ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 2:13-25
ՅԻՍՈՒՍ ՏԱՃԱՐ Կ՚ԵՐԹԱՅ
13 Հրէից զատիկը մօտ էր, ուստի Յիսուս Երուսաղէմ գնաց։ 14 Տաճարին մէջ գտաւ արջառ ու ոչխար եւ աղաւնի ծախողներ ու ստակ փոխողներ ալ՝ որոնք նստեր էին։ 15 Չուանէ խարազան մը շինելով՝ ամէնքը տաճարէն դուրս հանեց, ոչխարներն ալ ու արջառներն ալ։ Ստակ փոխողներուն պղինձները ցիրուցան ըրաւ ու սեղանները կործանեց։ 16 Աղաւնի ծախողներուն ըսաւ. «Ասկէ վերցուցէ՛ք ասոնք, իմ Հօրս տունը առուտուրի տուն մի՛ ընէք»։ 17 Իր աշակերտները մտքերնին բերին որ գրուած է. «Քու տանդ նախանձը զիս կերաւ»։
18 Այն ատեն Հրեաները եկան ու ըսին անոր. «Ի՞նչ նշան կը ցուցնես մեզի՝ որ այդ բաները ընելու իրաւունք ունիս»։ 19 Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց. «Քակեցէ՛ք այս տաճարը ու երեք օրուան մէջ զանիկա պիտի կանգնեցնէմ»։ 20 Հրեաները ըսին. «Քառասունըվեց տարուան մէջ շինուեցաւ այս տաճարը եւ դուն երեք օրուան մէ՞ջ պիտի կանգնեցնես զանիկա»։ 21 Բայց ինք իր մարմնին տաճարին համար կ՚ըսէր։ 22 Ուստի երբ ինք մեռելներէն յարութիւն առաւ, իր աշակերտները մտքերնին բերին այս ըսածըու հաւատացին գրքին եւ Յիսուսին ըսած խօսքին։
ՅԻՍՈՒՍ ԱՄԷՆ ՄԱՐԴ ԿԸ ՃԱՆՉՆԱՐ
23 Երբ զատկի տօնին Երուսաղէմ էր, շատ մարդիկ անոր ըրած հրաշքները տեսնելով՝ հաւատացին անոր անուանը։ 24 Բայց ինք՝ Յիսուս՝ իր անձը անոնց չէր վստահեր, վասն զի ինք կը ճանչնար ամէն մարդ։ 25 Պէտք չկար որ ոեւէ մէկը ուրիշ մարդու համար վկայութիւն տար իրեն, քանզի ինք գիտէր թէ ի՛նչ կայ մարդուն ներսիդին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք. Երբ դուք տանը Աստվածաշունչ ունեք,լավ է: Երբ կարդում եք, ավելի լավ է: իս երբ այդ կարդացածը ձեր սրտի, մտքի և լեզվի վրա է, դա արդեն չափազանց լավ է: Քանի որ այս դեպքում փորձիչը՝ սատանան չի համարձակվի մոտենալ ձեզ, իսկ եթե մոտենա էլ, պարտված կհեռանա, որովհետև Աստծու խոսքը արդեն գրքից տեղափոխվել է ձեր սիրտը և դուք չարին կպատասխանեք ձեր սրտի ավելցուկից: Իսկ երբ փորձիչը մոտենա և ձեր սիրտն ու միտքը գտնի աշխարհի զվարճություններով լեցուն, կամ աշխարհի հոգսերով ու լուրերով լեցուն, անպայման ձեր սրտում կհաստատի վախ՝ ամեն ինչի նկատմամբ և դուք կկորցնեք ձեր խաղաղությունը: Հիշեք, որ Ավետարաններում ամենաշատը հնչում է Տիրոջ՝,,Մի վախեցիր,, պատգամը: Իսկ չվախենալու միակ զենքը Աստծու խոսքն է ու վստահությունը այդ խոսքի նկատմամբ. Տեսա՞ք, որ Նաթանայելի սրտում հաստատվեց Քրիստոսի խոսքը և նա անմիջապես դավանեց Նրան Աստծու Որդի և Իսրայելի թագավոր՝ առանց վախենալու: Հետևաբար մեր սերտողությունների նպատակն այն է, որ աստիճանաբար ձեր սրտերից դուրս մղվեն վախերն ու կասկածները և ձեր սրտերի դատարկ թակույկները լցվեն Աստծու խոսքի անմահական ջրով: Եթե առաջին դարի անուս աշակերտներին դա հաջողվեց, ամոթ է որ 21 րդ դարի քաղաքակիրթ մարդը չընկալի այս ամենը: Տէր Հիսուս Իր մորը Կանայից վերադարձրեց տուն և Ինքը գնաց Երուսաղեմ, քանի որ հրեաների զատիկը մոտ էր: Մենք նախորդ ավետարանների մեջ էլ հանդիպել են հրեաների զատկի տոնակատարության պատրաստություններին և քանի որ Տէր Հիսուս երեք տարի շրջեց ու քարոզեց, ապա ենթադրում ենք, որ երեք անգամ էլ մասնակից եղավ զատկական տոնակատարությանը: Տաճար մտնելուն պես նկատեց նրանց, որոնք վաճառում էին արջառներ, ոչխարներ և աղավնիներ, ինչպես նաև լումայափոխներ, որ նստած էին:
Տէր Հիսուս չի հանդուրժում իր աչքի տեսածը և տաճարի դուրս է վռնդում կենդանիներին և լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան է անում՝ նրանց սեղանները շուռ տալով: Աղավնի վաճառողներին էլ ասաց, որ դրանց տաճարից վերացնեն: Մի պահ պատկերացնենք, որ մի կիրակի օր Տէր Հիսուս մտնում է մեր տաճարներից մեկը, որտեղ Պսակի խորհուրդ է կատարվում: Ինչպե՛ս դուրս կվռնդեր բոլոր նկարող տեսախցիկներն ու հեռախոսները, որոնք տաճարում ավելի ակտիվ են գործում, քան Աստծու խոսքը: Շուռ կտար մոմավառության սեղանները, որոնց վրա վառվում են մոմերը՝ կապերով, խրձերով միաձուլված, ո՛չ թե հատիկներով, ու էլի շատ բաներ: Կսաստեր այն աղմուկն ու աղաղակը՝ ծափահարություններով ուղեկցվող եկեղեցու մուտքի մոտ, որի պատճառով չի լսվում ժամերգության աղոթքը: Նույնը կաներ մերօրյա աղավնեվաճառներին, որոնք իրենց աղավնիները բերում են եկեղեցու բակ և սպասում են Պսակի ավարտին, որ վաճառեն: Իսկ ի՛նչ աղմուկ է տիրում անմիջապես եկեղեցու մուտքի մոտ՝ վարդի թերթերի շատ տալու արարողության ժամանակ: Գուցե Տէր Հիսուս նաև որոշ հոգևորականների էլ դուրս հաներ եկեղեցուց՝ այս բոլոր անկարգությունները թույլ տալու համար: Երուսաղեմի տաճարը միակը չէր, որ առևտուր էր կազմակերպում՝ սեփական շահ հետապնդելու նպատակով: Այդպիսի տաճարներ մեր օրերում ավելի շատ են աշխարհի բոլոր վայրերում, որոնց գործունեությունը ցավոք սրտի դարձել է աչքի համար սովորական մի բան և ոչ ոք չի նկատում: Առավել ցավալի է, որ պսակողն ու պսակվողը չեն հիշում Ավետարանի այս հատվածը, թե ինչ արեց Տէր Հիսուս տաճարի առևտրականներին՝ Աստծու տան նկատմամբ ունեցած Իր նախանձախնդրության պատճառով:
Հիսուս Քրիստոս չհանդուրժեց, որ Իր Հոր տունը վաճառատան են վերածել: Նա եկել էր այսպիսի անտարբերության պատճառով առաջացած մեղքերի մաքրման համար, որոնք կարծրացրել էին մարդու սիրտը Աստծու խոսքի և Աստծու տան նկատմամբ: Երբ աշակերտները տեսան Վարդապետի այս վարմունքը, հիշեցին, որ գրված է,- Քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի: Տեսնո՞ւմ եք, սիրելիներ, որքան կարևոր է որ մարդը հիշում է սուրբգրային խոսքերը՝ համապատասխան տեղերում, որովհետև իր սրտի մեջ է արդեն: Այս պահին աշակերտներն էլ չբացեցին գրքերը, այլ՝ հիշեցին, որ 68 սաղմոսում գրված է այդ մասին: Քրիստոսի այս արարքը տաճարի կարգավորության վերաբերյալ, պատճառ դարձավ քահանայապետների սրտում ատելության հաստատմանը՝ Քրիստոսի նկատմամբ: Քանի որ Նա արգելում էր կրոնը բիզնես դարձնել: Քրիստոս դեմ չէր ո՛չ առևտրին, ո՛չ լումայափոխներին, ո՛չ էլ աղավնեվաճառներին, ուղղակի Քրիստոս դեմ էր տաճարը և կրոնը առևտրի վերածելուն: Քրիստոս գիտեր ընկած մարդու վիճակի մասին, գիտեր իր գալու նպատակի մասին, գիտեր կրոնը սեփական շահերի համար ձևափոխելու մասին, գիտեր Իր գալու նպատակի մասին, բայց այդ բոլոր դժվար էր բացատրել տաճարի տերերին, որոնց նպատակը բոլորովին այլ բան է և նրանք այնքան են մխրճվել իրենց հպարտության և անձնական կյանքի մեջ, որ նույնիսկ անտեսել են իրենց կարդացած ու իմացածը:
Այնքան հպարտ են, որ նույնիսկ չեն հասկանում, թե ինչ համար է Քրիստոս այս բաներն անում տաճարում: Սա հայտնի է դառնում իրենց տված հարցից, որ տվեցին Հիսուսին,- ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու: Փարիսեցիները անվերջ նշան են սպասում Հիսուսից այն դեպքում, երբ բոլոր գրվածքները իրենց տրամադրության տակ է, և իրենք են գրքերի մարգարեությունները մեկնողները: Ի՛նչ պատասխան տվեց Տէր Հիսուս նրանց նշան հայցելուն: - Քանդեք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ, պատասխանեց նրանց, վստահ լինելով որ իր ասածի խորքը ոչ ոք չի հասկանալու: Այդպես էլ եղավ: Փարիսեցիները ասացին, որ տաճարը 46 տարում է կառուցվել, ինչպե՞ս երեք օրում կվերականգնես: Նրանք իրենց հոգևոր կուրության պատճառով չգիտեին, որ իրենց առջև կանգնած է սրտեր Կարդացողը և գիտե իրենց որոշման մասին, որ ուզում են իրեն սպանեն: Նկատի ունենալով, տաճարը իր մարմինն է, եթե սպանեն, երրորդ օրը հարություն է առնելու, ինչի մասին գրված է գրքերում: իսկ հրեաները մտածեցին քարե շինության մասին է խոսքը և չհասկացան ասածը: Այս բոլոր խոսակցությունները կատարվում էր աշակերտների ներկայությամբ և նրանք պահում էին իրենց սրտում:
Մատթևոսի ավետարանի 12 րդ գլխում կարդացինք, որ Տէր Հիսուս իրենից նշան հայցողների համար ասաց,- Չար և շնացող ազգը նշան է փնտրում. Այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը Որովհետև ինչպես Հովնան մարգարեն երեք օր և երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես և մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: Սիրելիներ, այս հարցը ավետարանի ամենաշատ տրվող հարցերից է, կուզեմ որ հիմնավոր կերպով մտապահեք այս հարցի և հատկապես Հիսուսի տված պատասխանի խորհուրդը: Ես երել էլ ձեզ ասացի, որ միակ ու անկրկնելի նշանը երկնքից որ կատարվել է դա Քրիստոսի Հարությունն է, մնացած հրաշքները մարդկանց իրենց հավատի մեջ հաստատելու համար են եղել: Իսկ Հարության հրաշքը կատարելության է և մեր հավատքի և հույսի հիմքն է: Մեր Հարության տոնը, որ հիշում և նշում ենք , հիմնված է այս ճշմարտության վրա, որ քանդեցին Նրա Տաճարը, իսկ Ինքը երեք օրում այն վերականգնեց: Ընդ որում հալածեցին, չարչարեցին, խաչեցին և թաղեցին, համարելով, որ ազատվեցին Նրանից, բայց քանի որ չէին հիշում Նրա խոսքերը՝ հարության մասին, հանկարծակիի եկան Նրա Հարության օրը և սարսափեցին: Հարությունն էր այն նշանը, որ համեմատեց Հովնանի կետի փորում մնալու նշանի հետ, քանի որ ինքն էլ երեք օր ու գիշեր մնաց երկրի ընդերքում: Սա է այն երկնային նշանը, որը անվերջ պահանջում են փարիսեցիները, նույնիսկ խաչի վրա եղած ժամանակ, բայց այս նշանի մասին Տէր Հիսուս արդեն ասել էր իրենց:
Իսկ երբ Տէր Հիսուս հարություն առավ մեռելներից, աշակերտները հիշեցին, որ ասել էր այդ մասին և հավատացին գրքի խոսքին և այն խոսքին, որ ասել էր Վարդապետը: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք մեր կարդացածը ինչպես ենք հասկանում և ինչքան ենք հիշում: Այս նշանը միայն հրեաների համար չէ, այլ՝ համայն մարդկության, որը մի օր կանգնելու է Կենդանի Աստծու առջև՝ դատաստանի: Ամենամեծ հրաշքը մարդու համար իր անվերապահ ու աներկբա հավատքն է, որ ունի իր Փրկչի՝ Հիսուս Քրիստոս հանդեպ, որ վերացրեց աշխարհի մեղքը:Ամենասուրբ Երրորդության դավանությունն է սրտի կատարյալ մաքրությամբ: Եթե հիշում եք, Տէր Հիսուս շատ անգամներ էր աշակերտներին զգուշացնում, որ հրաշքների մասին չպատմեն բոլորին, մինչև Ինքը հարություն կառնի մեռելներից; Որպեսզի երբ գա նեռը և կատարի բոլոր հրաշքները, մարդիկ չհավատան նրան, քանի որ մարդ արարածը սիրում է հրաշքներ տեսնել և կարճաժամկետ ուրախանալ: Երբ Մովսեսը փարավոնի առջև հրաշքներ էր գործում, նրա կողմից եկած կեղծ մարգարեներն ու կախարդները նույնպես գործեցին նույն հրաշքները: Բայց վերջում Մովսեսի ձեռքի գավազանը, որ օձ էր դարձել, լափեց նրանց օձերին: Դրա համար հրաշքը քրիստոնյայի հավատքի վրա դրական կամ բացասական ազդեցություն չունի: Նորից մե կրկնում, որ հրաշքը այն է, երբ հերետիկոսը դարձի է գալիս, երբ հեթանոսը քրիստոնյա է դառնում, և երբ անհավատը հավատում է Միակ Կենդանի Աստծուն:
Պողոս առաքյալը Գաղատացիներին նույնիսկ բացահայտ զգուշացնում է այդ մասին, ասելով,- Եթե նույնիսկ մենք, կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի: Ո՛չ թե որևէ մակին, այլ՝ Քրիստոսին պետք է հաճոյանալ մաքուր հավատքով: Որովհետև հավատքը լսելուց է, իսկ լսածը Աստծու խոսքն է: Երուսաղեմում եղած օրերին Տէր Հիսուս շատ գործեր կատարեց և շատերը հավատացին Նրան, քանի որ իրենց աչքով էին տեսնում; Ավետարանն ասում է, բայց Հիսուս անձամբ վստահություն չուներ նրանց նկատմամբ, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ Ինքը արդեն գիտեր, թե ինչ կա մարդու հոգու մեջ: Այնպես, ինչպես որ Նաթանայելի համար ասաց,- Ահավասիկ մարդ, որի մեջ նենգություն չկա: Այսպիսի սրտեր փնտրելու համար եկավ Հիսուս Քրիստոս, որպեսզի այսպիսի սրտերով սկսի իր առաքելությունը, բայց հանդիպեց տաճարը վաճառատան վերածողների խոչնդոտին: Մատթևոս և Ղուկաս ավետարանիչները տաճարի տեսարանը արձանագրել են Քրիստոսի խաչելությունից առաջ՝ Երուսաղեմում եղած ժամանակ, և նշում են, որ Հիսուս ասում է,- Իմ աղոթքի տունը դարձրել եք ավազակների որջ: Իսկ Հովհաննեսը, որ Հիսուսի քարոզության սկիզբն է արձանագրել տաճարի հատվածը, ասում է Տաճարը վաճառատան եք վերածել: Սա նշանակում է, որ առևտրի երևույթը երկար ժամանակ է տևել տաճարում:
Տաճարը Աստծուն է պատկանում, իսկ Տէր Հիսուս ասում է Իմ Հոր տունը վաճառատուն եք դարձրել: Քահանայապետները կամենում էին հասկանալ, ինչո՞վ կարող է փաստել որ Ինքը տաճարի Տիրոջ Որդին է:
Կամ Ինչպե՞ս Աստված մարմնի մեջ կլինի: Իսկ Տէր Հիսուս գիտեր, թե ինչ կա նրանց հոգու մեջ: Սիրելիներ պատմության դատավորը արդարության հոգին է և այն երբեք չի մեռնում; Քրիստոսին հայհոյողները պարզ կամ հասարակ մարդիկ չէին, այլ ժողովրդի կրթված մասսան էր, որից օրենքներ ու արդարություն էր ակնկալում ժողովուրդը: Հասարակ մարդկանց զգացմունքներն էլ հասարակ են: Հետևենք հասարակ մարդկանց վարքին, որ մաքուր են սրտով: Որովհետև սրտերի տեսնողն ու կարդացողը Տէր Հիսուս Քրիստոսն է, որին վայելում է հավիտյան փառքը՝ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: Սիրելիներ ավարտեցինք նաև երկրորդ գլուխը: Երկու դաս սովորեցինք այս գլխից, նախ՝ մեր դատարկ սրտերը հանձնենք Տէր Հիսուսին, որպեսզի Ինքը լիացնի այն Ի խոսքով, և երկրորդը միշտ հիշենք, որ տաճարը Աստծու և աղոթքի տուն է և մեր ակնածանքը տաճարի նկատմամբ չի կարող փոխարինել ոչ մի բան: Պետք չէ մարդկանց հաճոյանալու համար թույլ տալ, որ տաճարում անկարգություններ տեղի ունենան մինչև այն աստիճան, որ կիսամերկ հարսը խորանի առջև տասնյակ սելֆիներ անի: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ինչպես իմաստություն է ասում,- Ամեն ինչ միայն սեփական դատողությամբ անելն ինքնահավանություն է: Իսկ ամեն ինչ միայն ուրիշների դատողությամբ անելն հիմարություն է: Միայն Աստծու խոսքն է, որ մարդու գլուխը բարձր է պահում՝ կատարելու դեպքում:
Թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի, որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։ Թող հույսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք հույսով առատանաք։