ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 5.17-20
17 Մի՛ կարծէք, թէ օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, որ մի նշանախեց է, օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20 Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի բարեկամներ. Տիրոջ ողորմությամբ այսօր ևս կարողացանք մեր հանապազօրյա հացը հասցնել մեր ունկնդիրների ուշադրությանը: Սիրելիներ, Աստվածաշունչը սեղանի գիրք է, հայելի է, ուղեցույց է բոլոր նրանց համար, որոնք կրում են քրիստոնյա պատվավոր անունը:
Մաթևոսի Ավետարանի հինգերորդ գլուխը սկսվում է Լեռան քարոզով, որը համարվում է բարոյական կյանքի օրենսդրությունը: Երանի բոլոր երկրները իրենց օրենսդրության հիմքում ունենային աստվածաշնչյան պատգամներ, քան ձևապաշտությամբ ցույց տային, որ հավատում են Աստծուն:
Լեռան քարոզը մեր Տէրը սկսում է ինը երանիներով և մարդու համար հաստատում է մի սանդղակ, որին մարդը կարող է հասնել միայն երանիների պահանջները կատարելով: Տէր Հիսուս իրեն լսողների ինքնագիտակցության աստիճանը բարձրացնելով՝ նրանց երկրի աղ է անվանում և նկարագրում է, թե ինչ կլինի մարդու վիճակը, եթե նա որպես աղ՝ կորցնի իր համը:
Նոր էր ընտրել Հիսւոս Իր աշակերտներին, և արդեն ճանաչում էր ձեռք բերել, ու ամեն կողմից Նրա մոտ հիվանդներ էին բերում բժշկելու համար: Հիսուս հիվանդին կամ անդամալույծին բժշկելուց հետո չէր թողնում, որ առողջացածը ուրախանա միայն իր մարմնի բժշկությամբ, Նա Իր խոսքը հասցնում էր նաև նրանց սրտին Իր իմաստուն մտքերով և խոսքերով:
Զգուշացնում է բազմությանը, որ Ինքը չի եկել նրանց օրենքները փոխելու, կամ վերացնելու: Այլ հակառակըէ եկել է այդ օրենքները լրացնելու ավելի մանրամասն մեկնաբանություններ տալով դրանց:
Վեց անգամ հարց է տալիս բազմությնը՝ ասելով՝«Լսե՞լ էք, թէ ինչ ասուեց նախնիներին, Իսկ ես ձեզ ասում եմ»:
Հիշեցրեց ներկաներին նախնիներին տված պատվիրանները և նրանց համար հաստատեց նորերը և անիջապես զգուշացրեց, որ երկինքն ու երկիրը կանցնեն, բայց օրենքից ու մարգարեություններին մի տառ անգամ չի պակասի, մինչև որ բոլորը չկատարվի:
Այսօր մենք այդ բազմությունն ենք, որի համար լեռան վրա նստած քարոզում էր մեր Տեր Հիսուս Քրիստոս:
Ինչպե՞ս ենք վարվել մենք այդ պատվիրաններից յուրաքանչյուրի հետ: Ինչպե՞ս ենք պահել դրանք, կամ ինչպե՞ս ենք քարոզել մարդկանց: Երկու դեպքում էլ հստակ է դրված պայմանը մեր Տիրոջ, թե՝ «Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի»:
Նայենք մեր շուրջը, կրոնական բազմազան կազմակերպություններ Աստծու խոսքը ուսուցանում են այնպես, ինչպես իրենց է հարմար, մեկնում են այն հատվածը, որն իրենց է պետք, առանց անդրադառնալու հետևանքին, միայն թե բազմամարդ լինի դահլիճը:
Նայենք մեր եկեղեցու քարոզությանը: Քարոզվում է Ավետարանը ճշգրտությամբ, ոչ ավելացվում է խոսքը, ոչ էլ կրճատվում՝ երկարության պատճառով: Ուսուցանում են այն, ինչ կարդում են Ավետարանում: Բայց այստեղ էլ քարոզողների մեծամասնությունը ուսուցանում է, բայց ինքը չի կատարւոմ իր ուսուցանածը, ինչպես որ ասաց Տէր Հիսւոս, թե՝ «Իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի»։ Ուրեմն ո՞ւր է նա, որը և ուսուցանում է, և կատարում է ուսուցանածը:
Հետևաբար Երկնքի Արքայության մեջ մեծ ու փոքր լինելու մասին մտածելը դեռ վաղ է այնքան ժամանակ, մինչև կկատարվի Տիրոջ խոսքն ամբողջությամբ՝, թե՝ «Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի»։
Այս խոսքերը, որ ասվեց մեր Տիրոջ կողմից, ծանր խոսքեր են, բայց Սրտագետ Աստված գիտե մարդու տկար բնությունը, դրա համար Իր ժամանակի մարդկանց աչքի առջև ուսուցանում էր և կատարում էր Իր սովորացրածը: Ոչ ոք չէր կարողանում Նրան որևէ մեղքի համար ամբաստանել, որքան էլ որ ջանում էին փարիսեցիները:
Երբ Աստված Իր խոսքը տալիս է մեզ, որպեսզի մեր սրտերը բուժի, իսկ մենք անտեսում ենք Նրա խոսքը՝ ուղղակի ժամանակավորապես խաբում ենք մեզ, լռեցնելով մեր խղճի ձայնը, այնպես ինչպես դեղահաբը խմելով թմրեցնում ենք ցավը, բայց չենք բուժում հիվանդությունը, որը մնալով վնասում է նաև մյուս օրգանները:
«Լսե՞լ էք, թէ ինչ ասուեց նախնիներին, Իսկ ես ձեզ ասում եմ»: Այս արտահայտությունը թող որպես քննադատություն հնչի մեր ականջներում ամեն անգամ, երբ մեր ձեռքը վերցնենք Ավետարանը: Թեպետ քննադատությունը միշտ չէ, որ հաճելի է լսել սեփական անձի հասցեին, սակայն քննադատությունը նույնքան անհրաժեշտ է մեզ, որքան որ ցավը մեր մարմնի համար, որը կենտրոնացնում է մեր ուշադրությունը մեր առողջության վրա: Ցավը ազդակ է տալիս, որպեսզի դիմենք բժշկին:
Տէր Հիսուս մեր Բժշկապետն է, որը ոչ թե ցավազրկում է, այլ հիմնովին բուժում է , եթե օգտվեն Իր նշանակումից: Կարող ենք բժշկի նշանակած դեղը անտեսել, դրանից կվնասենք մեր մարմնի անդամներից մեկը, բայց Տիրոջ խոսքը անտեսելուց՝ անմահ հոգին է վնասվում, որը կանգնելու է Տիրոջ առջև Դատաստանի օրը:
Մնացեք սիրով և խաղաղությամբ: Աստծո խոսքի մեջ լինենք նախ՝ կատարողներ, ապա՝ ուսուցանողներ: Մաղթում եմ ձեզ լավ տրամադրություն, գնանք Տիրոջ ճանապարհներով, որպեսզի փորձության չենթարկվենք:
Աղօթենք միասին
Սաղմոս. 4
Երբ ձայն տուի, իմ արդարութեան համար լսեցիր ինձ, Աստուա՛ծ, նեղութեան մէջ ինձ անդորր տուիր. ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր իմ աղօթքին։ Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում։ Իմացէ՛ք, որ Տէրը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, եւ Տէրը կը լսի ինձ, երբ օգնութեան կանչեմ նրան։ Եթէ բարկանաք՝ մի՛ մեղանչէք, ձեր անկողնու մէջ ինչ էլ որ ասէք ձեր սրտում՝ զղջացէ՛ք։ Արդարութեան զոհե՛ր մատուցեցէք եւ Տիրոջ վրայ յո՛յս դրէք։ Շատերն ասացին՝ «Ո՞վ ցոյց կը տայ մեզ Տիրոջ բարութիւնը»։ Քո երեսի լոյսը ծագեց մեր վրայ, եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձէթի բարիքով յագեցրիր նրանց։ Այսուհետեւ մենք խաղաղութեամբ կը ննջենք ու կ՚արթնանանք, քանզի դու միայն, Տէ՛ր, ապահովութեան մէջ բնակեցրիր մեզ։