ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, մեզնից ոչ ոք չգիտե, թե Աստված իրեն ե՞րբ է կանչելու, և երբ կանչի, ո՞րն է լինելու կանչելու նպատակը: Քանի որ մենք Ավետարաններում շատ հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ Հիսուս Քրիստոս մեկին ասում է «Իմ յետեւի՛ց արի», մյուսին չի հորդորում Իրեն հետևել: Այսօրվա Ավետարանում տեսնում ենք, որ այդ ուշադրությանը արժանացավ մաքսատան աշխատողը: Զարմանալի է մեզ համար, որ Մատթևոս մաքսավորը թողեց իր մաքսատան գործը և անմիջապես հետևեց Հիսուսին, ինչը մեր օրերի համար խիստ զարմանալի և և նույնիսկ անկարելի, որ մաքսատան աշխատակիցը թողնի իր գործը հետևի մի քարոզչի, կամ մի հոգևորականի: Այստեղ մեծ ծրագիր կար Մաթևոսի համար պահված:
Սակայն Սրտերի գիտակ Հիսուս Քրիստոսի համար այդպես չէր, Նրա համար մարդկանց սրտերի մաքրությունն էր կարևոր, քան հագուստի և ձեռքերի մաքրությունը: Նկարագրության մեջ տեսնում ենք, որ Հիսուս հայտնվել է մաքսավորի տանը, որտեղ սեղանի շուրջ ուրիշ մաքսավորներ ու մեղավորներ էլ կային: Այս երևույթը դարձյալ չվրիպեց փարիսեցիների աչքից, որոնք ստվերի պես հետևում էին Նրան ամենուր, և աշակերտներին հարցրին, թե ինչու է իրենց վարդապետը մեղավորների հետ ուտում: Շատ հաճախ էր Հիսուս փարիսեցիներին կույր անվանում, իրենց տկարամտության պատճառով: Փարիսեցիները կամ չէին ընկալում Քրիստոսի գալու նպատակը, կամ չէին ուզում ընկալել, որ կարող է Աստծո Որդին աշխարհ գալ մեղավորին արդարացնելու, հիվանդին բժշկելու, որբին մխիթարելու և այս տեսակ բարեգործությունների ու ողորմությունների համար: Հիսուս լսելով նրանց հարցումը, պատասխանեց, ասելով,- հասկացեք, որ ես ողորմություն եմ ուզում, ոչ թե ցուցադրական զոհաբերոություն: Ինչպես հասկանանք այս խոսքերը մեր օրերում, մեր գործերի մեջ: Պատկերացրեք, որ մի մեծահարուստ ասում է,- ես մեծ զոհողություն կանեմ իմ ունեցվածքից և մի եկեղեցի կկառուցեմ, և դա ընդունելի կլինի Աստծուն: Իսկ Աստված ասում է, - ոչ, չեմ ուզում, դրա փոխարեն մի բնակարան գնիր այն տնանկ ընտանիքի համար, որն իր երեխաների հետ դրսում է ապրում: Այդ ընտանիքը իր ողջ կյանքում գոհություն կհայտնի Աստծուն քո ողորմության համար: Սիրելիներ, Միշտ չէ որ մեծ զոհողություններ կատարողը արժանանում է Աստծո բարեհաճությանը: Երբեմն մի ջերմ խոսքը, մի ժպիտը, մի խորհուրդը կարող են մարդուն հանել վատ վիճակից, որը նույնպես ողորմություն է: Փարիսեցիները չէին հասկանում նաև ծոմի և պահքի անհրաժեշտության գաղտնիքը, քանի որ նրանց մոտ ամեն բան օրենքի ուժ ուներ, ձևի մեջ էր և բովանդակությունը անտեսվում էր: Ամեն ինչ արտաքին գեղեցկության մեջ էր, իսկ ներսը գարշահոտ էր, ինչպես որ ակնարկում էր մեր Տէրը շատ հաճախ: Խորհենք այսօրվա ողորմության պատգամի շուրջ, մեր ողորմությունը թող լինի աննշան, բայց սրտով և Աստծու փառքի համար, ոչ թե մեր: Եթե երբևէ հանդիպենք Աստծուն, Նա կհարցնի, ով մարդ դու մի բան արեցի՞ր քո կարողության չափով, որ մեկը ժպտա, մեկը խաղաղություն գտնի, մեկը Աստծուն փառք տա քո արածի համար: Մենք էլ չամաչենք մեր պատասխանից:
Աղոթենք միասին:
Առաքեա՛, Տէ՛ր, զլոյս Քո եւ զճշմարտութիւն Քո, զի առաջնորդեսցեն ինձ եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս Քո: Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ: Խոստովան եղէց Քեզ օրհնութեամբ, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ: Արդ, ընդէ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ Նմա. փրկիչ երեսաց իմոց Աստուած է: Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 9.9-15
9 Եւ Յիսուս, այնտեղով անցնելով, տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով գնաց նրա յետեւից: 10 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան, բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: 11 Երբ փարիսեցիներն այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: 12 Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: 13 Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին»: 14 Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: 15 Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, եւ ապա ծոմ կպահեն: