ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ, Ամեն անգամ կարդալով Պողոս առաքյալի նամակներից մեկը համոզվում ենք, որ միայն ազնիվ կյանքով ապրող անձը կարող է այսպիսի խորհուրդներ ու պատգամներ գրել հանրության համար, և հանձնարարել, որ ժամանակ առ ժամանակ քրիստոնյան ստուգի իրեն. «Փորձեցե՛ք ձեր անձերը, արդյո՞ք հավատքի մեջ եք, քննեցե՛ք ձեր անձերը, չգիտե՞ք որ Հիսուս Քրիստոս ձեր մեջ է, միայն թե անպիտան չլինեք»: Առաքյալը գիտե Աստծու պատվերը, որ ասում է. - Կատարյալ եղե՛ք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրը կատարյալ է: Մատթ. 5:48: Նա պահանջում է քրիստոնյաներից հասնել կատարելության լրման, կատարյալ լինել բոլոր առաքինություններում: Անկասկած, ամենքս էլ ուզում ենք հասնել այդ բարձրությանը, սակայն առանց նախապես տեղեկանալու, թե ինչումն է կայանում բաղձալի կատարելությունը, հնարավոր է և շեղվել ճշմարիտ ճանապարհից, և կարծելով, թե ընթանում ես դեպի կատարելություն` գնալ բոլորովին հակառակ ուղղությամբ: Նախ, պարզենք մեզ համար, որ ամենակատարյալ և վեհ գործը, որին կարող է միայն ցանկանալ և հասնել մարդ արարածը, դա Աստծո հետ մերձենալն ու մեկ լինելն է: Ոմանց կարծիքով, քրիստոնեական կյանքի կատարելությունը կայանում է պահեցողության, հսկումների, ծնրադրումների, գետնի վրա քնելու և այլ նման մարմնավոր խստությունների մեջ: Ոմանք էլ համարում են, որ այն ձեռք է բերվում կանոնական բազում աղոթքների ամենօրյա ընթերցումով և մշտական ներկայությամբ եկեղեցական բոլոր արարողություններին: Շատերն էլ այն կարծիքին են, որ կատարելության հասնելու համար անհրաժեշտ է մտային աղոթքը, առանձնությունը, լռակյացությունը:
Սակայն հիշենք, որ այս բոլոր առաքինությունները սոսկ միջոցներ և կերպեր են քրիստոնեական կատարելության հասնելու համար: Մեծ վտանգ է սպառնում նրանց, ովքեր իրենց հույսը կապում են և իրենց փրկությունը հիմնում նշված առաքինությունների արտաքին կատարման վրա, բայց իրենց սրտերը թողնում սեփական կամայականությունների և սատանայական ներգործությունների ներքո, որովհետև մարդկային ցեղի թշնամին, տեսնելով, որ նրանք շեղվել են ճշմարիտ ճանապարհից, ոչ միայն չի խանգարում շարունակել մարմնավոր ճգնությունները, այլև ամեն կերպ հորդորում է ավելի խստացնել և շատացնել դրանք՝ սնելով նրանց երևակայությունը սին պատրանքներով, թե արդեն հավասարվել են հրեշտակային դասերին կամ հափշտակվել մինչև Երրորդ Երկինք, Աստծո ներկայության մեջ:
Բայց թե որքանով են նրանք հեռու կարծեցյալ կատարելությունից, հստակ երևում է իրենց կյանքից և բարքից, քանի որ սիրում են զբաղեցնել առաջին տեղերը, հարգանքի և պատվի արժանանալ, սրտնեղում են ուրիշների հաջողություններից, անգամ վարկաբեկում նրանց, մեծ եռանդով քննարկում են ուրիշների թերությունները և ասածները, իսկ սեփական բացթողումների հանդեպ կույր են: Եթե Աստված փորձում է նեղությունների կամ հալածանքների միջոցով ուշքի բերել նրանց և խոնարհության մղել, այնժամ ի հայտ է գալիս, թե որքան խորն է հպարտությունն արմատացած նրանց սրտերում և ովքեր են նրանք իրականում: Հենվելով բարեպաշտական արտաքին դրսևորումների վրա, կարծելով, որ հասել են կատարելությանը՝ հպարտությամբ համակված սկսում են դատել ուրիշներին: Ցավոք, այլևս որևէ մեկին չի հաջողվի մարդկային ճիգերով դարձի բերել նրան, եթե ոչ Աստծո զորեղ ներգործությամբ միայն: Ավելի դյուրին դարձի կգա բացահայտ մեղսագործը, քան տեսանելի բարեմասնությունների քողի տակ Թաքնվածը:
Այժմ տեսնենք, թե ինչպես են վարվում իրապես առաքինի այրերը:
Նրանք պահք են պահում, որպեսզի սանձեն իրենց կրքոտ մարմինը: Հսկում են, որպեսզի պայծառացնեն մտքի աչքը, մերկ գետնի վրա են քնում, որ քնով չտարվեն, առանձնանում են և լռությամբ կապում իրենց լեզուները, որպեսզի անգամ աննշան մի բանով չվիրավորեն Ամենասուրբ Աստծուն: Աղոթք են անում, մասնակցում եկեղեցական արարողություններին և այլ բարեպաշտական գործեր կատարում, որպեսզի իրենց ուշադրությունը երբեք չշեղվի երկնավոր բաներից, կարդում են մեր Տիրոջ կյանքի և չարչարանքների մասին, որպեսզի ավելի լավ տեսնեն սեփական թշվառությունը և Աստծո անսահման բարությունը, որպեսզի հոժարությամբ հետևեն մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ հանձն առնելով Խաչի ճանապարհով ընթանալը և անձնուրացությունը, ավելի ու ավելի բորբոքվեն Աստծո սիրով և հրաժարվեն սեփական անձի հանդեպ տածած սիրուց: Սա է Պողոս Առաքյալի նկարագրությունը ճշմարիտ գիտությանն ու խոնարհությանը հասնելու ճանապարհը: Ինքը իր նկարագրով լավագույն օրինակն է քրիստոնյա աշխարհի համար: Եվ վերջում էլ ասում է (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում):
Աղոթենք միասին:
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու զՔեզ աղաչեմք եւ ի Քէն խնդրեմք, մարդասէ՛ր Տէր. լո՛ւր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս մեր, զի մի՛ ունայն լիցին վաստակք ծառայից Քոց. այլ համարեա՛ զաշխատութիւնս մեր ի գործ արդարութեան եւ ի պտուղ աստուածպաշտութեան: Ընկա՛լ, Տէ՛ր, զաղօթս եւ զերկրպագութիւնս մեր եւ հատո՛ մեզ զողորմութիւն Քո առատապէս: Ծածկեա՛ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյ Քո. զօրացո՛ զմեզ, Տէ՛ր, զօրութեամբ Սուրբ Հոգւոյդ. պահեա՛ զմեզ որպէս բիբ ական եւ արա՛ առ մեզ նշան բարի՝ ի գովեստ եւ ի փառաբանութիւն անուանդ Քում սրբոյ: Զի ի Քո փառս կատարի ամենայն արարածոց մշտնջենաւոր փառաբանութիւն ի բարձունս՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հովի՛ւ քաջ, Հովի՛ւ բարի եւ յաւիտենական, նայեա՛ց եւ ա՛յց արա բանաւոր հօտի Քո, զոր ժողովեցեր առ Քեզ գթութեամբ Քով: Զի Քո առաջի կամք, Տէ՛ր, եւ առ ի Քէն ողորմութեանցդ եւ գթութեանցդ ակն ունիմք: Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛, զամենեսեան լուսաւորեա՛ եւ ամենեցուն պարգեւեա՛ զերկնից արքայութիւնդ: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 2.1-7
1 Արդ, ամէնից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, 2 մանաւանդ՝ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ. 3 այդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծոյ առաջ: 4 Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. 5 քանզի մէկ Աստուած կայ եւ մէկ միջնորդ Աստծոյ եւ մարդկանց միջեւ՝ Յիսուս Քրիստոս՝ մարդը, 6 որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների. 7 դրա համար ես կարգուեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ: