ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 9.36-10.7
36 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: 37 Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: 38 Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
10 1 Եւ նա, իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն: 2 Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն՝ Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը՝ Անդրէաս, 3 Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը՝ Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, 4 Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան: 5 Նրանց տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնա՛ք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէ՛ք, 6 այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ: 7 Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. “Երկնքի արքայութիւնը մօտեցել է”:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելիներ: Քրիստոսի սերն ու խաղաղությունը թող առատորեն հեղվի նրանց վրա, որոնք սպասում են Ավետարանի խոսքի մեկնությանը: Գուցե ողջ օրը հնարավոր չլինի ուրախ անցկացնել, սակայն օրվա մեջ անպայման կան ժամեր ու րոպեներ, որոնք կարող են ուրախություն պատճառել յուրաքանչյուրիս՝ տարբեր առիթներով: Այս ժամին, երբ մենք միասին քննարկում ենք Աստծու խոսքը, արդեն ուրախության առիթ է բոլորիս համար: Իմաստություն խնդրենք Աստծուց, հաճելի բաներ կարատելու համար Իր առջև: Քանի որ Իմաստունն ասում է, - ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Այսօր մեր եկեղեցին հիշատակում է 12 առաքյալներին և բոլորիս համար շատ սիրելի Պողոս Առաքյալի անունը, որը համարվում է 13 րդ առաքյալը, որին որ ընտրեց Հիսուս Քրիստոս Դամասկոսի ճանապարհին: Հիսուս ընտրեց նրան այն պահին, երբ Պողոս առաքյալը իր բուն առաքելության մեջ էր՝ քրիստոնյաների հալածելու հարցում, և այդ պատմությունը բոլորիդ հայտնի է Սուրբ Գրքից:
Մահկանացուներիս մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ հաստատ չեն Աստծու գործելաոճի և ծրագրերը հասկանալու հարցում: Եթե Տէրը կամենա, ուրեմն հալածիչը կդառա հալածվող, ձկնորսը կդառնա առաքյալ, մաքսավորը կդառնա ավետարանիչ և բժիշկը կդառնա քարոզիչ: Ժողովրդի մեջ շրջելով և նրանց ուսուցանելով, մեր Տէրը տեսավ, որ նրանք նման են ոչխարների, որոնք հովիվ չունեն, և ամեն հարմար առիթով կարող են գայլի բաժին դառնալ: Ուստի հիմնեց Իր առաջին դպրոցը, կանչեց աշակերտներին, դասեր տվեց, զորություն տվեց, իշխանություն տվեց, և այդ անգրագետների դպրոցը 2020 տարի առաջ տվեց 12 իմաստուն և փայլուն շրջանավարտ: Այդ տասներկու աշակերտներով կարողացավ Իր խոսքը աշխարհում տարածել և Ավետարանի բարի լուրը հասցնել մարդկանց սրտերին: Պողոս առաքյալը շատ գեղեցիկ նկարագրություն ունի իրենց մատուցած հոգևոր ծառայության վերաբերյալ, որ կուզեմ ներկայացնել ձեր ուշադրությանը.
«Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծոյ աւետարանը: Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին»:
Այսպես ընտրեց իր աշակերտներին, սրբեց ու մաքրեց նրանց սրտերը՝ իրեն անմնացորդ ծառայելու համար: Պատմում են որ մեր եկեղեցու հայրերից մեկը կարդում է աշակերտների վարքը, նրանց պատրաստակամ ծառայության և հալածանքներին ինքնակամ գնալու և նահատակության պատրաստ լինելու մասին, և այդ գիշեր մինչև լուսաբաց աղոթքի է կանգնում և աղաչում է Տիրոջը, որպեսզի պատասխանի իր այն հարցին, թե տասներու աշակերտները կարողացան աշխարհով մեկ շրջել և քարոզել Արքայության Ավետարանը, իսկ մեր օրերում մենք հազարապատիկ ենք, և չենք հաջողում քարոզության մեջ, որտե՞ղ է խնդիրը: Երկար է սպասում վանահայր և միայն լուսադեմին լսում է իր աղոթքի պատասխանը… - Միայն թե ձեր ժամանակներում 12 մաքուր սիրտ գտնվեր…
Այո մաքուր սիրտը պայման է Քրիստոսին ծառայելու համար, քարոզելու համար, Նրա խոսքը լսելու համար: Մեր Եկեղեցին Առաքելական է, ուղղափառ է, կանգուն է քանի որ մեր եկեղեցու Գլուխը Հիսուս Քրիստոսն է, և մեր եկեղեցու առաքելությունը նույնն է նաև այսօր. «քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. Երկնքի արքայութիւնը մօտեցել է»: Եթե այն ժամանակ էր մոտ, երկնքի արքայությունը, ուրեմն հիմա առավել անհանգստանալ է պետք հասնելու համար: Մնացեք սիրով և խաղաությամբ հաստատված Հայ Առաքելական եկեղեցու մեջ, բայց ոչ անշարժ սյուների նման, այլ՝ կենդանի և քայլող քարոզողներ, մեկական առաքյալներ եղեք, քանի որ այսօր էլ հունձը առատ է, մշակները՝ սակավ: Խնդրենք հնձի Տիրոջը՝ մշակներ պատրաստելու համար:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Երանելի սո՛ւրբ առաքեալք՝ հրաւիրեալք ի սկզբանէ եւ ընտրեալք յորովայնէ, սպասաւո՛րք եւ բարեկա՛մք եւ վկա՛յք Աստուածորդւոյն, բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց:
Որք առիք իշխանութիւն ի վերայ ազգի մարդկան՝ կապել եւ արձակել ի յերկինս եւ ի յերկրի, արձակեցէ՛ք զմեզ ի կապանաց մեղաց մերոց:
Խաչակցեա՛լք ընդ Քրիստոսի եւ ընդ Նմին թագաւորեա՛լք, ի միւսանգամ գալստեան Նորա նստելոց էք դատաւորք. թողութի՛ւն շնորհեցէք եւ մեզ՝ մեղաւորացս:
Զորս առեալ ի ծովակէն՝ արարեր որսորդս մարդկան՝ որսալ զամենեսեան յարքայական սեղանն, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որոց հրամայեցեր հոտ անոյշ լինել ընդ տիեզերս՝ ոմանց հոտ ի մահուանէ ի մահ եւ ոմանց ի կենաց ի կեանս, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որոց խոստացար նստիլ յաթոռ դատողական՝ դատել զազգն Իսրայելի յայնմ աւուր յահեղին, բարեխօսութեամբ սոցա խնայեա՛ ի մեզ:
Զառաջնորդս եւ զվարդապետս Եկեղեցւոյ Քում սրբոյ յիշատակաւ պատուեմք այսօր. բարեխօսութեամբ սոցա խնայեա՛ ի մեզ:
Ժիր մշակք անպարտելի կաթուղիկէ Եկեղեցւոյ եւ պսակ պարծանաց հաւատացելոց. բարեխօսութեամբ սոցա խնայեա՛ ի մեզ:
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին եւ Յովհաննու Մկրտչին, սրբոյն Ստեփանոսի Նախավկային եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, յիշատակաւ եւ աղօթիւք սրբոց երկոտասան առաքելոցն Քրիստոսի եւ Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն, որոց այսօր է յիշատակ, եւ վասն խաչի Քո պատուականի, Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ: