ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 14.22-36
22 Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութեանն արձակի: 23 Եւ երբ ժողովրդի բազմութեանն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: 24 Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: 25 Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայով: 26 Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին՝ «Ինչ-որ ուրուական է», ու սարսափից աղաղակեցին: 27 Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 28 Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: 29 Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը, նաւակից իջնելով, քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: 30 Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: 32 Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: 33 Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին ես դու»: 34 Եւ կտրել-անցնելով ցամաք ելան Գեննեսարէթում: 35 Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: 36 Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս բոլորիդ, սիրելի ունկնդիրներ և մեր էջի հետևորդներ: Լույսը բացվեց և մենք դարձյալ միասին ենք, ինչը մեր առաջին ուրախության պատճառն է: Եթե կամենանք շատ պատճառներ կգտնենք ուրախանալու օրվա ընթացքում: Այսօր սկսվում է Վարդավառի պահոց շաբաթը, քանի որ առաջիկա կիրակին Պայծառակերպության տոնն է: Հիշեցման կարգով ասեմ, որ եկեղեցու հինգ տաղավար տոներին նախորդող շաբաթը պահքի օրեր են: Պահքի նպատակն այն է, որ հավատացյալը անդրադարձ ունենա իր սխալների վրա, ազատվի դրանցից զղջումով և խոստովանությամբ, որպեսզի առաջիկա տոնը արժանավորապես մասնակցի պատարագին և հաղորդվի մեր Տէր Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան Սուրբ Հաղորդությամբ: Պահքը այնքան հին է, որքան մարդկությունը, սակայն պահքի մասին հարցերը, որ տալիս են մեզ, ուտելիքի մակարդակից վեր չի բարձրանում: Ոչ ոք չի հարցնում, թե ինչպես ազատվել ստելու, կամ հայհոյելու մեղքից, և այլն: Սա առանձին թեմա է, որին կանդրադառնանք:
Պայծառակերպության տոնի մասին կխոսենք տոնի օրը, հիմա անդրադառնանք Ավետարանին: Դուք հիշում եք, որ մենք երեկ խոսեցինք այն մասին, որ Հովհաննես Մկրտչին գլխատելու պատճառով Հիսուս Քրիստոս մտախոհ էր, և առանձնանում էր մարդկանցից: Հինգ հազարին կերակրելուց և նրանց բժշկելուց հետո, ժողովրդի բազմությանը արձակեց և աշակերտներին ստիպեց նավակ մտնել և անցնել ծովի մյուս կողմը: Նորից միայնակ լեռը բարձրացավ աղոթելու համար: Ինչ էր աղոթում, ոչ ոք չգիտե, սակայն, որ շատ վշտացած էր Հովհաննեսի համար զգացվում է իր հաճախ առանձնանալուց: Ինքը չգնաց աշակերտների հետ, և աշակերտները նավակ նստելով հեռացան ցամաքից: Քամին դես ու դեն էր քշում նավակը և աշակերտների մեջ տագնապ առաջացավ ծովի ալիքների պատճառով: Նրանց տագնապն ավելի սաստկացավ, երբ տեսան, որ ծովի խորքում մեկը քայլում է ջրերի վրայով: Սարսափից սկսեցին աղաղակել, կարծելով, որ ուրվական է: -Մի վախեցեք, ես եմ,- ասաց Տէրը՝ հանգստացնելով նրան: Պետրոսը, որ ավելի համարձակ էր խոսում բոլորից, խնդրեց Հիսուսին, որ վերջինս հրամայի, ինքն էլ քայլի ջրերի վրայով: Տէրն ասաց, արի: Քանի դեռ Պետրոսի հայացքը Հիսուսին էր նայում, նա հանգիստ քայլում էր ջրերի վրայով: Իսկ երբ հայացքը կտրեց և նայեց քամու ուժգնությանը, սկսեց սուզվել և օգնության կանչեց Տիրոջը: Այստեղ մի շատ գեղեցիկ ու տպավորիչ պատգամ կա բոլորիս համար՝ Պետրոսի օրինակից, և շատ ազդեցիկ դաս է ամենքիս համար: Մենք էլ քանի դեռ Աստծո խոսքի մեջ ենք, չենք վախենում կյանքի փոթորիկներից , բայց բավական է մոռանանք ու նայենք գալիք փորձություններին, անմիջապես տագնապը պատում է մեզ: Երնբ Հիսուս Քրիստոս մեզ հետ չէ, մենք Պետրոսի պես վախեցած ենք: Իսկ երբ հիշում ենք, որ մեզ խոստացավ մեզ հետ լինել մինչև աշխարհի վախճանը, գոտեպնդվում ենք: Այս բոլոր օրինակները Ավետարանիչները գրել են, որպեսզի մեզ համար փորձառություն լինի և մեր կյանքը հեշտ ապրենք: Մեզնից ընդամենը մի փոքր ջանք է պահանջվում ինքնքկրթվելու և մեր հավատքը զորացնելու հոգևոր թեմաներ կարդալով, քարոզներ լսելով, Սուրբ Գիրքը կարդալ քիչ քիչ: Թող այսօրվա մեր սովորածը լինի այն, որ մենք մեր հայացքը չկտրենք Աստծուց և Աստվածաշնչից: Մնացեք սիրով և խաղաղությամբ: