ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 15.21-28
21 Յիսուս, այդտեղից ելնելով, գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: 22 Եւ ահա այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»: 23 Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»: 24 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ՝ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: 25 Իսկ կինը մօտենալով երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: 27 Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: 28 Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի, ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, բարի է լույսը բոլոր մարդկանց համար, իսկ օրը բարի է լինում հատկապես նրանց համար, որոնք իրեց առավոտը սկսում են Աստծու խոսքի լույսի ջերմությամբ: Ամեն քրիստոնյա արթնանալուց պետք է հիշի, որ ինքը քրիստոնյա է, հիշի, թե ո՞ւմ անունն է կրում, և ամենակարևորը հիշի, թե ի՞նչ է Նրա պահանջը և ի՞նչ է իմ պարտականությունը: Քրիստոնեությունը գալիս է Քրիստոսից և հիմնված է Աստվածաշնչի վրա: Քրիստոնյաներս չենք կարող իմանալ Աստվածաշնչի մասին և ապրել հեթանոսի պես:
Այսօրվա Ավետարանի մեջ կարդացինք, որ Հիսուս չպատասխանեց հեթանոս կնոջ խնդրանքին, որը աղերսելով քայլում էր Նրա հետևից: Նույնիսկ լռեց, աշակերտների միջամտելուց հետ:
Հարց է առաջանում, միթե Հիսուս չէր եկել մեղավորների և հիվանդների համար: Այո, այդպես է, եկել էր, և բժշկում էր: Բայց Քրիստոսին դիմող ամեն ոք պետք է իմանա իր պարտականությունը: Սակայն Հիսուս Քրիստոսի լռությունը կնոջ աղերսին՝ երկու իմաստով կարելի է հասկանալ: Նախ, որ հեթանոս կինը խոնարհվի և հաստատվի իր հավատքի մեջ, և երկրորդ, որ աշակերտները սովորեն հետագա իրենց ծառայության մեջ ինչպես վարվեն նման դեպքերում: Քրիստոս Սրտագետը գիտեր, որ կինը չի դադարելու աղաղակել, մինչև չստանա իր դստեր առողջությունը վերականգնող մի խոսք, մի հայացք, մի փշուր, ինչպես կինն է ասում՝ սեղանից ընկած փշրանքներով են կերակրվում շները: Քրիստոս նրան շուն անվանեց, բայց կինը շարունակում էր աղաղակել,- Տէր օգնիր ինձ:
Որովհետև նրա աղջիկը դիվահարված էր, և տանջանքները մայրն էր տեսնում ամեն օր: Նա պատրաստ է ամեն անարգանք կրելու հանուն իր աղջկա առողջության:
Դժվար է հավատալ, որ մեր օրերում մի մայր իր հիվանդ երեխային բժշկի, կամ քահանայի մոտ տանի օգնություն ցույց տալու, նրան շուն անվանեն և նա շարունակի խնդրել:
Այստեղ է, որ պետք է հասկանալ, թե որ խոսքը ինչի համար է ասվում, երբ է ասվում և հատկապս ինչպես է ասվում: Մեր տերը գիտեր, որ կոպիտ խոսքը հեղաշրջելու է այդ կնոջ ներաշխարհը, իսկ աղջկա բժշկվելուց հետո գուցե ողջ ընտանիքը: Անշուշտ կարդացողի համար տարօրինակ է թվում, որ հրաշքներ և բժշկություններ կատարող Քրիստոս, այսպես է պատասխանում հիվանդի մորը: Նա կատարյալ հավատք էր ակնկալում կնոջից և ստացավ: Հաջորդ պահին նա գովում է կնոջ մեծ հավատը և ասում է,- թող լինի ինչպես կամենում ես: Եվ նրա դուստրը նույն ժամին բժշկվում է:
Այո հավատքը պետք է զորեղ լինի նպատակին հասնելու համար: Անկոտրում պետք է լինի, ինչպես այս կնոջն էր, հաղթահարող պետք է լինի ամեն նեղություն և անպատվություն:
Այս պարագայում կնոջը շուն անվանեց, նրան շահելու համար: Մի այլ տեղ սամարացի կնոջ հետ այլ կերպ խոսեց՝ մի ողջ քաղաք շահելւո համար: Կույրի հետ այլ կերպ խոսեց, համրի հետ՝ այլ: Անդամալույծին ասաց վերցրու մահիճդ գնա քո տունը, հարյուրապետի ծառային բժշկեց զարմանալով հարյուրապետի հավատքի վրա: Չորսօրյա մեռած Ղազարոսի հարություն տվեց, իսկ Իր վրա հարձակված քահանայապետի ծառայի ականջը բժշկեց, որ Պետրոսը կտրել էր: Այս բոլորը Նա հրաշագործեց աշակերտների աչքի առջև, որպեսզի հետագայում աշակերրտները ամեն պարագայի համար լուծում ունենան, քանի որ նրանց տվել էր զորություն, իշխանություն և դևերը հանելու կարողություն: Նրանք իրենց Վարդապետի հետ էին շրջում, բայց գալիք դժվարությունների և հալածանքների մասին լուր չունեին: Պողոս Առաքյալը, որը հատուկ կանչված էր հեթանոսներին դարձի բերելու համար, այսպես է ասում.- Ուրեմն, պարծենալու բան ունեմ Յիսուս Քրիստոսով առ Աստուած. քանզի չեմ համարձակւում խօսել մի բան, որն արած չլինի Քրիստոս իմ միջոցով հեթանոսների հնազանդութեան համար՝ խօսքերով եւ գործերով, նշանների եւ զարմանալի գործերի զօրութեամբ, Սուրբ Հոգու զօրութեամբ.
Հիմա, մենք մի փոքր կենտրոնացնենք մեր միտքը մեր հավատքի վրա, որը հաստատված է Աստվածաշնչյան ճշմարտությունով և մեր եկեղեցու Հայրերի ու ավանդության վրա: Մենք այս հոգևոր բարիքներին հաղորդակից ենք լինում ամեն օր, ուրեմն մենք էլ պետք է փոխանցողը լինենք նախ՝ մեր ընտանիքներին, և եթե հնարավոր է մերձավորների շրջանում: Բայց պետք է նախ իմանանք երբ ասել, ինչպես ասել, և հատկապես ինչ ասել: Ինչպես որ մեր Տէրը նայում էր հանգամանքներին, և հետո դնում էր սպեղանին, որպեսզի և հավատքը զորոնա և վերքը բուժվի: Մնացեք սիրով, խաղաղությամբ, ամուր հավատքով, բարի գործերով. Որպեսզի մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն Աստծու Սուրբ անունը, որ կրում ենք մենք՝ քրիստոնյաներս:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին.
Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս հանգուցեալ, եւ մեք սուրբ վկայիւքս աղաչեմք զՔեզ բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց. մի՛ մերժեր զմեզ յողորմութենէ Քումմէ, այլ կեցո՛ զմեզ աղօթիւք սոցին, զի Դու ես բազումողորմ Աստուած. եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամեն:
Յիշեա՛, Տէ՛ր, զպաշտօնեայս Քո, զծնողսն մեր, զվարդապետս, զեղբարս, զընկերս, զկերակրողս, զուխտաւորս, զճանապարհորդս, զհանգուցիչս, զվաստակաւորս, զխոստովանողս, զապաշխարողս, զգերիս, զհիւանդս, զնեղեալս, զիշխանս, զչարարարս, զբարերարս, զթշնամիս, զատելիս եւ որք պատուիրեցին մեզ հաւատով: Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, Քո անմոռաց գիտութեամբդ եւ անբաւ մարդասիրութեամբդ յիշեա՛ զամենայն հաւատացեալս ի Քեզ եւ ողորմեա՛ ամենեցուն: Օգնեա՛ եւ փրկեա՛ յիւրաքանչիւր վտանգից եւ ի փորձութեանց: Արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: