ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Գոհություն հայտնենք Աստծուն ամեն նոր առավոտի համար, ամեն նոր հնարավորության և նոր հույսի համար, որ պարգևում է մեզ մեր Տէրը՝ Իր պատգամներին հետևելու, մեր բացերը շտկելու, և մեր հոգու փրկությունը ապահովելու համար:
Իմաստունն ասում է Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար: Այս խոսքերից կարող ենք հասկանալ, որ Աստված չի բացառում մարդու մեղանչումը իր կյանքի ընթացքում, սակայն բացառում է մեղքի մեջ մնալը և ապրելը, քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստված մարդու մահը չի ուզում, այլ՝ դարձի գալն ու ապրելը: Մարդ արարածի սիրտը աշխարհի ամենագաղտնի վայրն է, որին նույնիսկ սրտի տերը ամբողջությամբ ծանոթ չէ, այլ միայն Աստված: Աստված տեսնում է, որ մարդը մեղքի ցանկությունը և որոշումը պահում է սրտում, ծառայելով բանսարկուին, սակայն արտաքուստ այլ նկարագրով է ներկայանում ի տես մարդկանց: Այս երևույթի պատճառով է ասում Աստված, թե ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն: Իսկ մեղքը զղջացող և սրտում մեղքի ցանկություն չպահող մարդկանց հոգին Աստծո ձեռքերի մեջ է, և մահը նրանց չի մոտենա: Ոչ թե այս տեսակ մարդիկ ֆիզիկական մահ չեն ունենա, այլ դատաստանի ժամանակ կազատվեն հավիտենական տանջանքից ու մահվանից, իրենց զղջումի ու դարձի շնորհիվ:
Այս երևույթը լավ պատկերացնելու համար, հիշենք մեր ապրած ժամանակաշրջանում էլ եղան շատ մեծ ու փոքր դեպքեր, երբ արտաքնապես իրենց բարեպաշտ ցույց տվող մարդկանց գործերը քննում են և բացահայտվում է նրա իրական կերպարը: Աստվածաշունչը ամեն դեպքի համար ունի խրատ և ասում է չկա ծածուկ բան , որ չհայտնվի:
Այո, Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար, և միևնուն ժամանակ Ծննդոց գրքում ասում է, որովհետև մարդկան միտքը մանկուց չարի ծառայության մեջ է: Կյանքը հենց այդ ժամանակահատվածն է, որ մարդը ճանաչի իր մեղանչական բնությունը, կարդա Աստծու ծրագիրը իր կյանքի համար, և նախապատրաստվի պատվով մահվան, ոչ թե մեղքի մեջ:
Քրիստոնա հավատացյալը իրավունք չունի իր սիրտը դժոխք դարձնել ծածուկ մեղքերի պատճառով, քանի որ լավատեղյակ է, որ Աստված սրտերն է քննում, ոչ թե արտաքին տեսքը: Խորագետ քրիստոնյան ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալով իր կյանքի մեջ փոփոխություն է բերում, որովհետև Քրիստոս հայտնվում է մարդու դժոխք սրտում և մաքրագործում է այն: Մի օր էլ քրիստոնյան տեսնում է, որ իր սրտում նենգություն չկա այլևս, որ կար առաջ: Այլևս չի նախանձում, ինչի պատճառով մահը մտավ աշխարհ բանսարկուի միջոցով: Եկեղեցու հայրերը նախանձը յոթ մահացու մեղքերի շարքում են դասել՝ իր վտանգավորության պատճառով:
Այս ճանապարհով միայն քրիստոնյան կարող է մարտնչել չարի դեմ պայքարում: Մեղքը նախ մանուկ է լինում, ապա հետո է մեծանում, հետևաբար մանուկ հասակում պետք է արմատախիլ անել սրտից:
Մեր պարտականությունն այն է, որ մեր մտքում պահենք Աստծու ամեն պատգամ, որը վերաբերում է մեր հոգու փրկությանը: Պողոս Առաքյալն է ասում,- Տեսակ - տեսակ եւ օտարոտի ուսմունքների մէջ մի՛ տարուբերուէք, քանզի լաւ է շնորհով ամրացնել սիրտը եւ ոչ թէ՝ կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպէս ընթացան: Աստվածպաշտություն, Արդարություն, հավատ, սեր, համբերություն, հեզություն ունեցիր, և պայքարիր այն բանի համար, ինչի համար որ կանչվեցիր՝ այսինքն անեղծ լինելու:
Աղոթենք միասին.
Հա'յր գթած, բարեխնամող, արարիչ ամենայն արարածոց, ընկա'լ զպաղատանս ծառայից քոց ի ժամ առաւօտոս, որ առատդ ես առ ամենեսեան պարգեւօք
բարերարութեան քո: Ողորմեա', Տէ'ր, ամենայն աշխարհի եւ եկեղեցւոյ քում սրբոյ. հիւանդաց, վշտացելոց, ճանապարհորդաց, նաւորդաց, խոստովանողաց,
ապաշխարողաց եւ հոգւոցն հանգուցելոց: Զի դու, Տէ'ր ամենակալ, գիտես զպէտս մեր եւ զկարիս առաւել, քան զոր խնդրեմք եւ իմանամք, եւ քեզ ընդ Որդւոյ եւ
Ամենասրբոյ Հոգւոյդ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Իմաստություն Սողոմոնի 2.23- 3.8
Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի: Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն: Բայց արդարների հոգիներն Աստծոյ ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց: Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ: Ու թէպէտ եւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ-ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն: Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց: Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով: Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը: