ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, Շաբաթ օրն էլ է մարդու համար, ժողովարանն էլ, եկեղեցին էլ, ուսուցումն էլ, բայց շատ կարևոր է, թե մարդն ինչ ակնկալիքով է գտնվում այդ միջավայրում:
Ավետարանի այս հատվածից հասկանում ենք, որ կինը երկար տարիներ գնում էր ժողավարան՝ ակնկալիքով, որ իր կուչ եկած մեջքը կուղղվի:
Սակայն 18 տարի այդ հիվանդության պատճառով նա ուղիղ քայլել չէր կարողանում: Առաքյալը պատմում է, որ չար դևը նրան բռնած էր պահում և կինը ամենևին վեր նայել չէր կարողանում: Պատկերացնեը արդեն դժվար է: Մենք չգիտենք, թե կինը ինչպիսի պատճառներով էր հայտնվել չար դևի ճանկերում, քանզի միայն Աստծուն է հայտնի, սակայն մենք կարող ենք մեր օրինակի վրա լավ հասկանալ այս պատմության գաղտնիքը: Ավետարաններն էլ գրվեց ոչ թե որպես պատմություն, այլ յուրաքանչյուրիս կյանքի համար՝ որպես ուղեցույց:
Երբ որ մենք մի մեղքի մեջ հարատևում ենք, կամ մեր ուշադրությունը մեր մեղանչումի արդյունքի վրա է, մենք էլ այդ ամբողջ ընթացքում վեր չենք նայում,
քանի որ չար դևը մեր ուշադրությունը սևեռած է պահում ստորին բաների վրա, նպատակ ունենալով մարդու հայացքը կտրել Աստծուց:
Իսկ մեղքի մեջ գտնվող մարդը, ավելի շուտ մեղքից հաճույք ստացող մարդը հազիվ թե վեր նայի ու հիշի Աստծուն:
Եվ երբ մի օր մենք վեր նայենք ու մեր հայացքը առնի Աստծուն, Աստված կազատի մեզ, մեր կռացած վիճակից, ինչպես նկատեց ժողավարանում գտնվող կնոջը, որին 18 տարի ժողովարանում ոչ ոք չէր նկատել: Երբ բժշկեց կնոջը՝ ձեռքը դնելով նրա վրա, առաջին բանը, որ արեց կինը, Աստծուն փառք տալը եղավ: Չնայած, որ ժողովապետը բարկացավ, երբ կնոջը բժշկված տեսավ, բայց կինը արդեն հանդիպել էր իր Փրկչին, և այլևս իր հոգը չէր, թե ով է բարկանում, և ինչի համար է բարկանում: Մեղքի հիվանդությունից ազատված մարդը արդեն չի նայում բարկությանը, այլ՝ բարությանը:
Առողջացած կնոջը այդ պահին ամբողջությամբ հասկանալի դարձավ Տիրոջ այն խոսքը, թե «Ինչի՞ նմանեցնեմ Աստծոյ արքայութիւնը»: Կինը հասկացավ, որ Աստծու արքայությունը մարդու և Աստծու առաջին հանդիպումն է: Աստված կամենա, որ այդ հանդիպումը զգա Աստծուն փնտրող յուրաքանչյուր մարդ, և զգա այն բերկրանքը, ինչը զգաց բժշկված կինը:
Աղոթենք միասին:
Գոհություն Քեզ՝ Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին:
Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության շնորհիվ, Որինն
է փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 13.10-21
10 Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր: 11 Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում: 12 Եւ Յիսուս, նրան տեսնելով, կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»: 13 Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս: 14 Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչու Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ պատշաճ է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ՝ շաբաթ օրը»: 15 Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու: 16 Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, մի՞թէ պատշաճ չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»: 17 Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից: 18 Եւ ասաց. «Ինչի՞ նման է Աստծոյ արքայութիւնը, եւ ինչի՞ նմանեցնեմ այն: 19 Նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը: Սա աճեց ու ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»: 20 Եւ դարձեալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծոյ արքայութիւնը. 21 նման է այն խմորին, որ մի կին վերցնելով խառնեց երեք գրիւ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
Post Views: 1,355