ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 19.13-26
13 Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին: 14 Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»: 15 Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց: 16 Եւ ահա մէկը, մօտենալով նրան, ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»: 17 Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէկ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»: 18 Նա ասաց՝ որո՞նք: Յիսուս նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, 19 քո հօրն ու մօրը մեծարի՛ր եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրես»: 20 Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»: 21 Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»: 22 Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր: 23 Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կմտնի երկնքի արքայութիւնը: 24 Դարձեալ ասում եմ ձեզ. աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծոյ արքայութիւնը»: 25 Երբ աշակերտներն այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանայ փրկուել»: 26 Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծոյ համար ամէն ինչ կարելի է»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջոյն ձեզ, Աստծոյ խօսքի ունկնդիր՝ սիրելի քոյրեր և եղբայրների ի Քրիստոս:
Այսօր չորեքշաբթի է, յիշեցման կարգով ասեմ ձեզ, որ եկեղեցական օրացոյցի մէջ չորեքշաբթին և ուրբաթը համարվում են պահոց օրեր՝ մեկը մեր Տիրոջ մատնության չար ծրագրի, մյուսը՝ խաչելության: Հոգևոր վարժանքի համար օգտակար կլինի, որ շաբաթվա բոլոր օրերին հոգևոր բնութ փոխանցենք և այդ տրամաբանությամբ ապրենք մեր օրը՝ հնարավորինս չմեղանչելու համար: Բոլոր օրերը կապ ունեն Աստվածաշնչի հետ՝ երկուշաբթիից մինչև կիրակի: Աշխարհի Արարումից՝ մինչև աշխարհի վախճան.
Այսօրվա ընթերցվածքին անդրադարձել են երեք աւետարանիչներն էլ, բացի Հովհաննեսից: Հիսուսին մոտեցող երիտասարդ անձի նկարագրությունը տարբեր է Ավետարաններում, սակայն նրա տված հարցը երեք Ավետարաններում էլ նույնն է. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»: Հիսուսի հետ ունեցած երկխոսությունից պարզ դարձավ, որ երիտասարդը հարուստ էր և փոքրուց նրա ականջը լսել էր պատվիրանները և լսելուց բացի փոքրուց նաև պահել էր դրանք իր ընտանիքում: Պատվիրանապահ երիտասարդին ի՞նչն էր մտահոգում, ի՞նչն էր նրա սրտում իրեն անհանգստացնում, երբ համոզված չէր, որ հավիտենական կյանք կունենա, և ուզում էր իմանալ, թե էլ ի՞նչ պակաս դրա համար: Եթե մենք մարդկայնորեն նկարագրելու լինեինք այս երիտասարդին, ապա պիտի ասեինք, կեցցե այս երիտասարդը, քանի որ և՛ հարուստ է, և՛ պատվիրանները պահում է, և՛ խոնարհ է, որ հարցնում է, թե ի՞նչ է պակաս հավիտենական կյանքի համար: Մենք այսպես կնկարագրեինք, որովհետև մենք արտաքին երևույթներով ենք կարողանում գնահատել մարդուն և բնութագրել:
Բայց Հիսուս Քրիստոս գիտեր, թե ինչ կա երիտասարդի սրտում և ասաց նրան,- եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ունեցվածքդ, տուր աղքատներին և արի իմ հետևից:
Այս խոսքը շատ տրտմեցրեց հարուստ երիտասարդին: Հիսուս Քրիստոսի երեքամյա շրջագայության և քարոզության մեջ այս երիտասարդը միակն էր, որ տրտում հեռացավ Քրիստոսից, քանի որ շատ էր սիրում իր հարստությունը: Հիմա արդեն հստակ է, որ մանկությունից պատվիրանները պահելը չէ, որ արժանացնում է հավիտենական կյանքին, այլ՝ մարդու դատարկ ու մաքուր սիրտը, որտեղ կբնակվի Աստծո խոսքը և նրա ոտքերը ակամայից կհետևեն Քրիստոսին: Այստեղ մենք հանդիպում ենք բարեպաշտ և պատվիրանապահ մի հավատացյալ երիտասարդի, որը վստահություն չուներ հավիտենական կյանքի նկատմամբ, հարստության հանդեպ ունեցած իր սիրո դրսևորման պատճառով:
«Դու արի՛ իմ յետեւից» արտահայտությունը մենք շատ ենք կարդացել Ավետարաններում: Հիսուս գիտեր, որ Ինքը երկար չի մնալու աշակերտների և իրեն հետևողների մոտ, սակայն շատերին էր ասում,- դու արի Իմ հետևից: Ո՞ւր էր կանչում նրանց, երբ Ինքը շուտով պետք է չարչարվեր ու խաչվեր: Արի Իմ հետևից, ասելով Նա մարդկանց ինքնուրույն քայլել էր սովորեցնում: Եթե մեկը իրապես հետևի Քրիստոսին, ամեն առումով, նա վստահորեն կքայլի մինչև իր կյանքի ավարտը, որը նրա համար կյինի նաև հավիտենական կյանք: Հիսուս Քրիստոս այսօր մեզ հետ չի քայլում, բայց մեզ ուղեկցում է Նրա Կենդանի խոսքը, որ ունենք մեր սրտում և կարողանում ենք ինքնուրույն քայլել: Սակայն մարդկային տկարությունները երբեմն տեղի են տալիս, և մենք էլ երիտասարդի պես բարի վարդապետ ենք փնտրում: Աստվածաշունչը մեր ուղեկիցն է, եկեղեցւո Հայրերի գրվածքները մեր ձեռքի տակ են, բայց մենք՝ ժամանակակից քաղաքակրթության մեջ ապրողներս կարիք ունենք նաև քայլող և օրինակելի վարդապետների, մեր օրերի օրինակելի առաջնորդների և քահանաների, որպեսզի ամրանանք մեր գիտելիքի ու հավատքի մեջ:
Մենք կարող ենք սխալվել ամեն քայլափոխի, սիրելիներ, երբեմն նույնիսկ չիմանալով: Երիտասարդը գիտեր, որ ինքը պատվիրանները պահում է, բայց չգիտեր, որ իր հարցումը ակնկալիքով է, «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»: Ինչո՞ւ ես ինձ հարցնում բարու մասին,- ասում է Տէրը,- բարին մեկ է, եթե կամենում ես հավիտենական կյանք, պահանջը նույնն է, երկրի վրա գանձեր դիզելը խանգարելու է մտնել այն նեղ դռնով, որը տանում է երկնքի արքայություն: Հիսուս Քրիստոս ամենևին չի մերժում հարստությունը, այլ մերժում է հարստությանը ստրուկ դարձած տկար մարդու վիճակը: Մենք տենում ենք հարուստներ, որոնք սիրում են միայն բազմապատկել իրենց հարստությունը: Տեսնում ենք նաև հարուստներ, որոնք իրենց ունեցածից հանում են աղքատի բաժինը և իրենց հարստությունը չի պակասում: Ուրեմն միայն պատվիրանապահությունը պայման չէ հավիտենական կյանքի համար, պետք է ձեռբազատվել մոլություններից և բաց ձեռքերով կանգնել Տիրոջ առջև, որպեսզի փառքի անթառամ պսակը դրվի արժանավոր ձեռքերի մեջ:
Շիտակ ապրենք, սիրելի հավատացյալներ, որովհետև մահից հետո մեզ հետ տանելու ենք ոչ թե այն, ինչ տեսնում ենք, այլ այն ինչը չենք տեսնում`(զղջում, ներում, ողորմություն և այլն):
Աստծու մոտ կարող ենք հայտնվել միայն Իրեն վայել առաքինություններով: Ուրեմն Աստծուց վերցնենք առաքինությունները և կիրառենք մարդկանց օգտակար լինելու համար: Իսկ մարդկանց ուրախություններն ու գոհությունները ամբողջությամբ փոխանցենք Աստծուն, չպահելով գեթ մի գռոշ: Քանի որ մեզնից չէ, ինչ որ անում ենք այլ Աստծուց: Ամեն ճշմարիտ հավատացյալ քրիստոնյա փոստատար է Աստծո և մարդկանց միջև: Երիտասարդի հետ ունեցած խոսակցությունից հետո, աշակերտները զարմացած հարցրին Հիսուսին՝ «Իսկ ո՞վ կկարողանայ փրկուել»: Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծոյ համար ամէն ինչ կարելի է»: Այսօրվա մեր դասը հստակ է: Հավատացյալ քրիստոնյայի ներքին և արտաքին որակները պետք է համահունչ լինեն Քրիստոսի խոսքին: Մնացեք սիրով, և պատրաստակամությամբ կատարելու Աստծո ամեն պատվիրան՝ խոնարհությամբ ու առանց շոշոփելի ակնկալիքի:
Աղօթենք միասին
Սաղմոս.6
Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր։ Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են։ Անձն իմ յոյժ խռոված է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ…։ Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ, կամ դժոխքում գոհանայ քեզանից։ Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի։ Տէրը լսեց իմ լացի ձայնը, Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին, Տէրն ընդունեց իմ խնդրանքները։