ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, Քրիստոսի հաստատած եկեղեցու հավատարիմ անդամներ: Ըստ եկեղեցական օրացույցի այսօր տոն է՝ նվիրված հայ եկեղեցու հայրապետության և միաժամանակ ամբողջ ընդհանրական եկեղեցու ստեղծման: Էջմիածնի տոնը կատարվում է Սբ. Գր. Լուսավոչի Վիրապից դուրս գալու հաջորդող կիրակի օրը: Սբ. Էջմիածնի տոնին հիշատակվում է Ագաթանգեղոսի կողմից նկարագրաված Լուսավորչի տեսիլքը, ըստ որի՝ Աստծո Միածին Որդին իջնելով երկնքից, ոսկե մուրճով խորտակեց Վաղարշապատի հին հայկական հեթանոսական պաշտամունքի վայրը և հաստատեց Իր լուսեղեն տաճարը: Այնուհետև կառուցվեցին եկեղեցիներ ամենուրեք, որպեսզի քրիստոնեություն ընունած հայ ժողովուրդը ունենա իր աղոթարանը, Աստծուն փառաբանելու իր սուրբ վայրը: Եկեղեցական տոներն էլ ամեն տարի կրկնվում են, որպեսզի ժողովրդի գիտելիքը ամրանա մեր եկեղեցու և Նրա պատմության վերաբերյալ: Եկեղեցու գլխավոր դերը հավատացյալին դեպի փրկություն առաջնորդելն է, նրա հոգու փրկության համար ջանք թափելն ու Ավետարանի ճշմարտությունը ուսուցանելն է: Հավատացյալը եկեղեցում պետք է հոգևոր աճ ունենա հոգևորականի նախանձախնդրության և իր ակտիվ մասնակցության շնորհիվ:
Այժմ տեսնենք թե ինչ ասում օրվա Ավետարանը: Ինչպես մյուս երեք Ավետարանները, այնպես էլ Մաթևոսի Ավետարանը սկզբից պատմում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, Նրա երեք տարվա հանրային ծառայության, ձեռբակալման, խաչելության, Հարության, համբարձման և հոգեգալստի մասին: Իսկ վերջին գլուխներում Հիսուս Իր աշակերտների հետ արդեն խոսում է ավելի դժվարընկալելի բաների մասին, մեծ նեղությունների մասին, գալիք փորձությունների մասին, որպեսզի երբ լինի, աշակերտները մոլորության մեջ չընկնեն: Որքան էլ որ մանրամասն պատմեց, բացատրեց, միևնույն է իր խաչելությունից հետո աշակերտները գրեթե բոլորն էլ փորձության ենթարկվեցին և նորից հաստատվեցին իրենց հավատքի մեջ Քրիստոսի հարությունից հետո հանդիպումների ժամանակ:
Հիսուս Քրիստոս Իր երկրորդ Գալուստը համեմատում է փայլակի հետ, որ երևում է երկնքի երեսին, Նա խոսում է երկնքի զորությունների շարժվելու մասին, արեգակի խավարման և լուսնի լույս չտալու մասին: Մի ուշագրավ տեղեկություն էլ է տալիս, ասելով, որ Մարդու Որդու նշանը պիտի երևա երկնքի վրա, և երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն: Այնուհետև հրեշտակները պիտի հավաքեն երկրի չորս ծագերից Իր ընտրյալներին: Եվ Իր ասածները փաստում է վերջին նախադասությամբ. «Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։ Այս խոսքերը լսելուց հետո ինչպես կարող է մի մարդ անտարբեր մնալ Աստվածաշնչի նկատմամբ: Իսկ մեզանից քանիսները դեռ չեն կարդացել, և շարունակում են չկարդալ: Մեզ յուրաքանչյուր օրը դրա համար է տրվում, որպեսզի պատրաստ լինենք այս նկարագրություններին և լացուկոցի մեջ չհայտնվենք, այլ ուրախանանք, որ հանդիպելու ենք Տիրոջը: Թող Տէրը արժանացնի բոլորիս այդ երանելի հանդիպմանը:
Աղոթենք միասին:
Էջ Միածինն ի Հօրէ, եւ լոյս փառաց ընդ Նմա. ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի՝ պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 24.27-35
27 որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կլինի: 28 Ուր որ դիակն է, այնտեղ կհաւաքուեն արծիւները: 29 Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: 32 Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է: 33 Նոյնպէս եւ դուք, երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է նա՝ դռների առաջ: 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: 35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: