ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս, սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս. Հավանաբար նկատել եք, որ օրվա ընթերցվածքներում Ավետարաններից բացի ընդգրկված են նաև մարգարեություններ, առակներ, ինչպես նաև առաքյալների թղթերից: Աստվածաշնչի բոլոր գրքերը վկայում են մեղավոր մարդու ամբարշտության և արդար մարդու հալածանքի մասին: Այս երևույթը մեզ անծանոթ չէ, որովհետև նույն պատկերը մեր օրերում է: Հիմա տեսնենք, թե որտե՞ղ է գաղտնիքը, ինչո՞ւ է մարդը հարատևում մեղքի մեջ, ինչո՞ւ չի տեսնում իր մեղքը:
Գորտի հանրահայտ առակը բոլորս գիտենք, սակայն քչերս ենք այն վերագրում մեզ: Փառք Աստծուն նրանց համար, որոնք դուրս է այս վիճակից: Առակն ասում է, եթե գորտին գցես եռացող ջրի մեջ անմիջացես ցատկելով դուրս կգա ջրից: Սակայն եթե դնես սառը ջրի մեջ, և ջուրը աստիճանաբար տաքացնես կրակի վրա, գորտը աստիճանաբար կհարմարվի այդ ջերմությանը և չի զգա, թե ինչպես կորցրեց ցատկելու հատկությունը և դուրս գալը այլևս անհնար կլինի: Այս օրինակը շատ հարմար է մեզ, մեր՝ մեղքերին աստիճանաբար հարմարվելու սովորությանը: Ոչ ոք հանցագործ չի ծնվում, ոչ ոք մարդասպան և գող չի ծնվում: Նայեք նորածին մանուկներին, նրանք ժպտալուց բացի ուրիշ բան չեն անում: Սակայն այս անմեղ մանուկներից ստացվում են Ստալիններ, Լենիններ, Հիտլերներ, մանյակներ, ահաբեկիչներ, մարդասպաններ, ավազակներ և այլ սարսափելի արարածներ, որոնք ապրում են երկրի երեսին, նեղություն ու հալածանք պատճառելով արդար մարդկանց:
Մեղքը աննկատ մեծանում է մարդու հետ, ձեռք է բերում իշխանություն մարդու վրա, և մի օր մարդու հոգու մեջ կատարում է պետական հեղաշրջում, և սկսում է ղեկավարել մարդու կյանքը: Մեր Հոգեկիր Պողոս Առաքյալը հռոմեացիներին ուղղված ի նամակում հանգամանալից ներկայացնում է մարդկության ընկած վիճակը և ներկայացնում է մեղքի հնարավոր տեսակները և առաջացման պատճառները: Մարդը երբեք չի փնտրում ուղղիչ դպրոցի ճամփան, խրատող ուսուցիչ, հոգատար բարեկամ, քննադատող ընկեր, ճշմարիտ խոսք: Առաքյալի օրոք էլ այսպիսի մարդիկ եղել են, որոնց Աստված մատնել է անարգ մտքերի: Պողոս Առաքյալն ասում է. մարդիկ ամենեւին արդարանալ չեն կարող. որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին: Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս։ Հռոմ 1:28
Մարդիկ ամենևին էլ միանգամից չեն լցվել այս մեղքերով: Ոչ: Նրանք միանգամից չեն եղել այդպիսին: Սա սկսվում է մանր մեղքերից, մանր ստերից, փոքր համարվող չզղջացած մեղքերից: Օրինակ՝ երբ երեխային ասում ես՝ ասա հայրս տանը չէ, երբ թաքցնում ես եկամուտիդ չափը՝ հարկը քիչ վճարելու համար, երբ աշխատանքից ուշանումե ես և ասում ես, որ խցանում էր, բայց դու քնած էիր, երբ մեկի գաղտնիքը մյուսին ես ասում և ասում ես մարդու չասես, երբ կշեռքի մեջ խաբում ես, բայց դա արտաքինից չի դա երևում: Մի խոսքով մարդու կյանքը կազմված է այսպիսի մանր մունր կեղծիքներից, ու մարդը չի զգում, թե ինչպես անցան տարինեը, և այս մեղքերը ամրացան մարդու հոգում: Իսկ երբ գալիս է մեծ գայթակղությունը, մարդը չի կարողանում դիմակայել և ամբողջությամբ ընկղմվում է մեղքի մեջ, քանի որ մանր մեղքերի մետաստազները արդեն տարածված են սրտում: Այլ բան չի կարելի սպասել այն մարդուց, որն անտարբեր է իր նկատմամբ և առավել ևս անտարբեր է Աստվածաշնչի պատգամների նկատմամբ: Մարդը նախ չի լվանում ձեռքերը, հետո ոտքերը, հետո ամբողջ մարմինը: Այդ տհաճ հոտին ընտելանում են նրա քիթն ու բերանը, իսկ գարշահոտությունը տարածվում է ամենուր: Մեղքը ճիշտ այսպես է: Սկսվում է ամենափոքրից, որը չի համարվում մեղք:
Սբ. Գիրգոր Լուսավորչի վարքի մեջ մի հարց ու պատասխան կա, որտեղ Լուսավորիչը հրեշտակին հարց է տալիս, թե ո՞ր մեղքն է, որ չի ներվում, հրեշտակը պատասխանում է. - այն մեղքը, որը մարդը չի զղջում՝ փոքր կարծելու պատճառով: Մեր ուրախությունն այն է, որ մենք ունենք Սուրբ Գիրք, և այն դեռ հիշեցնում է մեզ: Այո, դեռ հիշեցնում է մեզ, քանի դեռ ապրում ենք, այն մեր հայելին է: Կգա ժամանակ, որ հայելու կարիք չենք ունենա, որովհետև տեսք էլ չենք ունենա: Ոչ ոք մարդասպան չի ծնվում, ոչ ոք անբարոյական չի ծնվում, սակայն բոլորը դառնում են մեղավորներ Աստծո աչքի առջև՝ և մեղքը բույն է դնում նրաց սրտում, Հիսուս Քրիստոսին արժանի և վայել պատիվ չցուցաբերելու պատճառով: Այսօր «ոչ» ասենք մեղքին, և թող խաղաղությունը բնակվի մեր տներում: Սուրբ Հոգին գա և մեր սիրտը մաքուր գտնելով հանգչի մեզ վրա: Դավիթ Մարգարեն ասում է.- եթե Աստված մեղք տեսներ իմ սրտում, իմ աղոթքը չէր լսի: Դարձյալ սրտի մաքրության մասին է խոսքը:
Աղոթենք միասին:
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Առակներ 29.2-7
Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ: Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը: Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն: Ով կռիւ է փնտրում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար: Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կլարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ: Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի: