ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Ավետարաններին անծանոթ մարդու համար, Հիսուս Քրիստոսի այս խոսքերը բացի նրանից, որ անհասկանալի կթվա, նաև ահ ու սարսափ կառաջացնի: Քանի որ մենք լսել ենք, որ Քրիստոս աշխարհ եկավ մարդկության փրկության համար, մարդուն մխիթարելու համար, աղքատին ու տնանկին սատարելու համար: Իսկ հիմա ասում է չեկա, որ խաղաղություն հաստատեմ, այլ՝ սուր: Այս է պատճառը, որ Ավետարանը ճիշտ բացատրությամբ ընկալվում է միայն իր ամբողջության մեջ, ոչ թե առանձին տողեր վերցրած:
Երբեմն հանդիպում ենք մարդկանց, որոնք Ավետարանից առանձին մտքեր կտրում են և միմյանց հակահարված տալու համար գործածում, ինչը սխալ է: Հիսուս Քրիստոսի այս խոսքերի մեջ վրդովմունք կա: Որովհետև փարիսեցիները նրա կատարած հրաշքները տեսնում էին, բժշկությունների մասին լսում էին և ասում էին որ Քո մեջ դև կա այն պահին, երբ բժշկեց դիվահարվածին: Այս խոսքերը ասելուց առաջ Նա Իր աշակերտներին իշխանություն տվեց դևեր հանելու, ամեն տեսակ հիվանդություն բժշկելու և ուղարկեց Իսրայելի կորած ոչխարների մոտ: Իշխանություն է տալիս դևեր հանելու, բայց նաև պատվիրում էր, ոսկի, արծաթ և պիղծ դրամ չունենալ: Նույնիսկ երկու կոշիկ, երկու զգեստի կարիք չկա, քանի որ մշակը արժանի է իր կերակրին: Քրիստոս գիտեր, որ բուժված հիվանդները աշակերտներին անմասն չէին թողնի իրենց բարիքներից: Հիմա պատկերացնենք, որ մեր անդամալույծ հիվանդը քահանայի աղոթքով բժշկվի, միթե ծնողը որևէ բան կխնայի վարձահատույց լինելու համար: Անշուշտ ոչ: Հիսուս Քրիստոս գիտեր նաև, որ աշակեևտները դժվարության են հանդիպելու Իր խոսքի քարոզության մեջ: Եթե Իրեն Բէեղզեբուղ կոչեցին, ապա ինչ կանեին աշակերտներին:
Մինչև մեր օրերն էլ մարդկությանը հասանելի չեղավ, որ մշտական խաղաղությունը առանց Աստծո խոսքի անկարելի է: Կա ձեռքբերովի և կարճաժամկետ խաղաղություն, որը շուտով վերանում է, քանի որ հաստատված չէ Ավատարանի ճշմարտության վրա, այլ մարդու վաղանցուկ գաղափարների վրա: Հեռու գնալ պետք չէ, նախորդ դարեր վերադառնալու կարիք չկա, բավական է նայենք մեր շուրջը: Ոչ երկիրն է խաղաղ, ոչ հասարակությունը, ոչ ընտանիքը, ոչ էլ անհատը: Խաղաղ է այն միայն մարդը, որը իր սրտում ունի խաղաղության Արարիչ՝ Հիսուս Քրիստոսին:
Խաղաղ է այն ընտանիքը, որի անդամները հավատում են Աստծուն և ապրում են Նրա հետ: Մնացած դեպքերում մարդիկ բաժանված են ըստ վերը նշված Իր այն խոսքի, թե՝ «քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից եւ դստերը՝ իր մօրից եւ հարսին՝ իր սկեսուրից» և այլն: Հատուկ ցուցումներ է տալիս, թե ով է իրեն արժանի: Իրեն արժանի է նա, որը իր խաչը վերցնում և հետևում է Տիրոջը, ով իր հորն ու մորը ավելի շատ չի սիրում, ով իր զավակներին ավելի չի սիրում քան Քրիստոսին: Իրեն սիրելը պայման է ամեն տեղ, որովհետև առանց Աստծո սիրո, անկերելի է անշահախնդիր սեր գտնվի որևէ մեկի մոտ: Դրա համար ոչ ոք խաղաղություն չունի, այլ մեկական սուր վերցրած պայքարում են միմյանց դեմ՝ հանուն փառքի, հանուն փոխի, հանուն սեփական շահի, բայց ոչ երբեք հանուն Քրիստոսի սիրո, կամ մերձավորի սիրո: Քրիստոնեությունը կատարյալ կրոն է, այն աղավաղում են քրիստոնյաները: Մեկը մյուսին աչք տալով ճշմարիտ քրիստոնեությունը հարմարեցնում են իրենց պատկերացումներին: Ավետարանը բաց է ամենիք առջև, հասանելի է ամենքին, նույնն է ասում 2020 տարի: Խոսում է մարդու հետ Ավետարանը և ասում.-
Թե լեզու չգիտես՝ քո թարգմանիչն եմ: Թե ճամփա չգիտես՝ քո ուղեկիցն եմ: Թե միայնակ ես՝ քո զրուցակիցն եմ: Թե անիրավված ես՝ քո մխիթարիչն եմ:
Սիրելիներ, եթե քրիստոնեական հավատը կարողացել է հանդուրժել այսքան ամբարտավանություն և շարունակում է գոյատևել, նշանակում է այն ճշմարիտ խոսքն է Հիսուսի Քրիստոսի:
Աղոթենք միասին.
Առաքեա՛, Տէ՛ր, զլոյս Քո եւ զճշմարտութիւն Քո, զի առաջնորդեսցեն ինձ եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս Քո: Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ: Խոստովան եղէց Քեզ օրհնութեամբ, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ: Արդ, ընդէ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ Նմա. փրկիչ երեսաց իմոց Աստուած է: Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.34-42
34 Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35 քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից եւ դստերը՝ իր մօրից եւ հարսին՝ իր սկեսուրից: 36 Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն: 37 Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: 39 Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: 40 Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: