ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս, Քրիստոսի Ավետարանի պատգամին սպասող հավատացյալ ունկնդիրներ: Ամեն օր մենք առիթ ունենք ուրախանալու Աստծու երևելի լույսը տեսնելու պատճառով: Առիթ ունենք ուրախանալու Նրա իմանալի լույսը՝ որ Իր պատգամներն է, լսելու պատճառով: Մեզ մնում է խնդրել Աստծու ողորմությունը մեր լսածները մտապահելու և կատարելու համար: Լսել Ավետարանի խոսքը և չկատարել, նշանակում է Պատարագի մասնակցել և չհաղորդվել: Երբ աչքը տեսնում է, ականջը լսում է, միտքը ընկալում է Աստծու խոսքը, այդ ժամանակ սիրտը սիրով ընդունում է այդ անկողոպտելի գանձը: Զարմանալի Գիրք է Աստվածաշունչ մատյանը, ամեն անգամ նորովի է բացահայտում իրեն նրան՝ ով ձեռքն է վերցնում: Զարմանալի է նաև այն, որ Հիսուս Քրիստոս ընդամենը երեք տարի շրջեց, քարոզեց, սովորեցրեց աշակերտներին, բայց ահա 2000 տարի է անվերջ մեկնաբանվում է և չի վերջանում:
Ղուկասի Ավետարանի այս գլխում մեր Տերը կանխասացություն է անում տաճարի կործանման մասին, այն ժամանակ, երբ աշակերտները հիացմունքով նկարագրում էին տաճարի գեղեցկությունը, հանկարծ Ինքը անակնկալ ձևով ասում է, որ կգան օրեր, որ այդ տաճարի քարը քարի վրա չի մնալու: Աշակերտները զարմացած հարցնում են,- Վարդապետ, ե՞րբ կլինի այդ: Ճիշտ այնպես, ինչպես մեր օրերում շատերը հետաքրքրությունից դրդված գուշակություններ են անում մեծ նեղության ժամանակի մասին, ժամանակներ են գուշակում: Մարդը նույնպես զարմանալի արարած է, հետաքրքրվում է հրաշքով, բայց ոչ փրկությամբ: Հետաքրքրվում է աշխարհի վախճանով, բայց որ դրան նախապատրաստվելով:
Հաջորդ գլուխները կարդալով մենք տեսնում ենք, որ ամեն ինչ կատարվել է այնպես, ինչպես որ Հիսուս կանխավ ասել է աշակերտներին: Ինչպես որ մի հայր իր զավակին սովորեցնում է կյանքի դժվարություններին ընտելանալ, այնպես էլ մեր Տերը մեզ է սովորեցնում գալիք փորձություններին դիմակայելու գաղտնիքները:
- Զգույշ կացեք, չխաբվեք, ասում է Տէր Հիսուս Քրիստոս: Այս խոսքերը ասում է աշակերտներին, բայց մեկ այլ տեղում ասում է,- ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում: Հետևաբար այս խոսքերը վերաբերում է նաև մեզ: Նայենք մեր կյանքին: Ինչքան ենք խաբվում մենք: Թե հոգևոր ոլորտում, թե քաղաքական ոլորտում: Ինչքան մարդիկ մեր հայրենակիցներից խաբվեցին և գնացին կրոնական այլ ուղղությունների հետևից, խաբվելով նրանց ճարտար լեզվից: Մինչդեռ Հիսուս Քրիստոս ասում է, կգան իմ անունով, բայց դուք նրանց հետևից չգնաք: Այս բոլոր բաները զգուշացնելուց հետո աշակերտներին պատրաստում է ավելի վատ լուր ասելու համար:
Նախապատրաստում է աշակերտներին գալիք դժվարությունների, երկրաշարժների, սովի, ժանտախտի, ձեռբակալությունների և նույնիսկ սպանությունների մասին է զգուշացնում, որ իրենց հետ պատահելու է Իր անվան համար: Զարմանալի է, որ այս զարհուրելի լուրեը հայտնելուց հետո նա աշակերտներին ասում է, բայց դուք չվախենաք, որովհետև պետք է, որ նախ այս բաները լինեն: Հորդորւոմ է աշակերտներին ևս մի կարևոր բան. Ասում է, ձեր մտքում պահեք իմ ասածները, որ երբ պատահի իմանաք ինչ եք անելու:
Հիմա վերադառնանք մեր ժամանակներ: Ինչ որ ասաց Առաքյալներին, ճշգրտությամբ կատարվեց, ինչ որ գրված է գալիքի համար նույնպես կատարվելու է, քանի որ այդ մասին էլ է զգուշացրել նախապես: Մենք այսօր մեր փորձությունների մեջ հիշո՞ւմ ենք ինչ է ասվել մեզ, հիշո՞ւմ ենք, որ ասաց, ես ձեզ կտամ բերան և իմաստություն, որին չեն կարող պատասխան տալ ձեր հակառակորդները: Հիշո՞ւմ ենք, որ ասաց ձեր գլխից մի մազ անգամ պակասի: Եվ այս բոլորից պատվով դուրս կգանք, եթե համբերություն ունենանք: եթե համբերություն ունենանք կշահենք մեր հոգիները: Իսկ մենք համբերություն ունե՞նք: Յուրաքանչյուրը թող մտքում պատասխանի այս հարցին, նաև թող մտածի, հիշում է արդյոք Տիրոջ խոսքերը, որ ասաց. Ձեր մտքում պահեք այն, ինչ ասում եմ: Իսկ Պողոս Առաքյալն ասում է, Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. Ուրեմն եթե համբերող լինենք չարչարանքներին, արժանի կլինենք նաև փառքին: Աղոթենք, որ չընկնենք չարի լարած թակարդի մեջ և չկորցնենք փրկության հույսը:
Աղոթենք միասին:
Տո՛ւր զօրութիւն ծառայի Քո, կեցո՛ զորդի աղախնոյ Քո եւ արա՛ առ իս նշան բարութեան:Տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի Դու, Տէ՛ր, օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս:
Անձն իմ ի ձեռս Քո է յամենայն ժամ, եւ ի սուրբ խաչ Քո յուսացեալ եմ, Թագաւո՛ր երկնաւոր. զբազմութիւն սրբոց Քոց բարեխօս ունիմ առ Քեզ: Որ երկայնամիտդ ես առ ամենեսեան, մի՛ անտես առներ զապաւինեալս ի Քեզ, այլ պահեա՛ պատուական եւ սուրբ խաչիւ Քով ի խաղաղութեան: Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 21.12-19
12 Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները: