ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, Քրիստոսին ապավինող և հավատացող սիրելի բարեկամներ.
Հավատացյալների շրջանում չկա մեկը, որն Ավետարանի այս տողը լսած չլինի, քանի որ չկա մեկը, որը ննջեցյալի հոգեհանգստի արարողության, կամ հուղարկավորությանը մասնակցած չլինի: Սովորաբար մարդկանց մեջ ընդունված չէ մահվան մասին խոսել սովորական քննարկումների ժամանակ, քանի որ այն վախի զգացողություն է առաջաացնում մարդկանց մոտ: Դա էլ իր հիմնավոր պատճառներն ունի: Մահը երբեք սրտով չի ընկալվել, երբ դագաղ ենք տեսել, մտածել ենք, որ մարդ է մահացել: Յուրաքանչյուրս, երբ մասնակցում ենք որևէ հուղարկավորության, գնում ենք միայն հրաժեշտ տալու, գնում ենք, որովհետև նա մահացել է: Մինչդեռ մենք պետք է գնանք, որովհետև նա նախ՝ ապրել է, և իր ապրած տարիների ընթացքում մեր կյանքում թեկուզ փոքրիկ ներդրում ունի, մի խորհուրդ ունի տված, մի հետք է թողել մեր կյանքի մեջ: Շատ է պատահում, որ ննջեցյալի մահից հետո ենք հիշում, որ նա մեր սրտում ցորենի մի հատիկ է դրել, որը հետո է աճելու: Հիշո՞ւմ եք, Հիսուս Քրիստոս մահից առաջ ասաց,- Եթե դուք ինձ իսկապես սիրեիք, ապա կուրախանայիք, որ ես գնում եմ իմ Հոր մոտ:
Մենք մահվան մասին միշտ մտածում ենք որպես բաժանում, որովհետև մտածում ենք, որ այլևս չենք լսի նրա ձայնը, չենք ապրի նրա ներկայության մեջ, չենք ողջագուրվի, որ մեզ համար այդքան թանկ էր: Սակայն մոռանում ենք, որ մահը լինելով բաժանում հարազատից, միաժամանակ կենդանի հոգու հանդիպումն է Կենդանի Աստծուն: Հոգին այնտեղ հանդիպում է այնպիսի տեսարանի, որը հասանելի չէ երկրի վրա ոչ մեկին: Մահով ավարտվում է տանջանքը երկրի վրա, եթե հիվանդ էր, ցավերի տառապանքի մեջ էր, եթե վիրավորված էր, եթե ամբաստանված էր արդարության համար... Նրա հոգին հիմա տեսնում է իրական լույսը, այն ինչը փնտրում էր երկրի վրա: Այսինքն կյանքը հաղթեց մահին: Հավիտենականը հաղթեց ժամանակավորին:
Մի հայտնի պատմություն կա, երբ մահանում է տան մեծ մայրը, որը ցավերի մեջ տառապել է երկար ժամանակ: Երեխաներին հեռացնում են այդ սենյակից, հասկանալի պատճառներով, բայց երբ գալիս է ընտանիքի բարեկամ՝ խորհրդակատար հոգևորականը, իր պատասխանատվությամբ ներս է բերում երկու թոռներին՝ 5 և 7 տարեկան: Յոթ տարեկան տղան երբ տեսնում է տատիկի խնամված և խաղաղ դեմքը, ասում է, - ինչ լավ է, որ տատիկին էլ ոչ մի տեղ չի ցավում, ինչ խաղաղ է պառկած: Երեխայի այս խոսքերը մեծերին էլ մտածելու տեղիք են տալիս:
Մենք նաև ականատես ենք լինում շատ հոգեհանգստյան կարգերի ժամանակ, մարդիկ ձեռքերին վառած մոմեր ունեն պահած: Ի՞նչ են այս մոմերի լույսերը: Լույսը ազդում է խավարի վրա, առաջինը լույսը եղավ աշխարհում, լույսը կյանքի նշան է: Վառած մոմերը պահած մարդիկ աղոթում են ննջեցյալի համար, որպես թե այս մարդը իր կյանքը ապրեց ինչպես լույսը խաղարի մեջ: Իր ներկայությամբ լուսավորեց մեր կյանքի խավար մասերը: Մենք հավաքվել ենք, ոչ թե նրա մահվան առիթով, այլ նրա ապրած կյանքը փաստելու այս մոմերի լույսով: Մենք հավատում ենք Հարությանը, այս մոմի լույսը նաև հարության լույս է, հավիտենության հույս է: Հիսուս Քրիստոս Իր մահով մահը հաղթեց: Այո հաղթեց: Մենք յուրաքանչյուր հուղարկավորությունից վերադառնալուց հետո մեր կյանքը պետք է ապրենք նորովի, փոխված, լույսի պես լուսավորելով, որովհետև մի օր էլ մենք ենք լինելու այդտեղ և մեր մասին են այսպես մտածելու: Ցանկացած մարդու մահ մեզ հանձնարարություն է տալիս: Մենք մեր կյանքը ապրում ենք որպես սևագրություն, որը պետք է մաքրագրվի ամեն օր: Ամեն ոք ննջեցյալի դագաղի մոտ մտքում պետք է ասի. - Օրհնեալ է Աստված, որ կյանք է պարգևում: Օրհնեալ է Աստված, որ վերցնում է այն: Երբ ննջեցյալը երկրի վրա էլ Աստծո հետ է ապրել, ապա երանելի է այդպիսի մահը:
Աղոթենք միասին մեր ննջեցյալների հոգիների համար:
Քրիստոս, Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ,Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին, Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս: Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը: Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին, Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն, Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը, Ողջերի և մահացածների Դատավոր: ԵՎ Քեզ է վայել փառքը և պատիվը այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից: Ամեն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 12.24-26
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար: Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը: