ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 19.3-12
3 Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»: 4 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. 5 “Դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն”: 6 Ապա ուրեմն, ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»: 7 Նրան ասացին. «Իսկ Մովսէսն ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»: 8 Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել: 9 Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»: 10 Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»: 11 Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. 12 որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելի քրիստոնյաներ և ոչ քրիստոնյաներ: Մկրտվածներ և չմկրտվածներ, ամուսնացածներ և չամուսնացածներ: Այսօրվա Ավետարանի պատգամի մեջ ընդգրկվում են բոլոր մարդիկ, ինչպես հավատացյալներ, այնպես էլ անհավատներ: Քանի որ ամուսնանում են բոլորը՝ անկախ դավանանքից ու ազգությունից: Թեման ընտանիքի ստեղծման, հավատարմության, ամուսնության, ամուսնալուծության և նրա պատճառների մասին է: Շատ օգտակար է, որ մենք իմանանք այլ ազգերի ամուսնական ավանդությունների և օրենքների մասին, բայց առավել կարևոր է, որ իմանանք մեր եկեղեցու հաստատած Պսակի խորհրդի պահանջները, և Աստվածաշնչյան պատգամը՝ ամուսնության վերաբերյալ:
Ավետարանի այս հատվածից հասկանում ենք, որ հրեաները օրենք ունեին Մովսեսից տրված՝ կնոջն արձակելու վերաբերյալ, և կարելի նաև պատկերացնել, որ կինը իրավունքներ չի ունեցել այդ հարցում, նրա հետ վարվել են այնպես, ինչպես կամեցել են: Բայց միևնույն ժամանակ Քրիստոս հրեաներին ասում է, որ սկզբից այդպես չի եղել: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է եղել սկզբից: Ադամի և Եվայի ստեղծման պատմությունը հայտնի է բոլորիս: Աշխարհի արարչագործությունից հետո Ադամի և Եվայի ամուսնությունը առաջինն է, որը կատարվեց դրախտում, և Աստծու օրհնությամբ: Խրիմյան Հայրիկը գեղեցիկ նկարագրություն ունի այդ մասին, որն ասում է.- Պսակադիր քահանան Աստվածն էր, եկեղեցին՝ դրախտն էր, խաչն ու Ավետարանը Կենաց ծառն էր, շարական երգող տիրացուն՝ սոխակն էր, անուշահամ գինին էլ դրախտի չորս գետերն էին:
Վերադառնանք դրախտից մեր իրականություն և քննենք այսօրվա Պսակի խորհուրդը, նրա կատարման ձևը, ընտանիք կազմելու պատասխանատվությունն ու պարտականությունը ներկա ժամանակներում, ժամանակակից մարդու տեսանկյունից: Բոլոր ժամանակներուն էլ կյանքի նկատմամբ պատկերացումները այլ են եղել մարդկանց մոտ: Ոմանք կյանքը հասկացել են, ոմանք կյանքը վայել են, ոմանք էլ կյանքը տանուլ են տվել: Կյանքը հասկացել են նրանք, որոնք Աստծուն ճանաչել են, ճանաչել են նաև իրենց ազատությունը՝, որը սահմանափակել են չափավորության մեջ, և ապրել են Աստծու ներկայության մեջ՝ խաղաղությամբ: Կյանքը վայելել են նրանք, որոնք Աստծու գոյությոն մասին իմացել են, սակայն անզոր են գտնվել աշխարհի վայելքներին ու մարմնի ցանկություններին և շարունակում են ապրել մեղավոր կյանքով: Կյանքը տանուլ են տվել այն մարդիկ, որոնք չեն հավատացել Աստծու գոյությանը, ապրել են իրենց մարդկային օրենքներով և կամքով: Ցավալիորեն մտածելով, որ իրենք են ճիշտը իրեն պատկերացրած կյանքի նկատմամբ:
Սակայն մենք՝ քրիսոնյաներս, որ ճանաչում ենք Աստծուն, գիտենք Նրա պահանջները մեզնից՝ հատկապես ամուսնական կյանքի վերաբերյալ և փորձում ենք ձևափոխել ինքնահնար օրենքներով ու նորամուծությունններով, մենք դրա համար պատասխան ենք տալու ըստ Աստվածաշնչի: Սուրբ Գիրքն ասում է՝ երեքն են մարդու թշնամիները՝ աշխարհը, մարմնի ցանկությունը և սատանան: Այս երեքի դեմ է, որ քրիստոնյան պետք է պայքարի իր հավատքով, սուրբգրային իմացությամբ և իր ազատ կամքով: Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում մեր օրերի պսակադրությունների ժամանակ:
Պսակվող զույգերի գերակշռող մասը տեղյակ չէ Պսակի խորհրդից և դա անում են եկեղեցում՝ որպես պարտականություն: Պսակվող զույգի հետ նախապատրաստական աշխատանք գրեթե չի կատարբվում եկեղեցու սպասավորի կողմից, բացի խորհրդի կատարման ժամանակ փոքրիկ քարոզը և շնորհավորոնքը: Բնական է, որ այդ պահին հուզմունքինց, կամ մտազբաղ լինելու պատճառով, Աստվածաշնչի պատգամը հասու չէ՝ ոչ հարսին, ոչ փեսային և ոչ էլ առհասարակ հյուրերին՝ որոնք անհամբեր սպասում են բուն խնջույքին, ոչ թե աղոթքին: Տրամաբանական է, բայց արդարացված չէ, այս պահը: Եկեղեցի են ներկայանում հյուրերը՝ անպատշաճ հագուստով, հարսը՝ համարյա կիսամերկ, աղոթքի նկատմամբ անտարբեր, Ավետարանի ընթերցանության ժամանակ՝ մտազբաղ, բայց ավարտին՝ չափազանց ակտիվ՝ ֆոտոսեսիաների ժամանակ: Ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է արտաքին ճոխությունների, գեղեցիկ սրահների, թանկարժեք նվերների, ավտոմեքենաների տեսականու, և դարձյալ կռապաշտության հասած նկարվելու հիվանդագին սովորությանը:
Աշխարհի մոդան իրենն է թելադրում ու պարտադրում, մարդը դառնում է մոդայի ստրուկը և վայելքների գերին: Այստեղ է, որ մարդը չի կարողանում պայքարել այս մի թշնամու դեմ և կարծում է, որ կյանքում մեկ անգամ կատարվող պսակի խորհրդի ժամանակ ամեն ինչ պետք է ճոխ լինի, և կարևորը՝ ցուցադրական: Իսկ ամուսնացող զույգի հոգու զարդարման մասին ոչ ոք հարկ չի համարում մտածել այդ օրերին, քանի որ ամիսներով պատրաստվում են այդ տոնակատարությանը, որը տևում է մեկ օր: Մինչդեռ այդ նորապսակ հոգիները պետք է միասին ապրեն մի ողջ կյանք, և չբաժանվեն միմյանցից ըստ Աստծո այն խոսքի, թե՝ ինչ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի: Իսկ այս աշխարհի իշխանը դեռ շարունակում է մարդու գլխում մտքեր առաջ բերել միայն մարմնի ցանկությունները կատարելու մասին, միայն մոդայի հետևից գնալու մասին, իսկ Աստծու մասին մոռացնել է տալիս: Չար բանսարկուն անզոր է Աստծու դեմ, դրա համար Աստծո սիրելի մարդուն է ծուղակը գցում, դրանով ցավ պատճառելով Աստծուն:
Այս է մերօրյա ընտանիքների հիմքում դրված մոդայիկ արժեքները, դրա համար ընտանիքների գերակշռող մեծամասնությունում չկա համերաշխություն, չկա միաբանություն և չկա սեր, որովհետև ընտանիքի հիմքը կառուցվել է անկայուն արժեքների վրա: Եթե տղամարդու գլուխը Քրիստոսը չէ, սիրելիներ, նրա կինը չի կարող հնազանդ լինել, երեխաները՝ նույնպես: Հետևաբար ուղղեցեք ձեր ներկան, որ ապագան ուղիղ լինի: Քննեք ձեր ներկան, որ ապագայի հացը չպակասի: Իմաստությամբ փնտրեք ձեր հոգևոր հացը, մարմնավորը՝ կտրվի ձեզ ձեր Երկնավոր Հորից: Մնացեք սիրով ձեր ընտանիքներում, տեր ու հնազանդ միմյանց, և թող ոչ մի ձեռք չբաժանի ձեր ամուր ընտանիքը ի սեր Աստծո:
Աղօթենք միասին
Սաղմոս 3
Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դէմ։ Շատերն էին ասում իմ մասին՝ «Սա փրկութիւն չունի իր Աստծուց»։ Բայց դու, Տէ՛ր, իմ օգնականն ես, իմ փառքը եւ գլուխս բարձր պահողը։ Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, եւ նա լսեց ինձ իր սուրբ լերան վրայից։ Ես ննջեցի ու քուն մտայ. զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է։ Չեմ սոսկայ ես նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պատել ու պաշարել էին ինձ։ Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղաւորների ատամները կը փշրես։ Տիրոջից է փրկութիւնը, Քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի։