ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 14.13-21
Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: 14 Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին: 15 Երեկոյեան դէմ աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութեանը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը, իր համար ուտելիք գնի»: 16 Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: 17 Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: 18 Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: 19 Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: 21 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջունում եմ մեր էջի մշտական հետևորդներին և Աստծու խոսքը փափագող մեր սիրելի հավատացյալներին:
Սիրելիներ, նկատել եք, որ Ավետարանները շատ ժամանակ սկսվում են որևէ հարցումով, կամ մի հարց առաջացնող նախադասությամբ: Այսօր Ավետարանը սկսվեց այսպես, - Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ:
Ի՞նչ լսեց արդյոք, որ առանձնացավ մարդկանցից մի ամայի տեղ: Այնուհետև Ավետարանիչը շարունակելով ասում է,- երբ ժողովուրդի բազմությունը լսեց այդ, գնաց նրա հետևից: Ինչ որ արտառոց բան էր պատահել, որ իրարանցում էր տեղի ունեցել մարդկանց մեջ: Այստեղ է, որ մեր հետաքրքրությունը շարժվում է, և մենք կարդում ենք նախորդ գլուխը, հասկանալու համար, թե ինչ էր պատահածը:
Աղետ էր պատահել: Պահատել էր վայրագություն: Մորթվել էր ճշմարտությունը: Գլխատվել էր Հովհաննես Մկրտիչը, որը մերձավորն էր Հիսուս Քրիստոսի, և եզակի էր նրա առաքելությունը այս աշխարհ: Նա լույս աշխարհ էր եկել Քրիստոսից վեց ամիս առաջ, որպեսզի հարթեր Տիրոջ ճանապարհը: Որպեսզի մկրտեր մեր Տիրոջը, որի կարիքը չուներ Նա: Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն էր մարգարեների մեջ, որ հայտնեց Տիրոջ մասին:
Ի՞նչ զգացողություն պետք է ունենար Հիսուս Քրիստոս, երբ լսեց, որ Հերովդեսը գլխատել է Հովհաննես Մկրտչին, այն պատճառով, որ Հովհաննեսը անվերջ հանդիմանել է նրան՝ եղբոր կնոջ հետ ամուսնանալու համար: Այդ հանդիմանությունը չէր հանդուրժել նրա կին՝ Հերովդիան և մի խնջույքի ժամանակ, երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձն էր, ուրախության պահին նա դավադրաբար իր աղջկան սովորեցնում է, որ Հերովդեսից խնդրի Հովհաննես մկրտչի գլուխը՝ իր գեղեցիկ պարի դրմաց:
Քանի որ Հերովդես չորրոդապետը սեղանակիցների ներկայությամբ խոստացել էր, որ կկատարի աղջկա պահանջը, ինչ էլ որ խնդրի՝ մասնակիցների պատճառով չկարողացավ մերժել, և մարդ ուղարկելով գլխատել տվեց Հովհաննեին բանտի մեջ և գլուխը սկուտեղի վրա մատուցեցին այդ աղջկան, որպեսզի բավարարվի նրա մոր՝ Հերովդիայի նենգ հիշաչարությունը: Հովհաննեսի աշակերտները վերցնում են նրա մարմինը, թաղում են և գալիս են լուրը պատմում են Հիսուս Քրիստոսին:
Ահա, թե ինչ էր լսել Հիսուս Քրիստոս և մեկուսացել էր մի ամայի տեղ: Նաև ժողովուրդն էր լսել այդ մասին և մխիթարության կարիք ուներ, քանի որ Հովհաննես Մկրտչին որպես մարգարե էին ընդունում և սիրում: Լսել էր մեր Տերը իր բարեկամի անփառունակ սպանության մասին սրտի ցավով, իսկ մյուս կողմում ժողովուրդն էր անմխիթար կանգնած իրեն սպասում:
Ավետարանը այնուհետև մանրամասներ չի պատմում այդ դեպքի հետագա զարգացումների մասին, բայց ավանդությունն ասում է, որ այդ խնջույքի ավարտին մի ավելի սոսկալի աղետ է տեղի ունենում: Բացվոմ է գետինը երկրաշարժից և Հերովդիայի գլուխը նույն կերպ կտրվում է բոլոր մարդկանց առջև: Սա մի զարհուրելի իրական պատմություն է, որը խորը դաս է նաև նրանց համար, որոնք հարբած վիճակում խոստումներ են տալիս ներկաներին հաճոյանալու համար, և հիմնականում ավատվում է տխուր վերջաբանով: Վերադառնանք ժողովրդի մոտ, որը բավական երկար ժամանակ արդեն ցամաքում էր: Խղճաց նրանց Հիսուս Քրիստոս և սկսեց բժշկել նրանց մեջ եղած հիվանդներին: Քանի որ օրը տարաժամել էր և ժողովուրդը քաղցած էր, այդտեղ նա կատարեց հացի բազմացման հրաշքը և կերակրեց հինգ հազարին, և ինչպես Ավետարանիչն է ասում, չհաշված կանանց ու երեխաներին: Այս էր այսօրվա Ավետարանի պատգամը, որ կամեցա փոխանցել ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ: Ավետարանը մեր կյանքի բաղկացուցիչ մասն է, առանց Ավետարանի ճշմարտության չկա կյանք, չկա ճշմարտություն, չկա խաղաղություն և խնդություն: Մնացեք Ավետարանի լույսի մեջ, որպեսզի ձեր միտքը լուսավոր լինի և լուսավորի ձեր ճանապարհը, որ տանում է դեպի փրկություն՝ դեպի մեր Տէրը: Մենք այսօր ավելի մոտ ենք մեր փրկությանը, քան այն օրը, երբ հավատացինք:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Աստուա՛ծ, ողորմեա՛ մեզ եւ օրհնեա՛ զմեզ, երեւեցո՛ զերեսս Քո ի մեզ եւ ողորմեա՛ մեզ՝
Ճանաչել յերկրի զճանապարհս Քո, յազինս ամենայն զփրկութիւնս Քո:
Խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք, Աստուա՛ծ, խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք ամենայն:
Ուրախ եղիցին եւ ցնծասցեն ազինք, զի Դու դատիս զժողովուրդս յուղղութիւն եւ ազգաց երկրի Դու առաջնորդես:
Խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք, Աստուա՛ծ, գոհասցին զՔէն ժողովուրդք ամենայն:
Երկիր ետ զպտուղ իւր, եւ օրհնեաց զմեզ Աստուած, Աստուած մեր:
Աստուած մեր օրհնեսցէ զմեզ, եւ ի Նմանէ երկիցեն ամենայն ծագք երկրի: