ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ:
Պողոս Առաքյալն ամեն անգամ իր խորիմաստ խոսքերով ընդլայնում է մեր մտահորիզոնը, և մեր ուշադրությունը սևեռում է մեր անձի ու մտածելակերպի վրա: Այսօր նա խոսում է աստվածապարգև շնորհների մասին, որը դարձյալ մեզ վերաբերող մի հարց է, և կարող ենք մեր շուրջը տեսնել անզեն աչքով: Բավական է կազմակերպել մի հավաքույթ, անմիջապես նկատելի է դառնում մարդկանց շնորհները: Մեկը հրաշալի խոսում է, բայց չի երգում, իսկ նա ով լավ երգում է, այդքան ճարտար չի խոսում: Մեկը լավ պարում է, մյուսը՝ նվագում: Մեկը ազնիվ հավատացյալ է, և նշված շնորհներից ոչ մեկից չունի: Մեկը բժիշկ է, մեկը ուսուցիչ: Մեկը լավ քարոզիչ է, որի խոսքը թափանցում է մարդու սրտի խորքերը: Լսելու առաքինությունը նույնպես շնորհ է, երբ մեկը կարողանում է համբերատար լսել: Բայց բոլորիս էլ հանդիպել ենք հազվագյուտ մարդկանց, որոնց Աստված ուղղակի օժտել է բազմատեսակ շնորհներով, հավանաբար տեսնելով նրանց սրտի մաքրությունն ու պատրաստակամությունը այլոց օգնելու և նրանց համար:
Նրանք, որոնք գիտեն, թե իրենց շնորհը Աստծուց է տրված, գոհանալով փառավորում են Աստծու անունը և իրենց շնորհը ծառայեցնում են Աստծու փառքի համար, անկախ ոլորտից: Քանի որ Առաքյալն ասում է, բոլորն էլ Տիրոջն են ծառայում: Իսկ նրանք, որոնք տեղյակ չեն, որ շնորհն Աստծուց է տրվում, հավատում են իրենց սեփական ուժերին, իրենց կրթությանը, ճարպկությանը, աշխատասիրությանը, նպատակասլացությանը, չիմանալով, որ սրանք էլ աստվածային պարգևներ են: Այսպիսիք իրենք շնորհը գործածում են իրենց նյութական շահերի համար, հեղինակություն ձեռք բերելու և փառասիրության համար: Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին, ինչպէս որ կամենում է:
Ժողովրդական խոսքն ասում է,- շահում է այն մարդը, որը վաղ է արթնանում: Այս պարագային շահում է այն մարդը, որը շատ է կարդում Սուրբ Գիրք և տեղյակ է այս բաների մասին և իր շնորհը, կամ շնորհները ծառայեցնում է իր նմանին լավագույնս սպասարկելով: Այնպես, կարծես Շնորհատուն է իր առջև կանգնած: Աստված շնորհը տալիս է, որպեսզի մարդը դրանով ապրի իր համար, և ծառայություն մատուցի հանրությանը, իսկ մարդիկ տեսնելով նրա բարի գործը՝ փառավորեն Աստծու անունը: Բարին նույնպես վարակիչ է, ինչպես որ չարը:
Քրիստոնյայի գլխավոր պարտականություններից առաջինը Աստվածաշունչ կարդալն է, երկրորդը՝ կարդացածը ընկալելը, երրորդը՝ Աստծու գործելաոճի ծանոթանալն է: Այս երեքը անելուց հետո Աստծո խոսքը կյանքից ներս տանելը կրկնակի հեշտ է դառնում: Երբ դու գիտես Աստծու նպատակը՝ քո կյանքի համար, ապա քեզ պարզ է դառնում նաև քո անելիքը:
Աստծու ծրագրերի բոլոր տեսակները միանում են մարդուն փրկության տանող ճանապարհի ավարտին: Աստվածաշունչ կարդացողները գիտեն Աստծո գործելաոճը, թե ինչ կերպեր է գործածում մարդու փրկության համար: Լավագույն օրինակներից է Ենովքը, որին վերցրեց Աստված մինչև ջրհեղեղի աղետը տեղի ունենալը: Իսկ մյուսը Նոյն է, որին փրկեց հենց աղետի ժամանակ: Աստծու այսչափ համբերությունը միայն մեր ապաշխարության և փրկության համար է: Բավական է մենք մեր մեջ հայտնաբերենք այն շնորհը, որը ստացել ենք Աստծուց և ծառայեցնենք Աստծու փառքի համար, աշխարհը կխոխի իր ընթացքը դեպի հավիտենականություն: Հազվադեպ կարելի է հանդիպել, գուցե նույնիսկ չկա էլ ապաշնորհ մարդ, ուղղակի այսպիսին ծույլ է, և չի բացահայտում իր մեջ եղեծ շնորհը, որպեսզի չհոգնի այլոց համար: Միայն հիշենք, որ Աստված շնորհները բաշխումէ առատորեն, որպեսզի մարդիկ միմյանց օգտակար լինեն, սատարեն, և միաբանվեն Քրիստոսի եկեղեցու և Նրա ճշմարտության շուրջ: Փառք Աստծուն Իր տված շնորհների համար, նաև այսօրվա մեր հանդիպման համար:
Աղոթենք միասին ուշադրությամբ, և տեսնենք, թե մենք պահո՞ւմ ենք այն, ինչ խնդրում ենք:
Եկեալքս ամենեքեան ի սուրբ, կաթողիկէ եւ առաքելական Եկեղեցի աղաչեսցուք զՄիածին Որդին Աստուծոյ՝ զՏէրն մեր եւ զՓրկիչն Յիսուս Քրիստոս, որ էջ փառօք Հօր ի մէջ հնոցին եւ փրկեաց զերիս մանկունսն ի Քաղդէացւոց անտի. լուսաւոր եւ սուրբ պահեսցէ զմիտս մեր, զի մի՛ երբեք խաբիցուք մեք ի մեղաց եւ ի ցանկութենէ աշխարհի: Այլ արժանի եղիցուք պահել զպատուիրանս Նորա, առնուլ զպսակն լուսոյ եւ կենաց ի յանձինս մեր, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս՝ Տէր մեր. կեցո՛ եւ ողորմեա՛: Ցօղեա՛, Տէ՛ր, զցօղ բարերար ողորմութեան Քո ի մեղուցեալ անձինս մեր, շիջո՛ զբոց հնոցի յանցանաց մերոց եւ փրկեա՛ զմեզ ի յաւիտենական հրոյն: Արա՛ արժանի ընդ երիս սուրբ մանկունսն եւ ընդ երանելի սուրբ վկայսն օրհնել զՔեզ, գովել եւ Քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 12.4-11
4 Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է:
5 Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում:
6 Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամէնքի մէջ:
7 Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն իւրաքանչիւրի օգուտի համար:
8 Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց,
9 միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով,
10 միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ:
11 Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին, ինչպէս որ կամենում է: