ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Թուղթ եբրայեցիներին 12.18-27
16 եւ չլինի թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանիկութիւնը վաճառեց: 17 Գիտէք, որ թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ՝ հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն: 18 Դուք չէք մօտեցել շօշափելի լեռանը, որ կրակով էր այրւում եւ պատուած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, 19 ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 20 քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լեռանը, կքարկոծուի: 21 Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»: 22 Բայց դուք մօտեցել էք Սիոն լեռանը եւ կենդանի Աստծոյ քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 23 երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 24 եւ Յիսուսին՝ նոր ուխտի Միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի: 25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք նրանից, ով խօսում է. որովհետեւ եթէ նրանք, երկրի վրայ Աստծոյ պատգամները տուող Մովսէսին մերժելով, չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից Խօսողին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծուն, որ մենք արթնացանք և կրկին միասին ենք հավաքված Աստծո խոսքի շուրջ, ինչը մեր օրը կդարձնի ավելի լուսավոր, և մենք այսօր մի բան էլ կսովորենք: Սովորածը կկիրառենք և եթե կարողանանք մեկին էլ կփոխանցենք մեր սովորածը: Չլինենք մեռյալ ծովի պես, որը ընդունում է իր մեջ գետի ջուրը և ոչինչ չի աճեցնում իր մեջ: Նաև երբ մեր սովորածը այլոց ենք փոխանցում, փոխվում է մեր խոսակցության թեման, որակը, հետաքրքրությունը: Ինչպես ասում են դու սերմը դիր, Աստված կհոգա ջրելու և պտղի մասին:
Պողոս առաքյալի այսօրվա նամակը, որը ուղղված է եբրայեցիներին, շատ վտանգավոր հրահանգ է տալիս, և նաև շատ զարմանալի համեմատություն է անում: Եթե մենք վերլուծելու լինեինք Եսավի արարքը, հաստատ չէինք վերագրի նրան պոռնոկության և պղծության պիտակները: Եսավը իր ավագությունը անփութությամբ տվեց եղբորը մի աման ապուրի դիմաց:
Բայց քանի որ Պողոս առաքյալը քաջ գիտեր, թե հրեա ազգի համար ինչ արժեք ունի ավագ որդու պատիվը, կամ անդրանիկությունը, ինչպես նշում է, - Եսավի արարքը համարեց պոռնկություն, կամ համարժեք պոռնկության: Քանի որ պոռնկությունը միշտ հավասարեցվում է անհավատարմության և դավաճանության հետ: Մեր ընտանիքներում զավակի անդրանիկությունը այդքան ծայրահեղ հիմքերի վրա դրված չէ, դրա համար էլ մենք Եսավի ու Հակոբի միջև ծագած խնդիրը շատ մանրամասնությամբ չեն ընկալում:
Նամակի երկրորդ հատվածում առաքյալը մեկ այլ ակնառու համեմատություն էլ է անում Մովսեսի առաջնորդած հրեաներին՝ Քրիստոսին տեսած ու լսած հրեաների հետ: Քանի որ Մովսեսը բանակատեղիում գտնվող ժողովրդին տարավ Աստծուն ընդառաջ և կանգնեցրեց Սինա լեռան ստորոտի շուրջը: Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր: Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ: Ոչ ոք չէր կարող լեռանը մոտենալ, ոչ մարդ ոչ անասուն: Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան: Նույնիսկ Մովսեսը ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»:
Իսկ դուք,- ասում է առաքյալը եբրայեցիներին,- արժանացաք տեսնել Հիսուսին՝ Նոր ուխտի Միջնորդին, և Նրա արյան հեղումին: Պողոս առաքյալի այս խոսքերը ուղղված են նաև մեզ՝ այսօրվա քրիստոնյաներիս, որ երբեմն հարկի և անհարկի տալիս ենք Աստծու անունը, որևէ անկարևոր բան փաստելու համար: Երբեմն մենք էլ շատ խորությամբ չենք ընկալում, երբ աղոթքի մեջ այս կամ այն բանն ենք խնդրում Աստծուց, և օրվա ընթացքում հազարավոր անգամներ ասում ենք,- Աստված անի, Աստված չանի, Աստված կամենա, Աստված չկամենա, Ո՞ւր էիր Աստված, կամ ինչպես ընդունված է անվերջ ասում ենք Աստված, այս տուր և կամ այն տուր: Բայց մենք ինչպես կայինք, այնպես էլ մնում ենք մեր դժվարություննների և նեղությունների մեջ: Որովհետև մենք միշտ խնդրում ենք, որ Աստված ազատի մեզ՝ մեր գործած մեղքերի հետևանքներից և նրանց պատճառով առաջացած նեղություններից, որի մեջ հայտնվել ենք: Չենք խնդրում, որ Աստված օգնի ազատվել մեղքը սիրելու թուլությունից: Առաքյալը նաև խիստ զգուշացնում է, որ եթե Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով՝ չազատվեցին, ապա ինչ կլինի նրանց հետ, որոնք մերժեն Երկնքից Խոսողին: Ժողովողը ասում է. «Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով եւ քո աչքերի տենչանքով, բայց եւ իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի»:
Եթե ամփոփելու լինենք Առաքյալի այսօրվա նամակը, ապա մեր վերցնելիք դասն այն է, որ մենք՝ մեր անդրանիկությունը, որ քրիստոնեությունն է, երբեք չանարգենք անարժեք ապուրներով, չկապվենք ժամանակավոր կենցաղային աստվածների հետ, որոնք մեզ մոռացնել են տալիս Աստծո պատգամների մասին: Երբեմն մարդիկ ասում են, որ բոլոր պատվիրանները պահելու պարագայում կյանքը կորցնում է իր հաճույքը, վայելքը և ուրախությունը: Պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվի, եթե վարորդը չպահի ավտոճանապարհային երթևեկության կանոնները: Նույնը պատահում է մարդուն՝ պատվիրանազանցության դեպքում: Մնացեք սիրով, պատվիրանապահությամբ: Օրվա պատգամը օրվա համար բավական է, եթե լսեք և պահեք:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Առաջնորդեա՛ մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, եւ ուսո՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեամբ. պահեա՛ ի խաղաղութեան զկեանս մեր եւ զգնացս ի հաճոյս Քո: Ժամանեցո՛ զհոգեւոր եւ զմարմնաւոր ընթացս ծառայից Քոց անարատ ճանապարհաւդ յաւիտենական ի կեանսդ շնորհօք Միածնի Քո՝ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ եղեւ մեզ առաջնորդ կենաց եւ յոյս փրկութեան: Ընդ Որում օրհնեալ ես, Հա՛յր ամենակալ, հանդերձ կենդանարար եւ ազատիչ Սուրբ Հոգւովդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: