ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի քույր և եղբայր. Մեզնից ո՛չ ոք իրավունք չունի ասելու, թե մենք տեղյակ չէինք Աստծո խոսքից, կամ անտեղյակ էինք Նրա պատգամներից, որ ուղղված էր մեզ, քանի որ Աստվածաշունչ Մատյանը առանց արգելքի այսօր հասանելի է ամեն անհատի: Այսօր անգրագետ մարդ գրեթե չկա: Եթե Խորհրդային տարիներին մեզ կրթում էին, սակայն մեզնից թաքցված էր Աստվածաշունը, հիմա փառք Աստծո ազատ է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այսօր էլ չարը այլ բան է արել, և մեզնից վերցրել է այն կարդալու ցանկությունը, և մենք չե՛նք զգում այդ բացթողումը:
Մարդը իր էությամբ այդպիսինն է, առաջին հերթին մտածում է նյութական արժեքների մասին, անշարժ գույքի մասին առավել, քա՛ն հոգու սովի մասին:
Հիսուս Քրիստոսի հետ շրջող մարդկանց բազմության մեջ էլ նկատում ենք այդ նյութապաշտությունը, դիրքը, պաշտոնը, հարստությունը առավել դասելու արատավոր երևույթը:
Լավագույն օրինակը այսօրվա Ավետարանի երկու դեպքերն են: Առաջինը՝ եղբոր հետ ժառանգությունը կիսելու պահանջը, և երկրորդը՝ մեծահարուստի ագահությունը՝ շտեմարանները մեծացնելու
և ուտել խմելու անհագ ցանկությունը:
Ոչ ոք չի անհանգստանում այն մտքից, որ Տերը ասաց մեծահարուստին, թե՝ “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”:
Չնայած, որ Տէր Հիսուս Քրիստոս ամեն գնով ջանում էր հանրությանը վեր բարձրացնել նյութական մակարդակից դեպի հոգևոր, երկրից դեպի երկինք, սակայն բազում հարցեր Նրան տրվում էին միայն նյութականի վերաբերյալ: Նույնիսկ գրված է, որ մեծահարուստ երիտասարդը տրտմած գնաց, որովհետև շատ հարուստ էր:
Տրտմեց, որովհետև Հիսուս նրան ասաց,- վաճառիր ունեցվածքդ և աղքատներին բաժանիր, երկնքի արքայությունը ժառանգելու համար:
Անցնում են դարերը, տարիները, օրերը և մարդը մնում է նյութին կառչած, դեմքը դեպի ներքև, չիմանալով որ իրեն արծվի հնարավորություն է տրված վերևներում սավառնելու համար:
Բայց Ավետարանը ասում է,- ո՛վ մարդ, դու թա՛նկ ես, դու հավիտենականությա՛ն ես արժանի, մի՛ կառչիր այս ժամանակավոր կյանքին՝ նյութի պատճառով, քո գլխի բոլոր մազերը հաշվա՛ծ են,
դու այնքա՛ն բարձր արժեք ունես, որ Աստծո Միածին Որդին քո փրկության համար խաչվեց:
Ուրեմն դո՛ւ էլ մտածիր քո հոգու փրկության մասին:
Այս օրերին, որ անորոշությունն է պատել համայն աշխարհին, մարդը դարձյալ անհոգ է իր հոգու համար, դարձյալ կառչած է նյութին:
Աղոթենք միասին:
Աստծո և մարդկանց Միջնորդ, Բարերար` Հիսուս Քրիստոս, որ հաշտեցրիր Ամենակալ Հորը մեղավոր արարածներիս հետ և խաղաղություն ու փրկություն տվեցիր, աղաչում ենք Քեզ, երկնային խաղաղություն պարգևիր մեզ, որպեսզի բարկությանդ ալիքներից և մեղքերի նեղություններից հանգստացած` խաղաղությամբ և ուրախությամբ մեր կյանքն անցկացնենք: Շնորհ տուր մեզ` բարի և մաքուր մտքով, պարզ սրտով և բարի կամքով միմյանց նկատմամբ վարվել և ամեն ինչում Քո գերազանց օրինակով բարեմիտ ու բարեգործ, հեզ ու ներող լինել: Ճշմարտապես Քո առջև հավաքվելով միասնականությամբ միանալով մի անձի մեջ, խնդրում ենք Քեզնից, հաշտ հոգով մեզ համախոհ ու միախոհ դարձրու և մեր հոգիները` մեզ վրա Քո սիրո հեղմամբ, միմյանց սիրով շաղկապիր: Մաքրիր ու հարդարիր մեր սրտերը շնորհներիդ օթևան լինելու համար, հալածիր մեզնից ամեն գայթակղություն, նախանձ, խորամանկություն, նենգություն, ու պատրանք, որպեսզի սիրով ապրելով` փառավորենք Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ. Ամեն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 12.13-18
Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա՛ եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրայ»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ի՞նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ: Գիտեմ,– ասաց նա,– թէ ինչ պէտք է անեմ. կքանդեմ իմ շտեմարաններն ու աւելի մեծերը կշինեմ եւ այնտեղ կհաւաքեմ ցորենն ու իմ ամբողջ բարիքները. եւ ինքս ինձ կասեմ. ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր”: Աստուած նրան ասաց. “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”: Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհաւաքի եւ Աստծով չի հարստանայ»:
Post Views: 1,026