ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 11:47- 56
47 Ուստի քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին ու ըսին. «Ի՞նչ ընենք, քանզի այս մարդը շատ հրաշքներ կ՚ընէ։ 48 Եթէ զանիկա այսպէս թողունք, ամէնքն ալ անոր պիտի հաւատան եւ Հռովմայեցիք պիտի գան ու կործանեն մեր սուրբ տեղն ու ազգը»։ 49 Անոնցմէ մէկը՝ Կայիափա անունով՝ որ այն տարուան քահանայապետն էր, ըսաւ անոնց. 50 «Դուք բան մը չէ՛ք գիտեր, չէ՛ք ալ խորհիր թէ աղէկ է մեզի՝ որ մարդ մը ժողովուրդին համար մեռնի ու բոլոր ազգը չկորսուի»։ 51 Բայց այս բանը ո՛չ թէ ինքնիրմէ ըսաւ, հապա այն տարուան քահանայապետը ըլլալով, մարգարէացաւ թէ Յիսուս ազգին համար պիտի մեռնէր. 52 Եւ ո՛չ միայն ազգին համար, հապա որպէս զի Աստուծոյ ցիրուցան եղած որդիներն ալ մէկտեղ ժողվէ։
53 Այն օրէն յետոյ որոշեցին, որ սպաննեն զանիկա։ 54 Ուստի Յիսուս ա՛լ համարձակ չէր պտըտեր Հրեաներուն մէջ, հապա անկէ անապատին մօտ տեղ մը գնաց, քաղաք մը, որուն անունը Եփրայիմ էր ու իր աշակերտներուն հետ մէկտեղ հոն կեցաւ։
55 Երբ Հրեաներուն զատիկը մօտեցաւ, անկէ շատ մարդիկ զատկէն առաջ Երուսաղէմ գացին, որպէս զի ինքզինքնին մաքրեն։ 56 Ու կը փնտռէին Յիսուսը ու տաճարին մէջ կեցած ատեննին իրարու կ՚ըսէին. «Ձեզի ի՞նչպէս կ՚երեւնայ, անշուշտ այս տօնին բնաւ պիտի չգայ»։ 57 Իսկ քահանայապետներն ու փարիսեցիները պատուէր տուեր էին, որ եթէ մէկը գիտնայ անոր ո՛ւր ըլլալը՝ իմացնէ, որպէս զի զանիկա բռնեն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Շարունակենք մեր երեկվա սերտողության կիսատ թողած մասերը և տեսնենք, թե ինչ ընթացք և արձագանք ունեցավ Ղազարոսի հարությունը փարիսեցիների միջավայրում: Հովհաննես առաքյալը Ղազարոսի հարության դրվագի մեջ մեզ ծանոթացնում է տարբեր տարբեր հերոսների և իրադարձությունների հետ: մենք ծանոթացանք Ղազարոսի քույրերի՝ Մարթայի և Մարիամի հետ, որոնք որոնք իրենց եղբայր Ղազարոսի հետ Հիսուս Քրիստոսի մտերիմներն էին;Ավետարանիչը շատ նրբանկատորեն մեզ ցույց տվեց, որ Մարիամը ավելի հասուն էր հավատքի մեջ, քան Մարթան, քանի որ Մարթան դեռ կարծում էր, թե Հիսուս միայնակ չի կարող որևէ զորավոր գործ կատարել, այլ պետք է խնդրեր իր Հորը և Հայրը տար նրան՝ իր խնդրածը: Տէր Հիսուսի տված ուղիղ հարցին Մարթան տվեց բոլորովին այլ պատասխան՝ իր դավանության վերաբերյալ: Մարթայի հավատքը նորոգության կարիք ուներ, իսկ Մարիամը հասուն էր հավատքի մեջ, քանի որ նա սիրում էր նստել վարդապետի ոտքերի մոտ և լսել Նրան; Նույնիսկ երբ իմացավ որ Վարդապետն է եկել, շտապեց այն վայրը, ու Հիսուսն էր և ընկավ Նրա ոտքերը, առանց քաշվելու ներկա գտնվող մարդկանցից, ինչը չարեց Մարթան: Ավետարանիչը այս նրբությունները նրբորեն մատուցում է մեզ: Գուցե նրա համար, որպեսզի մենք տեսնենք հավատի տեսակները հրեական իրականության մեջ և օրինակ վերցնենք և փոխենք մեր մոտեցումը, եթե թերի է նաև մեր հավատքը;
Մենք տեղեկացանք նաև աշակերտների վախերի վերաբերյալ, որ ունեին Երուսաղեմ մուտք գործելու առիթով, քանի որ նախորդ դեպքերը դեռ թարմ էին, որ կամեցան քարկոծել իրենց Վարդապետին: Այս դրվագում տեսանք նաև հրեաների տարբեր խմբավորումների, որոնք եկել էին տարբեր նպատակներով: Տեսանք մեր Փրկչին՝ Իր զորավոր գործերով ու թափանցիկ գործելաոճով, Իր համբերությամբ և հանդուրժողականությամբ ինչպես բանսարկուների նկատմամբ, այնպես էլ թերահավատ ժողովրդի ու աշակերտների նկատմամբ; Հավանաբար ուշադիր եղաք, թե Ղազարոսի հիվանդության մասին լսելուց հետո Տէր Հիսուս ինչպես է մխիթարում նախ՝ լուրը բերողին, ասելով, թե այդ հիվանդությունը մահաբեր չէ, որպեսզի լուրը հասցնի քույրերին, մինչև Իր գնալը: Աշակերտներին այլ կերպ է մխիթարում, ասելով,- Լույսը ձեզ հետ է քայլում և դուք վախենալու առիթ չունեք, քանի որ բարիք ենք գործում: Իսկ երբ հասավ Բեթանիա, այլ կերպ մխիթարեց Մարթային՝ քո եղբայրը հարություն կառնի: Իսկ Մարիամի լացը տեսնելով, ինքն էլ արտասվեց: Խոսեց Երկնավոր Հոր հետ, որպեսզի ներկաները հավատան և փարատվի նրանց մեջ եղած կասկածը: Հարություն տվեց չորս օրվա մեռած Ղազարոսին, որպեսզի երևա Իր երկնավոր Հոր փառքը, և այդ հարությամբ Ինքը փառավորվի, և ներկաները հավատան: Տէր Հիսուս Քրիստոսի ամեն քայլն ու խոսքը մարդկանց առաջնորդում է դեպի փրկություն, բացի նրանցից, որոնք կորստյան համար են աշխատում՝ իրեն ազատ կամքով:
Հրեաների այն խումբ, որոնք եկել էին, կամ ուղարկվել էին քահանայապետներից, տեսան եղածը, և գնացին լուրը հասցնելու պատկան մարդկանց: Նրանք իրենց ականջով լսեցին այն խոսքերը, որ Տէր Հիսուս ասաց Երկնավոր Հորը: Իրենց աչքով տեսան, որ Տէր Հիսուս իր իշխանությամբ աղաղակեց և ասաց, -Ղազարո՛ս, վեր կաց և դուրս արի: Չասա՛ց հանուն Իմ երկնավոր Հոր՝ վե՛ր կաց և դուրս արի: Կամ չասաց, որ Հայրը հարություն տա Ղազարին, այլ Ինքը տվեց հարություն Իր իշխանությամբ: Այս բոլորը նրանց համար էր, որ ասում էին, թե Հայրը մեծ քան Հիսուս, կամ Հորից չէ ուղարկված, այլ ինքն իր մասին է վկայում: Լիազորվածները տեսան, որ Քրիստոս չորս օրվա մեռելի հետ խասում է նույն իշխանությամբ, ինչպես որ կխոսեր կենդանի մեկի հետ: Հիսուս Քրիստոսի բարձր և աղաղակող ձայնը Ղազարոսին հարության հրաման տալու վերաբերյալ, օրինակն է Իր Երկրորդ Գալուստին հրեշտակների շեփորներով ազդարարելու ձայնին: Ինչպես Ղազարոսը րոպեական դուրս եկավ գերեզմանից, այդպես է լինելու մեռելների համընդհանուր հարության օրը, երբ հնչի շեփորների ձայնը, բոլոր ննջեցյալները պետք է լսեն և հարություն առնեն իրենց գերեզմաններից: Այս բոլոր կատարվածների մասին մանրամասն պատմեցին քահանայապետներին ու փարիսեցիներին:
Մեզ արդեն ծանոթ է նաև նրանց գործելաոճը; Առանց հապաղելու անմիջապես ատյան գումարեցին, որպեսզի որոշում կայացնեն եղածի դեմն առնելու համար: Կա՞ մի մարդ, որը կարող է ընկալել այս հոգևոր առաջնորդների ծածուկ խորհուրդները, սրտերի ցանկությունները, և նրանց լեզվի խոսքերը : Աստծուց բացի ո՛չ ոք չի կարող հասկանալ այսպիսի մարդկանց մտածումներն ու գործերը: Կատարվել է մեծագույն հրաշքը, մեռածը հարությամբ կենդանացել է Հիսուս Քրիստոսի միջոցով, փոխարեն ուրախանալու, և ցնծալու, ատյան գումարեցին, որպեսզի Նրա մահվան որոշումը կայացնեն: Անմիտ փարիսեցիները կարծում էին Հիսուսին սպանելով, կկորցնեն Նրա փառքը: Խիսը մտահոգվեցին այն բանի համար, որ եթե այսպես շարունակվի, բոլորը Նրան կհավատան, և հռոմեական զորքը կգա և կվերացնի իրենց ազգը և սրբավայրերը: Հիսուսի գործած հրաշքները նրանք հանցագործության պես մի բան էին նկատում: Վախենում էին Նրա ունեցած համբավից և հատկապես, որ շուտով ժողովրդի բազմությունը Նրան էր երկրպագելու՝ որպես Աստված: Ինչպես տեսնում եք, փարիսեցիները շեշտը դնում են այլ վտանգի վրա, և ժողովրդին վախեցնում են, որ եթե Հիսուս վերցնի բարձրագույն իշխանությունը, հռոմեացիները կգան և կկոտորեն իրենց ու իրենց քաղաքները: Սա մեծագույն կեղծիք էր, որ տարածում էին անուս ժողովրդի մեջ, որպեսզի նրանք հեռանան Հիսուսից:
Միայն Ղազարոսի ընտանիքը բավական էր, որպեսզի վկայեն Քրիստոսի աստվածության մասին և մարդիկ հավատան, քանի շատերն էին ճանաչում Ղազարոսին ու իր քույրերին: Իսկ այս հանգամանքը չափազանց մտահոգում էր փարիսեցիներին; Այդ տարվա քահանայապետը, որի անունը Կայիափա էր, հանդիմանեց բոլորին, ասելով,-Դուք ոչինչ չգիտեք, ոչ իսկ խորհել եք, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան չէ ամբողջ ազգը կորչի: Ավետարանն ասում է, որ նա այս բանը ինքն իրենից չասաց, այլ՝ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուս մեռնելու էր ազգի համար: Ո՛չ միայն ազգի, այլ՝ որպեսզի նաև Աստծու ցրված որդիներին ի մի հավաքի:Սիրելիներ, տեսնո՞ւմ եք, քահանայապետը մարգարեացավ, բայց նրա մարգարեությունը չարագուշակ էր, և այդ օրվանից որոշում կայացրին սպանել Նրան, ազատվելու ժողովրդի տածած համակրանքից, որ ունեին Նրա հանդեպ: Փարիսեցիները իրենց ներսում որոշում կայացնելու ժամանակ ասում են, որ Քրիստոս շատ հրաշքներ է գործում, նշանակում է հավատում են Նրա զորավոր գործերին, որ վախենում են: բայց ոչ մի անգամ Հիսուսի ներկայությամբ չուրախացան, կամ չբարձրաձայնեցին որևէ հրաշքի մասին; Որ տեսանկյունից էլ որ քննում ենք քահանայապետների արարքները, միևնույն է նրանց բնությագիրը մնում է նույնը՝ նախանձ, հպարտ և բանսարկու: Քրիստոս ժողովրդի բարզմության առջև ցույց տվեց Հոր փառքը և Իր զորությունը հարություն տալու հարցում, բայց դրա փոխարեն ստացավ մահապատժի որոշում, որովհետև լինելով քահանայապետներ, իրենցից ո՛չ մեկը որևէ հրաշք չէր գործել և որևէ զորավոր գործ չկար նրանց անունով, բացի հպարտությունը; Իսկ այսպիսի մարդիկ այլ որոշում չեն կարող կայացնել, բացի նենգ սպանությունից: Թեպետ արժանավորներ չէին, սակայն Սուրբ Հոգին նույնիսկ այդ քահանայապետին օգտագործեց՝ մարգարեություն անելու համար, որ Հիսուս մեռնելու է իրենց ազագի, և ոչ միայն այդ ազգի, այլ աշխարհով ցրված Աստծու որդիներին ի մի հավաքի:
Այդ դեպքից հետո, երբ Տէր Հիսուս հարություն տվեց Ղազարոսին., որը իր վերջին հրաշքն էր խաչելությունից առաջ, այլևս բացահայտ չէր շրջում ժողովրդի մեջ, այլ հեռացավ ու գնաց մի շրջան՝ անապատին մոտ: Մի քաղաք գնաց, որի անունը Եփրայիմ էր, Իր հետ էին նաև Իր աշակերտները: Տէր Հիսուս ամեն բան գիտեր իր հերթականությամբ, դրա համար սպասում էր պատեհ ժամանակին, որ նորից հայտնվի հրեաների մեջ: Գիտեր որ հրեաների զատիկը մոտ է, և ամեն տեղից մարդիկ Երուսաղեմ էին գալիս՝ զատկի տոնին մասնակցելու ակնկալիքով: Տոնից առաջ էին Երուսաղեմ գալիս, որպեսզի իրենք իրենց մաքրեն, այսինքն զոհեր մատուցելով ազաըվեն իրենց մեղքերից՝ տոնին մաքրված մասնակցելու համար: Այնպես, ինչպես որ մեր տաղավար տոներից առաջ կա հնգօրյա պահք՝ նախապատրաստվելու առաջիկա մեծ տոնին արժանապես մասնակցելու համար; Երուսաղեմում գտնվող մարդիկ փնտրում էին Հիսուսին, միմյանց հարցնում էին Նրա մասին; Այս բազմության մեջ էլ կային մարդիկ, որոնք սիրում և սպասում էին, կային, որ բժշկություն էին սպասում միայն, բայց կային նաև այնպիսիք, որոնք ուղարկված էին քահանայապետների կողմից, որպեսզի հետևեն Հիսուսին և լուրը հասցնեն նրանց: Քանի որ որոշումը կայացված էր սպանության և հիմա պետք էր որ ձերբակալեն Նրան;
Բայց որոշումը կայացված էր այնպես, որ սպանությունը պետք է լիներ Զատկի տոնից հետո, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չառաջանա այդ պատճառով; Որքան էլ որ փարիսեցիները իշխանություն ունեին Հիսուսին ձերբակալելու, կամ մահվան դատապարտելու, միևնույն է վախենում էին ինչպես հռոմեական իշխանությունից, այնպես էլ Հիսուսին հավատացող ժողովրդից: Քահանայապետը թեև մարգարեացավ Հիսուսի մահվան հարցում, բայց մի պարզ բան չէր հասկանում: Եթե անտեսենք երեք տարիների Հիսուսի կատարած զարմանահրաշ գործերը, և վերցնենք միայն ամենավերջինը՝ Ղազարոսի հարությունը և Երկնավոր Հորն ուղղված Նրա խոսքը, ապս այս մեկը բավական է հասկանալու համար, որ եթե Հիսուս կարող է հարություն տալ և կենդանացնել չորս օրվա մեռած մարդուն, ապա միթե չի կարող կույս տալ այս սպանությունից, որ քահանայապետները կարծեցին, թե իրենք են մահվան դատապարտել: Քրիստոս հենց այդ բանի համար էր եկել ու ասում էր այդ մասին; Բացի նրանից, որ կամավոր էր գնալու խաչելության, նաև կամենում էր որ քահանայական անձնակազմը հետ կանգնի իր նենգավոր ծրագրից և չկորցնի իր փրկությունը: Դա անհասանելի եղեավ օրենքի գիտակներին՝ մինչև վերջ, և նրանք հանձն առան Աստծու որդուն մահվան դատապարտելու ծանր հանցանքը:
Բոլոր մարգարեությունները կատարվելու համար Հիսուս Քրիստոս պետք է խաչվեր ոչ թե Զատկից հետո, այլ՝ հենց Զատկի տոնին: Տէրունական խորհուրդներից ոչ մեկը չարթնացրեց փարիսեցիներին, որպեսզի հիշեին գրվածքները Քրիստոսի մասին, որ պիտի խաչվի և հարություն առնի՝ երրորդ օրը: Աստվածային շնորհ ստացած և Սուրբ Հոգով առաջորդվող քահանայապետը, որ Մովսեսի տված պատվիրանների ուրուցանողն էր, թե ,,Մի սպանիր,,, ,,Սուտ վկայություն մի տուր,, վերջնականապես որոշում կայացրեց իրագործել իր վաղեմի երազանքը՝ մահվան մատնել իրենից բարձր հեղինակություն ունեցողին՝ Արդարին ու Անմեղին; Ինչպե՞ս կարող են քահանայապետները այլոց մաքրել զոհաբերություններով և նրանց մեղքերին թողություն տալ, երբ իրենք որոշում են կայացրել մահվան դատապարտել Աստծու Որդուն: Մեղավորին մաքրում են, Անմեղին՝ սպանում:
Հովհաննես առաքյալը մեր ուշադրությունը հրավիրել է տարվա քահանայապետի մարգարեության վրա, այն պատճառով, որպեսզի մենք էլ մեր օրերում այսպիսի զուգահեռներ տանանք; Օրինակ, եթե մեկը չի ապրում Աստծու խոսքի համաձայն, ինչպես որ այս քահանայապետը, նա նույպես կարող է մարգարեություն անել կատարվող մի իրադարձության վերաբերյալ:
Հիշո՞ւմ եք Բաաղամին, որը գնաց նզովելու Իսրայելի ժողովրդին, բայց վերջին պահին Սուրբ Հոգին նրա բերանում օրհնություն դրեց; Աստծու գործելաոճն այն որ Իր ծրագրի անխափան ընթացքի համար կարող է օգտագործել նույնից ապաշնորհ ու Իր խոսքից հեռու մարդկանց՝ որպեսզի մի բան հասկացնի ներկաներին; Խորհրդային տարիներին՝ Ստալինյան ժամանակներում մի ասույթ էր պտտվում ժողովրդի մեջ, թե՝ ,,Չկա՛ մարդը, չկա՛ պրոբլեմը,,: Կասկածում էին մարդուն, վերացնում էին նրան՝ կասկածը վերացնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես որ վարվեցին տարվա քահանայապետն ու իր համախոհները: Սպանել Հիսուսին և վերականգնել իրենց երբեմնի էժան հեղինակությունը ժողովրդի աչքի առջև, այս էր տարվա քահանայապետի նպատակը: Փառք Աստծուն, որ Ի՛նքն է մեր սրտի ճշմարիտ Վերակացուն, մեր ներքին մտածումների Վկան և մեր լեզի մշտական Ունկնդիրը: Սիրելիներ, ավարտեցինք նաև 11 րդ գլխի սերտողությունը: Վաղվանից կսկսենք 12 րդ գլուխը, որը Տէր Հիսուսի կյանքի վերջին օրերի նկարացրությունն է:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: