ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ.
Միակ բանը, որ ամեն օր նորոգության կարիք ունի, դա մեր հավատքն է, որովհետև մեր հավատքի վրա է հիմնված մեր կյանքի շատ կարևոր իրադարձություններ, որոնցով մենք ներկայանում ենք մարդկանց, ներկայացնում ենք մեր աշխատանքի բնագավառը, մեզնից սովորում են մեր երեխաները, մենք պատասխանատու ենք մեր ընտանիքին և այլն: Բոլորս էլ հիանում ենք, երբ շփվում ենք հոգևոր նկարագրի տեր մի անձնավորության հետ: Փորձում ենք նրանից սովորել, և ընդօրինակել: Իսկ մեր հավատքը կարող ենք նորոգել միայն Սուրբ Գրքի ընթերցանությամբ:
Երբեմն Ավետարանական ճշմարտությունները հակառակ են մեր մտածելակերպին և մենք սկսում ենք երկմտել տվյալ հարցի շուրջ: Այդպիի մի օրինակ է այսօրվա Ավետարանի ընթերցվածքը, երբ Տերն ասում է. Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք: Այստեղ է, որ բանականությանը օգնում է հավատքը՝ հասկանալու համար թե ինչպե՞ս, ինչո՞ւ, մի՞թե պարտավոր եմ, ինչո՞ւ ես և էլի շատ ուրիր հարցեր են առաջ գալիս մեր մտքում: Որովհետև մենք Ավետարանի ճշմարտությանը ամբողջովին ծանոթ չենք:
Ոչ ոք չի կարող սրտով ընկալել նմանօրինակ հորդորները, եթե հավատքը զորավոր չլինի, և Աստվածաշնչին տեղյակ չլինի անձը: Ավետարանի օրինակը, երբ մաքսավորը բաժանում է իր ունեցվածը աղքատներին, երբ Հիսուս իր տանը ճաշի էր նստած, բոլորիս համար հաճելի է ու հասկանալի և նույնիսկ ողջունելի: Բայց երբ հերթը հասնում է մեզ, որ մենք պետք է անենք նույնը, դառնում է անկարելի: Ինչու: Այստեղ արժե հիշել Հիսուս Քրիստոսի այն խոսքը, որ ասաց, թե՝ մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք...ավելի մեծ գործեր կանեք: Պարզվում է որ մեր հավատքը մանանեխի հատիկի չափ էլ չէ: Եվ Հիսուս մաքսավոին ասաց, թե այս տանը փրկություն եղավ այսօր:
Նախապես մեր տերը ասում է. Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը:
Եթե մեր հավատը թերի լինի, մենք չենք հասկանա, թե ինչ է նշանակում «ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն» արտահայությունը, որից կախված է մեր վարձատրությունը երկնքում: Այս է պատճառը, որ հորդորում եմ ձեզ ամեն օր կարդալ, ամեն օր լսել, ամեն օր հոգևոր աճ ունենալ, ամեն օր ձեր ճրագները վառած պահել, որովհետև չգիտենք, թե երբ կգա Տէրը, և ինչ կլինի մեր վարձատրությունը:
Աղոթենք միասին.
Գոհանում եմ Քեզնից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր
այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ
հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ա մեն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.32-48
Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 35 Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»: 41 Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: 42 Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակին կերակուր տալու համար: 43 Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կգտնի: 44 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կկարգի: 45 Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տէրն ուշանում է գալ”, եւ սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46 այդ ծառայի տէրը կգայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կանի եւ նրա բաժինը անհաւատների հետ կդնի: 47 Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի: 48 Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կպահանջեն»: