ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 8.39-9.12
39 Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»: 1 Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց: 2 Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել: 3 Եւ նրանց երեւաց Եղիան Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: 4 Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք. մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»: 5 Սակայն չգիտէր, թէ ինչ է խօսում, որովհետեւ զարհուրած էին: 6 Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցէք»: 7 Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ: 8 Եւ մինչ լեռից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի: 9 Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ինչ է մեռելներից յարութիւն առնելը: 10 Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»: 11 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի: 12 Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ: Շնորհավորում եմ բոլորիդ Պայծառակերպության լուսավոր տոնի առթիվ և մաղթում եմ, որ մեր Տիրոջ Պայծառակերպության լույսը մաքրի ամենքիս մեր խավար մտքերից, գործերից և սպիտակ դարձնի Տիրոջ առջև՝ մեր կյանքի առաջին, միջին և վերջին օրերը:
Մեր եկեղեցին այսօր տոնում է հինգ տաղավար տոներից երրորդը՝ Պայծառակերպության տոնը: Վստահ եմ, որ բոլորիդ մոտ միանգամից հարց կառաջանա, թե ինչու է խախտվել հերթականությունը և պայծառակերպության տոնը հիշատակվում է Հարությունից հետո, երբ իրականում այն տեղի է ունեցել մինչև մեր Տիրոջ Հարությունը: Այս հարցին պատասխանում է հենց ինքը՝ Ավետարանը: <<Եւ մինչ լեռից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի>>: Մեր եկեղեցու հայրերը պահպանել են այս պատգամը, և Պայծառակերպության հիշատակությունը կատարվում է Հարության տոնից հետո:
Տեր Հիսուս Քրիստոս գիտեր, որ իր ժամանակը մոտենում է ավարտին, իսկ աշակերտները դեռ պատրաստ չեն ամեն բան ընկալելու, այդ պատճառով աստիճանաբար էր նրանց ընտելացնում աստվածային երևույթների, և գաղափարների հետ, որպեսզի հանկարծ գայթակղություն չլինի նրանց մեջ: Երբ նրանք Թաբոր լեռը բարձրացան, աշակերտները չգիտեին, թե ինչ բանի են ականատես լինելու: Լեռը բարձրանալուց առաջ Քրիստոս աշակերտներին Իրեն հետևելու պայմանները թելադրելու ժամանակ ասաց, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայությամբ: Այս խոսքերով Նա նկատի ուներ այն երեք աշակերտներին, որոնց հետ լեռ էր բարձրացել:
Միթե Պետրոսը, Հովհաննեեսը, կամ Հակոբոսը հասկացան այդ պահին, թե ինչ կատարվեց լեռան վրա, երբ տեսան Տէր Հիսուս Քրիստոսին այլակերպված և Նրա դեմքը փայլում էր ինչպես արեգակը, Նրա զգեստները սպիտակ էին, ինչպես լույսը: Նրանց երևացին նաև Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Նրա հետ: Աշակերտները մոլորության մեջ էին այնքան, որ Պետրոսը շփոթմունքից արդեն առաջարկում էր տաղավարնել շինել եկածների և մեկն էլ Տիրոջ համար: Դեռ այդ երանելի վիճակի մեջ էին, երբ մի լուսավոր ամպ նրանց հովանի եղավ և ամպի միջից մի ձայն լսվեց, թե՝ Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք: Իսկ աշակերտները սաստիկ վախեցան այդ ձայնից և երեսի վրա ընկան: Երբ Հիսուս դիպավ նրանց և ասաց,- ոտքի ելեք ու մի վախեցեք: Նրանք աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան: Այդ ձայնը լսելի է նաև մեր օրերում՝ Դրան լսեցեք:
Տոնի պատգամը մեզ այն է, որ մենք էլ ձգտենք մեր նախկին վիճակից փոխվել, վերափոխվել, նոր մարդ դառնալ, որպեսզի մեզ տեսնողները զմայլվեն մեր քրիստոնյա տեսակից, ինչպես աշակերտները: Բոլոր մարդիկ ձգտում ունեն դեպի վեր բարձրանալու, ուսման, աշխատանքի, պաշտոնի, սոցիալական վիճկակի, հոգևոր վիճակի և մնացած ոլորտներում: Դա Աստծուց հաստատված մի պարգև է մարդու մեջ, որպեսզի մարդը ինքը իրեն վերափոխի, օրինակ ունենալով իր Տիրոջը: Մարդը իր ողջ կյանքի ընթացքում ձգտելու տեղ ունի, մինչև հասնի իր Ստեղծողին: Բայց որպեսզի մարդը ձգտի և վեր բարձրանա և հասնի իր Տիրոջը, նախ պետք է գիտակցի, որ ինքը ներքևում է, խոստովանի, որ ոչ միայն ներքևում է, այլ դրանից էլ ցածր է և սկզբնակետում է կանգնած: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում թե՝,- Աշտարակը բարձր է, սակայն այն գետնից է սկսվում:
Այլ ճանապարհներով վերև բարձրանալը վտանգավոր է, և վայր ընկնելը շատ ցավոտ է լինում: Հիշենք բաբելոնյան աշտարակաշինությունը, երբ ասացին, << Եկեք մեզ համար աշտարակ կառուցենք, որի գագաթը հասնի մինչև երկինք: Համբավ ձեռք բերենք, ողջ աշխարհով սփռվելուց առաջ>>: Աստված գիտե, որ մարդը հաջողվում է չարի մեջ և խափանում է նրա չար ծրագրերը: Քրիստոնյայի տեղը կյանքում ճշտելու համար, պայման է, որ Աստված նկատի նրան իր խոնարհությամբ, աղոթքով, համբերությամբ, փոխված ու այլակերպված նկարագրով: Աստծուն հարկ է ներկայանալ բնական և իրական դեմքով: Երբ դու խոստովանում ես, որ ներքևում ես, քեզ միշտ թևեր է տրվում վեր բարձրանալու: Դու խոստովանիր քո մեղավոր վիճակը, քո առջև կբացվի որորմության պողոտան և դու կգնաս առաջ, որքան որ կարելի է գնալ դեպի վեհ նպատակ: Քանի որ առանց վեհ նպատակի ապրելը մահվան է հավասար: Քրիստոնյայի համար վեհ նպատակ է հավատարմորեն հետևել առաքելահիմն եկեղեցու վարդապետությանը և Սուրբ Գրքին: Ճանաչել Հիսուս Քրիստոսին, ապրել հարության հույսով. մեռնել Երկնքի Արքայությանն արժանանալու ակնկալիքով: Ողորմած Աստծու առաջնորդությամբ և կամքով յուրաքանչյուրս հասնենք մեր գերագույն նպատակին: Քրիստոնեությունը ձևափոխելու, նորացնելու, նորաոճ դարձնելու կարիք չունի: Դու պետք է քեզ փոխես: Մնացեք սիրով և խաղաղությամբ, Տիրոջ առջև վերափոխվելու և այլակերպվելու ակնկալիքով:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին.
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի պայծառակերպութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ: Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Որ ի լերինն այլակերպեալ՝ ցուցեր զաստուածային Քո զօրութիւնդ, զՔեզ փառաւորեմք, իմանալի Լո՛յս: Որ զճառագայթ փառաց Քոց ցուցեր արեգակնակերպ փայլմամբ, զարարածս լուսաւորեցեր, զՔեզ փառաւորեմք, իմանալի Լո՛յս: Որ ահագին տեսլեամբ զարհուրեցուցեր զՔո զաշակերտսն ի թմրութիւն հրաշիցն ի սէր աստուածային փառաց Քոց, զՔեզ փառաւորեմք, իմանալի Լո՛յս: