ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս, մեր եթերին սպասող և Աստծո խոսքին ականջալուր՝ Քրիստոսի բանական հոտ:
Ավետարանն ասում է. Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Քանի որ Նրա աշխարհ գալու նպատակն էլ նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Մատթևոս Ավետարանիչը գրում է. Մինչ Հիսուս անցնում էր այն տեղով: Իսկ ինչո՞ւ էր անցնում այն տեղով, որովհետև այդ դեպքից առաջ Նա այցելել էր իշխանավորի մահացած աղջկան, և ձեռք դնելով նրան կենդանացրել էր, իսկ այդ ճանապարհն անցնելիս Նրա հագուստի քղանցքին էր կպել արյունահոսող կինը և բժշկվել: Հիսուս անշուշտ գիտեր, որ այդտեղ կույրեր կան նստած, անցնում էր նրանց մոտով և սպասում էր, որ իրենց հավատքը շարժվի և դիմեն իրեն և Ինքը նրանց բժշկի, ինչպես որ խնդրեց իշխանավորը, կամ արյունահոսող կինը երազում էր կպնել Նրա հագուստի ծայրին նույնիսկ: Կույրերը չէին տեսնում, բայց աղաղակում էին «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի», խուլերը չէին լսում, բայց տեսնում և մոտենում էին Նրան: Անդամալույծը քայլեր չէր կարող, բայց խնդրում էր որ իրեն տանեն Նրա մոտ, որպեսզի բժշկվի: Նիկոդեմոսը, որ որևէ ֆիզիկական հիվանդություն չուներ, դարձյալ զգաց Նրա զորավոր բժշկության կարիքը և գնաց նրա մոտ: Չկար մեկը, որ չզգար Քրիստոսի զորւոթյան կարիքը: Ուղղակի շատերի հպարտությունը, իշխանատենչությունը, հարստությունը թույլ չէր տալիս օգտվել Նրա փրկարար զորությունից, չիմանալով, որ այդ երանելի հնարավորությունը իրենցից կվերցվի շուտով:
Այս ամենը նույնն է նաև մեր օրերում, ուղղակի մեր օրերում փոխվել է մարդկանց, երևույթների և վայրերի անունները: Հիսուս Քրիստոս այսօր էլ է անցնում նույն տեղով, ուղղակի օգտվում է նա, որն ասում.- «երանի դիպչեի Նրա հագուստի քղանցքին ու բժշկվեի», կամ, «Հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը», «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի» և այլ նմանատիպ արտահայտություններ, որ Նա լսում էր իր ճանապարհի հանդիպած ամենատարբեր մարդկանցից:
Տարբերությունն այն է մեր օրերի հետ համեմատած, որ այն ժամանակ Հիսուս խստիվ պատվիրեց նրանց և ասաց,- «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ», իսկ նրանք ելան ու Հիսուսի համբավը տարածեցին ամբողջ շրջանում: Իսկ մենք կույր էինք, հիմա տեսնում ենք, սակայն շատերս լռում ենք, երբեմն ամաչում ենք պատվավոր տեղերում հավատացյալ լինելու մեր հանգամանքից և Հիսուսի Փրկիչ Անունը հռչակելուց: Այն ժամանակ էլ պարզ մարդիկ բժշկվելուց հիանում էին, իսկ փարիսեցիները ասում էին սրա մեջ դև կա: Այսօր մենք կարող ենք հայտնվել այնտեղ, որտեղով Հիսուս Քրիստոս է անցնում, լինել այն վայրում, որտեղ խոսում են Նրա մասին: Ոչինչ չունենք մեզ խանգարող, բացի հարմարավետություն կոչվող կուռքից, և ժամանակակից մոլորեցնող զվարճանքներից:
Աղոթենք միասին: Սաղմոս 141.
Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի։ Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղօթքն իմ եւ նրա առջեւ նեղութիւնս պիտի պատմեմ։ Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տէ՛ր, իմացար շաւիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի, ծածուկ որոգայթ լարուեց իմ դէմ։ Նայում էի աջ ու տեսնում, որ ոչ ոք ինձ չի ճանաչում. փախչելն ինձ համար անհնար դարձաւ, եւ չկար մէկը, որ փնտռէր ինձ։ Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, ու ասացի. «Դու ես իմ յոյսը եւ իմ բաժինը ողջերի երկրում։ Ո՛ւշ դարձրու, Տէ՛ր, իմ աղօթքին, քանզի ես թաղուած եմ թշուառութեան մէջ. ազատի՛ր ինձ իմ հալածիչներից, քանզի նրանք ինձանից հզօր եղան։ Տէ՛ր, բանտից հանի՛ր ինձ, որ գոհութիւն մատուցեմ քո անուանը։ Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ։ Ամեն
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 9.27-34
27 Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»: 28 Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր: 29 Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»: 30 Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»: 31 Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում: 32 Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: 33 Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»: 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»: