ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 13.31-35
31 Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան ու ասացին նրան. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: 32 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կաւարտեմ: 33 Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի: 34 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜-քանի անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: 35 Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, աշխարհասփյուփ հայեր, փառք Աստծուն այս առավոտի համար և նաև այս հնարավորության համար, որ Աստծու խոսքը կարելի է տարածել աշխարհի տարբեր վայրերում ու ծայրերում ինտերնետի միջոցով, որպեսզի ավելի լայն մասսաներ հաղորդակից լինեն ու տեղեկանան Աստծո լույսի մասին:
Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս նույնպես շրջելով էր քարոզում: Շրջում էր քաղաքներ, գյուղեր, տեղից տեղ էր գնում և մեծ բազմություններ էր շարժում Իր հետևից: Վստահ ենք, եթե Տէր Հիսուս նստեր ժողովարանում կամ տաճարում՝ քարոզելու, կամ բժշկելու, ամենատարբեր վայրերից կգային նրան այցելության, քանի որ Նրա համբավն օրեցօր տարածվում էր մարդկանց մեջ: Բայց ինչպես կարդում ենք Ավետարաններում, երբեք հանգիստ չունեցավ իր երեքամյա ծառայության ընթացքում: Ղուկաս Ավետարանիչը պատմում է, որ փարիսեցիները եկան Նրան զգուշացրին, որ հեռանա Երուսաղեմից, քանի որ Հերովդեսը կամենում է սպանել Նրան: Ինչու են ուզում սպանել մեկին, որը ժողովրդին սիրում է…
Բոլոր ժամանակներում էլ երկրի ղեկավարները իշխել են մարդկանց վրա, պահել են նրանց կիսագրագետ վիճակում, որպեսզի հեշտ կառավարելի լինեն և ենթարկվեն իրենց ինքնահնար կառավարման ձևին: Բայց այդ օրերին եկել էր Մեկը՝ Հիսուս անունով, անշուք ընտանիքից, խոսում է աստվածային իշխանությամբ, լուսավորում է մարդկանց մտքերն ու սրտերը, բժշկում է նրանց հիվանդություններն ու տկարությունները, ցույց է տալիս մարդուն՝ իր ազատ և ինքնիշխան կարգավիճակը, և մեղքից ազատվելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդը ուրախ ապրի իր կյանքը և ստրուկ չլինի ոչ մարդուն, ոչ էլ մեղքին: Այս փաստը չկարողացան հանդուրժել քահանայապետները, փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները և որոշում կայցրին միասին, Նրան սպանելու մասին:
Ժողովարանում՝ փարիսեցիների աչքի առջև կատարվեց այն հրաշքը, երբ տասնութ տարվա կռացած կնոջը բժշկեց, որին չար դևը բռնած էր պահում այդքան տարի և ժողովարանում ոչ ոք նրան չէր նկատել, բացի Հիսուսից: Գրված է, որ կինը վեր նայել չէր կարողանում: Երբ չարը բռնում է մարդուն, մարդն այլևս Աստծու նայել չի կարողանում: Աստվածաշնչի մեկնաբաններն այս համարի մեկնության մեջ ասում են, որ 18 թիվը կազմված է երեք վեցերից, որն էլ չարի թիվն է:
Հիսուս Քրիստոսին սպանելու պատճառները բազմաթիվ էին, քանի որ Նա Իր Լույսը գցում էր այդ սերնդի խավարամիտների վրա և ցույց էր տալիս ձևապաշտությունը ու կեղծիքը: Դարձյալ Ավետարանի այս գլխի մեջ է, որ Հիսուս ասում է, թե սպանված գալիլիացիները ավելի մեղավոր չէին, քան բոլոր գալիլիացիները, կամ Սելովամի աշտարակի աղետից մեռածները ավելի մեղավոր չէին քան ապրողները: Ասյ բոլոր խոսքերը նա ասում էր ուղիղ նրանց ճակատին՝ առանց երկմտելու, քանի որ ինքը և ուսուցանում էր և կատարում էր իրր ուսուցանածը: Բացահայտում էր իշխանություն ունեցողների մեղքերը և նրանց ապաշխարության կոչեր էր անում: Հետն էլ ասում էր,- եթե չապաշխարեք, բոլորդ էլ կկորչեք:
Ո՞վ է այսօր սիրում արդար մարդուն, միթե մեր օրերում արդարը գնահատված է: Անշուշտ՝ ոչ: Դրա համար էին Նրան ասում,- Վեր կաց գնա այստեղից: Հիսուս աղվես անվանեց Հերովդեսին առանց վախենալու, քանի որ գիտեր նրանց մտածումները Իր մասին: Բացահայտել էր բոլորի կեղծիքները, հայտնաբերել էր, որ քահանաների ու փարիսեցիների ներքինն ու արտաքինը նույնը չէ, ու նրանք ամեն անգամ հեղինակազրկվում էին ժողովրդի առջև, որոնց իրենք պետք է սովորեցնեին: Կույր առաջնորդներին և կեղծավոր օրենսգետներին հանդիմանելուց հետո Հիսուս ողբ ասաց Երուսաղեմի վրա, ասելով՝ Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜-քանի անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար:
Սիրելիներ, մի պահ մտովի պատկերացնենք, որ Հիսուս կանգնած է Հայաստան աշխարհում և նույն խոսքերը ասում է հայերիս, քանի որ մենք էլ շատ հաճախ պարծենում ենք որպես առաջին քրիստոնյա ազգ, և ասում ենք որ մենք էլ ընտրյալ ազգ ենք ու հատուկ առաքելություն ունենք: Ուրեմն շատից շատ էլ պահանջվելու է: Հայաստա՜ն, Հայստա՜ն, որքան կամեցա հավաքել քո որդիներին, Իմ առաքյալներին ուղարկեցի քեզ մոտ, բերեցին Իմ լույսը, խանդավառվեցիք և առաջինը ընդունեցիք քրիստոնեություն: Այժմ դարձեք և նայեք անցած ճանապարհը և նայեք ձեր ապրած կյանքին: Այնպես չլինի, որ առաջինները վերջիններ լինեն հանկարծ: Մենք պարտավոր ենք մեզ վերագրել ամեն խոսք, որ գրված է Աստվածաշնչում, քանի որ գրվեց բոլոր ժամանակների համար, բոլոր մարդկանց համար, բոլոր լեզուներով: Ամեն օր պետք է ասենք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” Հավատքը այն վստահությունն է, երբ դու գիտես, որ Աստծուն ես պատկանում, և աստված է քո Տէրը: Այս մտածումներն էր, որ կամեցա կիսել ձեզ հետ, սիրելի հավատացյալներ: Մնացեք սիրով, խաղաղությամբ, քրիստոնյայի պատվավոր անունը չարատավորելով և հավատարիմ մնալով մեր հայրերի հավատքին ու նախանձախնդրությունը:
Աղօթենք միասին
Սաղմոս 5
Ակա՛նջ դիր իմ խօսքերին, Տէ՛ր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս, ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։ Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, որ առաւօտեան լսես ձայնն իմ. առաւօտեան պատրաստ կը լինեմ քո առջեւ կանգնելու։ Դու անօրէնութիւն կամեցող Աստուած չես, եւ քեզ մօտ չարամիտներ չեն բնակւում։ Թող յանցագործները չապրեն աչքիդ առջեւ։ Դու ատեցիր անօրէնութիւն գործողներին, կործանում ես բոլոր ստախօսներին, արիւնահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տէ՛ր։ Իսկ ես քո ամէնառատ ողորմութեան շնորհիւ կը մտնեմ տունդ, եւ քե՛զ վայել ակնածանքով կ՚երկրպագեմ սուրբ տաճարիդ մէջ։ Թող ուրախանան բոլոր նրանք, որ յոյս են դնում քեզ վրայ, յաւիտեան թող ցնծան, եւ դու ապրես նրանց մէջ. թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին.