ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 15.39-16.12
39 Երբ նա ժողովրդի բազմութիւնն արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:
16 1 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան: 2 Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. 4 «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց: 5 Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել: 6 Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»: 7 Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»: 8 Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: 9 Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 10 ոչ էլ՝ եօթ նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: 11 Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»: 12 Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ: Օրվա բոլոր ժամերին իմ միակ պատգամը ձեզ, այս է՝ Հավատացեք Փրկչին, կարդացեք Սուրբ Գիրքը, և ջանացեք պահել պատգամները ձեր հնարավորության սահմաններում, ում ինչքան որ տրված է:
Փարիսեցիներին և սադուկեցիներին տրվել էր այն շնորհը, որ իրենց աչքով տեսնեին աշխարհի Փրկչին, քայլեին Նրա հետ, սակայն նրանց խստասրտության պատճառով փակվել էր նրանց հավատի դուռը, տեսնում էին, բայց չէին կարողանում հավատալ: Կարդում էին, բայց իրեն կարդացածը չէին վերագրում իրենց տեսածին: Այդ պատճառով էին միշտ ընդդիմադիր Հիսուս Քրիստոսին: Մեր օրերում էլ ենք շատ հանդիպում ժամանակակից փարիսեցու և սադուկեցու, որոնք հարց են տալիս, միայն հակառակվելու համար, քան լսելու: Մենք չլինենք նրանց նման, այլ երբ հարց առաջանա մեր մեջ, և անկեղծորեն կամենանք իմանալ դրա պատասխանը, ապա խնդրենք և կբացվի մեզ համար: Քանի որ Տեր Հիսուս Քրիստոս անկեղծ հարցերին տալիս է պարզ ու անկեղծ պատասխան: Իսկ նենգ հարցերին որպես պատասխան լռում է, կամ հեռանում նրանցից, ինչպես որ արեց այստեղ՝ սադուկեցիներին, փարիսեցիներին չար և շնացող սերունդ անվանելով, որոնք այդքանից հետո դեռ նշան էին ուզում: Բայց սամարացի կնոջ անկեղծություն համար Իրեն հայտնեց նրան՝ ասելով, թե Ես եմ Հիսուս Քրիստոս, որի մասին խոսում ես:
Տէր Հիսուս Իր աշակերտներին ամեն խոսքով ու առակներով ավելի ու ավելի վեր էր բարձրացնում գաղափարապես: Մի բառ է ասում փոխաբերական իմաստով, որպեսզի համոզվի նրանց մտքի ընկալման չափի ու հասկացողության վրա: Օրինակ այստեղ, երբ հեռանում են, աշակերտներին ասում է զգուշացեք փարիսեցիների և սադուկեցիների խմորից: Իսկ աշակերտները կարծեցին, թե հաց նկատի ունի՝ խմոր ասելով: Մեզ համար հիմա շատ հեշտ է հասկանալ ամեն ինչ, քանի որ այսքան կարդում ենք, այսքան լսում ենք, իսկ անփորձ աշակերտների համար ամեն մի նոր բառը հայտնություն էր, հատկապես, որ բացի Մատթևոսից մնացածը անուս էին, ազնիվ աշխատավոր մարդիկ: Նրանց ամբողջ շրջագայության ընթացքում չի եղել մի մեղավոր կամ հիվանդ մարդ, որը մոտենա հիսուս Քրիստոսին և չբժշկվի, կամ չազատվի իր մեղքերից: Քանի որ հարցնում էր,- հավատում եք, որ կբժշկեմ: Իսկ սադուկեցիներին պատասխանում էր ըստ նրանց հավատի: Աշակերտներին էլ որպես օրինակ ասում է,- եթե ձեր արդարությունը ավելին չլինի, քան փարիսեցիներինը ու օրենսգետներինը, ապա երկնքի արքայությունը չեք մտնի:
Հիսուս Քրիստոսի նպատակը մարդուն կատարելագործելն է, վերափոխելը՝ հին մարդուց, քանի որ հին մարդը վնասված բնություն ունի, ինչպես որ առաջին մարդը՝ Ադամը՝ մեղքից հետո: Եթե մարդ արարածը չկամենա փոխվել իր նախկին մարդուց, ապա կարելի է ասել, որ նա կմնա նույն կավը՝ ինչից պատրաստվեց: Եկեք մի պահ մտքով տեղափոխվենք Ծննդոց գրքի առաջին գլուխը և տեսնենք, որ Աստված մինչև մարդուն ստեղծելը, ինչ որ ստեղծում էր, ասում էր՝ «Լավ է»: Վեցերորդ օրը մարդ ստեղծեց, օրհնեց, բայց չասեց «Լավ է»: Այդ լավ լինելու մենաշնորհը թողեց մարդուն, ազատ կամք տվեց, որպեսզի մարդը կատարելագործվի իր ողջ կյանքի ընթացքում: Քանի որ իր ստեղծած բոլոր բաները՝ կենդանական թե բուսական, կատարելագործվելու կարիք չունեն: Արևը իր գործը հրաշալի անում է, լուսինը՝ նույնպես, կենդանական և բուսական աշխարհը տեսնում ենք արդեն: Միայն մարդն է, որ կարիք ունի ձգտելու դեպի Կատարյալը, դեպի իր Տէրը: Միայն մարդը կարիք ունի հավատալու Նրան, որը մեծ է Տաճարից, Տէրն է շաբաթ օրվան, Մեծ է Սողոմոնից, և Հովնանից: Հովնանի՝ որի նշանի մասին է խոսում է նշան փնտրող՝ չար և շնացող սերնդի համար: Իսկ մեր սերունդը ուղղակի իրավունք չունի այսպիսի հարցերում երկմտելու, կամ թերահավատելու Տիրոջ անսուտ խոսքին, որը անխափան ընթացք ունի աշխարհի ստեղծումից մինչև վախճան: Մնացեք սիրով և հաստատակամ՝ Աստծու խոսքի մեջ, ձեր հավատի մեջ, ձեր տեսածի ու լսածի մեջ:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին.
Տէ՛ր, ուղղեա՛ զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան. Տէ՛ր, ուղղեա՛ եւ առաջնորդեա՛ հոգւոց մերոց եւ ամենայն հաւատացելոց գնալ յարդարութեան ճանապարհն եւ ի կեանսն յաւիտենից:
Աղաչեսցուք զամենակալն Աստուած, զի յաջողեալ ուղղեսցէ զճանապարհս ծառայից Իւրոց ի բարի եւ ի խաղաղութիւն:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած Փրկիչ մեր, որ յամենայն ժամ ընդ մեզ ես եւ ոչ երբեք թողուս ի ձեռանէ Քումմէ զայնոսիկ, որք հաւատով եւ ճշմարտութեամբ կարդան առ Քեզ: Աղաչեմք եւ խնդրեմք ի Քէն, Տէ՛ր, ճանապարհորդակի՛ց լեր ծառայից Քոց Քոյին վերակացութեամբ՝ պահելով ի խաղաղութեան. եւ առաջնորդեա՛ մեզ միւսանգամ խաղաղութեամբ եւ խնդութեամբ հասանիլ յիւրաքանչիւր ի բնակութիւնս ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր, Որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: