ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 15.1-13
1 Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մեզ համար հաճելի չլինել. 2 այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի. 3 քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրայ ընկան»: 4 Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսն ընդունենք: 5 Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց՝ ըստ Յիսուս Քրիստոսի, 6 որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը: 7 Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծոյ: 8 Ասեմ նաեւ, որ Քրիստոսի՝ թլփատուածներին սպասաւոր լինելը Աստծոյ ճշմարտութեան համար էր՝ հաստատուն դարձնելու համար հայրերին տրուած խոստումը: 9 Նաեւ հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար, ինչպէս գրուած էլ է. «Դրա համար հեթանոսների մէջ գոհութիւն պիտի տամ քեզ եւ քո անուան համար սաղմոս պիտի երգեմ»: 10 Եւ դարձեալ ասում է, թէ՝ «Հեթանոսնե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ»: 11 Եւ դարձեալ թէ՝ «Բոլո՛ր հեթանոսներ, օրհնեցէ՛ք Տիրոջը եւ գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ»: 12 Եւ դարձեալ Եսային ասում է. «Պիտի գայ Յեսսէի արմատը, եւ նա, որ պիտի կանգնի, իշխան է հեթանոսներին. նրա վրայ յոյս պիտի դնեն հեթանոսները»: 13 Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ Քրիստոսասեր բարեկամներ. Ուրախ եմ կրկին խոսելու ձեզ հետ օրվա պատգամի շուրջ: Պողոս առաքյաի նամակները առանձնապես հատուկ բացատրության կարիք չունեն, քանի որ միտքը պարզ է հիմնականում: Բայց այդ նամակները պարտավոր ենք բերել մեր կյանք և դարձնել մեզ համար ուղեցույց: Գաղտնիք չէ, որ քրիստոնյաների կենցաղավարությունը, խոսքը և գործը խոշորացույցով են նայում նրանք, որ քրիստոնյա չեն, կամ անունով են քրիստոնյա, որպեսզի հանդիմանեն և ծուղակը գցեն իրենց տկար հավատքի պատճառով: Առաքյալն ասում է,- Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել: Իսկ մենք՝ քրիստոնյաներս արդյո՞ք ուժեղ ենք մեր հավատի մեջ: Ամեն ինչ գրվեց, որ մենք սովորենք, որպեսզի մեզ հանդիպած դժվարությունների ժամանակ գործածենք մեր հավատը, հավատով ձեռք բերած համբերությունը և հույս ունենանք գալիք բաների նկատմամբ:
Այսօր կամեցա ձեզ հետ քննարկել օրերս լայն արձագանք գտած մի հարց, որը լուծում ստանալու փոխարեն գնալով ավելի է խճճվում, օգուտ չբերելով ոչ առարկայի դասավանդմանը, ոչ էլ մարդկային հարաբերություններին: Թեման բոլորիդ ծանոթ է, Հայ Եկեղեցու պատմություն առական է մեջտեղում, որը կամենում են միացնել հայոց պատմություն առարկային: Մենք հիմա չենք քննարկի ՀԵՊ առարկայի կարևորության թեման, կամ միացնելու և չմիացնելու անհրաժեշտության հարցը: Եկեղեցու պատմություն առարկան դասավանդվում է ձեր երեխաներին, ինքներդ ավելի լավ եք տեսնում նրա բերած օգուտը կամ վնասը ձեր կյանքից ներս: Այլ մենք քննարկելու ենք ցավոտ հարցի վերաբերյալ ցուցաբերած մոտեցումների, կարծիքների, վերլուծությունների թեման: Մենք գիտենք, որ ըստ սահմանադրության Եկեղեցին անջատ է պետությունից: Ըստ մարդկային տրամաբանության սրանցից յուրաքանչյուրն իր գործառույթն ունի և մյուսի ներքին խոհանոցը մտնելու իրավունք չունի: Բայց եկեղեցին և պետությունը նույն ժողովրդին են առաջնորդում, նույն ժողովրդին են ծառայում, եթե կարելի է այսպես ասել:
Հարկ է, որ մի կառուցը մյուսի հետ առողջ քննադատությունների և բանակցությունների շրջանակում ձեռք բերեն հարցի շահավետ լուծման բանալին: Թերություններ կան և գործող իշխանության գործելաոճի մեջ, և հայ առաքելական եկեղեցուց ներս: Երկու կողմերի թերությունները տեսնում է ժողովուրդը: Ժողովրդիի համար հարազատ է և պետությունը և եկեղեցին: Այստեղ է որ հանրությունը չի կարողանում կանգնել ճշմարտության կողքը և կորցնում է իր խաղաղությունը: Հիմնականում միակողմանի վերլուծություններ են հնչում մարդկանց կողմից՝ պաշտպանելով ամենքը իր սիրելի ղեկավարին: Անհատով են պայմանավորում եկեղեցին և պետությունը: Սա է պատճառը, որ մեր հասարակությունը պառակտվեց, բաժանվեց մասերի և սկսեցին պայքարել միմյանց դեմ, մոռանալով իրենց ինքնությունը, կրոնը, լեզուն, հայրենիքը:
Առաքյալն ասում է,- ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծոյ: Եկեղեցին պարտավոր է հավուր պատշաճի զգուշացնել կառավարությանը՝ թույլ տված սխալների հարցում և կայացրած սխալ որոշումների համար՝ միայն հանդիպումների և առողջ քննարկումների միջոցով: Իշխանությունները պարտավոր են նույնը անել եկեղեցու նկատմաբ՝ դրսևորելով խորին հարգանք առաքելահիմն եկեղեցու և դարավոր հաստատության հանդեպ: Կարող են նույնիսկ ասել, մենք ձեզ հետ չենք, բայց հարգում ենք ձեզ: Այս բոլոր խղդժությունները պետք չէ, որ լինի ի տես մարդկանց, քանի որ բոլոր մարդիկ չեն, որ քաղաքագետներ են, բոլոր մարդիկ չեն, որ կրոնավորներ են: Երկրի քաղաքական և հոգևոր իշխանությունները սերտ կապի մեջ պետք է լինեն, համագործակցության առումով, քանի որ կառավարում և առաջնորդում են նույն հասարակությանը:
Այսօրվա Ավետարանում կարդում ենք, որ փարիսեցիները և օրենսգետները հանդիմանում են Հիսուս Քրիստոսին այն բանի համար, որ Նրա աշակերտները առանց լվացվելու են ճաշում: Պատկերը նույնն է այսօր: Եկեղեցու սպասավորին նայում են որպես օրինակ, որպես կարգ ու կանոնի ջատագով, որպես Աստծո խոսքի մեկնաբան և թարգմանիչ: Մեր հանրությունը չի ուզում հոգևորականին իրեն հավասար տեսնել, նրան ավելի բարձր է դասում իրենից: Բարձր է դասում իրենից և ուզում է նրա օրինակին հետևել, իսկ երբ չի տեսնում իր պատկերացրած իդեալին, չի կարող զորանալ հավատքի մեջ: Նա, ով արդեն զորավոր հավատք ունի, լսում է հոգևորականի բերանից դուրս եկած Աստծու խոսքը միայն, իսկ ով տկար է, նայում է հոգևորականի վարքին: Բայց եկեղեցու իշխանությունը պարտավոր է շտկել իր ներսի թերությունները, լսելով քննադատությունները իր բացերի մասին: Այդ բացերը երկար մնալով կարող են վնասել հավատավոր հասարակությանը, և հենց եկեղեցու սպասավորների հեղինակությանը: Աստվածաշնչում կարդում ենք տասնյակ հեղինակավոր մարդկանց մեղքերի մասին, նրանց խորը զղջման մասին, և սիրում ենք նրանց: Նույնիսկ Աստվածաշունչը չի թաքցնում մարդու մեղքը, որպեսզի ցույց տա նաև նրա զղջումը:
Եկեղեցում թերություններ կան սկսած ձեռնադրություններից մինչև խորհուդներն ու ծեսերը: Մենք գիտենք, որ զինվորյալ եկեղեցին սուրբերի միաբանություն չէ, սակայն առաջացած սխալները պետք է տեղում ուղղվեն, ոչ թե պատճառաբանություններ փնտրեն արդարանալու համար: Եկեղեցի հիմնվեց հիվանդների համար, որ մտնեն, ապաքինվեն և օրինակ լինեն այլոց համար: Եկեղեցին մեղավոր մարդկանց համար է եղել Քրիստոսի ժամանակից մինչ օրս, բայց դա չի նշանակում, որ մեղավորը եկեղեցում պետք է շարունակի մնալ մեղքի մեջ, ինչը դրսի մարդկանց համար գայթակղություն է: Բորոտները մաքրվեցին, և դարձան մաքրված բորոտ: Եկեղեցու հրաշքը կայանում է նրանում, որ մեղավոր մարդկանցով է լցված եղել դարերով, բայց կանգուն է մնացել մինչ օրս: Եկեղեցին մեղավորների հիվանդանոցն է, իսկ հիվանդանոցում բուժվում են:
Նույնը և ավելի կարելի է ասել իշխանության մասին, քանի որ իշխանության մեջ կան անհավատ մարդիկ, որոնք կարող են անբարենպաստ որոշումներ կայացնել հասարակության համար: Եկեղեցին այդ հարցում պետք է արթուն լինի ամեն վայրկյան: Եկեղեցին նաև հասարակությունն է, որը պետք է առողջանա ամեն օր և ջանա իր հոգու փրկության համար հոգ տանել առավել, քան հայտնվել թեժ բանավեճերի կիզակետում և հայհոյախառն մեկնաբանություններ գրել այս կամ այն կողմի մասին պաշտպանելով ոչ թե գաղափարը, այլ անհատի շահերը:
Քրիստոնյա հասարակությունը պարտավոր է բարձր պահել իր կոչումը, անունը, հավատքը, որպեսզի օրինակ լինի այլոց համար՝ Աստծու Անունը փառաբանելու մեջ: Մնացեք սիրով, ոչ թե սրով: Թող ձեր ձեռքի զենքը լինի Աստծու խոսքը, ձեր շրթներից աղոթք թող լսվի, ոչ թե հայհոյանք: Ավետարանն ասում է. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ այն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ: Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի ողորմութեան Քում, ըստ բազում գթութեան Քում քաւեա՛ զանօրէնութիւնս իմ: Առաւե՛լ լուա զիս յանօրէնութենէ իմմէ եւ ի մեղաց իմոց սո՛ւրբ արա զիս: Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ: Քեզ միայն մեղայ, Տէ՛ր, եւ չար առաջի Քո արարի, Որպէս արդար եղիցիս ի բանս Քո եւ յաղթող ի դատել Քեզ: Անօրէնութեամբ յղացաւ եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ: Դու, Տէ՛ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ Քով յայտնեցեր ինձ: Ցօղեա՛ յիս մշտկաւ, եւ սուրբ եղէց, լուա՛, եւ քան զձիւն սպիտակ եղէց: Լսելի՛ արա ինձ զցնծութիւն եւ զուրախութիւն, եւ ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք: Դարձո՛ զերեսս Քո ի մեղաց իմոց եւ զամենայն անօրէնութիւնս իմ քաւեա՛ յինէն: Սիրտ սուրբ հաստատեա՛ յիս, Աստուա՛ծ, եւ հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում: Մի՛ ընկենուր զիս, Տէ՛ր, յերեսաց Քոց եւ զՀոգի Քո Սուրբ մի՛ հաներ յինէն: Տո՛ւր ինձ ցնծութիւն փրկութեան Քո եւ հոգւով պետութեան Քո հաստատեա՛ զիս: Ուսուցից անօրինաց զճանապարհս Քո, եւ ամպարիշտք առ Քեզ դարձցին: Փրկեա՛ զիս յարենէ, Աստուա՛ծ, Աստուա՛ծ փրկութեան իմոյ. ցնծասցէ լեզու իմ յարդարութեան Քում: Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո: Թէ կամեցեալ էիր, պատարագս մատուցանէաք, բայց Դու ընդ ողջակէզս իսկ ոչ հաճեցար: Պատարագ Աստուծոյ՝ հոգի խոնարհ. զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ոչ արհամարհէ: Բարի՛ արա, Տէ՛ր, կամօք Քովք Սիոնի, եւ շինեսցին պարիսպքն Երուսաղեմի: Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան, ուխտից պատարագս հանցեն ի սեղան Քո զուարակս: Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: