ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 13: 1-20
ՅԻՍՈՒՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՈՒՆ ՈՏՔԵՐԸ ԿԸ ԼՈՒԱՅ
1 Զատկի տօնէն առաջ՝ Յիսուս գիտնալով թէ իր ժամանակը հասեր է, որ այս աշխարհէն ելլէ Հօրը քով, սիրելով իրենները, որոնք աշխարհի մէջ էին, մինչեւ վերջն ալ սիրեց զանոնք։ 2 Երբ ընթրիքը կ՚ըլլար, (Սատանան արդէն Իսկարիովտացի Սիմոնեան Յուդային սրտին մէջ դրեր էր, որ զանիկա մատնէ,) 3 Յիսուս գիտնալով թէ Հայրը ամէն բան իր ձեռքը տուաւ եւ թէ ինք Աստուծմէ ելաւ ու Աստուծոյ քով պիտի երթայ, 4 Ընթրիքէն ելաւ եւ հանդերձները մէկդի դրաւ ու ղենջակ մը առնելով մէջքը փաթթեց։ 5 Ետքը կոնքին մէջ ջուր լեցուց ու սկսաւ աշակերտներուն ոտքերը լուալ եւ իր փաթթուած ղենջակովը սրբել։ 6 Երբ եկաւ Սիմոն Պետրոսին, ան ըսաւ իրեն. «Տէ՛ր, դո՞ւն իմ ոտքերս պիտի լուաս»։ 7 Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ անոր. «Ես ինչ որ կ՚ընեմ, դուն հիմա չես իմանար, հապա ետքը պիտի իմանաս»։ 8 Պետրոս ըսաւ անոր. «Բնա՛ւ դուն իմ ոտքերս պիտի չլուաս»։ Պատասխան տուաւ անոր Յիսուս. «Եթէ քեզ չլուամ, դուն ինծի հետ բաժին չունիս»։ 9 Սիմոն Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ո՛չ միայն ոտքերս, հապա նաեւ ձեռքերս ու գլուխս»։ 10 Յիսուս ըսաւ անոր. «Լուացուածին՝ ոտքերը լուալէն զատ ուրիշ բան պէտք չէ. ա՛լ բոլորովին մաքուր է. եւ դուք մաքուր էք, ո՛չ թէ ամէնքդ», 11 Վասն զի կը ճանչնար զանիկա, որ զինք պիտի մատնէր. անոր համար ըսաւ. «Ոչ թէ ամէնքդ ալ մաքուր էք»։ 12 Երբ անոնց ոտքերը լուաց եւ իր հանդերձները առնելով նորէն սեղան նստաւ, ըսաւ անոնց. «Գիտէ՞ք, ի՛նչ ըրի ձեզի։ 13 Դուք զիս Վարդապետ ու Տէր կը կոչէք եւ աղէկ կ՚ընէք, վասն զի այնպէս եմ։ 14 Եթէ ես Տէրս ու Վարդապետս ձեր ոտքերը լուացի, ուրեմն պէտք է որ դուք ալ իրարու ոտքերը լուաք։ 15 Վասն զի ձեզի օրինակ մը տուի, որպէս զի ինչպէս ես ձեզի ըրի՝ դուք ալ ընէք։ 16 Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի. ‘Ծառան իր տիրոջմէն մեծ չէ, ոչ ալ ղրկուածը զինք ղրկողէն մեծ է’։ 17 Եթէ դուք այս բաները գիտէք, երանելի էք եթէ ասոնք կատարէք։ 18 Ո՛չ թէ ձեր ամենուն համար կ՚ըսեմ, վասն զի ես կը ճանչնամ զանոնք որ ես ընտրեցի, հապա որպէս զի այն գրուածը կատարուի թէ՝ ‘Ան որ ինծի հետ հաց կ՚ուտէր, ինծի դէմ կրունկ վերցուց’։ 19 Հիմակուընէ կ՚ըսեմ ձեզի երբ դեռ չէ եղեր, որպէս զի երբ ըլլայ, հաւատաք թէ ես ան եմ։ 20 Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի. ‘Ով որ կ՚ընդունի զանիկա զոր ես կը ղրկեմ, զիս կ՚ընդունի եւ ո՛վ որ զիս կ՚ընդունի, զիս ղրկողը կ՚ընդունի’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Ամեն օր մենք քայլ առ քայլ մասնակից լինելով Տերունական բոլոր իրադարձություններին, մոտենում ենք Հիսուս Քրիստոսի խաչի ճանապարհին, որով ավարտվում է Նրա երկրային առաքելությունը՝ խաչելությամբ և փառավոր հարությամբ: Հիսուս իմանալով յուրաքանչյուր օրվա Իր ծրագրի մանրամասները, և Հոր մոտ գնալու Իր ժամը, Զատկի տոնից առաջ համախմբեց Իր սիրելիներն, որոնք այս աշխարհից են: Տէր Հիսուս գիտեր, որ սատանան Հուդայի սրտի մեջ դրել էր Իրեն մատնելու կամքը, իսկ Հուդան պատրաստակամորեն ընդունել այդ առաջարկը: Հայտնի էր նաև այն փաստը, որ Հայրը ամեն ինչ Որդու ձեռքն է հանձնել, Որդին եկել է Հոր մոտից և դարձյալ պետք է վերադառնա Հոր մոտ:Երեկ մենք խոսեցինք այդ մասին, որ Որդին աշխարհ եկավ, և անձամբ զգուշացրեց Իրեն չհավատացողներին, որպեսզի դատաստանի ժամանակ չլինի մեկը, որ ասի, թե ինքը չի իմացել: Հիսուս գիտեր, որ լինելու են Իրեն չհավատացողներ, սակայն Իր առաջին գալուստով տվեց վերջին հնարավորությունը՝ զղջալու, ապաշխարելու և փրկության հույսն ընդունելու անգնահատելի հնարավորությունը:Հիսուսի Առաջին Գալուստը համակ սեր ու ողորմություն էր, իսկ երկրորդ գալուստը արդեն կլինի համակ արդարություն և դատաստան: Առաջին տողի մեջ հետաքրքիր միտք կարդացինք, որ ավետարանիչն ասում է.- սիրրեց յուրայիններին, որ աշխարհում են, իսպառ սիրեց նրանց: Մենք գիտենք, որ Աստված սիրում է ողջ աշխարհին և կամենում է ամբողջ աշխարհի մարդկանց փրկությունը, բայց իրեն հավատարիմ եղողներին մինչև վերջ սիրեց, ինչպես որ խոստացավ նաև մեզ՝ համբերել մինչև վերջ: Անդրադառնանք հաջորդ տողին, որը նաև բոլոր քրիստոնյաներիս համար շատ կարևոր, բայց՝ չհիշվող մի փաստ է, որի մասին մոռանում ենք մեր ցանկությունները կատարելու ժամանակ և անտեսում ենք Աստծու կամքը և կատարում ենք մերը:
Սատանան Հուդայի սրտի մեջ դրել էր չար կամքը Հուդայի թույտվությամբ և ո՛չ ստիպողաբար: Ինչպես ասում են եկեղեցու հայրերը, Աստված առանց մեր կամքի մեզ չի՛ փրկի, նույնպես և առանց մեր կամքի և մեր ցանկության մեր կուրուստը չի կամենա: Հետևաբար սատանան էլ առանց մեր թույտվության չի կարող մեր սրտի մեջ չար խորհուրդ դնել: Գուցե չար խորհուրդներ ծագեն յուրաքանչյուրիս մտքի մեջ, բայց չմոռանանանք, որ այդ չար մտքերին ընթացք տվողը մենք ենք: Սատանան դրեց չար միտքը, իսկ Հուդան ընթացք տվեց այդ գործողությանը: Նորից հիշենք, որ Հիսուս գիտեր այդ մասին: Փարիսեցիներին, որոնք մշակել էին սպանելու ծրագիրը, Տէրը առանձին խոսեց ու ուսուցանեց, իսկ Հուդային աշակերտների հետ միասին ուսուցանեց և ակնարկեց: Այս դասերից մեկն է, Ոտնլվայի արարողությունն էր, որ կատարեց Տէր Հիսուս, հավաքելով Իր շուրջ տասներկուսին: Երբ պատրաստվեց լվանալ աշակերտների ոտքերը, Սիմոն Պետրոսը հակառակվեց ըստ իր մարդկային մտածումների, թե ինչպես կարող է իր սիրելի Վարդապետը իր փոշոտ ոտքերը լվանալ: Քանի որ Պետրոսը դեռ չէր հասկացել ոտքերը լվանալու խորին խորհուրդը, փորձեց արգելել Վարդապետին, սակայն երբ լսեց Վարդապետի բացատրությունը, հոժարակամ առաջարկեց նաև իր գլուխն ու ձեռքերը լվանալ:Բայց Հիսուս հասկացավ Պետրոսի միամիտ կկեցվածքը և ասաց, որ հիմա նա չի հասկանում թե սա ի՛նչ խորհուրդ է, բայց կգա ժամանակը և ամեն բան հասկանալի կլինի: Բայց կարիք չկա լվանալ մեկի գլուխն ու ձեռքերը, եթե դրանք արդեն մաքուր են: պետրոսը կամեցավ ասել, որ մենք պետք է ծառայենք Քեզ, և հենց այդ բանի համար ենք ընտրվել Քո կողմից, և հիմա պատշաճ չէ, որ Դու մեր ոտքերը լվանաս: Վստահ կարող ենք լինել, որ աշակերտները բոլորն էլ այդ առումով նույն կարծիքը պետք է ունենային, քանի որ մարդու խորհուրդները նման չեն Աստծու խորհուրդներին:
Իսկ Տէր Հիսուս հիշեցրեց, որ Ինքը եկել է ծառայելու, ոչ թե ծառայություն ընդունելու: Սա մի մեծ խորհուրդ է, ոորին պետք է հետևեն աշակերտները իրենց ծառայության մեջ: Ոտնլվայի արարողությունը մեր եկեղեցիներում կատարվում է բոլորիս հայտի մեծ Պահքի Ավագ Հինգշաբթի օրը՝ ի հիշատակ այս խորհրդի, եկեղեցու բոլոր սպասավորները՝ սկսած բարձրաստիճանից սուրբ Խորանի վրա խորհրդաբար լվանում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայողների ոտքերը: Հիսուս Քրիստոսի հաստատած Ոտլվայի խորհրդի օրինակը կատարվում է եկեղեցիներում, իսկ բուն խորհուրդը՝ միմյանց պատրաստակամ ծառայելու և սիրելու, հայտնի է միայն Աստծուն և ոտք լվացողին: Ի տես մարդկանց դա կատարվում է, և բոլոր մարդիկ եթե կարդացել են Ավետարան, այդ պահին վերապրում են Հիսուսի աշակերտների ոտքերը լվանալու խորհուրդը, որը մեծագույն խոնարհությունն է, որը պետք է տեղի ունենա վերադասի և ենթակայի միջև: Այսօր անշուշտ որևէ մեկի ոտքերը լվանալու կարիք չկա, սակայն նաև կարիք չկա ենթականի վրա իշխելու և հրամայելու՝ ծառայելու փոխարեն: Այն ժամանակ ոտքեր լվանալու պարտականությունը վերապահված էր միայն տան ծառային, որը պարտավոր էր լվանալ իր տիրոջ ոտքերը տուն վերդարձից հետո: Բայց Տիրոջ Ոտնլվայի խորհուրդը շատ մեծ է և հիմքում դրված է խոնարհաբար ծառայության առաքինությունը: Տէր Հիսուս Պետրոսի հետ ունեցած իր երկխոսության ժամանակ մի ակնարկ է անում, որ դուք մաքուր եք, բայց ո՛չ բոլորդ: Քանի որ գիտեր, որ Հուդան է այդ անմաքուրը, որը մատնելու է Իրեն: Բոլորի ոտքերը լվանալուց հետո, նորից սեղան նստեց և հարց տվեց աշակերտներին,- Գրտե՞ք, թե այդ ի՞նչ արեցի ձեզ:
Տէր Հիսուս այս արարքով ապացուցեք աշակերտներին, որ անմնացորդ սիրո դեպքում առաջնահեթը ծառայությունն է, ոչ թե պաշտոնը: Եթե ուշադրություն դարձրիք, որևէ մեկին մասնակից չդարձրեց, այլ ամեն ինչ մենակ արեց, չկարգադրելով որևէ մեկին մի գործի մեջ: Քանի որ աշակերտները Իրեն տէր և Վարդապետ են կոչում, և դա այդպես է, իսկ եթե Տէրն ու Վարդապետը լվաց իր սիրելիների ոտքերը, ապա աշակերտները պարտավոր էին նույնը անել միմյանց հանդեպ: վարդապեը լվաց նույնիսկ նրա ոտքերը, ով ժամեր հետո մատնելու էր իրեն: Նույնիսկ այս խոնարհությունը պատճառ չդարձավ, որ Հուդան արթնանա իր հոգևոր կուրությունից: Աշակերտների ոտքերը լվանալուց հետո չպակասեց այն փառքը, որ Հայրն էր տվել Իրեն, և Իր հավասարությունը Հոր հետ չնվազեց, այս խոնարհ իմաստությամբ արեց դա, ի շահ ներկաների և հատկապես անհավատների համար:
Իսկ որոշ հրեաներ ու փարիսեցիներ, որ միմյանցից են փառք առնում, խոնարհվում են միայն իրենց փառաբանողների առջև՝ ի տես մարդկանց: Սիրելիներ, այստեղ ուշադրություն դարձրեք այն մտքին, որ Երկնավոր Հորից եկած ու դարձյալ Նրա մոտ վերադարձողը լվաց աշակերտների ոտքերը և չկորցրեց Իր փառքը, որովհետև մարդկանցից չէր Նրա փառքը, այլէ Հորից: Ուրեմն եթե խոնարհությունը Նրա մոտ է, ով Հորից եկավ և դարձյալ Հոր մոտ է գնում, նշանակում է հպարտությունը նրա մոտ է, ով գալիս է սատանայից և դարձյալ գնալու է սատանայի մոտ:
Այն ձեռքերը, որոնք բուժեցին ի ծնե կույրի աչքերը, քայլեցրին անդամալույծին, բուժեցին բորոտին, այդ ձեռքերը այսօր լվանում են աշակերտների ոտքերը: Անշուշտ աշակերտները այս բոլոր պետք է հասկանային, որ նույն ձեռքերը որ իրենց ոտքերը լվաց, երկինք համբարձվեց, և այն շնորհն ու զորությունը որ իրենք ստացան, դարձյալ այդ ձեռքերից էր: Որովհետև Պետրոսը զգաց, որ իր պնդումը կարող է իրեն հեռացնել Քրիստոսից, խնդրեց որ լվանա նաև գլուխն ու ձեռքերը: Այսպես էլ պետք է լինենք մենք, եթե որևէ պնդում կարող է մեզ հեռացնել Քրիստոսից, անմիջապես հրաժարվենք մեր պնդումից: Քանի որ եթե մեկը մաս ու Բաժին չունի Քրիստոսից, նա կյանք էլ չունի իր մեջ: Պետրոսը հրաժարվեց և կրկին մաս ունեցավ Քրիստոսի հետ, իսկ Հուդան իր ներսում չկարողացավ հրաժարվել իր պնդումից և անմասն մնաց Քրիստոսից:
Այս օրինակը նաև մեզ համար է ուսանելի, քանի որ մենք էլ պատարագի ժամանակ երբ ավարտին լսում ենք Խորհրդակատար քահանայի այս խոսքերը, թե՝ ,,Ի Սրբություն սրբոց,, պետք է անդրադառնանք, որքանով ենք մենք մաքրված Քրիստոսի խոսքով, որ մոտենում ենք Քրիստոսի Մարմնի և Արյան Սուրբ Հաղորդությանը: Ինչպես որ Պետրոսին ասաց, դուք մաքուր եք, բայց ո՛չ բոլորդ; Մեր մեջ էլ կարող են լինել անարժաններ, որոնց դեռ չի մաքրել Աստծու խոսքի զորությունը: Դրա համար Պետրոսին ասաց, որ դուք մաքուր եք, այսինքն ընդունել եք Վարդապետի խոսքերը, հրաժարվել եք հրեաների կեղծիքից և հետևում եք ձեր ուսուցչին; Մենք՝ քրիստոնյաներս պարտավոր ենք զղջման և խոստովանության միջոցով խնդրել, որ Տէրը մաքրի մեր մտքերը պիղծ մտածումներից, մաքրի մեր ձեռքերը՝ բարիք գործելու համար, մեր ոտքերըէ չարին ընդառաջ չգնալու և մեր լեզուն, որ անկառավարելի մասնիկն է մեր անդամների մեջ:
Մի խոսքով, եթե ոտքերի լվացումը համարվում էր ցածր ծառայություն, և աշակերտները պարտավոր էին միմյանց համար կատարել, ապա որքան առավել մնացած գործերում պետք էր որ միմյանց խոնահվեն և միմյանց ծառայեն; Միայն խոնարհության մասին իմանալը բավական չէ, այլ պետք է կիրառել այն կյանքից ներս, որպեսզի երանելի համարվենք, ինչպես որ աշակերտներին ասաց, - Երանելի եք, եթե դրանք կատարեք; Ուրեմն ամեն ինչ կախված չէ գիտությունից, այլ՝ գիտեցածը խոնարհաբար գործածելուց: Քանի որ հրեաները նույնպես գիտեին օրենքները, բայց երանելի չէին, հակառակը դժբախտ էին այն առումով, որ չէին կատարում իրենց իմացածը: Տէր Հիսուս խոսում է ընդհանուր աշակերտների համար, սակայն մերթ ընդ մերթ հիշեցնում է, որ խոսքը բոլորին չի վերաբերում: Քանի որ Ինքն է ընտրել բոլորին, բայց պետք է կատարվի ևս մեկ մարգարեություն, որն ասում է,- Ով ինձ հետ հաց էր ուտում, Իմ դեմ դարձավ: Այս խոսքերը ուղղված էին Հուդային, որպեսզի ամեն կերպ նրան բերեր զաղջման ու ապաշխարության, քանի որ Տէր Հիսուս ոչ մեկի կորուստը չէր կամենում; Ինքը գիտեր Իր փառավոր հաղթանակի մասին, բայց չէր կամենում, որ որևէ մեկը մասնակից լինի այդ դավադրությանը և սպնությանը: Ավարտելով Իր խոսքը նորից կրկնում է այն միտքը, որ էլի էր ասել աշակերտներին, թե՝ - Հիմա եմ ասում ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ լինի,հավատաք որ Ես եմ; Հիսուս Հուդային չէր ընտրել Իրեն մատնելու համար, քանի որ երբ ընտրում էր Հուդան մատնիչ չէր, այլ՝ հետո դարձավ իր ազատ կամքով, որովհետև Վարդապետը որևէ մեկի կամքի վրա չբռնացավ: Ինչպես որ Սավուղը իր կամքով հալածում էր քրիստոնհաներին, սակայն երբ լսեց Հիսուսի խոսքերը, թե Ինչո՞ւ ես հալածում Ինձ, Սավուղը փոխվեց իր կամքով, ո՛չ թե Հիսուսի պարտադրանքով; Բայց Հուդայի ներկայությամբ այդքան ուսուցում եղավ, նա կամավոր չփոխվեց: Չնայած, որ իր Վարդապետը լվաց նաև ի՛ր ոտքերը և թույլ տվեց իր հետ սեղան նստելու; Իսկ Հուդան հակառակ կանգնեց այդ ամենին՝ հանուն արծաթասիրության:
Եվ զգուշացնում է աշակերտներին սպսվելիք վտանգների և չարչարանքների մասին, որ կրելու են աշակերտները Իր գնալուց հետո, սակայն ասում է նաև մխիթարական խոսքեր, որ աշակերտներին ընդունելու են շատերը, լսելու և հարգելու են նրանց, Քրիստոսի անվան համար: Ովքեր որ ընդունեն աշակերտներին, ընդունած կլինեն Հիսուսին, իսկ Հիսուսին ընդունողը ընդունում է նաև Հորը, որ երկնքում է: Սիրելիներ, ոտնլվայի արարողությունը երկու գեղեցիկ օրինակ տվեց մեզ, երկու պատգամ, որ շատ կարևոր է մեր քրիստոնեական կյանքի համար: Առաջինը Սուրբ Հողորդության Խորհուրդն է, որին ամեն կիրակի շատերս մասնակցում և ճաշակում ենք Ընթրիքի սեղանից: Չլինի թե հանկարծ ճաշակելով Տիրոջ սեղանից դեմ լինենք Տիրոջը մեր գործերով: Երկրորդը ծառայության խոնարհությունն է, որը պակաս կարևոր չէ քան առաջինը, որովհետև առանց խոնարհության ոչ մի ծառայություն չի կարող քրիստոնեական լինել: Երբ ծառայությունը ակնկալիքով է, դա աղերս չունի խոնարհության հետ: Երբ ծառայությունը մարդահաճության համար, դա ևս աղերս չունի Քրիստոիս ցուցաբերած խոնարհության հետ: Ծառայությունը պետք սիրուց մղված լինի, և կարիքից դրդված լինի: Այսօրվա թեմայի տրամաբանությամբ ավարտենք մեր սերտողությունը հիշելով մեր սովորած դասը, այսինքն, երբ սրտում չար խորհուրդ ունենալով ճաշակենք Տիրոջ Սեղանից, կնմանվենք Հուդային; Իսկ երբ որևէ ծառայություն մատուցենք հպարտությամբ և առանց սիրո, կնմանվենք փարիսեցիներին և օրենսգետներին: Տիրոջ սերն ու ողորմությունը թող մեզ պահի մաքուր սրտով՝ խոնարհ ծառայության մեջ:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: