ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Թուղթ եբրայեցիներին 9.1-10
1 Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան. 2 քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է սրբութիւն: 3 Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր սրբութիւնների սրբութիւն, 4 որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատուած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5 եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ: 6 Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում պաշտամունք կատարելու. 7 իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում. եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8 որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար: Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9 դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիքների 10 եւ պէս-պէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի օր եմ մաղթում ձեզ Քրիստոսասեր բարեկամներ. Մենք արդեն գիտենք, որ Եկեղեցական օրացույցի համաձայն շաբաթ օրը հատկացված է սրբերի հիշատակությանը: Այսօր մեր Եկեղեցին հիշատակում է Հին Ուխտի Տապանակի և Նոր Եկեղեցու հաստատման տոնը: Ի՞նչ է Ուխտի Տապանակը: Այս անունով է կոչվել այն նվիրական արկղը, որի մեջ էին պահվում օրենքի տախտակները, Ահարոնի ծաղկած գավազանը, ոսկե սափորի մեջ դրված մանանան: Անապատով ընթանալիս Ուխտի Տապանակը քահահաները տանում էին ժողավրդի առջևից, և նրա հետ կապված են շատ հրաշքներ, որոնցից մեկն էլ Երիքովի պարիսպների քանդվելն էր, երբ յոթ անգամ նրա շուրջը պտտվեցին: Ուխտի Տապանակը անհետ կորավ Բաբելոնյան գերության ժամանակ: Սա Ուխտի Տապանակի մասին տեղեկություն էր, որի համար Պողոս առաքյալը հանգամանալից նկարագրել է Եբրայեցիների թղթում, որն էլ այսօրվա ընթերցվածքի մեջ է զետեղված: Բոլոր դարաշրջաններում Աստված ուղեկցել է մարդկությանը՝ այդ ժամանակների համար մի առաջնորդ հանելով նրանց համար: Նոյին պատվիրեց Տապան կառուցել և ուխտ հաստատեց Նոյի հետ՝ նրա ընտանիքի ութ անդամներով սերունդը շարունակելու: Մովսեսին պատվիրեց Վկայության Տապանակը պատրաստել և գերությունից դուրս գալիս առաջնորդում էր նրանց: Պետրոսին ասաց դու վեմ ես և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դշոխքի դռները այն չպիտի հաղթահարեն:
Քրիստոսի եկեղեցին Աստծո նոր ժողովրդի կերտման, սրբագործման ու աստվածացման խորհրդանիշն է, խորհրդավոր սրբատեղին: Ուխտի տապանակի մեջ պահվող սրբությունները եկեղեցում փոխարինվեցին նորերով՝ Խաչը, Ավետարանը և Սուրբ Հաղորդությունը, որը Քրիստոսի Մարմինն է որպես հավիտենական կերակուր մարդկանց փրկւոթյան համար: Մեր Տէրը հաստատեց եկեղեցին, կարգեց առաքյալներ, առաքյալները իրենց հերթին ձեռնադրեցին եպիսկոպոսներ և այսպես հաջորդաբար եկավ հասավ մեզ ու մեր օրերը: Ոչ ոք չի կարող ասել, որ Աստված մարդկությանը լքել է, մենակ է թողել, չի առաջնորդել, իր ստեղծման օրից սկսած: Եթե դավաճանություն է եղել, երես թեքել է եղել, պատվիրանազանցություն է եղել, ուրեմն եղել է մարդու կողմից՝ Աստծու հանդեպ: Աստված ստեղծել է աշխարհը, մարդուն, և բոլոր ընտիր պայմանները՝ մարդու համար, տվել է ուրախ ապրելու բանաձևը, և առողջ ապրելու կանոնները: Զգուշացրել է մարդուն, որ դու ազատ ես չարի ու բարու ընտրության հարցում, որը որ ընտրես, այնպես էլ կապրես: Նաև զգուշացրել է, որ քո բոլոր արաքները Իմ աչքի առջև են...
Դավթի սաղմոսներում կարդում ենք, որ Տերն արդարին ասում է, Քո նեղութեան օրը կանչի՛ր ինձ, ես կը փրկեմ քեզ, ու դու կը փառաբանես ինձ: Սակայն մեղաւորին Աստուած ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարութիւնը, երբ չես կատարում իմ ուխտը։ Մեղավորի հետ մեղանչում ես, և հարկ եղած դեպքում խոսում ես Իմ արդարությունից, և մտքումդ մտածում ես, թե Ես էլ քեզ կնմանվեմ: Արդ, պիտի յանդիմանեմ քեզ եւ այս ամէնը առջեւդ դնեմ, ասում է Աստված: Իսկ մենք՝ ակտիվ մեղավորներս, դավանում ենք մի բան, խոսում ենք մի այլ բան, կատարում ենք մի երրորդ բան: Մոռանում ենք, որ մարդ- Աստված հարաբերության մեջ կարևորը Աստծո խոսքի մեկնաբանությունը չէ, կամ աստվածաբանության դասավանդումը, այլ ապրած կյանքը, որից պետք է արտացոլի Աստծու խոսքը: Երբ մենք քարոզում ենք Աստծու խոսքը և չենք ապրում մեր քարոզածը, այդ ժամանակ խախտվում է պայմանագիրը Աստծո հետ: Աստված ասում է <<Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրէնդ, կարծեցիր քո մտքում, թէ ես էլ կը նմանուեմ քեզ>>։ Մեր խոսքի և կյանքի միջև եղած հակասությունը մեծ գայթակղություն է նրա համար, որը նոր է ճանաչելու Աստծուն:
Ստացվում է այնպես, որ մենք Աստծուն նմանեցնում ենք մեզ, ոչ թե մենք ենք ձգտում դեպի Իրեն: Իսկ մարդիկ նայելով մեզ, կարծում են թե Աստված այդպիսինն է, քանի որ չեն կարդացել ու չգիտեն: Քրիստոնեության մեջ ամենավտանգավորը սա է, երբ խոսքը հակասում է գործին և Աստված այլ կերպ է ներկայանում մարդկան հենց մեր կյանքի միջոցով: Սրանից պետք է խուսափել, վախենալ, զգուշանալ հոգով և ամբողջ մտքով ու սրտով: Այլապես Աստվածաշնչից հեռու մարդիկ Աստծուն կճանաչեն այնպես, ինչպես մենք ենք ներկայացնում մեր կյանքով: Մնացեք սիրով և խաղաղությամբ, և թող ձեր խոսքն ու գործը երբեք չհակասեն: Թող ձեր կյանքի ամեն դրվագ արտացոլի մեր Տիրոջ պատգամն ու պատվերը, որովհետև մեզ կյանք Պարգևողն ասում է. <<Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, որ մի նշանախեց է, օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի>>:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Տէ՛ր երկնի եւ երկրի, Արարի՛չ ամենայն արարածոց՝ երեւելեաց եւ աներեւութից, առ Քեզ կարդամք յամենայն ժամ, զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Քո, եւ արքայութիւն Քո ամենեցուն տիրէ: Շնորհեա՛ մեզ երկիւղիւ ի պաշտօն Քո կանխել հանապազ, սիրել զՔեզ ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց եւ յամենայն զօրութենէ մերմէ պահել զպատուիրանս Քո, համբառնալ առ Քեզ զձեռս մեր ի սրբութիւն՝ առանց բարկութեան եւ երկմտութեան, եւ գտանել ի Քէն զշնորհս եւ զողորմութիւն եւ զառաքինասէր գործոցն յաջողութիւն: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: