ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Խաչին նվիրված տոներից առաջինը, որը կոչվում է «Երևումն Սուրբ Խաչի»:
Խաչի չորս տոներն են՝ Խաչի երևում, Խաչվերացի, Վարագա խաչի և Գյուտ Խաչի: Առաջինը հիշատակությունն է Երուսաղեմում 351 թ. խաչի լուսեղեն նշանի երևման, որ ճառագում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը և տեսանելի էր ամենքին: Այս տոնը կատարվում է Զատիկին հաջորդող 4-րդ կիրակի օրը:
Հիմա անդրադառնանք այսօրվա ընթերցվածքին: Պողոս Առաքյալը գաղատացիներին ուղղված իր այս նամակում մեծ ակնածանքով և ամենայն ուրախությամբ տեղեկացնում է, որ իր կյանքում ուրիշ բան չունի պարծենալու, քան Տէր Հիսուս Քրիստոսի խաչը: Նա այս նամակը անշուշտ գրել է իր դարձի գալուց հետո: Իսկ մենք կարդացել ենք, որ մինչև իր դարձի գալը Պողոս առաքյալը ոչ թե պարծենում, այլ հալածում է Խաչյալին հավատացողներին և նույնիսկ բանտարկում: Խաչի և Խաչյալի զորության շնորհիվ բացվեց Պողոս առաքյալի՝ ինչպես սրտի, այնպես էլ ֆիզիկական աչքերի շղարշը և նա դարձավ Քրիստոսի հավատարիմ ու նվիրյալ 13 րդ աշակերտը: Պողոս առաքյալը հասկացավ, որ Հիսուս Քրիստոսով է միայն հնարավոր նոր մարդ լինել, հին մարդը խաչելով աշխարհի վայելքների և հաճույքների համար: Հասկացավ, դավանեց, ապրեց այդպես, սովորեցեց ու քարոզեց մարդկությանը իր Պարծանքի մասին:
Քանի որ Ավետարանը գրված է մեզ ուսուցանելու համար, ուրեմն ո՞րն է մեր դասը այսօրվա պատգամից: Մենք՝ մկրտության պատրաստվողներս խաչ գնելիս հիմնականում կենտրոնանում ենք խաչի նյութի, ձևավորման, հատկապես քաշի ու գնի վրա, մոռանալով բուն խորհուրդի մասին: Խաչը կրում ենք մեր պարանոցին՝ որպես զարդ և ապացույց մեր մկրտության, բայց ոչ երբեք՝ որպես միակ պարծանք, ինչպես առաքյալն է ասում ու փաստում, որ այդպես է: Մենք շատ հաճախ մկրտվում ենք Սուրբ Երրորդության անունով, գաղափար չունենալով Աստծուց ու Աստվածաշնչից:
Երբ խաչը կրում ենք մեր պարանոցին, Խաչյալը մեր սրտում պետք է լինի, Նրա խոսքերը մեր շրթներին, իսկ պատգամները՝ մեր գործերում:
Սա է քրիստոնյայի մկրտության նպատակը, խաչ կրելու առաքելությունը, և Հիսուս Քրիստոսի Սուրբ անունը բարձ պահելու պարտականությունը:
Եթե մեր մկրտությամբ նորովի չփոխվի մեր կյանքն ու վարքը, ապա զուր է մեր մկրտությունը և արտաքին ձևապաշտությունը, որը գնալով դառնում է մեղք՝ օրհնության փոխարեն:
Մենք էլ հարատևելով այդ մեղքերի մեջ կարծում ենք թե կատարեցինք մեր քրիստոնյայի պարտականությունը ու ավարտեցինք: Գուցե սա է պատճառը, որ աղոթում ենք՝ պատասխան չենք ստանում, Պատարագի մասնակցում ենք՝ մեր նկարագրի մեջ ոչինչ չի փոխվում, Հաղորդվում ենք, մեր կյանքը նույն գաղջ վիճակում է, և շուտով հիասթափվում ենք եկեղեցուց, որովհետև մենք եկեղեցում միայն հրաշք ենք փնտրում: Ժամանակն, որ անդրադառբնանք մեր քրիստոնեական կյանքին ու կենցաղին:
Աղոթենք միասին:
Աստվածընկալ Սուրբ խաչին աղոթք
Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն, Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից. ամեն:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 6.14-18
Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար. որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան, եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը: Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ՝ Աստծոյ Իսրայէլի վրայ: Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները: Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի: Ամէն:
Post Views: 1,445