ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 1.1-17
1 Սկզբից էր Բանը եւ Բանը Աստծոյ մօտ էր եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծոյ մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: 6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի Լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լոյսի մասին: 9 Նա էր ճշմարիտ Լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց, որոնք իր անուանը կհաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը՝ նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: 15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս բոլորիդ սիրելի հավատացյալներ.
Աստծո ողորմությամբ տոնեցինք նաև երրորդ տաղավար տոնը՝ Պայծառակերպությունը: Հիշեցման կարգով ասեմ, որ հինգ տաղավար տոներին հաջորդող՝ երկուշաբթի օրերը հաստատված է մեր եկեղեցու կողմից, որպես ննջեցյալների հիշատակության օր: Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ՝ համընդհանուր մեռելոց հիշատակի համար: Այս օրը քրիստոնյան Պատարագի աղոթքից հետո կարող է այցելել իր ննջեցյալի շիրիմին և աղոթել նրա հոգու համար:
Այսօրվա ընթերցվածքը Հովհաննեսի Ավետարանից է: Հովհաննեսը Քրիստոսի տասներկու աշակերտներից միակն է, որը իր մահով է մահացել խորը ծերության ժամանակ: Հովհաննեսը այն աշակերտն է, որի համար մեր Տէրն ասաց,- ես ուզում եմ, որ դա ապրի… Ապրեց Հովհաննեսը և նրան տրվեց բացառիկ շնորհ՝ աշխարհի վախճանի մասին տեսնելու և գրելու: Հովհաննես առաքյալն է, որ գրել է սկզբի և վախճանի մասին: Այդպես էլ սկսվում է իր Ավետարանը՝ Սկզբից էր բանը:
Աստվածաշնչում կան գրքեր, գլուխներ, համարներ, որոնք քրիստոնյան ուղղակի պետք է սրտով ընդունի և հավատա, միայն այն պատճառով, որ եթե Աստված չի բացահայտել, ուրեմն զուր է մարդու ջանքը իր երևակայությանը տուրք տալու:
Ասում է սկզբից է Բանը: Միթե մեկը կարող է գլուխը կոտրելով հասկանալ, թե այդ սկիզբը երբ է: Հարկ է և պատշաճ, որ Քրիստոսին երկրպագողները և Սուրբ Երրորդության անունով մկրտվածները խոստովանեն համագո Երեք անձնավորություններին՝ Հորը, Որդուն, և Սուրբ հոգուն՝ որպես մի բնություն, մի աստվածություն, մի իշխանություն, համապատիվ և զուգափառ: Այնուհետև Հովհաննեսը պարզ և հասարակ խոսքերով ցույց է տալիս հավատքի ճշմարիտ դավանությունը: Հետևաբար մենք անդրադառնանք այն պատվիրաններին, որոնք ուղղված են մեզ, հատկապես, որ նույնիսկ ամենապարզերը չենք կարողանում պահել մեր կենցաղավարության մեջ՝ մեր տկարության պատճառով:
Ամեն ինչ Նրանով է եղել և առանց Նրա ոչինչ չի եղել, ասում է առաքյալը: Այս խոսքը հաստատում է նաև Հիսուս Քրիստոս, հետագա գլուխներում, ասելով, թե <<Առանց ինձ ոչինչ անել չենք կարող>>: Ուրեմն մենք առաջին հերթին պարտավոր ենք շտկել մեր մոտեցումները և վերաբերմունքը Նրա հետ, որը ասում է առանց Ինձ ոչինչ անել չեք կարող:
Մենք գիտենք, որ քրիստոնեությունը հիմնված է սիրո վրա, և այդ սերը հենց ինքը Քրիստոսն է: Ոչ թե սերը Նրա մոտ է, այլ Ինքը ամբողջությամբ Սերն է: Ամբողջությամբ Լույսն է: Ամբողջությամբ Կյանքն է: Մեզնից յուրաքանչյուրը իր մեջ մի փոքր լույս ունի, մի փոքր սեր, ժամանակավոր կյանք, սահմանափակ խոսք: Իսկ Հիսուս Քրիստոս այս բոլորի ամբողջությունն է: Ուրեմն մենք մեր ունեցած մի քիչը միացնենք Նրա ամբողջին և մեկ դառնանք Նրա հետ, որպեսզի ընդունենք կյանքը:
Մենք երբեմն չենք հաջողում մարդ- Աստված հարաբերություններում, որովհետև Աստծուն ճիշտ չենք ճանաչում: Մենք պատկերացնում ենք, որ Նա մի զորեղ և ամենակարող ուժ է, և մենք նրանից անվերջ խնդրում ենք առողջություն, հաջողություն, երկար կյանք, երբեմն նաև՝ հարստություն: Իսկ երբ հասկանանք որ Նա Անձ է, կարող ենք Նրա հետ ծանոթանալ, խոսել, պատմել, լսել Նրան ու կատարել Նրա պատգամները: Իսկ ինչ պայմաններում կարող է Աստված լսել մեզ, անշուշտ ուշադիր աղոթքի, զղջումի, ներքին փոփոխության, խոնարհության դեպքում: Մարդիկ չեն կամենում Աստծուն ճանաչել հավուր պատշաճի, որքանով որ դա հնարավոր է: Առաքյալն ասում է.- աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Հիմա մենք էլ ենք տեսնում, որ աշխարհը Նրան չի ճանաչում: Հետևեք աշխարհի իրադարձություններին և կհամոզվեք, որ աշխարհը չի ճանաչում և չի կամենում ճանաչել: Ինչու: Որովհետև Նա Լույս է, իսկ մարդու գործերը խավար են: Լույսը բացահայտում է մարդու խավար գործերը, իսկ մարդուն դա պետք չէ: Մինչդեռ մարդը ստեղծվել է Երկնքի Արքայության համար:
Աստված Ամենակարող լինելուց բացի, Նաև Բարեգութ Հայր է, իսկ հայրը միշտ գրկաբաց սպասում է անառակ զավակի վերադարձին: Ուրեմն այսուհետ մեր ցանկացած խոսքի, գործի և գործողության մեջ նախ փնտրենք մեր Հոր կամքը, ապա կատարենք, որպեսզի չհարուցենք Նրա բարկությունը: Իսկ Աստծու կամքը իմանալու համար պետք է ամեն օր կարդալ Աստվածաշունչը: Մնացեք սիրով և խաղաղությամբ, Աստծու կամքի մեջ, խաչը վերցրած առանց տրտնջալու:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Փարատեա՛ զցաւս եւ բժշկեա՛ զհիւանդութիւնս ի ժողովրդենէ Քումմէ, Տէր Աստուա՛ծ մեր, եւ շնորհեա՛ ամենեցուն զկատարեալ առողջութիւն նշանաւ ամենայաղթ խաչիւ Քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ: Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերա՛ր եւ բազումողո՛րմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, Որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւի՛չդ բարեաց, պարգեւեա՛ զառատ ողորմութիւն Քո ի վերայ արարածոց Քոց ըստ իւրաքանչիւր պիտոյից, յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երորդութիւնդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: