ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 11: 25 – 46
25 Յիսուս ըսաւ անոր. «Ես եմ յարութիւնն ու կեանքը։ Ան որ ինծի կը հաւատայ, թէեւ մեռնի՝ պիտի ապրի. 26 Եւ ան որ կենդանի է ու ինծի կը հաւատայ, յաւիտեան պիտի չմեռնի։ Դուն կը հաւատա՞ս ասոր»։ 27 Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատացեր եմ, որ դուն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին՝ որ աշխարհ գալու էիր»։
28 Ասիկա ըսելէ վերջ, գնաց իր քոյրը Մարիամը գաղտուկ մը կանչեց՝ ըսելով. «Վարդապետը եկեր է ու քեզ կը կանչէ»։ 29 Անիկա լսածին պէս՝ շուտ մը ելաւ ու գնաց անոր։ 30 Յիսուս դեռ գիւղը եկած չէր, հապա այն տեղն էր, ուր Մարթան զինք դիմաւորեց։ 31 Հրեաները, որ անոր հետ տանը մէջ էին ու կը մխիթարէին զանիկա, երբ տեսան թէ Մարիամ շուտ մը ելաւ ու գնաց, իրենք ալ անոր ետեւէն գացին՝ խորհելով թէ գերեզմանը կ՚երթայ որպէս զի հոն լայ։ 32 Իսկ Մարիամ, երբ Յիսուսին եղած տեղը հասաւ, զանիկա տեսաւ, անոր ոտքը իյնալով՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր՝ իմ եղբայրս չէր մեռներ»։ 33 Յիսուս երբ տեսաւ զանիկա որ կու լար եւ անոր հետ եղող Հրեաները, որոնք կու լային, իր հոգիին մէջ հառաչեց ու խռովեցաւ, 34 Եւ ըսաւ. «Ո՞ւր դրած էք զանիկա»։ Ըսին իրեն. «Տէ՛ր, եկուր ու տես»։ 35 Յիսուս լացաւ։ 36 Ուստի Հրեաները կ՚ըսէին. «Նայեցէք որչա՜փ կը սիրէր զանիկա»։ 37 Անոնցմէ ոմանք ալ կ՚ըսէին. «Ատիկա որ կոյրին աչքերը բացաւ, չէ՞ր կրնար ընել որ աս ալ չմեռնէր»։
ՂԱԶԱՐՈՍ ԿԵԱՆՔԻ ԿԸ ԲԵՐՈՒԻ
38 Յիսուս նորէն իր սրտին մէջ հառաչելով գերեզման գնաց։ Անիկա քարայր մըն էր ու անոր վրայ քար մը դրուած էր։ 39 Յիսուս ըսաւ. «Մէկդի՛ ըրէք այս քարը»։ Մեռելին քոյրը՝ Մարթան՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, որդէն հոտած պիտի ըլլայ, վասն զի չորս օրուան է»։ 40 Յիսուս ըսաւ անոր. «Քեզի չըսի՞, եթէ հաւատաս՝ Աստուծոյ փառքը պիտի տեսնես»։ 41 Այն ատեն մէկդի ըրին քարը։ Յիսուս իր աչքերը վեր վերցուց ու ըսաւ. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզմէ, որ ինծի լսեցիր։ 42Ես գիտէի թէ ամէն ատեն ինծի կը լսես. բայց այս բոլորտիքս կայնող ժողովուրդին համար ըսի, որպէս զի հաւատան թէ դուն ղրկեցիր զիս»։ 43 Ասիկա ըսելէն ետքը՝ մեծ ձայնով մը կանչեց. «Ղա՛զարոս, դուրս եկուր»։ 44 Մեռելն ալ ելաւ՝ ոտքերը ու ձեռքերը պատանքով կապուած եւ երեսը վարշամակով պատուած։ Յիսուս ըսաւ անոնց. «Արձակեցէ՛ք ատիկա ու թողէ՛ք որ երթայ»։
45 Եւ Հրեաներէն շատեր, որոնք Մարիամին հետն էին, Երբ Յիսուսին ըրածը տեսան, հաւատացին իրեն։ 46 Անոնցմէ ոմանք ալ գացին Փարիսեցիներուն ու Յիսուսին ըրածը անոնց պատմեցին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Երեկ մենք կիսատ թողեցին Ղազարոսի մահվան և Հիսուսի այցելության մանրամասները, այսօր շարունակելու ակնկալիքով; կարդացինք մինչ այն պահը, երբ Մարթան դիմավորեց իրենց ընտանիքի սիրելի Վարդապետին և ներկայացրեց պատահածը: Հիսուս Քրիստոս տեսավ, որ Մարթան ամբողջությամբ չի հասկանում իր ասած խոսքերի խորին խորհուրդն այն մասին, որ իր եղբայրը հարություն կառի, ստիպված եղավ բացահայտ ասել Մարթային,- ես իսկ եմ հարություն և կյանք:Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի: Եվ ով կենդանի է, ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի: Հավատում ես այս բանին,- հարցրեց վարդապետը Մարթային: Սիրելիներ, մի՞թե աշխարհում կա ավելի մխիթարական ճշմարտություն, քան այս խոսքերը, որ Հիսուս Քրիստոս տալիս է մարդկությանը և հատկապես ներկա գտնվող ժողովրդի բազմությանը: Ուրիշ ինչը կարող է մեզ այսչափ ուրախություն պատճառել, որ մենք որ դեռ կենդանի ենք, եթե հավատանք Հիսուս Քրիստոսին , հավիտյան չենք մեռնելու, և մեր մարմնի մահը լինելու է վայրկենական անցում՝ ժամանակավորից հավիտյան կյանքի: Այս ուրախ լուրը մեզ հայտնում է ոչ այլ ոք, այլ՝ Ինքը մարմնացյալ Ճշմարտությունը, և հարցնում է մեզ.- Հավատո՞ւմ ես այս բանին: Շատ կարևոր խոսակցություն է տեղի ունենում Մարթայի և Տէր Հիսուսի միջև՝ հարության հարցում: Իններորդ գլխում մենք տեսանք, թե ինչպես Տէր Հիսուս գտավ ի ծնե կույրին, որի աչքերը բուժել էր, և հարց տվեց նրան, ասելով,- Դու հավատո՞ւմ ես Աստծու Որդուն և ներկայացավ նրան, որպես Աստծու Որդին: Ավելի առաջ չորրորդ գլխում կարդացինք, որ Տէր Հիսուս խոսում է սամարացի կնոջ հետ և ներկայանում է նրան որպես Քրիստոս, որ խոսում է այդ հեթանոս կնոջ հետ: Այստեղ խոսում է Մարթայի հետ շատ կարևոր հարցի շուրջ և ներկայանում է որպես Հարություն և կյանք: Այս պարզ մարդկանց հետ խոսելիս ներկայանում է տարբեր ձևերով և այս պարզ մարդիկ հավատում են Նրան; Իսկ միևնույն բանը երեք տարի շարունակ արեց փարիսեցի կրոնական առաջնորդներին, իսկ նրանք չհավատացին;Իսկ մենք տեսնում ենք, որ Մարթան գաղափար ուներ նույնիսկ Քրիստոսի երկրորդ գալուստից և Հարությունից; Չնայած, որ Հին կտակարանյան մարդիկ պատկերացում չունեին հարության վերաբերյալ, բայց այստեղ Մարթան խոսում է այդ մասին; Այս երևույթն էլ գալիս է փաստելու այն ճշմարտությունը, որ Հիսուս այդ ընտանիքի մտերիմն էր, և հանդիպումների ժամանակ ամեն բան ուսուցանել է նրանց;
Այդ առումով մենք այսօր բավական բարվոք վիճակում ենք, քանի որ Հարության և երկրորդ գալուստի մասին հստակ պատկերացում ունենք, քան այն ժամանակ, երբ մարդիկ գիտեին, որ մահը ավարտն է կյանքի;Որովհետև մենք հավատում ենք, որ Քրիստոս իր մահով հաղթել է մահին և իրեն հավատացողների համար պատրաստել է հավիտենական կյանք և իրեն չհավատացողների համար՝ հավիտենական տանջանք; հովհաննեսի ավետարանի մեջ մենք ավելի շատ հանդիպեցինք այսպիսի մտքերը, որ Տէր Հիսուս ասում է Իր մասին, թե,- Ես եմ ճշմարտություն, ես եմ Կենաց Հացը, Ես եմ Հարությունն ու կյանքը, Ես և Հարը մի ենք և այլն: Մենք սկզբից էլ հիշեցինք, որ Հովհաննեսի ավետարանի գլխավոր նպատակն է Հիսուս Քրիստոսի աստվածությունը: Տեսանք, որ Մարթան համարձակ պատասխանում է Քրիստոսի այն հարցին, թե հավատո՞ւմ ես այս բանին, ասելով,- Այո, Տէր հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու: Այսպիսի վստահ պատասխան էր ակնկալում Հիսուս Քրիստոս իր ուսուցումների և քարոզների ժամանակ՝ նա՛և փարիսեցիներից ու հոգևոր առաջնորդներից, ինչ ոչ մի անգամ չլսեց; Մարթան շտապես կանչել իր քրոջ՝ Մարիամին, որպեսզի տեսնի Վարդապետին, որ եկել է իրենց եղբոր մահվան առիթով, և ասաց նրան,- Վարդապետն է եկել ու կանչում է քեզ: Վեր կացավ Մարիամը և գնաց այն տեղը, ուր Մարթան հանդիպել էր Հիսուսին՝ դեռ գյուղ չմտած: Չնայած որ Մարթան գաղտնի կանչեց քրոջը, բայց ներկա գտնվողները կարծեցին, թե Մարիամը գնաց գերեզման՝ այնտեղ լացելու համար: Ինչո՞ւ այդպես կարծեցին: Հրեական սովորության համաձայն ննջեցյալին թաղելուց հետո՝ չորրորդ օրը նրա հոգին բարձրանում է երկինք:Դրա համար մտածեցին, որ գնաց գերեզման, քանի որ արդեն չորրորդ օրն էր որ Ղազարը մահացել էր: Նաև հրեական սովորություն է, որ ննջեցյալին թաղում են նույն մահվան օր, և չորրորդ օրից հետո այլևս պետք չէր մոտենալ մեռածի մարմնին, քանի որ արդեն պիղծ էր համարվում: Երբ Մարիամը հասավ Քրիստոսին, զարմանալիորեն կրկնեց նույն խոսքերը, ինչ որ ասել էր քույրը՝ Մարթան, երբ ընդառաջ էր գնացել Հիսուսին, - ասելով,- Եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի:
Փաստորեն նույն ակնկալիքը ուներ Հիսուսից նաև Մարիամը, որովհետև քույրեր հազարավոր դեպքերի են ականատես եղել, որ Հիսուս բուժում է մարդկանց, նաև անպայման լսեն են, որ մի քանիսին էլ մահվան քնից է արթնացրել՝ հարություն տալով, դրա համար հարազատի իրավունքով են դիմում Հիսուսին՝ իրենց սիրելի եղբոր հետ պատահածի համար: Հիսուս տեսավ, որ Մարիամը լալիս է, և նրա հետ լալիս են նաև ուրիշ հրեաներ, որոնք եկել էի մխիթարելու քույրերին: Ավետարանն ասում է սաստիկ խռովվեց Իր հոգում և ասաց,- Ո՞ւր դրիք նրան: Նրան ասացին,- Արի և տես: Ինչու խռովվեց իր հոգում Տէր Հիսուս: Մենք այլ տեղերում ավետարանի մեջ էլի ենք հանդիպել այս արտահայտությանը, որ Հիսուս խռովվեց իր հոգում: Վերևում ձեզ ասացի, որ քույրերին մխիթարելու էին եկել ոչ միայն Ղազարոսի ընտանիքի մտերիմները, այլ նաև փարիսեցիներից շատերը՝ հետաքրքրության համար, որովհետև գիտեին, որ Հիսուս այդ ընտանիքի հետ մտերմություն ուներ, և ինչպե՞ս կարող էր անտեսել նրան և թողնել որ մեռնի: Նաև բոլորին հետաքրքիր էր, թե ի՞նչ պատահելու երբ գա Հիսուս Քրիստոս; Առավել Հիսուսի ներկայությունն էր իրենց հետաքրքրում, քան Ղազարոսի մահվան կորուստը: Կեղծավորների ներկայությունը խռովվեց Հիսուսի հոգին, բայց միևնույն ժամանակ Նա գիտեր, որ նրանք անպայման ներկա են լինելու որպեսզի մի ամբաստանություն անեն հերթական անգամ, այդ պատճառով, սպասեց, մինչև Ղազարոսին գերեզման դնեն, հետո Ինքը ներկայանա քույրերին; Երբ տեսավ Ղազարոսի գերեզմանը արտասվեց: Հոգին խռովվեց, որովհետև տեսավ կեղծավորներին՝ որոնք եկել էին որսալու համար: Բայց երբ տեսավ գերեզմանը իր մտերիմ ընկերոջ՝ արտասվեց: Այստեղ ավետարանիչը մեզ ներկայացնում է Քրիստոսի մարդկային հատկությունների մասին, որոնք բնական են այնքանով, որքանով որ հայտնի է, որ Հիսուս և մարդ էր կատարյալ, և Աստված; Եվ հուզմունքն էր բնական և զայրույթը: Հովհաննես առաքյալը հատուկ շեշտադրմամբ է ներկայացրել Հիսուսի հոգու խռովությունն ու սրտի հուզմունքը, որովհետև մենք գիտենք, որ իր ավետարանը առավել ուղղված է հույներին, իսկ հունական մշակույթի մեջ ընդունված է, որ Աստված չի կարող հուզվել, Աստված միայն բարկանում և պատժում է: Հովհաննեսի նպատակն է բացահայտել Կենդանի Աստծու իրական կերպարը, որ Աստված Սէր է, ողորմած է, օգնող է, հասնող է, բայց միևնույն ժամանակ պահանջող է և պատժող է: Աստված ունի մարդու բոլոր հատկությունները, բացի մեղքից: Աստված նման է մեզ ամեն առումով, բացի մեղանչելու մեր տկար հատկությունից:
Հետաքրքիր տեսարան է բացվում հրեաների աչքերի առջև, երբ տեսնում են արտասվող Հիսուսին: Խոսում և զարմանում են այն իրականության վրա, որ Հիսուս իրենց աչքի առջև օրեր առաջ բացեց ի ծնե կույրի աչքերը, միթե չէր կարող այնպես անել, որ Ղազարը չմեռներ: Այս կերպ մտածողների պատճառով Հիսուս նորից երկրորդ անգամ խռովվեց ինքն իր մեջ, եկավ գերեզմանը; Դուք արդեն գիտեք, որ հրեաների գերեզմանը մեր գերեզմանների պես չէ, այլ մի քարայր է, որի մեջ են դնում ննջեցյալի մարմինը՝ իրենց հատուկ կտավներով փաթաթած, և դիմացը մի մեծ քար են դնում: Հիսուս մոտեցավ գերեզմանին և պատվիրեց քարը մի կողմ դնել; Բայց Մարթան միջամտեց, հիշեցնելով որ թեպետ չորրորդ օրն է, և դեռ կարելի է մարմնին դիպչել, բայց հնարավոր է որ մարմինը նեխած լինի, քանի որ գիտեք Իսրայելի շոգ պայմանները: Մարթան հավատում էր Հիսուս Քրիստոսին, ո՛չ ոք չի կասկածում դրանում, բայց քիչ առաջ իր ականջով լսեց, որ Հիսուս ասաց,- Ես իսկ եմ Հարություն և կյանք: Լսեց, բայց միտքը չպահեց այդ խոսքերը, կամ լսեց, բայց չհասկացավ, ինչպես որ մենք չենք մտապահում և երբեմն նույնիսկ չենք էլ հասկանում: Տէր Հիսուս Մարթային հիշեցնում է իրեն րոպեներ առաջ կայացած խոսակցությունը, ասելով,- Քեզ չասացի՞, եթե հավատա՛ս, կտեսնես Աստծու փառքը: Տէր Հիսուս աշակերտներին ասել էր, որ Ղազարոսի հիվանդությունը մահաբեր չէ, այլ՝ Աստծու փառքի համար է, և նա՛և որպեսզի Որդին փառավորվի այդ մահվամբ և հարությամբ; Հիսուս աչքերը վեր բարձրացրեց, և ասաց,- Հայր, գոհություն եմ տալիս Քեզ, որ Ինձ լսեցիր, և ես գիտեի, որ լսում ես Ինձ ամեն ժամ: Բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ Դո՛ւ ինձ ուղարկեցիր: Սիրելիներ, չեմ ուզում, որ անտարբեր անցնեք այս խոսքերի կողքով, քանի որ մեծ խորհուրդ կա այնտեղ, ինչը եղել է Հիսուս Քրիստոսի ողջ մտահոգությունը իր երեքամյա հանրային ծառայության ընթացքում: Քանի որ նախորդ բոլոր հանդիպումների ժամանակ Հիսուս փարձել է բացատրելով հասկացնել հրեա առաջնորդներին, որ Ինքը ուղարկված է աշխարհ Իր Հոր կողմից, և Ինքը անում է այն ինչ որ անում է Իր Հայրը, Որ Ինքը և Հայրը մի են, Որ Ինքը կատարում է Իր Հոր կամքը և այլն; Բայց ամեն անգամ հանդիպել է հակառակության և անհավատության ու կասկածի:
Երկնավոր Հորը ուղղված այս խոսքերը նրա համար էր, որ հրեա առաջնորդներին գոնե Ղազարոսի մահվան և հարության դեպքի միջոցով հասանելի լինի Քրիստոսի աշխարհ գալու նպատակը և հատկապես, թե ո՛վ է Իրեն ուղարկել: Հորը ուղղված իր խոսքի մեջ Տէր Հիսուս նշում է, որ այս խոսքերը ներկաների համար է, որպեսզի հավատան Հորը, ո՛չ թե Իր համար, որ ամբողջությամբ Հոր կամքն է կատարում; Ներկա գտնվող բոլոր մարդիկ լսեցին այս խոսքերը, որոնցով Տէր Հիսուս դիմեց Իր Երկնավոր Հորը և բացատրեց, թե հատկապես ինչի համար է դիմում այս խնդրանքով; Խոսքն ավարտելուց հետո, բարձրաձայն աղաղակեց և ասաց,- Ղազարո՛ս վե՛ր կաց, դո՛ւրս արի: Ավետարանն ասում է, որ մեռելը վեր կացավ և դուրս ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացված և երեսը վարշամակով պատած: Տէր Հիսուս պատվիրեց նրանց, որպեսզի արձակեն նրա կապանքները և թողնեն որ գնա: Այս հրաշքը տեսնելուց հետո, շատ բարեկամ հրեաներ, որոնք եկել էին Մարիամին ու Մարթային ցավակցելու, հավատացին Հիսուսին: Բայց ներկաների մեջ կային նաև այնպիսիներ, որոնց մասին վերևում ասացի, եկել էին հետաքրքրությունից դրդված և քահանայապետներին լուր տանելու համար, ոչ թե Ղազարի մահը ցավելու համար:Սիրելիներ, հիմա մենք անդրադառնանք Ղազարոսի հարության մանրամասներին: Ինչո՞ւ Տէր Հիսուս ասաց գերեզմանի դռան քարը մի կողմ տարեք: Միթե մեռելին կենդանացնելը համեմատելի է քարը մի կողմ տանելուն: Սա այնպիսի մեծ հրաշք էր, որ Ղազարոսը կարող էր ինքնուրույն դուրս գալ, նույնիսկ քարի առկայությամբ, կամ ինչո՞ւ դուրս եկավ կապված ոտքերով և վարշամակը երեսին, և դարձյալ ուրիշների օգնությամբ արձակեցին նրա կապերն ու վարշամակը հեռացրին: Եթե հիշում եք, ես ձեզ համար խոսել եմ մեռելների հարության մասին, թե ինչպես է լինելու մեռելների հարությունը՝ Քրիստոսի Երկրորդ գալուստին, երբ հոգին միանալու է մարմնին և հարություն է առնելու փառավոր մարմնով և կանգնելու է դատաստանի՝ Տիրոջ առջև: Մենք գիտենք նաև, որ Հիսուս Քրիստոս Հարություն առավ Իր փառավոր մարմնով՝ առանց կապերի և վարշամակի և նույնիսկ առանց գերեզմանի քարը գլորելուն:Այստեղ, այս մեծագույն հրաշքը, որ կատարեց մեր Տէրը՝ Ղազարին հարություն տալով, մեզ ցույց տվեց, որ Ղազարը հարություն չառավ դատաստանի համար, քանի որ Ղազարը դարձյալ մահացավ որոշ ժամանակ անց: Այսինքն Ղազարի մարմինը փառավորյալ կերպով հարություն չէր առել, դրա համար պետք էր միջամտություն, որ մեկը քարը վերցնի գերեզմանից, մյուսը կապերն արձակի և այլն: Չորսօրյա մեռած Ղազարին մեր Տէրը հարություն տվեց, որպեսզի ,,քայլող մեռելները,, մի բան հասկանան և արթնանան հավիտենական քնից ու չզրկվեն հավիտենական կյանքին արժանանալու պարգևից: Սիրելիներ, մենք տեսանք, որ որոշ լիազորված հրեաներ, որ ներկա էին այս հարության հրաշքին, լուր տարան քահանայապետներին: Իսկ թե ինչպիսի արձագանք ունեցան քահանայապետները, կիմանանք վաղվա սերտողության մեջ, որը պակաս կարևոր չէ, քան Ղազարոսի հարությունը:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: