծու խոսքից: Եթե ընտրություն լինի Աստվածաշունչ լսելու և անձնական որևէ գործի միջև, նախապատվությունը տրվում է անձնական գործին: Սա շատ ցավալի երևույթ է, մասսայական բնույթ է կրում, հատկապես կիրակի օրերը, երբ եկեղեցիներում Պատարագ է մատուցվում: Ժողովրդի ո՞ր մասն է եկեղեցում, քանի՞ տոկոսն է հաղորդակից կատարվող խորհրդին, աղոթքին, և Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան Հաղորդությանը: Մինչդեռ Քրիստոս ասում է,- նա, ով չի ճաշակում Իմ Մարմինն ու Արյունը, իր մեջ կյանք չունի:
Նույնը կարելի է ասել ծնողների, քույր և եղբայրների օրինակով: Եթե ընտրություն լինի որևէ խրախճանքի մասնակցելու և կիրակնօրյա Պատարագի միջև, ապա նախապատվությունը տրվում է քեֆ, ուրախությանը: Ես դեռ չեմ խոսում մեր երեխաների մասին՝ այն փոքրիկ կուռքերի մասին, որնց դարձրել ենք մեկական աստված մեր տներում և ամեն ինչ զոհում ենք հանուն նրանց: Այս երևույթը քրիստոնյաներիս բնորոշող իրականություն է: Յուրաքանչյուր ոք կարող է մտովի վերհիշել, թե քանի՞ անգամ է մերժել Պատարագի մասնակցությունը՝ քնի, ճաշի, խաշի, այլ զվարճությունների պատճառով: Քանի՞սն են իրենց զավակներին արթնացնում և իրենց հետ եկեղեցի տանում: Մեր կյանքը չի կարող ուրախ լինել հիմնովին, որովհետև մենք տարբեր արժեքներով ենք այն կառուցում: Մեր ականջը չենք վարժեցնում Աստծո խոսքին, որպեսզի մեր սրտում հեղափոխություն լինի, և նոր կյանքը նոր որակներով ապրենք:
2020 տարի է պատմվում է սերմնացանի առակը, ներկայացվում է ժողովրդի չորս տեսակները, հողի չորս տեսակները, բայց արդյուքը այսօր առավել չէ, քան այն ժամանակ, երբ Հիսուսն էր պատմում առակը: Բայց ինչպես որ մեր Տէր Հիսուս Քրիստոսն է նույնը՝ երեկ, այսօր և հավիտյան, այնպես էլ Նրա պահանջն է նույնը՝ Իրեն լսողներից: «Մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»:
Թող ողորմած Տէրը բացի մեր ականջները Իր խոսքի դիմաց և մեր սրտերը դարձնի պարարտ հող՝ մեկի դիմաց՝ հարյուր ստանալու համար: Մնացեք սիրով, վաղը հանդիպելու ակնկալիքով՝ սիրելի ունկնդիրներ, ձեր սրտերը դարձրեք Քրիստոսի բուրումնվետ պարտեզ և մշակեք այն՝ հանուն Քրիստոսի Սիրո:
Աղօթենք միասին
Սաղմոս. 26
Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ։ Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստուի, սիրտս չի սոսկայ. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնոյն է, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ եմ դնելու։ Մի բան եմ խնդրել Տիրոջից, եւ նոյնն եմ աղաչում, որ կեանքիս բոլոր օրերին բնակուեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչութիւնը եւ վերահսկեմ նրա տաճարում։ Շրջեմ եւ օրհնութեան պատարագ մատուցեմ Նրա վրանում, օրհներգեմ եւ սաղմոս երգեմ Տիրոջը։ Լսի՛ր ձայնն իմ, Տէ՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր, քանզի սիրտն իմ քեզ դիմեց, եւ հայեացքն իմ փնտռեց, փնտռեց քո երեսը, Տէ՛ր։ Մի՛ դարձրու երեսդ ինձնից եւ բարկութեամբ մի՛ շրջուիր քո ծառայից։ Իմ օգնականն եղիր, Տէ՛ր, եւ մի՛ անարգիր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստուա՛ծ իմ։ Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց։ Սովորեցրո՛ւ ինձ, Տէ՛ր, քո ճանապարհը եւ առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շաւիղներով։ Հաւատում եմ, որ կը տեսնեմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում։ Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերուի՛ր, սիրտդ թող ամրապնդուի, Տիրո՛ջն սպասիր։ Ամեն.