ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 20.34-40
34 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդի են գնում. 35 իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի են գնում, 36 քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծոյ որդիներ, քանի որ յարութեան որդիներ են: 37 Իսկ որ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին. «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»: 38 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»: 39 Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»: 40 Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, հանապազօրյա հացին սպասող սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ:
Այսօր մեր եկեղեցին հիշատակում է Աստվածաշնչյան մեծամեծ նախահայրերի անունները, որոնք Հին Կտակարանի գլխավոր դեմքերն են, սկած Ադամից մինչև մարգարեներ: Սրանք այն նշանավոր մարդիկ էին, որոնցից մի քանիսի հետ Աստված խոսում էր, մյուսների հետ ուխտ էր հաստատում, այլոց՝ տեսիլքով էր երևում: Մի խոսքով սրանք այն մարդիկ են, որոնց միջոցով կատարվեց Աստծու ծրագիը Հին Ուխտի մեջ: Եթե կարդաք նրանց կյանքի պատմությունները, կհամոզվեք, թե ինչու են նրանք կոչվում սուրբ նախահայրեր: Սուրբ են կոչվել ոչ թե նրա համար, որ մեղք չեն գործել, ոչ, նրանցից ամենքի կյանքում էլ եղել են մեղանչելու դեպքեր, և Աստվածաշունչը չի թաքցրել այդ մասին, այլ նրա համար են սուրբ կոչվել, որ իրենց հավատարմության ուխտով տարբերվել են մյուսներից՝ Աստծու հանդեպ ունեցած իրենց ակնածանքով, ծառայասիրությամբ և հավատքով:
Այսօրվա Ավետարանը ես հավատարմության ուխտի մասին է, որտեղ մեր Տէրը խոսում է այս աշխարհի որդիների և Աստծո ողդիների մասին, նրանց մասին, որոնք պետք է արժանանան այն աշխարհին հասնելու, և հարություն առնելու: Հիսուս Քրիստոս հետաքրքիր զուգահեռներ է տանում այս աշխարհի որդիների և Աստծո որդիների միջև՝ շեշտելով, որ Աստծո որդիները ոչ կին են առնում, ոչ էլ մարդու են գնում, որովհետև հրեշտակների նման են, ամենևին չմեղադրելով նրանց, որոնք կին են առնում և մարդի են գնում: Որովհետև Աստված օրհնում է սուրբ ամուսնությունը, օրհնում է նաև կուսակրոնության ուխը: Բայց ո՛չ երբեք ուխտադրուժ կուսակրոնությունը: Մեր Տերը այստեղ խոսում է իրական ժուժկալության ուխի մասին, վանական կյանքի մասին, Աստծուն անմնացորդ նվիրվելու մասին, նվիրյալ ծառայության մասին, որոնց մասին կարդում ենք Աստվածաշնչում, մեր հայրերի գրվածքներում և սրբերի վարքերում միայն:
Վանական կյանքի մասին մեր պատկերացումները միայն գրքային են, որովհետև մենք վանքեր չունեք, հետևաբար վանական կյանք էլ չունենք: Մեր ժամանակների կուսակրոն հոգևորականները աշատում են ժամանակակից, զարգացած, նորաոճ տեխնիկայով կահավորված սենյակներում: Շփում և հաղորդակցություն ունեն աշխարհիկ մարդկանց հետ: Մինչդեռ մեր կարդացած վանքերի կյանքը և կենցաղը բոլորովին այլ է: Մեր օրերում կան նաև միանձնուհիներ, որոնք նույնպես ապրում են ժամանակակից պայմաններում, արդի համակարգչային և նորաոճ հեռախոսներով: Իրական վանական կյանքի մասին կարդում ենք, որ նրանց միակ զբաղմունքը Աստծու հետ հարատև կապն է եղել աղոթքի միջոցով, այդ պատճառով նրանք մշտապես գտնվել են չարի հարձակումների ներքո: Կուսակրոնները եկեղեցու աղոթող բերանը պետք է լինեն: Ըստ հայրերի երբ վանականությունը նվազում է, կամ վերանում է, երկրի վրա հացը անհամ է դառնում:
Նույնիսկ սրբերից մեկն ասում է,- եթե աշխարհը իմանար, թե ինչ երանություն է կուսակրոնությունը, ապա աշխարհում մարդ չէր մնա, բոլորը կվազեին վանքեր: Սակայն եթե մարդիկ իմանային, թե որքան դժվար է վանական կյանքը, վանքում ոչ ոք չէր մնա: Եկեղեցու հայրերը, որոնք տեսել են վանական կյանք, ասում են, որ կուսակրոնությունը ծառայում է որպես հենակ՝ ամուսնացյալ քահանայության պտղատու ճյուղերը պահելու համար: Ինչը մեր տեսած կուսակրոնության հետ որևէ կապ չունի: Վանական կյանք ասելով մենք պատկերացնում ենք Աֆոն սուրբ Լեռը, որը անհասանելի է շատերի համար: Երևի սա է պատճառը, որ մենք հիմք ունենալով մեր կարդացած վանական կյանքի մասին պատմությունները, առաջին դարերի վանական ճգնությունները, մեր հոգուն հարազատ է քահանայության այս կերպը: Առաքելական եկեղեցին ունի կուսակրոնության ուխտ, բայց չունի վանքեր՝ ճգնելու և աղոթելու համար: Իսկ եթե կուսակրոն հոգևորականը ազատ շփման մեջ է հասարակության հետ, ուրեմն ինչ կուսակրոնության ուխտ: Սա ևս մեր եկեղեցու մեծագույն կնճռոտ խնդիրներից մեկն է, որը հրատապ լուծում է պահանջում, ստեղծելու համար վանքեր և վանական կյանք:
Մեր օրերում կուսակրոնության ուխտն ընդունած երիտասարդները ձեռնադրությունից հետո գործուղվում են աշխարհի տարբեր երկրներ, աստվածաբանական ուսում ստանալու համար, ապրում են ժամանակակից կյանքով, վայելում են հանգստի բոլոր վայելքները: Այլ խոսքով ասած նետվում են աշխարհի ծովի մեջ, տարուբերվում են ալեկոծության հարվածներից և դուրս մնում բոլորի ուշադրությունից: Այս տեսակի մասին չէր խոսում մեր Տէր Հիսուս, երբ ասում էր, ոչ կին են առնում, ոչ էլ մարդի են գնում: Նա նկատի ուներ նրանց, որոնք իրեն կույս կյանքով նվիրվում էին Աստծուն, Աստվածաշնչին, աղոթքին, ժուժկայությանը, ճգնությանը և մեղվի պես միայն մեղր էին արդադրում իրենց փեթակի մեջ: Աստվածաբանական կրթությունը մարդուն չի դարձնում հոգևոր, հոգևոր է դարձնում նրա զուսպ կյանքը՝ հրաժարվելով աշխարհից: Մենք դեռ երկար պետք է շարունամենք ուրախանալ անցյալով, սակայն աչքերը ուզում են տեսնել այսօրվա վանական հավատարիմ կյանքը: Հոբի գրքում մի գեղեցիկ նկարագրություն կա, երբ երկխոսություն է տեղի ունենում Աստծո և սատանայի միչև: Աստված հարցնում է սատանային,- աշխարհի վրա շրջելիս դու տեսա՞ր իմ հավատարիմ ծառա Հոբին: Ինչպե ՞ս կարող էր սատանան չտեսնել Աստծու այդ հավատարիմ ծառային, որը հավատարիմ մնաց ոչ միայն ծառայության, այլ նաև մեծ փորձության ժամանակ: Եթե այսօր Աստված հարցնի սատանային, - աշխարհում շրջելիս դու տեսնո՞ւմ ես իմ ուխտին հավատարիմ կուսակրոն հոգևորականությանը: Թե ինչ կպատասխանի սատանան, մենք չգիտենք, Բայց Պողոս առաքյալը հասկացել էր Քրիստոսի պատկերացրած սրբակենցաղ վարքը, կուսակրոն լինելու հանգամանքը, երբ ասում էր, ինձ համար կյանքը Քրիստոսն է, մեռնելը՝ շահ: Աստված պահանջում է հավատարմություն իր նկատմամբ: Հավատարմությունը տեղով, վիճակով և պաշտոնով պայմանավորված չէ, հավատարմությունը մաքուր սրտի մենաշնարհն է: Եթե Աստծու ծառան անպատրաստ է տանել իրեն բաժին ընկած խաչը ծանրության պատճառով, և իջեցնում է իր ուսերից, նրան հանդիպում է մեկ այլ ծանր խաչ, որը ոչ թե սիրով, այլ ստիպված պետք է տանի մինչև կյանքի վերջ: Մերժելով մեր խաչը՝ մերժում ենք Քրիստոսին: Սիրելիներ, մնանք մեզ բաժին հասած խաչերին հավատարիմ, չէ՞ որ Քրիստոսի խաչը աշխարհի ամենածանր խաչն էր… Մնացեք սիրո և հավատարմության մեջ՝ ուրախություն պատճառելով Տէր Հիսուս Քրիստոսին:
Աղօթենք միասին
Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսո՛ւս Քրիստոս, որ մեծդ ես ողորմութեամբ եւ առատ՝ պարգեւօք բարերարութեան Քո, որ Դու Քոյին կամաւդ ի ժամուս յայսմիկ համբերեցեր չարչարանաց խաչի եւ մահու յաղագս մեղաց մերոց եւ պարգեւեցեր առատապէս զպարգեւս Հոգւոյդ Սրբոյ երանելի առաքելոցն, հաղո՛րդս արա եւ զմեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, աստուածային պարգեւացդ, թողութեան մեղաց եւ ընդունելութեան Հոգւոյդ Սրբոյ. որպէս զի արժանաւորք եղիցուք գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: