ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 15.29-38
29 Եւ Յիսուս, մեկնելով այդտեղից, եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ: 30 Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերեցին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31 այնպէս որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն: 32 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով աշակերտներին, ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: 33 Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: 34 Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին. «Եօթ եւ՝ մի քանի ձուկ»: 35 Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: 36 Եւ վերցնելով եօթ նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: 37 Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթ լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին: 38 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, Հանապազօրյա հացի կարոտ սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս.
Գոհություն Աստծուն նաև այս հնարավորության համար, որ աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր միջոցներով, բայց նույն միաբան սրտով միանում ենք իրար Աստծու քաղցր խոսքի շուրջ: Ամեն անգամ այս անելով կատարում ենք Տեր Հիսուսի այն խոսքը, որը փաստում է Տիրոջ ներկայությունը այնտեղ, որտեղ Իր անունով են հավաքվում: Մեր անապատական հայրերից սուրբ Անտոնն ասում է,- Քո բոլոր ճանապարհներում Աստծուն ունեցիր աչքիդ առջև: Ինչ գործ որ անես, Սուրբ Գրքի վկայությամբ ձեռնարկիր: Ուր որ գնաս, արագ մի տեղաշարժվիր: Այս երեքը պահիր և կանոնավոր կապրես,- ասում է Սուրբը: Քրիստոնյաներս որդեգրել ենք այս սկզբունքը և մեր գործերը անում ենք Սուրբ Գրքի վկայությամբ: Այսօրվա ավետարանի պատգամը մեզ նույն գաղտնիքն է սովորեցնում, հետևել Քրիստոսի վարդապետությանը կյանքի բոլոր ժամանակահատվածներում, բոլոր գործերում՝ բարի ավարտ ձեռք բերելու համար: Ուր որ գնում էր Հիսուս Քրիստոս, Իր երեքամյա շրջագայությունների ժամանակ, նրան հետևողներ կային: Կային նաև հետապնդողներ: Նրան հետևողների պահանջը այլ էր, հետապնդողներինը՝ այլ էր: Հիսուս Քրիստոս իր սովորության համաձայն լեռը բարձրացավ, և իրեն հետևող ժողովրդին միշտ դեպի վեր էր փորձում բարձրացնել գաղափարապես: Բազմության մեջ այս անգամ շատ էին կաղեր, կույրեր, համրեր, հաշմվածներ և տարատեսակ հիվանդություններով տառապող մարդիկ, որոնք բժշկություն էին աղերսում Նրանից, և Նա բժշկում էր նրանց, այնպես, որ կաղերը քայլում էին, կույրերը տեսնում էին, համրերը խոսսում էին և ողջ ժողովուրդը փառք էր տալիս Աստծուն:
Մեր Տերը կամենում է, որ մենք ազատվենք մեր հաշմանդամ վիճակից՝ Իր միջոցով, Իր տված դեղամիջոցով, Իր խրատով, ոչ թե հեքիմի , կամ գուշակի ու կախարդի մոտ գնալով: էքստարասենսի, գրբացի ու աստղագուշակի դռները կոտրելով: Սիրելիներ, Հիսուս կույրի աչքերը բացեց և պատվիրեց, որ ոչ ոքի չպատմի այդ մասին, իսկ կույրը, որ արդեն տեսնում էր՝ ուրախությունից չէր լռում և ամենքին հայտնում էր իր հետ կատարվածը: Իսկ մենք, որ տեսողություն և լսողություն ունենք, ալարում ենք կարդալ Աստվածաշունչը, ալարում ենք լսել մի քարոզ մինչև վերջ, ամաչում ենք դավանել մեր Տիրոջ Պանծալի անունը, որ մեզ կյանք Պարգևողն է:
Ասում են Հիսուս բռնեց կույրի ձեռքը և գյուղից դուրս հանեց, աչքերը բժշկելու համար: Ինչո՞ւ: Երբ վերադարձան, կույրը տեսնում էր: Ի՞նչ պատահեց այնտեղ: Ի՞նչ խոսեցին՝ մենք չգիտենք: Միայն գիտենք, որ մեր Տէրը ամենքիս հետ ուզում է խոսել միայնության մեջ, մեզ ուզում է հեռացնել մեր աղմկոտ միջավայրից, որպեսզի կարողանանք լսել Իրեն լռության մեջ: Մեկ ուրիշ դեպքում կույրի աչքը բժշկելու համար թքում է կավի վրա և դնում է աչքին: Աչքը տեսնում է: Ինչո՞ւ թքեց: Որովհետև կավը ոչինչ է առանց Աստծո միջամտության: Այնպես էլ մենք ենք կավ և առանց Աստծո միջամտության անկարող ենք ինքներս մեզ վերականգնել: Մենք մեր աղմկոտ, բամբասկոտ միջավայրում անկարող ենք լսել Աստծու ձայնը: Մեզ էլ կույրի պես պետք է հեռանալ մեր սրտի խորքը և լսել մեր Փրկչի ձայնը, որն անվերջ ասում է, - մի վախեցիր, վերցրու քո խաչը և արի իմ հետևից, թող մեռելներին մեռելները թաղեն, դու լավագույնը ընտրիր, դու անմահ հոգիդ խնամիր, որը Աստծու առջև է կանգնելու: Սիրելիներ, նորություն չէ, որ վատ ժամանակներ ենք ապրում ողջ աշխարհում: Դանդաղելը օգուտ չի բերի ոչ մեկին և ինչպես առակաց գիրքն է ասում,- Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանուած քաղաքի։ Իմաստունի այս խոսքով էլ սկսենք մեր օրը և որպես խորհելու թեմա ուենանք այն ամենը ինչ որ լսեցինք, և ինչ որ կարդացին մեր աչքերը: Քանի որ ոտքերը տանում են այնտեղ, ինչ որ լսել են ականջները և ինչ որ տեսել են աչքերը: Մնացեք սիրով, ուշադրությամբ, և աշխատասիրությամբ և անպայման Աստծու խոսքի տրամաբանությամբ:
Աղօթենք միասին
Զառաւօտու աղօթս եւ զբանաւոր պաշտօնս ընկա՛լ, ամենակալ, ամենամեծդ Աստուա՛ծ, ի Քո անապական եւ յերկնային խորանսդ: Ծագեա՛ առ մեզ զարդարութեան եւ զիմաստութեան զլոյս Քո, արա՛ զմեզ որդիս լուսոյ եւ որդիս տուընջեան, որպէս զի ի գալ աւուրս երկիւղածութեամբ վարեսցուք զկեանս մեր եւ առանց գայթակղութեան կատարեսցուք. զի Դու ես օգնական եւ փրկիչ մեր, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: