ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 13: 21- 38
ՅԻՍՈՒՍ ԻՐ ՄԱՏՆՈՒԻԼԸ ԿԸ ԳՈՒՇԱԿԷ
21 Յիսուս երբ ասիկա ըսաւ, իր հոգիին մէջ խռովեցաւ եւ վկայեց՝ ըսելով. «Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, որ ձեզմէ մէկը զիս պիտի մատնէ»։ 22 Ուստի աշակերտները տարակուսած իրարու կը նայէին թէ որո՞ւ համար կ՚ըսէ։ 23 Աշակերտներէն մէկը կար Յիսուսին քով նստած, զոր Յիսուս կը սիրէր։ 24 Սիմոն Պետրոս անոր աչք կ՚ընէր հարցնելու թէ ո՞վ պիտի ըլլայ անիկա՝ որուն համար կ՚ըսէ։ 25 Ան ալ Յիսուսին կուրծքին վրայ իյնալով՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞վ է ան»։ 26 Յիսուս պատասխան տուաւ. «Անիկա է՝ որուն այս պատառը թրջելով կու տամ»։ Եւ թրջելով պատառը՝ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդային տուաւ 27 Պատառէն ետքը Սատանան անոր ներսը մտաւ։ Յիսուս ըսաւ անոր. «Ինչ որ պիտի ընես՝ շուտով ըրէ»։ 28 Բայց այս բանը սեղան նստողներէն մէ՛կը չհասկցաւ, թէ ինչո՞ւ համար ըսաւ անոր։ 29 Վասն զի ոմանք կը խորհէին թէ՝ որովհետեւ գանձանակը Յուդան կը պահէր, Յիսուս անոր կ՚ըսէր. «Ծախո՛ւ առ ինչ որ մեզի այս տօնին պէտք է, կամ՝ որպէս զի աղքատներուն բան մը տայ»։ 30 Անիկա ալ պատառը առածին պէս շուտ մը դուրս ելաւ ու գիշեր էր։
ՆՈՐ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ
31 Երբ անիկա դուրս ելաւ, Յիսուս ըսաւ. «Հիմա փառաւորուեցաւ Որդին մարդոյ ու Աստուած փառաւորուեցաւ անով. 32 Եթէ Աստուած անով փառաւորուեցաւ, Աստուած ալ զանիկա իր անձովը պիտի փառաւորէ եւ շուտով պիտի փառաւորէ զանիկա։ 33 Ո՛րդեակներ, քիչ մը ատեն ալ ձեզի հետ եմ, զիս պիտի փնտռէք եւ ինչպէս Հրեաներուն ըսի թէ՝ ‘Ես ուր որ կ՚երթամ, դուք չէք կրնար գալ’, հիմա ձեզի ալ կ՚ըսեմ. 34 ‘Նոր պատուիրան մը կու տամ ձեզի, որ մէկզմէկ սիրէք, ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք ալ մէկզմէկ սիրէք’։ 35 Ասով ամէնքը պիտի գիտնան թէ իմ աշակերտներս էք, եթէ իրարու վրայ սէր ունենաք»։
ՅԻՍՈՒՍ ՊԵՏՐՈՍԻՆ ՈՒՐԱՆԱԼԸ ԿԸ ԳՈՒՇԱԿԷ
36 Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՞ւր կ՚երթաս»։ Յիսուս պատասխան տուաւ անոր. «Ուր ես կ՚երթամ, դուն հիմա չես կրնար իմ ետեւէս գալ, բայց ետքը պիտի գաս իմ ետեւէս»։ 37 Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ինչո՞ւ հիմա չեմ կրնար քու ետեւէդ գալ. ես իմ կեանքս ալ քեզի համար պիտի դնեմ»։ 38 Յիսուս պատասխան տուաւ անոր. «Քու կեա՞նքդ պիտի դնես ինծի համար. ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ քեզի, Հաւը պիտի չխօսի՝ մինչեւ դուն երեք անգամ զիս ուրանաս»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ.. մենք միասին անցանք մի երկար ժանապարհ, որտեղ հանդիպեցինք ամենատարբեր փորձությունների և այդ փորձություններին դիմակայելու մարդյակին տարբերակներին, և տեսանք, որ մենք էլ առանձնապես շատ տարբեր չենք աշակերտներից՝ մեր տկարություններով: Հիմա մենք արդեն մոտենում ենք փորձությանների գագաթնակետին և արդեն պետք է հետևենք ոչ թե աշակերտներիփորձառությանը, այլ մեր Տիրոջ իմաստությանն ու համբերությանը: Որովհետև փորձությունից խույս տալով նպատակը երբեք չի իրակականա: Տէր Հիսուս Քրիստոսի առջև դրված նպատակը գերագույն նպատակ էր և այդ նպատակին հասնելու փորձությունն էլ իր տեսակի մեջ եզակի էր: Աշխարհում ամբաստանություններ շատ են եղել, զրպարտություններն՝ նույնպես, հռոմի մեջ խաչելությունն էլ ընդունված ստորացուցիչ պատժամիջոց էր: Բայց, երբ աշխարհում խաչվում է Արդարը, Որը Աստծուց էր ուղարկված աշխարհը փրկելու համար, սա բացառիկ բան է տիեզերքի մեջ, որը նույնպես տեղավորվեց Աստծու սիրառատ գրկի մեջ: Բայց Երկրորդ գալուստը այլևս այդպես ներողոմտությամբ չի լինելու: Երբ աշխարհը օգնության կարիքի մեջ էր, Քրիստոս եկավ, պարզեց իր օգնության ձեռքը և դարձյալ գնաց: Եթե օրգության մեկնած այդ զորավոր ձեռքը բոլորը բռնած լինեիրն, երկրորդ գալուստի կարիք չէր լինի: Բայց ինչպես տեսնում ենք գրված է, որ լինելու է Երկրորդ Գալուստ և արդար դատաստան: Ուրեմն մենք մեր նպատակին հասնելու համար, պետք է հաղթահարենք մեր ճանապարհին հանդիպած բոլոր դժվարություններն ու նեղությունները, բամբասանքներն ու զրպարտությունները, նախանձն ու ատելությունը, որոնց որ համբերությամբ դիմակայեց Հիսուս Քրիստոս: Եթե ձեր մտքով անցնի, որ Քրիստոս Աստված էր, դիմացավ, ես էլ ձեզ կասեմ, որ մեր կրած չարչարանքներն էլ Քրիստոսի չարչարանքների նման չէ, և մեր նպատակն է Քրիստոսի նպատակի նման չէ: Մենք մեր մեղավոր կյանքը պետք է շտկենք Քրիստոսի միջոցով և հասնենք մեր Տիրոջը հանդիպելու բարձ նպատակին; Սա է մեր Նպատակը: Իսկ Տէր Հիսուսի նպատակը աշխարհի փրկությունն է: Գնանաք Տիրոջ ճանապարհով, որը միակ ճշմարիտ ճանապարհն է:
Խոսեց տէր Հիսուս աշակերտների հետ պատահելիք բոլոր դեպքերի մասին, ուղղություններ տվեց ամենքին՝ իրենց տկարությունների վերաբերյալ, հա՛տկապես Հուդային, և դարձյալ խռովք ունեցավ Իր հոգում Հուդայի արարքի համար, որովհետև այդքան հուշելուց հետո, Հուդան չփոխեց իր որոշումը և տէր Հիսուսի խռովքը ո՛չ թե Իրեն մատնելու համար էր, այլ՝ Հուդայի կորստյան մատնվելու համար էր: Ոտնլվայի կարգի ժամանակ մեկ անգամ ևս հիշեցրեց Ինքն է Տէրը և ճշմարիտ է, որ աշակերտները Իրեն Տէր են անվանում, բայց Հուդան դրանից էլ դաս չքաղեց, որպեսզի երկյուղ առաջանար իր սրտում՝ իր գաղտնի որոշման հանդեպ: Դավիթ սաղմոսերգուն ասում է, - Քո խոսքը լույս է իմ ոտքրեի առջև,սակայն Հուդայի ականջը անմիջապես լսեց այդ խոսքերը և լույս չեղավ իր մտքի համար:Բոլոր հնարավորությունները բաց թողեց Հուդան, դրա համար Տէր Հիսուս խռովեց իր հոգում, և բարձրաձայն վկայեց,որ աշակերտներից մեկը մատնելու է Իրեն: Այս լսելուց հետո աշակերտները միմյանց նայեցին զարմացած, չնայած. որ այս մասին լսել էին նաև Ոտնլվայի ժամանակ՝ տարբեր ձևով: մեղադրանք լսելու պահին, կողքի մարդկանց նայելու սովորությունը տարածված երևույթ է, որովհետև մարդիկ ավելի շատ ուրիշի մեջ են մեղքը փնտրում, քան յուրաքանչյուրը՝ իր մեջ: Հիսուսին մոտ էր նստած այն աշակերտը, որին Հիսուս սիրում էր:Իրականում մենք գիտենք, որ այդ աշակերտը այս Ավետարանի հեղինակ՝ Հովհաննես առաքյալն է, բայց խոնարհության պատճառով չի գրել, որ իրնքն էր նստած Հիսուսի կողքին այդ պահին: Պետրոսը համարձակություն չունեցավ հարցնելու, թե ում մասին է խոսքը, բայց ակնակ արեց Հովհաննեսին, որ նա հարցնի Հիսուսին, թե ով է մատնողը: Այստեղ մի գեղեցիկ նկարագրություն կա, որ ավետարանիչը ներկայացնում է, թե ինքը ինչպես է հարցրել այդ մասին Հիսուսից: Ավետարանն ասում է,- Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ և ասաց Նրան,- Տէ՛ր, ո՞վ է: Հիսուս դարձյալ անուն չտվեց, ուղղակի ասաց, ում որ այս պատառը կտամ; Հուդայի անունը չտալու պատճառը Հուդայի համար դարձավ վերջի հնարավորությունը հավանաբար, որովհետև երբ հուդան պառաը վերցրեց, սատանան մտավ նրա մեջ, քանի որ մինչ այդ պահը մտքում չզղջաց: Տէր Հիսուս արդեն Հուդային բացահայտ ասաց, - Հիմա ի՛նչ որ անելու ես իսկույն արա: Սեղանակիցները չհասկացան այդ խոսքը, բայց ենթադրեցին, որ պատվիրեց տոնի համար մի բան գնել, կամ մի աղքատի մի բան տալ:
Սիրելիներ, տեսաք, որ աշակերտներից և ոչ մեկը իրեն չվերագրեց Հիսուս ասաց խոսքերը մատնության վերաբերյալ: Ճշմարիտ է, որ իրենք չմատնեցին Վարդապետին, այլ՝ Հուդան, բայց իրենք էլ զերծ չմնացին դավաճանության մեղքից, մեկը ուրացավ, մյուսները վախեցան ու փախան և այլն: Մենք էլ ենք այդպես վարվում, եթե մեկին մեղադրում են օրինակ շնության մեջ, բոլորը զարմանում են, առանց հիշելու, որ իրենք դրանից առաջ օրինակ՝ գողացել են: եթե մեկը չի մատնելու, դա չի՛ նշանակում, որ չի՛ ուրանալու: Կամ եթե մեկը չի ուրանալու, նույնպես չի նշանակում որ չի՛ հեռանալու փորձության պահին: Դրա համար Տէր Հիսուս աշակերտներին մասնակից ու վկա դարձրեց ամեն տեսակ դժվարությունների ու տհաճ անակնկալների, որպեսզի սովորեն, թե որ դեպքում ինչպես վարվեն; Հուդան պատառը վերցնելով դուրս եկավ: Ավետարանը մեզ հիշեցնում է, որ գիշեր էր...
Նախորդ օրը՝ երբ միասին գնում էին Ղազարոսի տուն, հիշո՞ւմ եք, որ Հիսուս աշակերտներին ասում էր, եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի Լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, քանի որ իրեն հետ Լույս չունի: Հաջորդ պահին հրեա առաջնորդներին զգուշացրեց, որ քիչ ժամանակով է Լույսը իրենց հետ լինելու, թող օգտագործեն այդ հնարավորությունը և քայլեն լույսի մեջ, որպեսզի խավարը չկլնաի նրանց: Քանի որ խավարի մեջ քայլողը չգիտե, թե ուր է գնում: Լույսի հետ քայլելու հնարավորությունը չօգտագործեցին ո՛չ հրեաները, ո՛չ էլ առավե՛լ ևս Հո՛ւդան: Երկո՛ւսն էլ քայլեցին գիշերով, երկո՛ւսն էլ սայթաքեցին, երկուսն էլ ընկան ու կորստյան մատնեցին իրենց անձերը, քանի որ չհասկացան, թե ո՛ւմ դեմ չարիք գործեցին: Սրանք Կենդանի Հիսուսին անտեսեցին՝ իրենց շահերի համար, այսօր Հիսուս Քրիստոսի խոսքն է անտեսվում դարձյալ նույն սեփական շահերի համար: Մեկը՝ սեփական հեղինակության, մեկը՝ պաշտոնի, մյուսը՝ հարստության, մնացածը՝ մեղքը սիրելու իրենց թուլության և այլն:
Գիշեր էր ոչ միայն օրվա ժամանակը, այլ Հուդայի սրտում նույնպես գիշեր էր: Գիշեր էր նաև քահանայապետերի սրտում, մտքում և հոգում; Բոլորի մտքում գիշեր էր այդ պահին, քանի որ ոչ ոք չհիշեց Քրիստոսի այս խոսքերը, որ ասել էր գիշերվա համար: Միայն Հովհաննես էր, որ լուռ էր իր էությամբ, երտասարդ էր բոլորից և համարձակ հարց տվեց մատնիչի վերաբերյալ: Հովհաննես միակն էր, որ մինչև Գողգոթա մարիամ Աստվածածնին մենակ չթողեց և չհեռացավ դեպքի վայրից: Տէր Հիսուս անուն չտվեց, նախ՝ որ Հուդան անդրադարձ ունենա, գուցե նաև հենց այն պատճառով, որ գիտեր, թե ամեն մեկը մի կերպով դավաճանելու է Իրեն: Սիրելիներ, ես չեմ հոգնելու ամեն անգամ ձեզ զգուշացնելու համար, որ Սուրբ հաղորդությանը մոտենալիս չար մտածումներն ու խորհուրդները թող տեղ չգտնեն ձեր մտքում և սրտում, որովհետև չար խորհրդով ստացավ Հուդան և սատանան մտավ նրա մեջ: Հուդայի սրտում եղած նենգ խորհուրդը դիմավորեց սատանայի՛ն, ո՛չ թե Սուրբ Հաղորդությանը: Այսպես են գործում սրտի խորհուրդները ինչպես չար, այնպես էլ բարի: Իսկ երբ մեկը սրում բարի խորհուրդներ ունի և մոտենում է Հաղորդության, չարը նրան չի կարող մոտենալ: Չէ որ մարդը, թեկուզ մեղավոր, սրտում ունի այն հույսը, որ մոտենալու Սուրբ հաղորդությանը, ուժ կստանա Տիրոջից և կազատվի այդ մեղքից: Տիրոջ Մարմինն ու արյունը հավիտենական կյանք է. բայց մենք տեսանք, որ Հուդան իրեն կամավոր զրկեց այդ հավիտենական կյանքից: Եթե քրիստոնյաները կարողանային պահպանել Սուրբ Հաղորդության բերած շնորհը իրենց մեջ, ապա մեկ անգամյա Հաղորդությունը բավարար կլիներ: Ինչպես որ Մարիամ Եգիպտացին մեկ անգամ հաղորդվեց և դա նրան պահեց քառասուն տարի: Վերջին Հաղորդությունը ստացավ մահից առաջ:Բայց քանի որ քրիստոնյաներս անվերջ հայտնվում ենք մեղքերի մեջ, այդ պատճառով էլ հաճախ ենք հաղորդվում; Պողոս առաքյալը նույնպես խոսում է այդ մասին, որ պետք է հասկանա և գնահատի Քրիստոսի Մարմնի և արյան խորհրդի նշանակությունը: Շատ ենք հանդիպել հավատացյալների, որոնք ասում են, թե մեզ խորհուրդ տվեցին, որ գանք հաղորդություն ստանանք, և մեր խնդիրները կլուծվի: Հաղորդությունը կախարդական ուժ չունի, որ մեղքի մեջ ամրացած մարդուն հրաշքներ պարգևի: Դրա համար շատ մարդիկ Հաղորդություն ստանալուց հետո հիասթափվում են, քանի որ չի կատարվել իրենց ցանկությունը:
Վերադառնանք մեր բուն թեմային և տեսնենք, թե ի՞նչ եղավ Հուդայի հեռանալուց հետո: Ավետարանիչն ասում է,- Երբ Հուդան դուրս եկավ, Հիսուս ասաց,- Այժմ մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց Նրանով: Քանի որ եթե Աստված փառավորվեց Նրանով, Աստված էլ Նրան կփափավորի Իրենով, և իսկույն կփառավորի Նրան: մենք գիտենք, որ Աստված փառավորվում է խաչելությունից և Հարությունից հետո, ինչպես որ Ինքն էլ է ասում, իսկ Հուդայի դուրս գալուց հետո ասում է,- Այժմ մարդու Որդին փառավորվեց: Ի՞նչ է այս ,,այժմ,, ը նշանակում: Հուդան հեռացավ, մնացին տասնմեկը՝ որոնք հետագայում պետք է քայլեին Լույսի հետքերով և լույսի հետ: Հովհան Ոսկեբերան Հայրապետը այս հատվածի մեկնություն մեջ մեկ նախադասությամբ ասում է,- Որոմը դուրս եկավ և Հիսուս մնաց ցորենի հետ: Այսինքն կարելի է ասել նաև, որ գիշերվա որդիները միացան իրար, իսկ լույսի որդիները մնացին միասին: Իսկ եթե մեր կյանքի մեջ փնտրենք այս օրինակը, սխալ չի մի համեմատություն անել: Երբեմն հանդիպում ենք այնպիսի ընտանիքների, որ կարծես թե միայն լույսի որդիներ են, և բոլորն էլ հավատով, սիրով, բոլորի թեման բարոյական ու հոգևոր է, և ոչ մի հակառակվող ու նենգ մարդ չկա միջավայրում; մեր հագին էլ է փառավորվում այդ ժամանակ, երբ տեսնում ենք Քրիստոսի խոսքի սիրահարները հավաքված մի տեղում: Սակայն կան նաև ընտանիքները, որտեղ գուցե խոսվում է Աստծու խոսքը, բայց անվերջ ընդհատվում է մեկի հումորային միջամտությամբ կամ շեղող մի թեմայով: Մի խոսքով այդ միջավայրում որոմը անմիջապես նկատելի է: Բայց քանի որ տէրը թույլ չտվեց որոմը ժամանակից շուտ քաղել, հետևաբար մենք պետք է խորագիտությամբ վարվենք նաև այդպիսի միջավայրում:
Հիսուս փառավորվում է սուրբ մարդկանց միջավայրում, ինչը որ փնտրում էր Իր ազգի մեջ և չգտավ: Սուրբ լինել նշանակում է լինել առանձին և ոչ բոլորի նման, այս տեսակը անվերջ ձգտում է Աստծուն, Նրա խոսքին, փնտրում է Աստծուն իր կյանքի մեջ, միջավայրում և այլն, քանի որ չի կարող ապրել առանց Հիսուս: Չի բացառվում, որ երբեմն սայթաքի, բայց այս տեսակը գիտի անվնաս և արագ վեր կենալու գաղտնիքը: Տեսեք, սիրելիներ, Տէր Հիսուս դառնալով 11 աշակերտներին, ասում է, որ քիչ ժամանակ է մնացել, որ Ինքը նրանց հետ կլինի: Զգուշացրեց, որ աշակերտները պիտի փնտրեն իրեն, ինչպես որ հրեաներին զգուշացրեց, ասելով,- Ուր Ես եմ գնում, դուք չեք կարող գալ; Այս խոսքերը հիմա ասում է աշակերտներին, քանի որ խոսսում է խաչի չարչարանքների մասին: Մի գեղեցիկ պատգամ է տալիս աշակերտներին, և ասում է, որ սա նոր պատվիրան է: - Սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ, դուք էլ միմյանց սիրեք:Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք: Այս պատվիրանը ամբողջությամբ մեզ է ուղղված ամեն առումով:Ին մեծ պառակտումների մեջ ենք այսօր ինչպես կրոնական առումով, այնպես միմյանց սիրելու առումով: Կրոնական առումով ամբողջ ազգը բաժանված է Պողոսյան և Ապողոսյան խմբավորումների և միմյանց չեն սիրում; Բացի դրանից այս պատվիրանը իսպառ բացակայում է մեր օրերում, և մեր կյանքն ու կենցաղը երբեք չի կարող վկայել, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք:
Քանի որ մենք բացի նրանից, որ միմյանց չենք սիրում, նաև ատում և չարախոսում ենք: Հետևաբար մենք Քրիստոսի աշակերտ կոչվելու պատվից դեռ շատ հեռու ենք: Ովքեր են այդ խմբավորումները իրենց առաջնորդներով, ովքեր ենք մենք, որ հակառակվում ենք Աստծու պատվիրանին, երբ Քրիստոսն է եկեղեցու Գլուխը, ոչ այլ մեկը: Ամեն ոք իրեն կրոնի և հավատքի առաջորդ է համարում, դրա պատճառով մասերի բաժանվեց Քրիստոսի եկեղեցին: Բայց Քրիստոս եկավ հավաքելու և միացնելու, և տվեց նոր և նորանոր պատվիրաններ: Երբ ասաց, ինձ կփնտրեք, Պետրոսը հարց տվեց,- Տէ՞ր ո՞ւր ես գնում: Իսկ Հիսուս ասաց,- ուր ե՛ս եմ գնում, դու այժմ չես կարող գալ, բայց հետո կգաս Իմ հետևից: Պետրոսի տված հարցից հասկանալի է, որ չի հասկացել Տիրոջ գնալու իրական իմաստի մասին, առավել ևս չի պատկերացրել, թե ինչո՞ւ ինքը պիտի չկարողանա գնալ իր վարդապետի մոտ, և իր շտապողականության պատճառով ասում է,- Այժմվանից իմ կյանքը Քեզ համար կտամ: Այս խոսքերը լսելուց հետո, Տէր Հիսուս ստիպված եղավ Պետրոսին էլ հայտնել իր ուրացության մասին, որը պիտի տեղի ունենա քահանայապետի գավթի մեջ: Ավարտվեց նաև այսօրվա սերտողության թեման, բայց չավարտվեց մեր խորհելու, վերլուծելու և ի մի բերելու
գործը, որը ունենում ենք ամեն սերտողությունից հետո: Նոր պատվիրանը, որ տվեց աշակերտներին և նաև մեզ, շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ: ասում է, ինչպես որ ես ձեզ սիրեցին, այնպես էլ դուք միմյանց սիրեք: Չի ասում ինձ սիրեք, ասում է միմյանց սիրեք: Բայց մենք ցույց ենք տալիս, որ Քրիստոսին սիրում ենք, բայց միմյանց չենք սիրում; Այստեղ էլ առաքյալն է գալիս, մեզ պատասխանելու, թե ինչպես կարող ես Աստծուն սիրել, որին չես տեսնում, բայց եղբայրդ աչքիդ առջև է, ու դու նրան չես սիրում: Սա էլ նշանակում է, որ մենք կարիք չունենք որևէ մեկին բան ապացուցելու՝ Աստծուն սիրելու հարցում, մեր գործերը աղաղակում են այդ մասին: Աստված տեսնում է ամեն բան: Կհանդիպենք վա՛ղը, նո՛ր պատվիրանը յուրացրա՛ծ, ակնկալելով մի նոր պատվիրանի ուսուցում;
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: