ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 17.21-18.4
21 Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդո Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 22 ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին: 23 Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛: 24 Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում՝ իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»: 25 Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են: 26 Բայց որպէսզի նրանց չգայթակղենք, գնա՛ ծով ու կարթ գցիր, եւ առաջին ձուկը, որ դուրս կելնի, վերցրու ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կգտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կտաս»:
18 1 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: 2 Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3 ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է, ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա է մեծ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ: Թող Աստված լուսավորի մեր մտքերը, որպեսզի հասկանանք մեր կարդացածը, յուրացնենք մեր լսածը և բարի կամք տա մեզ՝ օրվա պատգամը կատարողներ լինենք, ոչ թե միայն կարդացողներ ու լսողներ:
Եթե ձեզնից մեկը կարծում է, որ Աստվածաշունչը մեկ անգամ կարդացել է, ուրեմն բավական է, նա սխալվում է: Եթե մեկ ուրիշը կարծում է, որ Աստվածաշունչը հինգ անգամ կարդացել է, ու հասկացել է, դարձյալ սխալվում է: Մենք Աստվածաշնչի մեջ փնտրում մեր հարցերի պատասխանը, սակայն Աստվածաշունչը իր բոլոր հարցերը ուղղում է մեզ՝ անհատապես: Անկարելի է Աստվածաշունչը կարդալ և բավարարվել, որովհետև այն չի բխում այսօրվա մարդու ճաշակից, և լայն ցանկություններից: Աստվածաշունչը մարդու ականջը շոյող գիրք չէ, Աստվածաշնչի հետ անվերջանալի պայքար պետք է մղել այնքան ժամանակ, մինչև մենք ճանաչենք մեր անձի տկարությունը և այդ տկարության պատճառները, ինչ համար որ Մարդացավ մեր Տէր Հիսուս Քրիստոս՝ դարեր առաջ և խաչվեց այդ պատճառով:
Թաբոր լեռան վրա Տէր Հիսուս արդեն ցույց էր տվել աշակերտներին իր աստվածության փայլը, և աննկարագրելի տեսարանը, որից աշակերտները դեռ շփոթության մեջ էին: Վերադարձի ճանապարհին բուժել էր լուսնոտությունից տառապող հիվանդին, որին աշակերտները չէին կարողացել բժշկել: Նա հանդիմանեց աշակերտներին՝ ասելով՝ թերահավատներ՝ նրանց տված հարցից հետո, թե ինչու իրենք չկարողացան բուժել այդ հիվանդին: Այդտեղ է, որ Տէրը բերում է մանանեխի հատիկի համեմատությունը նրանց հավատի հետ: Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք,- ասում է Տէրը,- լեռը կարող եք տեղափոխել: Անշուշտ այստեղ լեռը մեծ մեղքն է, որը քարացած է մարդու մեջ և այն փոքրիկ մանանեխի հատիկի չափ հավատով անկարելի է վերացնել:
Այս հատվածը, որը վերաբերում է մանանեխին և լեռին, մենք կարող ենք հասկանալ միայն այն ժամանակ, եթե ջանանք մեր մեղքերից մեկը վերացնել: Միայն այդ ժամանակ կհավատանք, որ մեր մեղքը լեռի ծանրություն ու կարծրություն ունի, իսկ մեր հավատը իրոք մանանեխից էլ փոքր է և անզորի է այդ լեռի դիմաց: Այս բոլորը տեսնում էին աշակերտները, հիացած էին Նրա պայծառակերպությամբ, հրաշքներով, բժշկություններով, ինչու չէ, նաև ներքուստ պարծենում էին, որ քայլում են այսպիսի մի Հզոր մեկի հետ և ականատես են լինում այնպիսի բաների, որ իրեն երազում նույնիսկ տեսած չէին: Ու հանկարծ նրանց այդ հիացած վիճակին Հիսուս ասում է. «Մարդո Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
Թե ինչ կատարվեց աշակերտների հետ, միայն իրենք գիտեն: Մի պահ մենք պատկերացնենք, որ մեզ բարիք կամեցող, մեր փրկության համար եկած մեկին կարող են սպանել: Մենք ավելի հավասարակշիռ մոտեցում չենք կարող ցուցաբերել, քան աշակերտները արեցին: Նախ շատ տխրեցին: Նրանց աչքի առջև եկավ այն տարիները, որ անցկացրել էին Նրա հետ՝ թողնելով ամեն ինչ: Բացի դրանից նաև կարող էին անհանգիտ լինել իրնց կյանքի անվտանգության համար, Նրա սպանությունից հետո, չէ որ զգացել էին, որ Հիսուսին չեն սիրում և հետապնդում են անվերջ փարիսեցիները:
Մեր Լուսավոր Տէրը զգաց նրանց մտածումները և տագնապը, այս անգամ մի առավել զարմանահրաշ դեպքի ականատես դարձրեց նրանց, ցրելու համար նրանց վախն ու տագնապը: Երբ տուրք պահանջողները Պետրոսից պահանջեցին իրենց Վարդապետից գանձվելիք հարկը, Հիսուս նախ՝ Պետրոսին բացատրեց, որ ինքը պարտավոր չէ տալու այդ տուրքը, քանի որ Որդի է Իսրայելի, ոչ թե օտար: Ինչպես որ Հովհաննես առաքյալը գրում է. Յուրայինների մոտ եկավ, յուրայինները նրա չընդունեցին, իսկ ովքեր ընդունեցին, նրան Աստծու որդիներ կոչելու իշխանություն տվեց: Հիսուս Քրիստոսից էլ օտարի պես հարկ էին գանձում, սակայն Նա չմերժեց, որպեսզի նրանց չգայթակղեցնի: Հիսուս պատվիրեց Պետրոսին՝ կարթը գցել ծովը և առաջին պատահած ձկան բերանից հանել արծաթ դրամը և վճարել տուրքը: Դուք պատկերացրեք առանց այդ էլ նախորդ հրաշքներից զարմացած Պետրոսի վիճակը: Պետրոսի մեծ փորձառությունն ու ամուր հավատքը այսպիսի բաներից ձևավորվեց, այդ պատճառով սիրով խաչը բարձրացավ՝ իմանալով թե հանուն ում է անում դա:
Ինչպես որ անբնական է արծաթը՝ ձկան բերանում այս պարագայում, նույնքան էլ անբնական էր մարդը՝ ձկան փորի մեջ, Հովնանի պարագայում, սակայն երբ Աստված որևէ բան է հասկացնում մեկին, ուրեմն ամեն անհավանական բաները կարող են տեղի ունենալ, և անքննելի են Աստծու գործերը: Եթե մենք ամեն ինչ հասկանայինք, Աստված կդադարեր Աստված լինելուց:
Այսօրվա մեր պատգամը ամուր հավատք ունենալու մասին է՝ առանց հրաշքների վրա հիմնվելու: Մարդկանց ծառայելն է, առանց դիրք ու պաշտոն ակնկալելու: Երկնքի Արքայություն բոլորս ենք ուզում, սակայն պարզ պայմաններ կան, որոնք պետք է կատարվեն հասնելու համար: Մնացեք սիրով, ամուր հավատքով, թող ձեր հավաքը մանանեխի հատիկից աճի և մեծանա, որպեսզի ձեզ ազատի մեղքի ցանկության լեռից:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին.
Քում ամենազօր եւ յաղթող տէրութեանդ կրկնի ամենայն ծունր յերկրպագութիւն, եւ փառաւորի յամենեցունց թագաւորութիւն Քո: Նայեա՛ յերկրպագութիւնս մեր եւ ուսո՛ մեզ առնել զարդարութիւն ճշմարտութեան: Վասն զի Դու ես Աստուած խաղաղութեան, որ բարձեր զթշնամութիւն ի միջոյ եւ արարեր զխաղաղութիւն յերկինս եւ յերկրի, հեռաւորաց եւ մերձաւորաց աւետարանեցեր զնոր պարգեւս Քոյին բարեացդ. որում եւ զմեզ մեծի շնորհացդ արժանաւորս արասցես՝ դասելով ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, Աստուա՛ծ մեր եւ Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստո՛ս, որ ես օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: