ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հետևորդներ. Մենք Պետրոս Առաքյալի մասին նախորդ գլուխներից բավական տեղեկացանք, որ պարզ ձկնոր էր, երբ Հիսուս ընտրեց նրան, նա քայլեց Տիրոջ հետ երեք տարի, կարելի է ասել, որ Պետրոսի անունը համեմատաբար ավելի շատ է տրվում, քան մյուս աշակերտներինը: Նաև կարելի է ասել, որ այդ երեք տարիների ընթացքում Պետրոսը ամենաշատը հանդիպեց փորձությունների իր համարձակ և շտապողական բնավորության պատճառով: Իր ընդհանրական թղթերի բովանդակությունից երևում է, թե ինչ մեծ պատասխանատվությամբ է գրել դրանք, անդրադառնալով փրկությանը, սրբությամբ ապրելուն, Աստծո ծառաներ լինելուն, չարչարանքներին համբերելուն և հատկապես երեցների պարտականությանը: Պետրոսը ինքը երեց էր, և նրա ականջում դեռ չէր լռել Տիրոջ այն երեք հարցումները, թե սիրո՞ւմ ես ինձ, Սիմոն, որդի Հովնանի: Որին անմիջապես հաջորդեց այն մեծ և պատասխանատու հանձնարարականը, որ Տէր Հիսուս տվեց Պետրոսին՝ ոչխարները արածեցնելու վերաբերյալ:
Պետրոսը առաջին անձն էր, որ անմիջապես Տիրոջից ստացավ այդ պարտականությունը՝ հոտը արածեցնելու: Հետագա սերունդները առաքելական հաջորդականությամբ ստացան միմյանցից: Իր ընդհանրական թղթերի մեջ Պետրոսը չափազանց անկեղծորեն բացահայտում է իր նախկին կյանքի նկարագիրը, թե ինչպես է ընթացել հեթանոսների կամքի համաձայն, տրվել է հոռի ցանկություններին, գինեմոլությամբ և անօրեն կռապաշտությամբ է զբաղվել: Պետրոսի գրվածքներից իր զղջման հոգին կարծես փոխանցվում է կարդացողին իր պարզության պատճառով: Եվ ամենայն ջերմեռանդությամբ և սիրով փորձում է փոխանցել իր խոսքը կարդացողին իր անկեղծ հավատքի ու Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած սիրո և հավատարմության պատճառով: Պետրոսը նկարագրում է, թե ինչպիսի կյանքով է ապրել մինչև Քրիստոսից ընտրվելը, և համարձակ ներկայացնում է իր նոր կյանքի նկարագիրը, իր փոխված մարդ լինելու երանությունը: Հորդորում է մյուս երեցներին՝ իր ժամանակի, և իրենից հետո ձեռնադրվող երեցներին, որ արածեցնեն Աստծու այդ հոտը: Պետրոսը վկան էր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, և մասնակիցը գալիք փառքի հայտնության: Պատվիրում է երեցներին, որպեսզի չլինի թե հանկարծ իրենց կամքին հակառակ արածեցնեն հոտը, այլ հոժարությամբ, ոչ թե տիրելով նրանց, այլ օրինակ լինել հոտի համար: Այո Պետրոսը հորդորում է օրինակ լինել, որովհետև ամեն մարդ, մինչև Քրիստոսին ճանաչելը ապրել է մեղքի մեջ, ինչպես որ իր մասին է պատմում Պետրոսը, բայց Քրիստոսին ճանաչելուց հետո, երեցը պետք է օրինակ լինի հոտի համար, գայթակղությունից հեռու պահելու համար հոտին: Երբ այս բաները հորդորում է երեցներին, խոստումով է հորդորում, թե «որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք»: Պետրոս առաքյալը իր ծառայության ժամանակ մտքում իր Վարդապետի ուսուցումն էր, սրտում՝ Նրա երկրորդ Գալուստի խոստումը, իսկ ականջներում՝ Տիրոջ խոսքը, թե՝ եթե սիրում ես ինձ, արածեցրու իմ գառներին:
Պետրոս Առաքյալը նաև շատ գեղեցիկ հորդոր ունի երիտասարդներին՝ դարձյալ խոստումով, թե Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ շնորհը տալիս է խոնարհներին: Մի վերջին կոչ էլ կա այս գլխի վերջում, որն ուղղված է բոլորիս, հատկապես այս փորձություններով լի օրերին: Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ։
Աղոթենք միասին հենց Պետրոս առաքյալի բառերով.
Եվ բոլոր շնորհների Աստուածը, - որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, - թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։ Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 5.1-7
1 Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծոյ՝ ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: 5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»: 6 Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին: