ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի ունկնդիրներ, մենք արդեն ծանոթ ենք փարիսեցիների նենգ ու կեղծավոր հարցադրումներին, որոնք Հիսուսին ծուղակը գցելու հ
ամար միշտ պատրաստ էին, հետևաբար հիմա չենք անդրադառնա դրան, որովհետև նախորդ համարներում հասկացել ենք նրանց չար միտումը և նպատակը: Մի հերթական սադրիչ հարց էլ այս անգամ տվեցին Հիսուսին՝ ամուսնալուծության վերաբերյալ՝ Մովսեսի օրենքին լավ ծանոթ լինելով: Ամուսնության և ամուսնալուծության հարցը հավերժական հարց է և սերտորեն կապված են միմյանց: Ամուսնությունը Աստվածահաստատ կարգ է, իսկ Աստված ամուսնալուծության կարգ չի հաստատել, որովհետև Նա ստեղծեց արու և էգ, ստեղծեց միմյանց տեր և օգնական լինելու համար: Ամուսնալուծությունը առաջ է գալիս Աստծուց հեռանալու պատճառով, Աստծուն չճանաչելու պատճառով, կամ որ ամենաշատ տարածված ձևն է՝ Աստծուն ճանաչելով, Պսակի խորհուրդը եկեղեցում կատարելով, բայց Աստծո խոսքի հանդեպ բացարձակ անտարբերություն դրսևորելու պատճառով:
Մեր իրականության մեջ մեծագույն հրաշքներից մեկը կարող է համարվել մինչև խոր ծերություն սիրով ապրած մի ընտանիքը: Աստված երբ միացրեց Ադամի և Եվային, ասաց, որ երկուսը մեկ մարմին պետք է լինեն, և որևէ մեկը չի կարող նրանց բաժանել: Այդ մեկի ամբողջականության գաղափարը ճիշտ չընկալվեց ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ կողմից՝ մինչև մեր օրեր: Ամուսինները շատ լավ գիտեն ավետարանական պատգամներ ուղղված ամուսնությանը, առանձին կնոջը և առանձին տղամարդուն: Բայց ցավալին այն է, որ յուրաքանչյուրը անգիր գիտե դիմացինին վերաբերող տողը, և ոչ իրեն վերաբերողը: Ցանկացած տարաձայնության և վեճի ժամանակ ամուսինն ասում է Աստվածաշնչում գրված է, որ կինը պետք է հնազանդվի ամուսնուն: Բնականաբար կինը ավելի շատ մեջբերումներ է անում, հատկապես եթե ամուսինը շնացող է: Ընտանիքում անհամաձայնությունները շարունակվում են, որովհետև յուրաքանչյուրը իր մեղքը թաքցնելու համար մեջբերում է իրեն հարմար մի տող Ավետարանից, դիմացինը խողճացնելու նպատակով: Սա դեռ չարիքի փոքրագույնն է, լավ է, որ Ավետարանով են միմյանցից պաշտպանվում: Սոսկալի է այն ընտանիքներում, որտեղ բացակայում է Աստվածաշնչի գիտությունը և գործում է կենդանական բնազդը՝ հզորը տկարին հալածելու մշակույթը, կնոջը ծեծի ենթարկելու արվեստը, և ինչպես ընդունված է շատ ընտանիքներում կնոջը դավաճանելու անբուժելի հիվանդությունը: Ամբողջականություն խախտված է ընտանիքների գերակշռող մասի մոտ, և այստեղ է որ Տէրը փարիսեցիներին ասում է ձեր խստասրտության պատճառով է թույլատրել Մովսեսը: Պսակի խորհուրդը իր կարևորությամբ չի զիջում մնացած խորհուրդներին, քանի որ սրանով է ստեղծվում ընտանիք, իսկ ամուր ընտանիքը պետության ամուր հիմքն է, սերունդների դաստիարակության օրինակն է:Աստվածաշնչյան ընտանիքի մոդելը խախտված է ամեն ազգի մեջ առաջի հերթին պատվիրանազանցության պատճառով, երկրորդը ժամանակակից քաղաքակրթությանը տուրք տալու պատճառով: Եթե այս հարցի հիմնավոր լուծումը ժամանակին չկարգավորվի, ապա շուտով մենք կերազենք լսել համերաշխ ընտանիք, սերով ամուսիններ, կրթված երեխաներ, մինչև խորը ծերություն միասին ապրած տատիկ և պապիկ արտահայտությունները: Կգտնվի՞ արդյոք մի պապիկ, որը կհավաքի իր թոռներին, պատմի իր կյանքի փորձառությունը նրանց և իր օրինակը ներկայացնելով կասի, որ ձեր տատիկը միակն է եղել իմ կյանքում, մենք միմյաց շատ ենք սիրել և ապրում ենք միասին մինչև հիմա: Մեր զավակների ականջները կարոտ են այսպիսի խրատական խոսակցությունների: Ամեն նորամուծություն չի կարելի տեղափոխել ամուսնական կյանք, ժամանակակից երևալու համար: Աստվածաշունչը միակ ժամանակակից Գիրքն է, որը դարերով չի կորցրել իր ճշմարտությունը, արդարությունը, գեղեցկությունը և խաղաղություն ու համերաշխություն պարգևող ուժը: Այսօր քաղաքակիրթ և ժամանակակից կարող է համարվել այն անձը կամ ընտանիքը, որն ապրում է Աստվածաշնչյան ընտանիքի մոդելով՝ այսինքն սիրել, նշանակում է ծառայել և ցավ չպատճառել: Ամուսնությունը ևս աստվածային պարգև է, որը չի կարելի մարդկային կրքերի և մոլությունների պատճառով կորցնել, քանի որ սրա համար էլ պատասխան ունենք տալու: Ուրեմն ամուսնանալն էլ, չամուսնանալն էլ թող լինի Աստծո փառքի համար:
Այսօր աղոթքի փոխարեն լսենք Իմաստունի այս խրատական խոսքերը.
Այն ժաման
ակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար: Նրանք պիտի զղջան իրենց մտքում եւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս: Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք: Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծոյ որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից: Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը: Մենք խրուեցինք անօրինութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները: Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը: Իմաստություն Սողոմոնի 5.1-8
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 19: 3-12
Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»։ Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն։ Ապա ուրեմն՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»։ Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել։ Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»։ Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»։ Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»։