ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 18.23-35
23 Այսպէս երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել: 24 Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան: 25 Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել: 26 Եւ ծառան գետնին ընկնելով երկրպագում էր նրան եւ ասում. “Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կվճարեմ քեզ”: 27 Այդ ծառայի տէրը գթալով արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց: 28 Իսկ ծառան դուրս ելնելով գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով խեղդում էր ու ասում. “Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես”: 28 Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. “Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կվճարեմ քեզ”: 30 Իսկ սա չէր կամենում. գնաց, նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր: 31 Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր: 32 Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. “Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33 իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի”: 34 Եւ նրա տէրը բարկանալով նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը: 35 Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզնից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը նրա յանցանքները»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելիներ: Եթե լույս է, ուրեմն նրա մեջ անպայման բարություն կա: Այդ բարությունը կավելանա, եթե ամենքս մի կաթիլ ավելացնենք նրա վրա մեր այսօրվա խոսքով, գործով կամ վարմունքով: Այս բոլորը մենք կարող ենք անել միայն Աստվածաշնչի օգնությամբ և առաջնորդությամբ: Մարդը չի կարող միայն հացով ապրել, մարդու հոգին էլ պետք է սնվի: Միայն հացով ապրող մարդիկ մեր աչքի առջև են, և մենք ականատեսն ենք, որ նրանց կայացրած որոշումները սխալ են, կատարած ցուցադրական բարեգործությունը ակնկալիքով են, խոսքը հռետորական է, բայց ոչ հասկանալի, մույնիսկ մարդու արդարության մեջ աչառություն կա և այլն: Միայն Աստված է, որ անթերի է ու անսխալ: Այդ պատճառով Ավետարանը մարդուն գլուխ առ գլուխ, համար առ համար կրթում և դաստիարակում է կատարյալ դառնալու ձգտման մեջ: Նախորդ համարներում մեր Տէրը աշակերտներին սովորեցնում էր անհիշաչարության դասերը և անսահման ներելու առաքինությունը: Այսօրվա համարների մեջ արդեն երկնքի արքայությունը համեմատում է մի թագավորի հետ, որը իր ծառաների հետ իր հաշիվներն էր կարգավորում: Հին ուխտից սկսյալ Աստված ուզում է իրեն բացահայտել մարդուն, սակայն մարդը հաստատված է իր եսակենտրոնության մեջ և ներելու առաքինությունը դեռ հասու չէ նրան:
Տէր Հիսուս մի անգամ ասաց,- երբ աղոթքի կանգնեք, այսպես ասեք. ՙՙ Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին՚՚: Այսօրվա առակի տրամաբանությամբ եթե համեմատենք մեր ներկա կյանքը, ապա անպայման կարժանանաք նույն հանդիմանությանը, որ Տերը ասաց պարտքերը ներված ծառային, թե՝ “Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի”: Աստծուց ներում հայցում են բոլորը, սակայն բոլորը չեն, որ պատրաստ են ներել իրենց դեմ հանցանք գործածներին: Միմյանց չներելու անկարողությունը համատարած հիվանդություն է հասարակության մեջ: Այն վերաբերում է թե ֆինանսական հարցերին, թե մարդկային հարաբերություններին և թե բուն մեղքի հարցում, որ միմյանց չի ներվում հեշտությամբ: Եթե որպես օրինակ վերցնենք առակի դրամական պարտքը, ապա ամենքս տեսած ու լսած ենք մեր շրջապատում դրամը պարտքով վերցնելու և չտալու, կամ ուշացնելու, կամ տոկոսով տալու խառնաշփոթ պատմություններ, որոնք միշտ ավարտվում են դատական վճիռներով, կամ լավագույն դեպքում խզվում են բարեկամական և ընկերային հարաբերութունները: Մի գեղեցիկ համեմատության կա այս թեմայի վերաբերյալ, որն ասում է,- եթե դու դրամ ես տվել պարտքով, և ստանում ես այնքան, որքան տվել ես, ուրեմն դու Ադամն ես: Եթե դու դրամ ես տվել պարտքով, և ենթական պարտքը չի կարողանում վերադարձնել, և դու նրան ներրում ես այդ պարտքը, ու ասում ես մոռացիր այդ մասին, ուրեմն դու Քրիստոսն ես: Եթե դու դրամ ես տվել և դիմացը տոկոս ես պահանջում, ուրեմն դու սատանան ես:
Նույնն է վիճակը մեղքի հարցում: Մարդը չի կարողանում ներել իր դեմ մեղանչողի մեղքը, անկախ այն բանից, թե օրական քանի անգամ է ասում Հայր Մեր աղոթքի այդ տողերը: Աստվածաշնչի հետ առաջին անգամ ծանոթացող մարդը առաջինը հանդիպում է ապաշխարության հետ: Հովհաննես Մկրտիչը սկսում է ապաշխարությամբ, Հիսուս Քրիստոս սկսում է ապաշխարությամբ: Եթե Ավետարանի սկիզբը ապաշխարությունն է, ուրեմն մեր կյանքի սկիզբն էլ պետք է լինի ապաշխարությունը: Առանց ապաշխարության Աստվածաշնչի հետագա գրքերը մեզ համար հասկանալի չի լինի մի պարզ պատճառով, որովհետև մենք մեզ չենք ճանաչում: Թող զարմանալի չթվա ասածս, որ ասեմ, թե քրիստոնեությունը չի ծաղկում, որովհետև մարդը ապաշխարությունը կամ սխալ է հասկանում, կամ առհասարակ չի հասկանում: Այս առումով եկեղեցականների բացթողումը շատ մեծ է, քանի որ եկեղեցու քարոզը մարդկանց չի տանում ապաշխարության, անդրադարձի, ինքնաքննության, և ինքնադաստիարակության: Գուցե եկեղեցու Խորանից հնչող քարոզները գրագետ են, հռետորական են, բայց իրենց մեջ չեն պարունակում անձին ինքնաքննության մղելու բարի կամք: Եթե այս հարցը չստանա իր արագ լուծումը, հավատացյալ հոտը թեկուզ մինչև Երկրորդ Գալուստ էլ եկեղեցի գնա ու գա, ժամանակի զուր վատնում է: Առակի ավարտին ասում է՝ տէրը նրան հանձնեց դահիճներին, մինչև որ հատուցեր վերջին պարտքերը: Մեր Տէրը մեզ շատ դյուրին միջոց տվեց փրկության համար՝ զղջումը, խոստովանությունը և հատուցումը: Հրեական ավանդությունը պատմում է, որ, երբ Մանասե թագավորը զղջաց և աղոթքով հայցում էր Աստծու ողորմությունը, հրեշտակները փակում էին դռները, որպեսզի աղոթքի ձայնը չհասնի Աստծուն՝ նրա այդքան անիրավությունների պատճառով: Նրանք փակում էին, Աստված բացում էր, որպեսզի Մանասեն զղջա իր անասելի մեղքերը և փրկվի:
Մեղքը անվերջ պայքարում և հաղթում է մեզ մեր պատվիրանազանցության պատճառով, մեր սուրբգրայի անտեղյակության պատճառով: Աստվածաշնչից Հովսեփ գեղեցիկի զորավոր ներման օրինակը ունենք, երբ եղբայրները իրեն ծախեցին, իսկ տարիներ անց, երբ հանդիպեցին, ասաց,- ես Հովսեփն եմ, իմ հայրը ո՞ղջ է: Դեռ քանի՞ դար պետք է քարոզվի քրիստոնեությունը, որպեսզի մենք պատկերացում կազմենք այսպիսի ներման մասին:
Եկեղեցին Քրիստոսի հարս է համարվում, որը պետք է ծածկված լինի առաքինությունների քողով: Մենք ենք այդ եկեղեցին այսօր: Այսպիսի՞ եկեղեցու էր արժանի մեր Պատվական Տէրը՝ որպես փոխհատուցում Իր Արյան: Խորհենք բոլորս այս մասին, ովքեր մաս են կազմում ընդհանրական և առաքելական եկեղեցուն: Մնացեք սիրով, խոնարհությանբ, զղջումով և ապաշխարությամբ:
Աղօթենք միասին
Օրհնեալ Տէր, որ բնակեալդ ես ի բարձունս, եւ օրհնեալ են փառք մեծութեան Քո. որ հաստատեցեր զլուսաւորս ի բարձունս, ի յերկնից լոյս ծագեցեր ընդ ամենայն տիեզերս. արարեր զարեգակն լուսատու տուընջեան, զլուսինն եւ զաստեղս՝ լուսատու գիշերոյ, եւ զլոյս ճրագի: Դու ես լոյս գովելի, սուրբ եւ առաջին լոյսն. ի Քէն փախնու խաւարն, եւ զլոյս Քո կենդանի, Տէ՛ր, ծագեա՛ ի սիրտս մեր: Եւ մեք միաբան ասասցուք. օրհնեալ է անուն սուրբ փառաց Քոց. եւ Քեզ երգեմք զօրհնութիւն եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: