ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի. 1: 29- 51
ԱՍՏՈՒԾՈՅ ԳԱՌԸ
29 Հետեւեալ օրը Յովհաննէս տեսաւ Յիսուսը, որ իրեն կու գար եւ ըսաւ. «Ահա Աստուծոյ Գառը, որ աշխարհի մեղքը կը վերցնէ։ 30 Ասիկա է, որուն համար կ՚ըսէի. ‘Իմ ետեւէս մարդ մը կու գայ, որ ինծմէ առաջ եղաւ, վասն զի ինծմէ առաջ էր’։ 31 Ու ես զանիկա չէի ճանչնար, բայց անոր համար ես եկայ ջրով մկրտելու, որպէս զի անիկա Իսրայէլին յայտնուի»։ 32 Եւ Յովհաննէս վկայութիւն տուաւ ըսելով՝ թէ ‘Կը տեսնէի Հոգին, որ աղաւնիի պէս երկնքէն կ՚իջնէր ու անոր վրայ կը հանգչէր’։ 33 Եւ ես զանիկա չէի ճանչնար, բայց ան որ զիս ղրկեց ջրով մկրտելու, ինք ըսաւ ինծի. ‘Որու վրայ տեսնես, որ Հոգին կ՚իջնէ ու կը հանգչի անոր վրայ, անիկա է որ Սուրբ Հոգիով կը մկրտէ’։ 34 Ես ալ տեսայ ու վկայեցի թէ ասիկա է Աստուծոյ Որդին»։
ՅԻՍՈՒՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
35 Հետեւեալ օրը Յովհաննէս դարձեալ կայներ էր երկու աշակերտներու հետ։ 36 Նայելով Յիսուսին կողմը, որ կը պտըտէր, ըսաւ. «Ահա Աստուծոյ Գառը»։ 37Այս լսելով երկու աշակերտները գացին Յիսուսին ետեւէն։ 38 Յիսուս երբ դարձաւ ու տեսաւ զանոնք որ իր ետեւէն կու գային, ըսաւ անոնց. «Ի՞նչ կ՚ուզէք»։ Անոնք ալ ըսին իրեն. «Ռա՛բբի, (որ թարգմանուելով վարդապետ ըսել է,) ո՞ւր է քու օթեւանդ»։ 39 Ըսաւ անոնց. «Եկէ՛ք ու տեսէ՛ք»։ Գացին ու տեսան, ուր որ էր իր օթեւանը։ Այն օրը անոր քով կեցան. վասն զի ժամը տասնի ատեններն էր։ 40 Սիմոն Պետրոսին եղբայրը Անդրէաս այն երկուքէն մէկն էր, որոնք լսեցին Յովհաննէսէն եւ անոր ետեւէն գացին։ 41 Անիկա նախ իր Սիմոն եղբայրը կը գտնէ եւ կ՚ըսէ անոր. «Գտանք Մեսիան», (որ Քրիստոս կը թարգմանուի.) 42 Ու տարաւ զանիկա Յիսուսին քով։ Յիսուս անոր նայելով՝ ըսաւ. «Դուն ես Յովնանի որդին Սիմոնը, դուն Կեփաս պիտի կոչուիս, որ Պետրոս կը թարգմանուի»։
ՅԻՍՈՒՍ ՓԻԼԻՊՊՈՍԸ ԵՒ ՆԱԹԱՆԱՅԷԼԸ ԿԸ ԿԱՆՉԷ
43 Հետեւեալ օրը Յիսուս Գալիլիա երթալ ուզեց եւ Փիլիպպոսը գտնելով՝ ըսաւ անոր. «Եկո՛ւր իմ ետեւէս»։ 44 Փիլիպպոս Բեթսայիդայէն էր. Անդրէասին ու Պետրոսին քաղաքէն։ 45 Փիլիպպոս կը գտնէ Նաթանայէլը եւ կ՚ըսէ անոր. «Ա՛ն, որուն համար Մովսէս օրէնքին մէջ գրեց եւ մարգարէներն ալ, զանիկա գտանք, այսինքն Յիսուս Նազովրեցին, Յովսէփին որդին»։ 46 Ու Նաթանայէլ ըսաւ անոր. «Նազարէթէն կարելի՞ է որ աղէկ բան մը ելլէ»։ Ըսաւ անոր Փիլիպպոս. «Եկուր ու տես»։ 47 Յիսուս, երբ տեսաւ Նաթանայէլը, որ իրեն կու գար, ըսաւ անոր համար. «Ահա իրաւցընէ Իսրայէլացի մը, որուն ներսը նենգութիւն չկայ»։ 48 Նաթանայէլ ըսաւ անոր. «Ուրկէ՞ կը ճանչնաս զիս»։ Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոր. «Դեռ Փիլիպպոս քեզ չկանչած, դուն որ թզենիին տակն էիր, ես քեզ տեսայ»։ 49 Պատասխան տուաւ Նաթանայէլ ու ըսաւ անոր. «Ռա՛բբի, դուն ես Աստուծոյ Որդին, դուն ես Իսրայէլի թագաւորը»։ 50 Յիսուս պատասխան տուաւ եւ ըսաւ անոր. «Անո՞ր համար՝ որ քեզի ըսի թէ քեզ թզենիին տակ տեսայ, կը հաւատաս։ Ասկէ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»։ 51 Ու ըսաւ անոր. «Ճշմարիտ ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի. ‘Ասկէ յետոյ պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստուծոյ հրեշտակները՝ որ կ՚ելլեն ու կ՚իջնեն Որդի մարդոյ վրայ’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ համայնք. Երեկ մենք սովորեցինք Հիսուս Քրիստոսին վերագրված երեք անուններ, Բան, Կյանք, և Լույս: Այսօրվա սերտողության մեջ հանդիպում ենք ևս մեկ նոր անուն, որն արտաբերել է Հովհաննես Մկրտիչը առաջին անգամ Հիսուսին տեսնելիս՝ Աստծո Գառ. Այս անունները Ավետարաններում հաճախ են հանդիպում մեզ և դեռ ուրիշ անունների հետ էլ ենք ծանոթանալու, որը Տէրը Ինքն է անվանում իրեն: Ահա հասավ այն օրը, երբ Հիսուս Քրիստոս պետք է երևար ժողովրդին հայտնապես, և նրան տեսավ Հովհաննես Մկրտիչը, որը մկրտում է Հորդանանում, և բարձրաձայն ասաց,- Ահա Գառն Աստծո, որ վերացնում է աշխարհի մեղքը: Հավանաբար շատերդ լսած կլինեք, որ մեր մեծերը օգտագործում էին ,,Աստծո Գառ,, արտահայտությունը՝ բնութագրելու մեկի խոնարհությունը: Որտեղի՞ց է այս բառակապակցությունը առաջացել: Ծննդոց գրքում կարդում ենք, որ Աստված փորձում Աբրահամին, և պատվիրում, որ Աբրահամը իր Իսահակ որդուն ողջակեզ մատուցի:Աբրահամը լսում է Աստծու ձայնը և խոնարհաբար կատարում, բայց երբ ձեռքն է վերցնում դանակը հրեշտակը նրան արգելում է: երբ Աբրահամը բարձրացնում է աչքերը տեսնում է գառը՝, որը Աստված հոգացել էր ողջակիզելու համար: Այնուհետև Աստծու Որդին զոհ մատուցվեց համայն մարդկության մեղքերի համար: Դրա համար է Հովհաննես Մկրտիչն ասում Աստծու Գառը, որը վերացնում է աշխարհի մեղքը: Մինչ այդ պահը Հովհաննես Մկրտիչը շատ էր բարձրաձայնել, որ իրենից հետո գալու է մեկը, որը մեծ է իրենից: Երբ տեսավ Հիսուսին, հիշեցրեց բազմությանը, որ սա Նա՛ է, որի մասին միշտ ասում էի: Հովհաննես ավետարանիչը համառոտ նկարագրություն է տվել այս հատվածին, որտեղ տեղի է ունեցել Տէր Հիսուսի մկրտությունը Հորդանանում՝ Հովհաննես Մկրտչից: Հովհաննես Մկրտիչը մի զարմանալի և նույնիսկ անհասկանալի արտահայտություն է անում, պատմելով Հիսուսի մասին, ասելով,- Ես չէի ճանաչում Նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար ես եկա ջրով մկրտելու: Ընթերցողի մտքում անպայման հարց կառաջանա, թե ինչպե՞ս չէիր ճանաչում Հիսուս Քրիստոսին, երբ Նա քո մերձավորն է, և մենք այդ մասին կարդացել ենք մյուս ավետարաններում: Բայց երբ տեսնում ենք, որ Հովհաննեսի ավետարանում Հիսուսի մկրտության նկարագրությունը չկա, անմիջապես հասկանալի է դառնում, որ Հովհաննես Մկրտիչը այս խոսքերը ասում ասում է մկրտությունից հետո, երբ արդեն Աստծուց հայտնություն էր ունեցել, որ Հիսուսն է Քրիստոսը, և ում վրա, որ տեսնես Սուրբ Հոգին իջնում և մնում է, Նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով: Հովհաննեսը այս բաները տեսավ իր աչքով, երբ մկրտում էր Հիսուսին, և լսեց Հոր Ձայնը, թե Սա է որդին, որն ունի Իմ ողջ բարեհաճությունը:Նախորդ ավետարանների սերտողության ժամանակ, մենք կարդացել ենք մկրտության դրվագները և մեզ տեղյակ է, որ Սուրբ Հոգին Աղավնակերպ իջավ և նստեց Հիսուս Քրիստոսի վրա՝ Հորդանանի մկրտության ժամանակ: Այդ պահին էր, որ երկնքից լսվեց ձայնը, որ ասում էր, Դա է Իմ Որդին: Հովհաննես Մկրտիչը այս մասին էր վկայում, որ լսել էր երկնքից եկող ձայնը: Իսկ երբ որ ասում էր չէի ճանաչում Նրան, նկատի ուներ, որ որպես մերձավոր ճանաչում էր, բայց որ Աստծու գառն է, և Նա՛ վերացնելու աշխարհի մեղքը, և Ինքն է Սուրբ Հոգով մկրտելու, այսքանն էր որ չէի ճանաչում Նրա աստվածությունը: Այնքան ժամանակ, մինչև երկնքից հայտնություն չունեցավ: Սիրելիներ, կարո՞ղ եք մտաբերել այսպիսի դեպքի մի անգամ էլ ենք ականատես եղել նախորդ սերտողության մեջ: Երբ Պետրոս առաքյալը Տէր Հիսուսին դավանեց Կենդանի Աստծու Որդի, Քրիստոս նրան ասաց, Պետրոս մարմինը և արյունը չէր, որ քեզ հուշեց, այլ՝ Իմ Երկնավոր Հայրը: Իսկ այստեղ էլ Հովհաննես Մկրտիչը վկայեց Հիսուսի մասին երբ Աստծուց հայտնություն ստացավ Քրիստոսի մասին, թե Դա է Իմ Որդին:
Հովհաննես Մկրտիչը արդեն ճանաչված քարոզիչ էր, և ուներ աշակերտներ, ըստ հրեական սովորության, որ ցանկացած ուսուցիչ հմտանալուց հետո անպայման պետք է ունենա տասներկու աշակերտներ: Հովհաննես Մկրտիչը նույնպես ուներ աշակերտներ, և նրա զբաղմունքը քարոզությունն ու մկրտությունն էր: Ահա աշակերտների հետ էր, երբ դարձյալ նկատեց Հիսուսին, որը անցնում էր, և աշակերտների ներկայությամբ նորից բարձրաձայնեց, ասելով,- Ահավասիկ Քրիստոսը՝ Աստծու Գառը: Հովհաննես Մկրտչի նման հեղինակություն ունեցող մարգարեի վկայությունը զորավոր է լսողների հավատքի համար: Հովհաննեսի զորավոր վկայությունը երկու իմաստ կարող է ունենալ: Նախ՝ որ իր խոսքը հեղինակավոր է, և վստահելի, լսողները կարող են հետևել Քրիստոսին և երկրորդ՝ ինչպես ինքն ասում, ես պետք է փոքրանամ իսկ Նա աճի: Նա վկայում էր, որպեսզի իր աշակերտներն էլ հետևեին Հիսուսին:Նրա երկու աշակերտները գնացին Հիսուսի հետևից: Երբ Հիսուս տեսավ, որ իրեն հետևում են, կանգ առավ և հարցրեց,- Ի՞նչ եք ուզում: Այդ երկու աշակերտները ասացին,- վարդապե՛տ, ո՞ւր է քո օթևանը: Իսկ Նա ասաց,- Եկե՛ք և տեսե՛ք: Հետաքրքիր հարց ու պատասխան: Ինչո՞ւ են հարցնում վարդապետի բնակավայրը, ի՞նչ են ուզում ստուգել: Հովհաննեսի աշակերտները հավատում և վստահում էին Հովհաննեսի խոսքին, բայց նրանց պետք է լսել նաև նոր Վարդապետին: Քանի որ Հիսուս չմերժեց, նրանք գիշերեցին Հիսուսի տանը: Գնացին և տեսան, թե որտեղ է ապրում Հիսուս: Աշակերտներից մեկը Սիմոն Պետրոսի եղբայր՝ Անդրեասն էր, որ լսեց Հովհաննես Մկրտչի խոսքը և հետևեց Հիսուսին:Առանց գրելու էլ հասկանալի է, որ նրանք չէին գնացել քնելու համար, և սխալ էլ չի լինի, որ Տէր Հիսուսի խոսքերից, նրանք նույնիսկ չէին էլ կամենա քնել: Բայց ամեն ինչ հայտի է դառնում առավոտյան, երբ Անդրեասը շտապում է գտնել իր եղբայր՝ Պետրոսին, լավ լուրը հայտնելու համար: Գտա՛նք Մեսիային, - ասում է Անդրեասը Պետրոսին: Իսկ երբ մեկը գտնի զուլալ աղբյուրի ակունքը, մի՞թե իր ծարավ հարազատին չի տանի իր ծարավը հագեցնելու համար: Առավ պետրոսին ու տարավ Հիսուսի մոտ: Տեսնելով Պետրոսին, նրան Կեփաս անվանեց, որը նշանակում է Պետրոս: Մարդկանց անվանափոխության հարցը մեզ ծանոթ է նաև Հին Կտակարանից, եր Աստված փոխում է մարդկանց անունները և ասում, որ դու այսուհետև կկոչվես այս անունով: Օրինակ կարդում ենք, թե ինչպես է նոր անունով կոչում Աբրահամին, Սառային, Հակոբին և այլոց: Մարդկանց անունները փոխելով փոխվում է մարդկանց հոգևոր որակները և նրանք համապատասխանում են իրենց նոր անուններին: Նշված անունների պատմությունից հայտնի է նրանց հոգևոր կենսագրությունը և նկարագիրը:
Սիրելիներ, Տէր Հիսուսի այն խոսքը որ ասաց երկու աշակերտին, թե ,- Եկեք և տեսեք, երբեք չհնացող պատասխան է: Ինչպես որ Թովմասին վստահ ասաց, Բեր թո մատները և դիր իմ վերքերի վրա և հավատա: Սա նշանակում է, որ դուք ունեք տեսնելու, ծանոթանալու, ճանաչելու, ընդունելու կա՛մ չընդունելու լայն հնարավորություն: Եթե այս հարցը փոքր ինչ ձևափոխենք հոգևոր դաշտում, ապա եթե մեկը հարցնի,- Ինչ է Ավետարանը, ապա պատասխանը նույնն է: վերցրու, կարդա, ծանոթացիր, ճանաչիր և ինքդ որոշիր թե ի՞նչ է քեզ պետք այց Ավետարանից, և պատմիր քո կարդացածի մասին այլոց: Կամ եթե մեկը հարցնի, - Ի՞նչ է Պատարագը: Պատասխանը նույնն է, -Գնա, մասնակցիր, լսիր, հասկացիր, վայելիր և քո բարեկամին էլ քեզ հետ տար հաջորդ կիրակի: Այնպես ինչպես երկու աշակերտը գնացին ու գտան Մեսիային: Մի գիշերվա մեջ գտան Մեսիային, քանի որ իրենք բաց ու մաքուր սրտով էրն լսել Մեսիայի մասին՝ իրենց ուսուցչից: Բայց հետագայում եղան օրենքի ուսուցիչներ, որոնք երեք տարի ուշադիր զննելուց հետո էլ չկարողացան Նրա մեջ տեսնել խոստացված Մեսիային:
Հաջորդ օրը Տէր Հիսուս որոշեց գնալ Գալիլիա: Գալիլիայի մասին ձեզ պատմել եմ, բայց երկու տողով նորից հիշեցնեմ, որ Գալիլիան այդ ժամանակի համար առանձնապես նշանավոր անուն ունեցող վայր չէր իր խառը բնակչության պատճառով, քանի որ հեթանոսների հետ միախառնված էին ապրում մարդիկ: Գալիլիացիների հեղինակությունը այդ պատճառով ընկած էր տարածաշրջանի մեջ և քանի որ հեթանոսները մարմնի գեղեցկությանը և կատարելությանը մեծ նշանակություն էին տալիս, իրենց քաղաքում հաճախ էր կազմակերպվում մարմնի գեղեցկության օլիմպիադաներ, որին հրեաները չէին կարողանում մասնակցել, իրենց թլպատության պատճառով; Հեթանոսները նրանց ծաղրում էին իրենց մարմնի անկատարության պատճառով: Պատմում են, որ հրեա երիտասարդները մեծ ցանկություն ունեին մասնակցելու այդպիսի գեղեցկության մրցույթների, բայց արտոնություն չունեին թլպատության պատճառով: Ստիպված էին լինում վիրահատական ծանր միջամտությամբ վերականգնել այդ բացը, ապա մասնակցել, այլապես կդառնային հեթանոս գեղեցիկ տղաների ծաղրի առարկան: Սա Գալիլիայի նկարագիրն էր այդ ժամանակների համար: Հիսուս Գալիլիայում գտնում է Փիլիպոսին և միանգամից ասում,- Արի իմ հետևից: Սա էլ Պետրոսի և Անդրեասի քաղաքից էր, որը կոչվում էր Բեթսաիդա: Փիլիպոսն էլ իր հերթին գտնում է Նաթանայելին և հայտնում, որ գտել են Նրան, ում մասին, որ Մովսես օրենքում և մարգարեություններում գրված է, այսինքն Հիսուսին՝ Հովսեփի Որդուն՝ Նազարեթ քաղաքից: Այս խոսքերից պարզվում է, որ պարզ մարդիկ ավելի տեղյակ են օրենքին ու մարգարեություններին, քան ուսյալ ուսուցիչները, որոնց ձեռքի գրքերն են դրանք ուսուցանելու համար: Քանի որ տեղի բնակիչները միմյանց լավ են ճանաչում, Նաթանայելը զարմացած հարցնում է,- Մի՞թե Նազարեթից կարող է լավ բան դուրս գալ: Փիլիպոսը նույն պատասխանը տվեց, ինչ որ տվեց Հիսուս այն երկուսին, ասելով,- Արի՛ և տես: Պարզ մարդկանց պատկերացմամբ Մեսիան առնվազն պետք է հայտնվեր թագավորական պալատից, կամ մի մեծահարուստ ընտանիքից, դրա համար շատերը զարմացան, որ Գալիլիայի Նազարեթ քաղաքից, որ հետամնաց քաղաք էր, ինչպես կարող էր Մեսիան այնտեղից հայտնվել: Փիլիպոսը Նաթանայելին տարավ Հիսուսի մոտ: Այստեղ շատ ուշագրավ երկխոսություն է տեղի ունենում, որը կարևոր մեզնից յուրաքանչյուրի համար: Դեռ չմոտեցած, Հիսուս բնութագրում է Նաթանայելին այն փաստով, որի մասին ո՛չ ոք ոչինչ չգիտե, և ասում է նրան,- Ահավասիկ մի Իսրայելացի, որի մեջ նենգություն չկա: Նաթանայելը զարմացած կամեցավ իմանալ. թե որտեղի՞ց է իրեն ճանաչում: -Ես քեզ տեսա մինչև՛ Փիլիպոսի կանչելը, երբ թզենու տակ էիր: զարմանալի է Նաթանայելի պատասխանը, որ միանգամից ասաց,- Ռաբբի, Դո՛ւ ես Աստծու Որդին, Իսրայելի թագավորը: Հիսուս չզարմացավ Նաթանայելի այսպիսի վկայության համար և զգուշացրեց, որ այսուհետև ավելի մեծ բաներ պիտի տեսնես: Պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս և իջնելիս մարդու Որդու վրա: Ի՞նչ է այդ թզենու պատմությունը: Աստվածաշնչից դուրս կան գրքեր, որոնք նույնպես պարունակում ճշմարտություններ, բայց ավետարանների հակիրճության պատճառով այս գրքերը դուրս են մնացել: Այդտեղ գրված է, որ Նաթանայելը բոլորի ներկայությամբ խոստովանում է, որ մինչև Փիլիպոսին հանդիպելը թզենու տակ աղոթք է արել, խնդրելով Աստծուն հայտնի իրեն Մեսիայի մասին, որի ամեն օր սպասում են: Նաթանայելը ակնածանք է ունեցել խոստացված Մեսիայի նկատմամբ և աղոթքով խնդրել է Աստծուն այդ մասին; Իսկ Տէր Հիսուս զգուշացրեց, որ քո աղոթքը լսելի եղավ, սիրելիի Նաթանայել, և կատարվեք, քանի որ քո մեջ նենգություն չկա: Սիրելիներ, Նաթանայելի օրինակը մեզ համար լավ դաս պետք է լինի, որ մեր ծածուկ աղոթքները՝ կլինի թզենու տակ, թե՛ տրանսպորտի մեջ, լսվում են մեր Տիրոջ կողմից, երբ մեր սրտում նենգություն չկա: Սրտագետ Աստված նայում է մարդկանց սրտերին և ըստ սրտի մաքրության լսում և պատասխանում է նրա աղոթքներին: Սիրելիներ, Այստեղ ավարտենք առաջին գլխի սերտողությունը և միմյանց համար աղոթք անենք, որպեսզի Աստված միտք ու առողջություն տա ինձ՝ ձեզ ուսուցանելու համար, իսկ ձեզ ուշադրություն և պատրաստակամություն տա, լսածը կատարելու համար:
Թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի, որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։ Թող հույսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք հույսով առատանաք։