ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի լուր ձեզ Պողոս Առաքյալից, սիրելի հավատացյալներ:
Քրիստոնյաներս հայտնվել ենք աշխարհի անցուդարձի խաչմերուկում և մեզ պետք է կողմնորոշվել, թե ո՞ր ճանապարհով գնալ: Ճանապարհ ցույց տվողները շատ են, ճանապարհները՝ նույնպես: Խորագետ քրիստոնյան ընտրում է ճշմարտության ճանապարհը՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Ըստ Ավետարանի, մեծ փորձությունների ժամանակ է, որ քրիստոնյաները պետք է իրենց սթափ մտածելակերպով, հստակ որոշումներով, սուրբգրային ուղղվածությամբ իրեն հետևից տանեն բազմություններ: Պողոս Առաքյալն ասում է,- այսուհետ մեղքը թող չիշխի ձեր մահկանացու մարմինների վրա, հնազանդեցնելով իրեն: Ամեն քրիստոնյան, որ կրում է Քրիստոսի պատվավոր անունը, Նրան ճանաչելուց հետո իր կյանքում շրջադարձ պետք է կատարի, ինչպես որ Ավետարանն ասում է, նոր գինին հին տիկի մեջ չի պահվի: Դրա համար է առաքյալը ասում ,,այսուհետ՛՛, այսինքն Քրիստոսին ճանաչելուց հետո, ձեր մարմնի անդամները պետք է ծառայեն ոչ թե նախկին կյանքին ու հին մարդուն, այլ արդարության խոսքին ու գործին միայն: Ամեն քրիստոնյա թող ստուգի իրեն այս օրերին, երբ տեղեկատվական հորդառատ լուրեն են հոսում: Մի մասը հավաստի, մյուս մասը՝ բամբասանքի տեսքով: Այստեղ է, որ առաքյալն ասում է ձեր մարդկային տկարության համար եմ ձեզ զգուշացնում, որ չտրվեք ամեն տեսակ կեղծ լրատվության, քաղաքական իրարանցումների և ձեր մարմնի անդամները չծառայեցնենք չար նպատակով: Այլ հակառակը՝ դուք ծառայեք սրբությանը և տրվեք աղոթքի՝ գայթակղությունից զերծ մնալու համար: Հետևելով համացանցին, տեսնում ենք, թե քրիստոնյաների միջոցով որքան վատ լուրեր են պտտվում և տարածվում: Վատ լուրերը ավելի շատ են իրականում, քան վատ գործերը: Այդ չստուգված լուրերը միմյան փոխանցելը ևս չարի ծառայություն է քրիստոնյաների կողմից: Մարդու լեզուն ամենաշատ մեղք գործողն է, այդ փոքրիկ անդամը կարող է ավերներ գործել: Եթե քրիստոնյաների շրջանում է այպիսի տագնապ ու խուճապ, ապա ինչ կարելի է սպասել նրանցից, որոնք ի սկզբանե իրենց մարմնի անդամները հնազանդեցրել էին մեղքի ծառայությանը:
Քրիստոնյայի բերանից դուրս եկած խոսքը կարող է մեկին դարձնել դեպի Աստված, և կարող է հակառակը անել՝ հեռացնել Ատսծուց: Շատ հաճախ ենք մենք լսում, որ քրիստոնյայի վարքագծով բնութագրվում է քրիստոնեությունը, ինչը մեծ սխալ է: Մի խրատական պատմություն կա այս մասին, թե ինչպես քահանան իր պարտեզում ցանկապատն է վերանորոգում, հանկարծ նկատում է, որ հարևանները հավաքվել ու նայում են իրեն: Կատակով ասում է,- նայում եք, արդյոք քահանան տնտեսության մեջ կարողանո՞ւմ է աշխատել: Ոչ,- ասում են մարդիկ, որոնք հետևում էին նրա աշխատանքին, այլ սպասում ենք, որ մուրճը մեխին խփելու փոխարեն մատիդ խփես, ի՞նչ ես ասելու: Նույնպես և քրիստոնյաներին հետևում են՝ կամ ընդօրինակելու, կամ բամբասելու համաւր: Հետևաբար այնպիսի քրիստոնյաներ լինենք, որպեսզի մեր պտուղներից չամաչենք, և առավել ևս քրիստոնեությունը չտուժի դրանից, այլ մեր գործերը տեսնելով թող փառավորվի Աստծու Սուրբ անունը հավիտյան:
Աղոթենք միասին.
Զարթուցեալքս ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս միաբան հոգեւոր երգով ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի՝ ահիւ եւ դողութեամբ կացցուք յաղօթս առաջի Նորա: Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն իրաւանց եւ արդարութեան Նորա. որ ընտրեաց զմեզ ողորմութեամբն Իւրով եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ սրբելով զանձինս մեր ի խղճէ եւ ի չար գործոց, համբարձցուք զձեռս մեր ի սրբութիւն առանց բարկութեան եւ երկմտութեան: Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝ խոստովան լինելով զգաղտնիս սրտից մերոց ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝ շնորհեսցէ մեզ մարդասէրն Աստուած կեալ առաքինութեամբ եւ անարատ վարուք ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 6.12-23
12 Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին: 13 Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ ի ծառայութիւն Աստծոյ՝ որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծոյ, 14 որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի: 15 Իսկ արդ, ի՞նչ: Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք, այլ՝ շնորհի: Քա՛ւ լիցի: 16 Չգիտէ՞ք, թէ ում համար որ դուք ձեզ ծառայութեան մէջ էք դնում հնազանդութեան համար, ծառայ էք, ում որ հնազանդւում էք. եթէ մեղքին՝ մահուան է տանում, իսկ եթէ Աստծոյ հնազանդութեանը՝ արդարութեան: 17 Բայց՝ գոհութիւն Աստծոյ. մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտէ հնազանդուեցիք այնպիսի վարդապետութեան, որ ձեզ աւանդուեց: 18 Արդ, մեղքից ազատագրուածներդ ծառայեցէ՛ք արդարութեան: 19 Մարդկայնօրէն եմ ասում ձեր մարդկային տկարութեան պատճառով. եւ ինչպէս որ ձեր մարմնի անդամները տուեցիք անօրինութեանը՝ որպէս ծառաներ պղծութեան եւ անօրինութեան, նոյնպէս եւ այժմ ձեր մարմնի անդամները տուէ՛ք սրբութեան համար՝ որպէս ծառաներ արդարութեան. 20 որովհետեւ մինչ մեղքի ծառաներն էիք, ազատ էիք արդարութեան հանդէպ: 21 Իսկ արդ, ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որի համար այժմ ամաչում էք. որովհետեւ դրանց վախճանը մահ է: 22 Բայց այժմ, ազատուած մեղքից եւ ծառայ դարձած Աստծուն, ձեր պտուղն էք տալիս սրբութեամբ, եւ նրա վախճանը կեանք է յաւիտենական. 23 քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով: