ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 12: 1-19
ՅԻՍՈՒՍ ԲԵԹԱՆԻԱՅԻ ՄԷՋ Կ՚ՕԾՈՒԻ
1 Յիսուս զատկէն վեց օր առաջ Բեթանիա գնաց, ուր էր Ղազարոսը, որ Յիսուս մեռելներէն յարուցանեց։ 2 Հոն՝ անոր ընթրիք մը պատրաստեցին ու Մարթա սպասաւորութիւն կ՚ընէր։ Ղազարոս անոր հետ սեղան նստողներէն մէկն էր։ 3 Իսկ Մարիամ մէկ լիտր նարդոսի պատուական մեծագին իւղ առնելով, Յիսուսին ոտքերը օծեց ու իր մազերովը անոր ոտքերը սրբեց եւ տունը իւղին անուշահոտութիւնովը լեցուեցաւ։ 4 Այն ատեն աշակերտներէն մէկը՝ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդան, որ զանիկա պիտի մատնէր, ըսաւ. 5 «Ինչո՞ւ համար այդ իւղը չծախուեցաւ երեք հարիւր դահեկանի, որ աղքատներուն տրուէր»։ 6 Ասիկա ըսաւ, ո՛չ թէ աղքատները հոգալուն համար, հապա որ գող էր ու գանձանակը ինք կը պահէր եւ ինչ որ ձգուէր՝ ինք կը կրէր։ 7 Իսկ Յիսուս ըսաւ. «Թո՛ղ տուր ատոր, այդ բանը իմ թաղմանս օրուանը համար պահեց։ 8 Վասն զի աղքատները ամէն ատեն ձեզի հետ են, բայց ես ամէն ատեն ձեզի հետ պիտի չըլլամ»։
ԴԱՒ ՂԱԶԱՐՈՍԻՆ ԴԷՄ
9 Հրեաներէն շատ ժողովուրդ անոր հոն ըլլալը իմացան ու եկան ո՛չ միայն Յիսուսին համար, հապա որպէս զի Ղազարոսն ալ տեսնեն, որ մեռելներէն յարուցանած էր։ 10 Իսկ քահանայապետները խորհուրդ ըրին, որ Ղազարոսն ալ մեռցնեն. 11 Վասն զի Հրեաներէն շատեր անոր պատճառաւ կ՚երթային ու կը հաւատային Յիսուսին։
ՅԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ
12 Հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ տօնին եկած էին, երբ լսեցին թէ Յիսուս Երուսաղէմ կու գայ, 13 Արմաւենիի ոստեր առին ու ելան զանիկա դիմաւորելու եւ կ՚աղաղակէին. «Ովսա՛ննա, օրհնեալ է Իսրայէլի թագաւորը՝ որ Տէրոջը անունովը կու գայ»։ 14 Յիսուս աւանակ մը գտնելով՝ անոր վրայ նստաւ, ինչպէս գրուած է. 15 «Մի՛ վախնար, ո՛վ Սիօնի աղջիկ, ահա քու Թագաւորդ կու գայ իշու աւանակի վրայ նստած»։ 16 Անոր աշակերտները առաջ չիմացան այն բաները, բայց երբ Յիսուս փառաւորուեցաւ, այն ատեն մտքերնին բերին թէ այս բաները անոր համար գրուած էին եւ թէ իրենք այս բաները ըրին անոր։ 17 Իրեն հետ եղող ժողովուրդը կը վկայէր թէ ա՛ն Ղազարոսը գերեզմանէն դուրս կանչեց ու մեռելներէն յարուցանեց զանիկա։ 18 Ասոր համար ալ ժողովուրդը զանիկա դիմաւորեց, վասն զի լսեցին թէ անիկա այս հրաշքը ըրած էր։ 19 Իսկ փարիսեցիները իրարու կ՚ըսէին. «Կը տեսնէ՞ք որ օգուտ մը չենք կրնար ընել. ահա բոլոր աշխարհ անոր ետեւէն գնաց»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Նախորդ սերտողության ավարտին մենք տեսանք, որ Հիսուս հեռացավ Բեթանիայից՝ Ղազարին հարություն տալուց հետո, քանի որ ակնհայտ էր որ Իրեն ձերբակալելու խմորումները արդեն տեսանելի էին: Տէր Հիսուս մեզ սովորեցնում է խորագետ լինել օձերի պես և միամիտ՝ աղավնիների պես: Իր կատարած քայլերի հերթականությունը մեզ բացատրում է Իր խոսքերի իմաստը, թե երբ կարելի է խորագեր լինել, երբ՝ միամիտ: Քանի դեռ Իր փառավորվելու ժամանակը չի հասել, տէր Հիսուս խույս է տալիս վերահաս վտանգից, և հեռանում է փարիսեցիների ծուղակից; Բայց երբ ժամանակը հասավ, Հուդային ասաց,- Գնա արա, ինչ որ անելու ես:Հրեաների զատիկը մոտենում է, Երուսաղեմը բազմամարդ է, քահանայապետը հստակ որոշումը կայացրել է, իրականացնողը պատրաստ է, Ժամանակը մոտեցել է: Տէր Հիսուս Զատկից վեց օր առաջ գնում է Բեթանիա, որը շատ մոտ է Երուսաղեմին: Մենք արդեն գիտենք, որ Բեթանիայում էր ապրում Իր մտերիմ Ղազարոսի ընտանիքը, որին հաճախ էր այցելում; Սա այն Ղազարոսն էր, որին օրեր առաջ մեռած վիճակից հարություն էր տվել: Ղազարոսի մասին ավանդությունը պատմում է, որ հարությունից հետո ապրես ևս երեսուն տարի և մահացավ: Երեսուն տարիների ընթացքում դարձավ եպիսկոպոս՝ Կիպրոսում: Նրա մահից հետո մասունքները պահվել են և եկեղեցական խաչերթերի ժամանակ դուրս է բերվում ժողովրդի մեջ, պատմելու համար նրա հիշատակի պատմությունը: Ավանդությունը մեկ այլ պատմություն էլ է պատմում Ղազարոսի կյանքի մասին, որ նա հարությունից հետո այլևս ոչ անգամ չծիծաղեց: Պատմում են, որ ամեն ահգամ քաղցր էր ուտում, քանի որ մահվան դառնության համը նրա բերանում էր:
Մի անգամ է Ղազարոսը բարձր ձայնով ծիծաղել, երբ տեսել է, որ մի մարդ կավ է գողանում: Երբ զարմացած հարցրել են թե ինչ կա այդտեղ ծիծաղելու, նա պատասխանել է,- Կավը կավ է գողանում, ինին է պետք: Սա մեր Ղազարոսի պատմությունն էր, որ եթե չեմ սխալվում էլի էի պատմել ձեզ: Տէր Հիսուս հյուր է Ղազարի տանը և Ղազարն էլ Նրա հետ սեղան նստողներից մեկն էր;Սեղանը սպասարկում էր Մարթան: Իսկ ի՞նչ էր անում Մարիամը: Ո՛չ այս անգամ Հիսուսի ոտքերի մոտ նստած չէր, ինչպես որ ամեն անգամ նստում և լսում էր ուշադրությամբ; Այս անգամ իր երախտագիտությունը հայտնեց Հիսուսին՝ մարգարեություն անելով իր կատարած քայլով; Մարիամը մի լիտր ազնիվ Նարդոսի թանկարժեք յուղ վերցրեց և օծեց Հիսուսի ոտքերը, հետո իր մազերով սրբում էր Նրա ոտքերը: Յուղի անուշ բուրմունքը լցվեց տունը: Եթե ձեր մտքում հարց առաջացավ, թե արդյոք սա նույն Մարիամն է, որ դարձյալ յուղով օծեց և իր մազերով սրբեց Հիսուսի ոտքերը, ապա ձեզ հիշեցնեմ, որ ձեր հիշած դեպքը կատարվեց Կափառնաում քաղաքում: Այս Մարիամը Ղուկասի ավետարանի Մարիամը չէ, քանի որ ամեն անգամ երբ այս Մարիամի մասին հիշատակվում է, գրվում է իր բնակավայրի անունը՝ Բեթանիա, որտեղ ապրում էր իր եղբոր՝ Ղազարոսի և քույր՝ Մարթայի հետ; Մի պահ պատկերացրեք, թե ինչ ուրախություն է այս ընթրիքի ժամանակ, քանի որ մեռած էր իրենց եղբայրը, իսկ հիմա հրաշքով միասին ճաշում են: Նույնիսկ ընթերցողւն դարերի խորքից ուրախություն և ցնծություն է պատճառում այսպիսի մխիթարիչ հրաշքը, որ կայացավ այս ընտանիքում:
Ավետարանչի նկարագրությունից հասկանում ենք, որ աշակերտներն էլ Հիսուսի հետ միասին մասնակցում են այդ ընթրիքին: Նախորդ ավետարանների մեջ գրված է, որ բոլոր աշակերտները միջամտեցին թանկարժեք յուղը վատնելու հարցում, բայց Հովհաննես առաքյալը այստեղ հիշատակում է միայն Հուդայի անունը, որը մատնելու էր Հիսուսին; Հուդան, երբ տեսավ Մարիմի արարքը՝ յուղով օծելու պահը, անմիջապես հաշվարկ արեց և տեսավ, որ յուղը կարելի էր վաճառել երեք հարյուր արծաթ դահեկանի, և կարելի էր բաժանել աղքատներին; Ավետարանն ասում է, նա այդպես ասաց ո՛չ թե նրա համար, որ աղքատասեր էր, այլ՝ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում, և ինչ որ գանձարկղում դրվում էր, ինքն էր վերցնում; Մի պահ անդրադառնանք տեղի ունեցածին: Հուդան նյութական յուղը գնահատեց երեք հարյուր արծաթ դահեկան, իսկ իր Վարդապետի արդար արյունը՝ երեսուն արծաթ դահեկան; Հուդան նույնիսկ չկարողացավ քննել մի պարզ բան, որ Հիսուսի կատարած այդ անգնահատելի հրաշքի համար Մարիամը ուղղակի իր գոհությունն էր հայտնում, և գուցե գիտակցաբար, գուցե անգիտակցաբար կանխատեսում էր Հիսւոսի մահը: Ո՞վ գիտե: Հուդան ամեն բան վերածում էր նյութի և շահի: Ըստ Ավետարանչի նկարագրության հայտնի է, որ բոլորը վաղուց գիտեին Հուդայի արծաթսիրության հակումի մասին, քանի որ ասում է Հուդան գող էր:
Մենք կարող ենք բազմաթիվ եզրայացություններ անել, բայց Հիսուս Քրիստոսի հայտնի էր, թե Մարիամը ի՛նչի համար արեց դա, թե Հուդան ի՛նչի համար ասեց դա: կամ թե ինչու է առաքյալը մանրամասները գրել, որպեսզի այսօրվա ընթերցողը կարդա ու ուղղիր իրեն, եթե դուրծ ունի բարեգործական ֆոնդերի գումարների հետ, որոնք նախատեսված են օգնության նպատակների համար, իսկ ոմանք այդ գումարները խառնում են իրենց գրպանների հետ: Ինչևէ: Երբ Հիսուս լսեց Հուդայի ակնարկը յուղի վերաբերյալ, իսկույն միջամտեց, ասելով, - Թույլ տվեք Մարիամին, որպեսզի իմ թաղման օրվա համար պահի այդ. Աղքատներին ամեն ժամ ունեք ձեզ հետ, Ինձ միշտ ձեզ հետ չունեք: Զարմանալի է, որ Հիսուսի այս արտահայտությունը՝ Իր թաղման հետ կապված, ոչ մի իրարանցում չառաջացրեց ներկաների մեջ, և ոչ ոք հարց չտվեց Նրան, թե ինչ թաղման մասին է խոսում, երբ Ինքը մեռածի հարություն է տվել, և բոլորը հավաքվել են այդտեղ, այդ հրաշքը տեսնելու համար; Այս անգամ բազմությունը եկել էր ոչ այնքան Հիսուսի համար, այլ որպեսզի տեսնեն Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել: Շատերն էին հետաքրքրությանից դրդված եկել այդտեղ, իրենց հավատը ամրապնդելու համար: Ոմանք իրապես ուրախացել էին Ղազարի հարությամբ; Հուդան էլ իր առանձին հաշվարկներն ուներ այդտեղ նստած ժամանակ: Բայց ուշադրություն դարձրեք, ո՛չ ոք քահանայապետների մտքի թռիչքը չունեին: Նրանք խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ հրեաներից շատերը հեռանում էին և միանում էին Քրիստոսին՝ հավատալո՛վ Նրան: Զարմանալի է, որ քահանայապետների բոլոր խորհուրդների ավարտական որոշումը սպանություն է ավարտվում: Հիմա էլ Ղազարոսին են ուզում սպանել: Կարելի է կարծել, որ քահանայապետների ատյանը մահապատիժների իրականացման գրասենյակ է, ո՛չ թե հոգևոր խորհուրդ:
Իրենց խստասրտությունից մղված ցանկանում էին սպանել հարություն առած Ղազարոսին, որի կենդանության հրաշքը կարող էր շատերի համար փրկության առիթ լինել: Տեսնելով Ղազարոսին դարձի գային և փրկություն գտնեին: Այս պատճառով էին մարդիկ հավաքվել Ղազարոսի տանը՝ հարության հրաշքով հիանալու համար: Իսկ Մարթան սիրով սպասարկում էր բոլորին և այդ ծառայությունը չէր անում ինչպես մի սպասավոր, այլ կամավոր և սիրով էր անում, ինչպես որ առաքյալն է ասում, որ առաքինի կինը իր բարի գործերով է վկայվել, հյուրեր է ընդունել, սրբերի ոտքերն է լվացել, նեղության մեջ եղողներին է հասել և ամեն բարի գործի հետամուտ է եղել: Սիրելիներ սերտողության սկզբից կարդացի, որ Հիսուս վեց օր առաջ եկավ Բեթանիա և մնաց Ղազարոսի տանը: Հրեական սովորությամբ զատկական տոնի նախապատրաստությունները սկսվում էին մեկ շաբաթ առաջ: Այս ընթրիքը բացումն էր զատկական տոնի, որ հավաքվել էին Ղազարի տանը՝ նշելու, նաև ուրախության գլխավոր առիթը անշուշտ Ղազարի հարությունն էր: Այս ընթրիքի ժամանակ ամեն ինչ կատարվեց, եթե ուշադիր հետևենք իրադարձություններին: Մարթան կատարում էր առաքինի կնոջը վայել հյուրասիրություն, Մարիամը կանխատեսում էր Քրիստոսի մահը՝ յուղով օծելով Նրա ոտքերը: Հուդան բացահայտում է իր արծաթսիրությունը՝ խոսելով յուղի գնի մասին; Ինչպես առաքյալն է ասում,- Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ: Ա. Տիմ.6:10.
Մեկ այլ տեղում նույն հարցի վերաբերյալ առաքյալն ասում է,- Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմությանը ու ասացին,- Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խոսքի քարոզությունը և զբաղվել սեղաններ սպասարկելու գործով: Գործք. 6:2 Առաքյալները կամավոր հրաժարվեցին նյութական ու դրամական գործերից և զբաղվեցին Աստծու խոսքի քարոզությամբ; Իսկ Հուդան սիրեց դրամը: Այնուհետև Քահանայապետները ցույց տվեցին իրենց իրական դեմքը, որ ոչ միայն Հիսուսին են նախանձում, այլ՝ նաև Ղազարոսին, որի համբավը տարածվել էր մարդկանց մեջ՝ ի շահ նրանց փրկության; Տեսնում ենք նաև Հիսուս Քրիստոսին, որը մի կարճ ժամանակ մնաց անապատում, որպեսզի խաղաղվեն չարությամբ լցված հրեաները և կրկին վերադարձավ Բեթանիա, որովհետև Իր ժամանակը լրացել էր: Հաջորդ օրը Ղազարի տնից դուրս եկավ գնաց Երուսաղեմ: Իսկ ժողովուրդը, որ նախապես իմացել էր Հիսուսի Երուսաղեմ մուտքի մասին, արմավենիների ճյուղեր առած ընդառաջ եկան Հիսուսին: Բազմությունը աղաղակում էր, ու ասում,- Ովսաննա, Օրհնեալ լինես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով, Ով՝ Թագավոր Իսրայելի: Հասել էր ժամանակը, որ Աստծու Որդին Իր կյանքը տա աշխարհի փրկության համար: Տեսեք, թե ինչպիսի ավար ունեցավ մեր Փրկչի երկրավոր կյանքի ավարտը: Ղազարոսի հարությունը թողեց ամենավերջում, որը ամենակարևորն էր իր կատարած բոլոր հրաշքների մեջ: Որովհետև Ղազարի հարության հրաշքով շատերը հավատացին Հիսուսին և հարուցեցին մահապատիժ պատրաստողների զայրույթը և վերջնականապես սահմանվեց մահվան դատավճիռը:
Ժողովրդի բազմությունը մեծ փառքով դիմավորեց Քրիստոսի մուտքը՝ Երուսաղեմ, ոչ թե որպես մի մարգարեի, քանի որ ոչ մի մարգարեի նման պատիվ չեն տվել, այլ՝ Նրան դիմավորեցին որպես Աստծու անունով եկողին, և Նրանից փրկություն էին ակնկալում, քանի որ ,,Օվսաննա,, նշանակում է փրկիր: Եթե հիշում եք սաղմոսների ընթերցանության ժամանակ կարդացինք այս մասին 117 սաղմոսի 25 համարում: Իսկ մարդկանց փրկել կարող է միայն Աստված և ուրիշ ո՛չ ոք; Աստծու անունով եկողը չի կարող հակառակ լինել Աստծուն, ինչպես որ փարիսեցիներն էին կարծում ու պնդում, որ այդ մարդը Աստծուց չէ: Գուցե ժողովուրդը նաև ակնկալում էր Հիսուսին երկրավոր թագավորություն, մենք չգիտենք, քանի որ նրանք տառապում էին հռոմեական կայսրության լծի տակ: Երուսաղեմի մուտքի մասին մենք շատ մանրամասն խոսել ենք, բայց հիմա մի կարճ նկարագրեմ դրվագը: Հիսուս Երուսաղեմի մուտքից առաջ մի էշ գտավ և նստելով նրա վրա քաղաք մտավ: Քանի որ մարգարեությունն էր այդ մասին ասում, թե՝ Մի վախեցիր, ով դուստրդ Սիոնի, ահա գալիս է քո թագավորը նստած էշի քուռակի վրա: Մյուս երեք ավետարանների մեջ կա մանրամասն նկարագրությունը՝ թե ինչպես աշակերտները գնացին ու բերեցին էշը՝ քուռակի հետ. Իսկ Հովհաննես առաքյալը հակիրճ տեղեկացրել է մարգարեությունը կատարվելու ևս մեկ օրինակի մասին, որը գրված է Զաք. 9:9 համարի մեջ: Ո՛չ մի տարաձայնություն չկա առաքյալների նկարագրությունների միջև, աշակերտների բերելուց հետո Հիսուս գտավ էշը և նստեց վրան՝ քաղաք մտնելու համար: Հիսուս քաղաք է մտնում ոչ թե զենք ու զրահով, այլ մի կենդանու վրա նստած, որը խորհրդանշում է հեթանոս ազգերին, որոնց իրեն ենթարկեց Իր խոսքով;
Նարև ցույց է տալիս իր խոնարհությունը՝ ավանակի վրա նստելով; Առաքյալը մի կարևոր նկատառում է անում, մեզ խոնարհաբար ցույց տալու համար, որ աշակերտները սկզբից չէին հասկացել այս մարգարեությունը, բայց երբ Հիսուս փառավորվեց, այն ժամանակ հասկացան, եթե այդ մասին էր գրվածը: Իսկ ժողովուրդը, որ մասնակից էր եղել Ղազարոսի հարության օրը, վկայում էին այդ մասին և լուրը տարածում ամենքին, որ իրենք իրենց աչքով են տեսել, թե ինչպես է Հիսուս հենց գերեզմանից կանչել Ղազարոսին և նա դուրս է եկել կապված; Իսկ ամբոխի մեջ գտնվող փարիսեցիները միմյանց ասում էին,- Տեսնում եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում, ահավասիկ ամբողջ աշխարհը Նրա հետևից գնաց; Իսկ այս խոսքերը նշանակում է, որ իրենք իրենց մեջ զգացել էին, որ անօգուտ է իրենց չար մտածումները, միևնույն է ժողավուրդը Հիսուսի հետևից է գնում: Սիրելիներ, այսօր էլ Հիսուսի հետևից գնացողների թիվը քիչ չէ, սակայն փրկության համար հստակ պայման կա՝ վերստին ծնվել: Մեղքի մեջ գնտվող մարդը, որը չի կարողանում ազատվել իր մեղքից, երկնքի արքայության մեջ բաց դուռ չունի, որ մտնի: Այլապես ինչ տարբերություն կլիներ, եթե երկնքի արքայություն մեջ էլ մեղավորներ ապրեինի: Ուրմն մի՞թե իզուր խաչվեց Աստծու Որդին, որ միևնույն դուռը բաց լինի ինչպես արդարի, այնպե՛ս էլ մեղավորի առջև: Ոչ: Ավետարանը այդպես չի բացատրում: Քահանայապետները այլևս զղջալ չեն կարող իրենց կատարածի համար, քանի որ մեռան իրենց մեղքի մեջ: Ուրեմն նրանց առջև ինչպե՞ս բաց կլինի երկնքի արքայության դռները, երբ Տէր Հիսուս ասաց,- Բերե՛ք և իմ առջև սպանեցեք նրանց, որոնք չընդունեցին ինձ: Այսօր է ապաշխարության օրը, ոչ թե վաղը: Ես շատ հաճախ եմ ձեզ այդ մասին հիշեցնում, և ինչպես սաղմոսերգուն է ասում, թող արևը մայր չմտնի ձեր մեղքերի վրա: Ղղջացեք և հերում հացեք ու դեմ որ մեղանչեցիք: Սիրելիներ, ավարտենք այսօրվա սերտողությունը՝ վաղը հանդիպելու փափագող ու Տիրոջ ողորմությամբ:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: