ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, եթե դուք ամեն օր հետևում եք Ավետարանների ընթերցվածքներին, կամ կարդում եք Ավետարանը ամեն օր, վստահաբար համեմատած կլինեք Հիսուս Քրիստոսի խոսքերը տարբեր Ավետարաններում: Անշուշտ նաև համոզված կլինեք, որ չորս Ավետարաններն էլ կարդալուց հետո միայն կարելի է մի կարծիք ձևավորել Տիրոջ խոսքից և այն որպես հիմք ընդունել:
Ասածս այն է, որ երբեք չի կարելի մեկ տող վերցնել և հիմնվել դրա նշանակության վրա, քանի որ կարող է դա գայթակղություն կառաջացնի կարդացողի համար:
Օրինակ այսօրվա Ավետարանը սկսվում է այս տողով. «Երկրի վրայ կրակ գցելու եկայ, կամ ասում է չեկա խաղաղություն տալու, այլ բաժանում»:
Եթե մեզ հայտնի չլինի Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, ապա այս տողերը մեզ կարող են հիասթափեցնել իրենց ահաբեկումով:
Ես շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք մեկական տող կարդում են Ավետարանից և սարսափած փակում գիրքը, այլևս չբացելու ակնկալիքով:
Սակայն Ավետարանն է, որ մեր կյանքին իմաստ է տալիս, մեր սրտին ուրախություն է բերում և մեր ընտանիքներն է ջերմացնում, եթե ճշմարտապես ենք հասկանում գրվածքները:
Ինչո՞ւ են այսօր ընտանիքներում անհաշտ, բաժանված են մասերի՝ ինչպես գրված էլ է Գրքում, որովհետև տան անդամներից երկուսը հավատում են Տիրոջ խոսքին, իսկ երեքը՝ ոչ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ուզում է, որ սիրո կրակը, որ գցել է երկրի վրա բորբոքվի ամեն մարդու սրտում, քանի որ կրակը մաքրելու հատկություն ունի:
Այնպես էլ մեր մեղքերը մաքրելուց հետո կարող ենք միայն տեսնել ճշմարտությունը և համախմբվել Նրա շուրջը: Նաև ասում է. Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիվդ մաքրի՛ր:
Մեր թշնամին մեր խիղճն է, որ ճանապարհի վերջին դատապարտելու է մեզ մեր արարքների համար, և ստիպված ենք լինելու մինչև վերջին գրոշը վճարել...
Ավետարանի այս գլխի ավարտին Հիսուս ժողովրդին հստակ բացատրում է, որ չապաշխարած մարդը չի կարող փրկվել և եթե հանկարծ պատահական մահ լինի, ինչպես Սիլովամում աշտարակի տակ մնացած 18 մարդկաց հետ պատահեց: Կամ այն գալիլիացիների, որոնց Պիղատոսը սպանել էր տվել: Մեր Տէրը ասում է, որ Գալիլիայի մահացածները, կամ Սիլովամի 18 մարդիկ ավելի մեղավոր չէին, քան ապրողները: Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: Ոչ թե նույն մահով պիտի մեռնեք, այլ Եթե մահը հանկարծակի վրա գա, դուք էլ չեք ազատվի, եթե չապաշխարեք:
Ավետարանը սկզբից մինչև վերջ խոսում է ապաշխարության մասին, ինչին ականջալուր չենք նաև մենք՝ այսօրվա քրիստոնյաներս:
Մեր Տէր Հիսուս Քրիստոս ամեն տարի գալիս է, և մեր թզենին անպտուղ է տեսնում: Իսկ մենք գիտենք, թե անպտուղ թզենիի հետ ինչ եղավ... ու դարձյալ անհոգ ենք:
Աղոթենք միասին:
Առաջնորդեա՛ մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, եւ ուսո՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեամբ. պահեա՛ ի խաղաղութեան զկեանս մեր եւ զգնացս ի հաճոյս Քո: Ժամանեցո՛ զհոգեւոր եւ զմարմնաւոր ընթացս ծառայից Քոց անարատ ճանապարհաւդ յաւիտենական ի կեանսդ շնորհօք Միածնի Քո՝ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ եղեւ մեզ առաջնորդ կենաց եւ յոյս փրկութեան: Ընդ Որում օրհնեալ ես, Հա՛յր ամենակալ, հանդերձ կենդանարար եւ ազատիչ Սուրբ Հոգւովդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.49-13.9
«Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւն տալո՞ւ եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն՝ երեքը երկուսի դէմ եւ երկուսը երեքի: 53 Հայրը պիտի բաժանուի որդուց, եւ որդին՝ հօրից, մայրը՝ աղջկանից, եւ աղջիկը՝ մօրից, սկեսուրը՝ հարսից, եւ հարսը՝ իր սկեսրոջից»: 54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կասէք, թէ անձրեւ կգայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կասէք, թէ խորշակ կլինի: Եւ այդպէս էլ լինում է: 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ բանտ նետի: 59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»:
13 1 Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: 2 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծում էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւո՞ր էին, քան բոլոր գալիլիացիները: 3 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: 4 Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: 5 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»: 6 Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտրելու եւ չգտաւ: 7 Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտրելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում”: 8 Այգեգործը պատասխանեց եւ ասաց. “Տէ՛ր իմ, դա այս տարի՛ էլ թող, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9 գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կկտրես այն”»:
Post Views: 1,190