ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 18.15-22
15 Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր: 16 Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ: 17 Իսկ եթէ նրանց էլ չլսի, կասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի, ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում: 19 Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20 որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես՝ նրանց մէջ»: 21 Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թ անգամ»: 22 Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթ անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի հավատացյալներ, հուսամ ամենքդ լավ եք: Սկսենք մեր հանապազօրյա հացի հերթական ուսուցումը: Ինչքան իրադարձությունները աշխարհում արագ են զարգանում և կյանքը օրեցօր դառնում է գորշ ու անորոշ, այնքան ավելի է անհրաժերշտություն է դառնում Աստծո խոսքի քննարկումները մեր կյանքի մեջ: Առանց հոգևոր փորձառության հավատացյալը նման է ծով նետված նավակի, որը թիեր չունի, և քամին տարուբերում է նրան ծովի վրա: Ամեն վայրկյան ծովի ալիքները կարող են նրան խորտակել: Ներկա մեր կյանքը նման է փոթորկած ծովի և մենք էլ նման ենք այդ նավակին: Ավետարանի ցանկացած գլուխ և համար փաստում է մեր հոգևոր որբությունը: Մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս հայրական խնամքով ամեն օր, աշակերտներին բացատրում է առակներով, պարզ օրինակներով, ականատես է դարձնում բազում բժշկությունների և հրաշքների և այդպես ուսուցանում է նրանց, որպեսզի նրանք էլ աշխարհին տեղեկացնեն Իր խոսքի փրկարար զորությունը:
Ի՞նչ է ստանում այսօր հավատացյալը Աստվածաշնչի սերտողությունից: Ինչո՞վ է կարողանում իր կյանքի մեջ որևէ փոփոխությւոն մտցնել Աստծու խոսքի շնորհիվ: Այսօրվա Ավետարանի ընթերցվածքի թեման սերտորոն կապված է կարելի է ասել բոլոր ընտանիքների հետ: Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր նրան... Այսպիսի պարագայում մենք միանգամից ընտրում ենք վերջին տարբերակը, և նա մեզ համար դառնում է հեթանոս և մաքսավոր: Հավատացյալ հոտը եկեղեցում սովորել է ՙՙ Մի դատիր, որ չդատվես՚՚ պատվիրանը և չի կարողանում այլ տարբերակներ ընտրել վեճերի ժամանակ, հատկապես, որ եկեղեցում ընդունված էլ չէ համայնքանյին կյանքը և քահանան չի ճանաչում իր համայնքի հավատացյալի ընտանիքին, որպեսզի միջամտի: Ինքնախաբեության աստիճանի է հասել այն փաստը, որ արտաքինից ցույց տանք, թե ընտանիքում ամեն բան կարգին է, միասին եկեղեցի են գնում,, նույնիսկ ընտանիքով հաղորդվում են, սակայն խռով են միմյանց հետ թշնամու պես:
Ուրեմն Աստվածաշնչի խոսքը ինչպ՞ես և ե՞րբ կարող է ազդել մարդու կյանքի որակի վրա: Անկարելի է մեկի սխալը ցույց տալ՝ ուղղելու պատճառով, անմիջապես որպես պատասխան գալիս է ՙՙ Մի դատիր, որ չդատվես՚՚ պատվիրանը: Ուրեմն ո՞ւմ համար խոսեց Հիսուս Քրիստոս, ո՞ւմ համար գրեցին առաքյալները, ո՞ւմ համար մեկնեցին եկեղեցու հայրերը, երբ մեր ընտանիքներում չկա համերաշխություն, հասարակության մեջ չկա խաղաղություն, եկեղեցում չկա միաբանություն: Պատարագի ժամանակ խորհրդակատար քահանան տասից ավելի անգամներ դառնում և խաղաղություն է տալիս մարդկանց: Այդ խաղաղությունը չի փոխանցվում հավատացյալին, որովհետև խաղաղություն փոխանցողի դեմքին խաղաղություն չկա: Դեռ ինչքան կարող ենք Պատարագ գնալ որպես ներկայացում, քարոզ խոսել որպես պարտականություն, տուն վերադառնալ ոչինչ չվերցրած: Ամեն հիվանդություն ունի իր մասնագետը, սիրելիներ: Մենք գիտենք, որ գրեթե բոլոր հիվանդությունները մեղքի արդյունք են:
Այս բոլոր հիվանդությունների համար, որ մեղքն է, կա մեկ մասնագետ՝ քահանան: Մենք այլ մասնագետի չենք կարող դիմել, եթե օրինակ շնացել ենք: Միայն քահանային պետք է դիմել, թողություն ստանալու համար, ըստ իրեն տրված իշխանության: Ըստ Ավետարանի քահանան յուրաքանչյուր մեղավորի մեջ (շնացող, գողացող, մարդասպան և այլն) պետք է փնտրի Ատսծու պատկերն ու նմանությունը, որպեսզի կարողանա օգնել նրան ազատվելու մեղքի ճիրաններից, որ բռնել է նրան: Իսկ եթե քահանան է այդ մեղքի մեջ, ուրեմն ի՞նչ կլինի մեղավոր հավատացյալի հոգեբանությունը: Մի՞թե նա կդադարի գործել այդ մեղքը, իր աչքի առջև ունենալով մեղքը արգելողի օրինակը: Վերջում Ավետարանը ասում է եթե երկու հոգի միաբանվեն Իմ անունով, ինչ որ խնդրեն, կկատարվի նրանց համար Իմ Հոր կողմից, որ երկնքում է: Մենք ամեն կիրակի միաբանվում ենք եկեղեցում, տալիս ենք Տիրոջ անունը և մեր խնդրանքը լսելի չէ, որովհետև խնդրում ենք մեղքի մեջ լինելով, և խնդրում ենք ինչ որ մեզ է պետք, ոչ թե խնդրում ենք ազատվել այս կամ այն մեղքից: Այնպես որ Պատարագի մասնակցությունը չէ, երկար աղոթքը չէ, այլ անկեղծ զղջումն է , որ քրիստոնյային կարող է տանել փրկության, ինչը ցավոք սրտի մեր քարոզները չեն սովորեցնում: Սիրելիներ, չեմ ուզում անտեղյակ մնաք, կրթվենք բոլորս, ինքնակրթությամբ զբաղվենք, որպեսզի փորձություններին պատրաստ լինենք, իմանանք դրա փորձություն լինելը և կարողանաք հաղթահարել: Թարմացրենք ձեր քրիստոնեական կյանքը այսօր, որպեսզի վաղը ուշ չլինի: Խոսքս ավարտեմ Պողոս առաքյալի խիստ մեկնաբանությամբ, որ ասում է,- (Ոչ հոգեւոր մարդը Աստծոյ Հոգուց եկած ճշմարտութիւնները չի ընդունում, որովհետեւ այդ յիմարութիւն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննւում դրանք: Իսկ հոգեւոր մարդը քննում է ամէն ինչ. եւ ինքը ոչ ոքից չի քննւում): Մնացեք սիրով, զղջացող սրտով, ներելու պատրաստակամությամբ:
Աղօթենք միասին
Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն: