ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ. Մենք արդեն գիտենք, որ մեղքն ու մահը մարդու միջոցով աշխարհ եկավ, իսկ շնորհն ու փրկությունը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Սակայն մեղքն ու մահը աշխարհ բերող մարդը չի ուզում ենթարկվել փրկություն Բերող Քրիստոսի կարգ ու կանոնին, խրատին ու պատգամին: Ինչու:
Այսօրվա Ավետարանի մեջ մեր Տէր Հիսուս Քրիստոս կանչում է բոլոր հոգնածներին, դժվարությունների տակ ծանրաբեռնվածներին, որպեսզի թեթևացնի նրանց հոգսերը: Այսինքն կանչում է մեզ, քանի որ մենք՝ բոլորս առանց բացառության, օրվա ընթացքում տասնյակ անգամներ ասում ենք. «հոգնել ենք արդեն ամեն ինչից»: Սա ուրախ արտահայտություն չէ, այլ մենք դժգոհում ենք մեր ապրած կյանքից, մեր իրականությունից, տիրող անարդարությունից, անհավասարությունից, և այլն: Դժգոհում ենք իրականությունից, և չենք գնում Նրա մոտ, որը խոստանում է ազատել մեզ այդ նեղությունից:
Չենք գնում, որովհետև թերահավատորեն ենք մոտենում ասվածի ճշմարտությանը: Մենք սովոր ենք ամեն ինչ կանխիկ տեսնել ու շոշափել: Մենք չենք ուզում այդ ամենը սկսել մեզնից, փոխելով մեզ՝ մեր հին մարդուց, հին մտածելակերպից, ամրացած մեղքերից և այլն: Մենք ապրում ենք մեղքի մեջ և ուզում ենք, որ շրջապատում ամեն ինչ փոխվի դեպի լավը, դեպի բարին: Քրիստոնյաների համար այսպիսի կյանք չի խոստացել Հիսուս Քրիստոս իր վարդապետության մեջ: Մեր Տիրոջ այս հրավերը կանչ է բոլորիս համար, դեպի փրկություն տանելու ճանապարհին: Այն քրիստոնյան, որը լսել է այս կանչի ձայնը, հետևել է Քրիստոսի խոսքին, հավատացել է, որ Նրա լուծը քաղցր է, և բեռը ՝ թեթև, այդ քրիստոնյան ուրախ է իր կյանքում, տրտնջացող չէ եղած իրականությունից, չնայած, որ ինքն էլ ապրում է այդ միջավայրում, նա աղոթող և և գոհացող ամեն ինչից: Ճշմարիտ քրիստոնյան եթե ուրախ չլինի, նրան նայողը չի կարող ընդունել Աստվածաշնչի ճշմարտությունը: Ճշմարիտ քրիստոնյան եթե աղոթող չլինի, նա չի կարող օրինակ լինել այլոց կյանքի մեջ: Պողոս առաքյալը ասում է միշտ ուրախ եղեք, միշտ աղոթք արեք, և միշտ գոհացեք: Միշտ աղոթք անել, չի նշանակում լուսաբացից մինչ երեկո աղոթագրքեր կարդալ, եկեղեցուց դուրս չգալ: Ոչ, ամենևին այդպես չէ: Մշտապես աղոթել նշանակում է սիրտը պահել այնպիսի հոգեվիճակում, որ ցանկացած պահի համարձակ թույլ տաս, որ Աստված մտնի այնտեղ և ամեն ինչ կարգին տեսնի: Հիսուս Քրիստոս սրա համար է կանչում հոգնած և մեղքի տակ բեռնավորվածներին, որպեսզի Իր խոսքի զորությամբ ազատի այդ կապանքներից: Եթե քրիստոնյան գոհ է, ուրախ է, աղոթող է, ուրեմն ապրում է Քրիստոսի ներկայության մեջ, և նրա համար աշխարհի խառնաշփոթը վտանգավոր չէ, այլ միայն՝ մտահոգիչ, քանի որ իր ազգն է, իր բարեկամն է, իր Հայրենիքն է: Այսպիսի քրիստոնյան է, որ կարող է իր կյանքով քրիստոնեության իրական պատկերը և որակը ցույց տալ և հասանելի դարձնել շատերին: Աստված գործում է նաև անհատների կյանքում: Վերցնենք Քրիստոսի քաղցր լուծը, Ինքը մեզ կսովորեցնի, թե ինչպես հեշտությամբ տանենք դա: Չենք կարող ապրել մեր կամքի մեջ, և ուրախ լինել: Չենք կարող ապրել մեղքի մեջ և խաղաղ լինել: Չենք կարող ծառայել աշխարհին և պահանջել Աստծուց: Յոթներորդ սաղմոսն ասում է. «Մեղաւորների վրայ չարիք կը գայ, իսկ արդարին յաջողութիւն կտա, սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստուած»։
Աղոթենք միասին:
Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ Քեզ, անբաժանելի Լո՛յս, միասնական Սուրբ Երրորդութի՛ւն եւ Մի Աստուածութի՛ւն, արարի՛չ լուսոյ եւ հալածի՛չ խաւարի: Հալածեա՛ ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեանց եւ լուսաւորեա՛ զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝ աղօթել Քեզ ի հաճոյս եւ ընդունել ի Քէն զխնդրուածս իմ. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 11.25-30
25 Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին: 26 Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ: 27 Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզի յայտնել: 28 Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածնե՛րդ ու բեռնաւորուածնե՛րդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ: 29 Իմ լուծը ձեզ վրա՛յ վերցրէք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30 որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»: