ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 4.14-22
14 Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց: 15 Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից: 16 Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել-մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ: 17 Եւ նրան տուեցին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18 «Տիրոջ Հոգին ինձ վրայ է. դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19 գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու»: 20 Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում բոլոր գտնուողների աչքերը նրա վրայ էին սեւեռուած: 21 Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, Քրիստոսի խոսքի սիրելի հետևորդներ. Փառք Աստծուն, որ այս հաղորդաշարը ձեզ օգտակար եղավ, ինչը զգում եմ ձեր ակտիվ մեկնաբանություններից և մասնակցությունից: Եթե Աստված կամենա, կշարունակենք:
Այսօր մեր եկեղեցին հիշատակում է Մեծ մարգարեներից մեկի՝ Եսայի անունը, որը մեզ հայտնի է իր խիստ նախանձախնդրությամբ: Սա այն մարգարեն է, որը լսում էր Աստծո ձայնը իր ականջով, տեսիլք էլ տեսնում՝ իր առաքելության մեջ անելիք գործերի մասին: Այս մարգարեի գիրքն են տալիս Տէր Հիսուսին, տաճարում ընթերցելու համար: Սա նաև այն մարգարեն էր, որին Աստված ասաց. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. “Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք”. քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, եւ ես էլ բժշկեմ նրանց»: Եսայի մարգարեն նախանձախնդիր էր Աստծու խոսքի հանդեպ, իսկ ժողովուրդը խստասիրտ էր, և Աստծու խոսքը լսել չէր ուզում: Անշուշտ, մարգարեության այդ դրվագը ժողովրդի կարծր սրտի մասին մեր օրերի հանար նորություն չէ, և կարելի է ասել նույնն է վիճակը՝ սառնություն՝ Աստվածաշնչի և առհասարակ Աստծու խոսքի հանդեպ: Աստվածաշունչը մեզ ծանոթացնում է մեծ ու փոքր մարգարեների հետ, սակայն հիմա այդ մասին չէ, որ պիտի խորհենք միասին: Նույնիսկ Պողոս առաքյալն ասում է, որ իր ժամանակը չէր բավականացնի, եթե ինքը պատմեր այդքան մարգարեների մասին, որոնք հավատով պարտության մատնեցին թագավորություններ, փրկվեցին սրի բերանից և փակեցին առյուծների բերանները: Հիմա դառնանք այսօրվա Ավետարանին, որ ասում է Հիսուս Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլիա: Որտեղի՞ց վերադարձավ:
Վերադարձավ անապատից, ուր փորձվում էր սատանայից քառասուն օրեր: Այդ երեք փորձությունները, որով փորձվում և պարտվում է աշխարհը սրանք են՝ նյութական հարստություն, փառք և չարի երկրպագություն. Մենք արդեն գիտենք, որ մեր Տէրը սատանայի մարտահրավերին պատասխանեց հակիրճ, Աստվածաշնչով և չհակառակվելով, ինչի պատճառով սատանան հեռացավ Նրանից: Մենք այստեղ մեծ դաս ունենք սովորելու: Թեկուզ ամենափոքր փրձության մեջ մենք պարտվում ենք, որովհետև նախ չգիտենք դրա փորձություն լինելու մասին, երկրորդ՝ Աստվածաշունչ լավ չգիտենք, որ ելքը գտնենք, և երրորդ՝ ամենավտանգավորը, որ պայքարի ժամանակ մեր հույսը դնում ենք մեր սեփական ուժերի վրա, ոչ թե Աստծու:
Երբ ժողովարանում Եսայի մարգարեի գիրքը տվեցին Հիսուսին՝ ընթերցելու, Նա բացեց այն տեղը, ուր գրված էր. «Տիրոջ Հոգին ինձ վրայ է. դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու»: Ավետարաննները մեզ Հիսուս Քրիստոսի կրթության մասին ոչինչ չեն տեղեկացնում, սակայն հրեական ավանդությունից գիտենք, որ արու զավակներին հինգ տարեկանից սկսած ծանոթացնում են Աստվածաշնչին և պատմում են, որ նույնիսկ չափահաս տարիքում երիտասարդին աղջիկ չէին տալիս, եթե Աստվածաշունչ չիմանար: Այստեղ էլ սովորելու բան ունենք, շատ լավ սովորություն է, եթե միայն որպես գիտելիք չէ:
Ժողովուրդը հիացած լսում էր Հիսուսի խոսքը և նույնիսկ զարմանում էին շատերը Նրա գիտության վրա: Այդտեղ էր, որ Նա ազդարարեց Իր հանրային քարոզության սկիզբը՝ ասելով, «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»: Քանի որ Հիսուս գտնվում էր Իր գավառում՝ Նազարեթում, ուր սնվել մեծացել էր, հետևաբար մարդիկ տարակուսանքով էին նայում Նրա քարոզությանը, իմանալով, թե՝ ում որդին է: Այս իմանալով էր, որ մեր Տէրն ասաց,- մարգարեն իր գավառում ընդունելի չէ: Իմիջիայլոց, այս երևույթը կա նաև մեզանում: Քարոզողի բերանից լսված Աստծու խոսքը վերցնելու փոխարեն քննում ենք նրա անձը, կենսագրությունը և այլն: Իհարկե պատշաճ է, որ խոսքն ու կյանքը նույնը լինի, բայց մեծ առումով հավատացյալին պետք է կլանել նախ՝ Աստծու խոսքը:
Մենք տկար կմնանք, եթե մեր հոգևոր մարտկոցը ամեն օր չլիցքավորենք այնպես, ինչպես որ լիցքավորում ենք մեր հեռախոսները և չենք մոռանում, քանի որ կապի մեջ ենք աշխարհի հետ: Չիմանալով, որ Աստծու հետ կապի մեջ լինելն է պայմանը մեր փրկության, ոչ թե աշխարհի հետ: Մեզ հոգևոր թթվածին է պետք ամեն օր՝ Աստվածաշնչից: Թող սա լինի մեր այսօրվա սովորելիք դասը՝ փորձության մեջ լինելիս՝ ապավինել Աստծուն և ուղղորդվել Աստվածաշնչով: Քարոզ լսելիս՝ կենտրոնանալ ասելիքի վրա առավել, քան անձի: Մնացեք սիրով, խաղաղությամբ և անպայման Սուրբ գրքի ընթերցանությամբ:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին.
Գոհանամք զՔէն, Տէր Աստուա՛ծ մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան Քո: Զարթո՛ զմիտս մեր արդարութեամբ առ Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, զի տեսցեն աչք մեր զփրկութիւն Քո: Եկեսցէ եւ բնակեսցի առ մեզ Աստուածութիւն Քո, եւ ողորմութիւն Քո հովանի եւ պահապան լիցի ի վերայ պաշտօնէից Քոց: Եւ զմեզ՝ զծառայքս Քո, արժանի՛ արա ի տուէ եւ ի գիշերի եւ յամենայն ժամու միշտ խորհիլ ի սէր պատուիրանաց Քոց եւ գոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Խաղաղութի՜ւն ամենեցուն: Աստուծոյ երկրպագեսցուք:
Կենդանարար զօրութիւն եւ աղբիւր անմահութեան Դու ես, Քրիստո՛ս Աստուած Փրկիչ մեր, որ շնորհեցեր մեզ ի մէջ գիշերի յառնել եւ խոստովան լինիլ առ Քեզ վասն իրաւանց եւ արդարութեան Քո. եւ այժմ աղաչեմք զՔեզ, Տէր Աստուա՛ծ մեր, արա՛ զմեզ արթունս եւ պատրաստս ի ժամ առաւօտու ընդ սուրբս Քո եւ ընդ նոսին գոհանալով փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: