ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 11.29-32
29 Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 30 որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: 31 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ: 32 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ: Նոր ամիսը սկսենք նորովի, ավելին իմանալու համար:
Աստված օրհնի այս պահին մեզ հետ գտնվող բոլոր ունկնդիրներին և նրանց, որոնք հետո կմիանան մեր հաղորդաշարին: Աստված խոսել է բոլոր մարդկանց համար, բոլոր ժամանակներում: Մեզ հասկանալի պատճառներով ժամանակավոր արգելանք է դրվել Ավետարանի քարոզության վրա, խորհրդային տարիներին: Բայց մեր օրերում փառք Աստծուն, ազատ է, և մենք օգտվում ենք այդ հնարավորությունից՝ նախորդ հոգևոր բացը լրացնելու համար: Հավատքը երկար ընթացք է, կարող ենք առաջ գնալ, կարող ենք հետ գնալ: Կարող ենք աճել և կարող ենք նվազել, սակայն նույն տեղում մնալու իրավունք չունենք: Ուրեմն Աստծո կամքով միայն առաջ, և ամեն օր, ու հիմնավոր քայլերով: Քանի որ մեր Տերը գաղջ է անվանել նրանց, որոնք ոչ տաք են և ոչ՝ սառը:
Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ ժողովրդի բազմությունը Նրա շուրջն էր հավաքվել: Այսպիսի տեսարաններ շատ հաճախ ենք հանդիպում Ավետարաններում, բավական էր, որ մեր Տերը մի տեղում հայտնվեր, բազմությունը անմիջապես Նրա շուրջն էր համախմբվում: Այս դեպքից առաջ Հիսուս մի համր դև էր հանել և համրը սկսել էր խոսել: Ոմանց մոտ կասկած էր առաջացել և սկսել էին այլ նշաններ պահանջել Նրանից: Ծանր դեպք է, սիրելիներ, երբ մարդը չի կարողանում հավատալ: Նրանց աչքի առջև համրը խոսում է, և նրանք դարձյալ ուրիշ նշան են ուզում, այն դեպքում, երբ Հիսուս հստակ ասում է նրանց, որ Աստծու Արքայությունը հասել է ձեր վրա: խնդրեցեք, և կտրվի ձեզ: Փնտրեցեք, և կգտնեք: Բախեցեք, և կբացվի ձեզ համար, որովհետև փնտրողն է գտնում, բախողին է բացվում, և խնդրողին է տրվում Ճշմարտությունը, իսկ դուք կասկածամիտ և անհավատ սերունդ եք, և ձեզ ոչինչ էլ չի տրվի: Դուք, որ այդքան չար եք, և ձեր զավակներին ձկան փոխարեն օձ չեք տա, միթե ձեր Երկնավոր Հայրը չի տա ձեզ բարիքներ, եթե խնդրեք, կամ փնտրեք, կամ բախեք:
Բազմության մեջ անշուշտ շատեր կային, որ հավատում էին, և հավատալուց բացի ինքնամոռաց հիանում էին Նրա վարդապետության և Նրա իմաստուն խոսքերի վրա: Այնպես, որ մի կին բազմության միջից հիացած բացականչեց,- Երանի այն կնոջը, որ հղացավ և ծնեց Քեզ: Իսկ Հիսուս որպես պատասխան՝ ասաց,- Մանավանդ երանի է նրանց, որ լսում են Աստծու խոսքը և կը պահեն:
Հիմա դառնանք մեզ, որ այդ երենելիներն եք ամեն օր Աստծու խոսքը լսելու առումով: Բայց խոսքը պահելու առումով դեռ երանելի չենք կարծում եմ: Մենք էլ ենք նշաններ փնտրում: Մենք էլ ենք հրաշքներ փնտրում; Մենք էլ երկնքում ամպերի մեջ պատկերներ փնտրում, նույնիսկ բանջարեղենի մեջ խաչի պատկեր երևալուց ողջ համացանցը հեղեղում ենք այդպիսի նկարներով: Օրինակները շատ շատ են, բոլորդ էլ ականատես եք լինում, որ մարդիկ ամպի կտորը խաչի են նմանեցնում և դրանից զարմացած տարածում են ու տարածում, բայց Խաչյալի մասին Ավետարանը չեն կարդում: Մենք շատ տարբեր չենք նշան հայցողներից մեր սնոտիապաշտական սովորություններով և երբեմնի քրիստոնեական կռապաշտության հասած արարքներով:
Մենք չենք գնահատում ամենօրյա հրաշքը՝ որ առավոտյան արթնանում ենք մեր մեռյալ վիճակից, կենդանություն ենք առնում և սկսում ենք գործել ու խոսել: Մենք չենք հիանում մեր մարմնի անդամների դասավորության և նրանց կատարյալ աշխատանքի վրա: Մենք մեր մտածելու և վերարտադրելու հատկության վրա չենք ապշում: Արևի, լուսնի, աստղերի, ցերեկվա և գիշերվա համար չենք փառավորում Աստծուն: Մտածում ենք, որ դա այդպես էլ պետք է լիներ և դա սովորական է դառնում մեզ համար ամեն օր: Աստված ուզում է, որ մենք ամեն ինչ տեսնենք, նկատենք և գոհանանք, փառավորենք Աստծու անունը այս ամեն պարգևների համար, և դառնանք ու կարդանք Իր լուսավոր Աստվածաշունչը և զարգանանք:
Մի գեղեցիկ ավանդազրույց կա այն մասին, որ մի մարդ, զրկված լինելով երկու ոտքերից, սայլակով շրջում է, և փառք է տալիս Աստծուն: Օրերից մի օր, մեկը մոտենում է նրա և հարցնում, - ասա ինձ, դու հաշմանդամ ես, և ոտքեր չունես, ինչպես ես այդքան փառք տալիս Աստծուն, ես զարմանում եմ: Սայլակի մեջ նստած մարդը պատասխանում է,- իսկ ես զարմանում եմ, թե երկու ոտքեր ունեցող մարդը ինչպես չի փառաբանում Աստծու անունը… Սիրելիներ, խնդրենք, որ Աստված ավելացնի մեր հավատքը, Փնտրենք ամենուր մեր Տիրոջը և ոչ թե նշաններ: Բախենք, որ բացվի մեզ համար արքայության դռները: Մեր Տիրոջ նշանը մեր սրտում է, մեր գործերում և և մեր լեզվի վրա է: Մնացեք սիրով ոչ թե սրով: Քաջությամբ, ոչ թե սանձարձակությամբ: Խոնարհությամբ, ոչ թե տիրելով: Փառք Աստծուն նաև Հուլիս ամսվա բարեհաջող ավարտի համար:
Աղօթենք միասին
Ուրբաթ օրվա աղոթք.
Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված:
Եվ արդ, աղաչում եմ քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ քոնն եմ, Տեր, և հույսս դու ես, և քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից: Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն: